Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք
Երբ սիրում եք, հոգ եք տանում և ծառայում եք մյուսներին փոքր և հասարակ ուղիներով, դուք ակտիվորեն մասնակցում եք փրկության աշխատանքին:
Երբ սկեսրայրս մահացավ, մեր ընտանիքը հավաքվեց միասին՝ ընդունելու մյուսներին, ովքեր գալիս էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Այդ երեկո ես հաճախ էի տեսնում մեր 10-ամյա թոռնիկին, Փորթերին, կանգնած սկեսրոջս՝ իր «տատիկի» կողքին: Երբեմն նա կանգնում էր նրա ետևում՝ հսկելով նրան: Մի անգամ նկատեցի նրանց ձեռքերը միասին, տեսնում էի, ինչպես էր նա շոյում տատի ձեռքերը, փարվում նրան և կանգնում կողքին:
Մի քանի օր անց դեռևս այդ պատկերն իմ առջև էր: Ես Փորթերին մի գրություն ուղարկեցի, որտեղ նշեցի այդ մասին: Ես նրան է-նամակ ուղարկեցի որտեղ գրեցի այն ամենի մասին, ինչ տեսել և զգացել էի: Ես հիշեցրեցի Փորթերին ուխտերի մասին, որ նա կապել էր մկրտվելիս, մեջբերելով Ալմայի խոսքերը Մոսիա 18 գլխում.
«Եվ այժմ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք՝ կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,
Այո, և հոժար եք՝ սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու, որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ՝ մինչև մահ, … որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ,
… Եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առջև, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ դուք կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որ նա կարողանա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափել ձեզ վրա»:1
Փորթերին բացատրեցի, որ Ալման ուսուցանում էր, որ ովքեր ցանկանում են մկրտվել, պետք է ցանկություն ունենան ծառայել Տիրոջը՝ ծառայելով մյուսներին իրենց ողջ կյանքում: Ես ասացի. «Չգիտեմ, դու գիտակցո՞ւմ էիր, թե ոչ, բայց դու պահում էիր քո ուխտերը, երբ տատիկի կողքին էիր՝ ցույց տալով քո սերը և հոգ տանելով նրա մասին: Մենք պահում ենք մեր ուխտերն ամեն օր՝ լինելով բարի, սեր դրսևորելով և միմյանց համար հոգ տանելով: Պարզապես ուզում եմ իմանաս՝ ես հպարտանում եմ քեզանով, որովհետև դու ուխտեր պահող ես: Մկրտվելիս կապած քո ուխտը պահելով՝ դու կպատրաստվես կարգվելու քահանայությանը: Այդ հավելյալ ուխտը քեզ ավելի շատ հնարավորություն կտա օրհնելու և ծառայելու մյուսներին, և պատրաստվելու տաճարային ուխտերին: Շնորհակալություն ինձ լավ օրինակ ծառայելու համար: Շնորհակալություն, որ ցույց տվեցիր ինձ՝ ինչ է նշանակում լինել ուխտ պահող»:
Փորթերը պատասխանեց. «Շնորհակալություն, տատիկ: Երբ գրկում էի տատիկին, չգիտեի, որ պահում էի իմ ուխտերը, սակայն ջերմություն էի զգում իմ սրտում և, իրոք, ինձ լավ էի զգում: Ես գիտեմ, որ դա Սուրբ Հոգին էր իմ սրտում»:
Ես ևս ջերմություն զգացի իմ սրտում, երբ հասկացա, որ Փորթերն իր ուխտերը պահելը համակցել էր «միշտ նրա Հոգին մեզ հետ ունենալու»2 խոստումի հետ, խոստում, որը հնարավոր է դարձել Սուրբ Հոգու պարգևը ստանալու միջոցով:
Քույրեր, այցելելով ձեզ ողջ աշխարհում, ես նկատել եմ, որ շատերդ Փորթերի պես եք: Դուք անխախտ կանգնած եք որպես Աստծո վկաներ, սգալով նրանց հետ, ովքեր սգում են, սփոփելով նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն, չնկատելով, որ պահում եք ձեր ուխտերը՝ մկրտության ջրերում և տաճարում կապած ձեր ուխտերը: Երբ սիրում եք, հոգ եք տանում և ծառայում եք մյուսներին փոքր և հասարակ ուղիներով, դուք ակտիվորեն մասնակցում եք փրկության աշխատանքին՝ «մարդու անմահությունը և հավերժական կյանքը իրագործող»3 Աստծո աշխատանքին:
Որպես «[Տիրոջ] արքայության դուստրեր»,4 մենք սուրբ ուխտեր ենք կապել: Մենք քայլում ենք, ինչպես Նեփին է կոչել, «նեղ ու անձուկ ճանապարհով, որը տանում է դեպի հավերժական կյանք»:5 Մենք բոլորս գտնվում ենք այդ ճանապարհի տարբեր մասերում, բայց կարող ենք միասին աշխատել՝ օգնելով միմյանց «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն և սեր՝ Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»:6
Ջինը ծառայում է որպես Երիտասարդ Կանանց խորհրդատու: Մի քանի ամիս առաջ նա իմացավ իր ծխի երիտասարդների գալիք միջոցառման մասին, որի ժամանակ պետք է մագլցեին Մալան կոչվող գագաթը: Նա ոգևորվեց, քանի որ նպատակ էր դրել բարձրանալ այն:
Երբ նա մոտեցավ լեռան ստորոտին, իր լավ ընկերուհի Էշլին մոտեցավ իրեն: Ձեռքը տալով Ջինին նա առաջարկեց, որ միասին մագլցեն, ասելով. «Ես կգամ քեզ հետ»: Էշլին, որ այդ ժամանակ 16 տարեկան էր, որոշ ֆիզիկական խնդիրներ ուներ և դժվարանում էր արագ բարձրանալ: Նրանք միասին դանդաղ քայլեցին դիտելով Երկնային Հոր արարչագործությունները՝ լեռան գագաթի քարերը, շուրջբոլոր ծաղիկները: Ավելի ուշ Ջինն ասաց. «Շուտով ես մոռացա գագաթը մագլցելու իմ նպատակի մասին, քանի որ այն վերածվեց մեկ այլ տեսակի վայելքի, երբ մենք մատնանշում էինք գեղեցկությունները, որոնցից շատերը ես չէի նկատի, եթե միայն մագլցեի դեպի Մալանի գագաթը»:
Երբ Ջինն ու Էշլին դանդաղ բարձրանում էին սարն ի վեր, բավականին ետ մնալով խմբից, նրանց միացավ ծխի մեկ այլ աղջիկ, Էմման, որը որոշել էր սպասել և քայլել նրանց հետ: Էմմայի հետ էլ ավելի ուրախ էր, նա երգ սովորեցրեց նրանց՝ օգնելով և քաջալերելով: Ջինը հիշում է. «Մենք նստեցինք և հանգստացանք, երգեցինք, զրուցեցինք և ծիծաղեցինք: Ես ավելի լավ ճանաչեցի Էշլիին և Էմմային: Այդ երեկո կարևորը ոչ թե սարն էր, այլ ճանապարհին քայլ առ քայլ միմյանց օգնելը»:
Երբ Ջինը, Էշլին և Էմման բարձրանում էին, միասին երգելով, հանգստանալով և ծիծաղելով, հավանաբար, չէին մտածում, որ այդ պահին պահում էին իրենց ուխտերը: Բայց նրանք պահում էին իրենց ուխտերը: Նրանք ծառայում էին միմյանց սիրով, կարեկցանքով և նվիրվածությամբ: Նրանք ամրացնում էին միմյանց հավատքը՝ քաջալերելով և ծառայելով միմյանց:
Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մենք հասկանում ենք, որ ուխտյալ զավակներ ենք, գիտենք, ով ենք մենք, և Աստված ինչ է ակնկալում մեզանից: Նրա օրենքը գրվում է մեր սրտերում»:7
Մարիա Կուզինան Աստծո ուխտյալ զավակ է, նա գիտի, թե ով է ինքը և թե Աստված ինչ է ակնկալում իրենից: Երբ նա հյուրընկալեց ինձ իրենց տանը Օմսկում, Ռուսաստան, ես մտածեցի, որ այնտեղ եմ, որպեսզի ծառայեմ իրեն, սակայն շուտով հասկացա, որ այնտեղ եմ, որպեսզի սովորեմ իրենից: Եկեղեցու նորադարձ Մարիան ապրում է Ղուկաս 22 գլխում տրված պատգամով. «Դու երբոր դարձի գաս, եղբայրներիդ հաստատիր»:8 Նա հավատում է մեր կենդանի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի այս խոսքերին.
«Այժմ է ժամանակը, որպեսզի անդամներն ու միսիոներները համատեղ տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ: …
… Եթե հավատքով գործենք, Տերը ցույց կտա մեզ, ինչպես ամրացնենք Իր Եկեղեցու ծխերն ու ճյուղերը, որտեղ մենք ապրում ենք: Նա կլինի մեզ հետ և կդառնա մեր ակտիվ զուգընկերը միսիոներական աշխատանքում:
… Գործադրեք ձեր հավատքը … և աղոթքով խորհեք, թե ձեր ընտանիքից, ընկերներից, հարևաններից և ծանոթներից ում կուզենայիք հրավիրել ձեր տուն հանդիպելու միսիոներներին, որ լսեին Վերականգնման ուղերձը»:9
Մարիան հետևում է այս խորհրդին՝ հոգ տանելով և ծառայելով իր քույրերին, որոնց համար նա այցելող ուսուցիչ է և անում է իր հանձնարարությունից ավելին: Նա շատ ընկերներ ունի, որոնցից ոմանք ակտիվ չեն, իսկ ոմանք էլ դեռևս չեն լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Ամեն օր նա գործադրում է իր հավատքը և աղոթում է, որպեսզի իմանա՝ ով իր օգնության կարիքն ունի, և ապա հետևում է իր ստացած հուշումին: Նա զանգահարում է, արտահայտում է իր սերը և ասում է իր ընկերներին. «Մենք ձեր կարիքն ունենք»: Ամեն շաբաթ նա տնային երեկո է անցկացնում իր բնակարանում և հրավիրում է հարևաններին, անդամներին և միսիոներներին, և նա կերակրում է նրանց: Նա հրավիրում է նրանց եկեղեցի, սպասում է նրանց, իսկ երբ գալիս են, նստում է նրանց կողքին:
Մարիան հասկանում է Երեց Ռ. Հոլլանդի հետևյալ հիշեցումը. «Հրավերը, որ ծնվում է մյուսների և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրուց … երբեք չի դիտվի վիրավորական կամ քննադատական»:10 Նա պահում է այն մարդկանց ցուցակը, ովքեր ասում են, որ վիրավորվել են, և նա շարունակում է ծառայել նրանց: Քանի որ նրանք գիտեն, որ նա սիրում է իրենց, նա կարող է նրանց ասել. «Մի վիրավորվեք: Դա ծիծաղելի է»:
Մարիան Հիսուս Քրիստոսի ուխտ պահող աշակերտ է: Թեպետ իր տանը չունի քահանայություն կրող, նա զգում է Աստծո զորությունն ամեն օր՝ ի կատարումն իր տաճարային ուխտերի, երբ նա առաջ է մղվում՝ համբերելով մինչև վերջ և օգնելով մյուսներին մասնակցել փրկության աշխատանքին:
Երբ կիսվում էի այս պատմություններով, արդյոք տեսա՞ք ձեզ փրկության աշխատանքում: Մի պահ մտածեք Աստծո մեկ այլ դստեր մասին, ով քաջալերման կարիք ունի ուխտյալ ուղու վրա վերադառնալու համար, կամ ով մի փոքր օգնության կարիք ունի այդ ուղու վրա մնալու համար: Հարցրեք ձեր Երկնային Հորը նրա մասին: Նա Նրա դուստրն է: Նա գիտի նրան անունով: Նա նաև ճանաչում է ձեզ և կասի, թե ինչի կարիք ունի այդ քույրը: Եղեք համբերատար և հավատքով ու աղոթքով շարունակեք նրան օգնել և հետևեք ձեր ստացած հուշումներին: Եթե գործեք ըստ այդ հուշումների, Հոգին կհաստատի, որ ձեր զոհաբերությունն ընդւոնելի է Տիրոջ համար:
«Քույր Էլիզա Ռ. Սնոուն … խորապես գնահատում էր միմյանց ամրացնելու քույրերի ջանքերը: … Նա ասում էր նրանց, որ թե Եկեղեցին չի պահում ամեն մի նվիրատվության հաշիվը, որոնք նրանք կատարել են կարիքավորներին օգնելու համար, Տերը կատարյալ հիշատակարան է պահում նրանց փրկության աշխատանքի մասին.
«… Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց, որ այդ միությունը ստեղծվել է հոգիներ փրկելու համար: Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի ետ շահենք նրանց, ովքեր հեռացել են, ջերմացնելու համար նրանց սրտերը, ովքեր սառել են ավետարանի հանդեպ: Մեկ այլ գիրքը պահվում ձեր հավատքի, ձեր բարության, ձեր բարի գործերի և ձեր խոսքերի մասին: Մեկ այլ հիշատակարան է պահվում: Ոչինչ չի կորում»»:11
Մորմոնի Գրքում Ամմոնը խոսում է ուրախանալու մեծ պատճառի մասին: Նա ասում է. «Եվ այժմ, ես հարցնում եմ, ի՞նչ մեծ օրհնություններ է [Աստված] պարգևել մեզ: Կարո՞ղ եք ասել»:
Ոգևորված Ամմոնը չի սպասում պատասխանի: Նա ասում է. «Ահա, ես պատասխանում եմ ձեր փոխարեն … սա է օրհնությունը, որը պարգևեց մեզ, որ մենք Աստծո ձեռքում գործիքներ դարձվեցինք՝ իրականացնելու այս մեծ աշխատանքը»:12
Մենք ուխտյալ դուստրեր ենք Տիրոջ արքայության, և մենք կարող ենք գործիքներ լինել Նրա ձեռքում: Ամեն օր մասնակցելով փրկության աշխատանքին փոքր և հասարակ ուղիներով՝ հոգ տանելով, ամրացնելով և ուսուցանելով միմյանց, մենք կկարողանանք Ամմոնի հետ միաիսն հայտարարել.
«Ահա, իմ ուրախությունը լիակատար է, այո, իմ սիրտը մինչև պռունկը լցված է ուրախությամբ, և ես կցնծամ իմ Աստծով:
Այո՛, ես գիտեմ, որ ես ոչինչ եմ. ինչ վերաբերում է իմ ուժին, ես թույլ եմ. հետևաբար, ես չեմ պարծենա ինձանով, բայց ես կպարծենամ իմ Աստծով, քանզի նրա ուժով ես կարող եմ անել բոլոր բաները»:13
Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: