2010–2019 թթ․
Կանչված Նրա կողմից՝ հայտարարելու Նրա խոսքը
Հոկտեմբեր 2013


13:0

Կանչված Նրա կողմից՝ հայտարարելու Նրա խոսքը

Եթե դուք խոնարհ եք, հնազանդ և ականջ եք դնում Հոգու ձայնին, դուք կգտնեք մեծ երջանկություն որպես միսիոներ ձեր ծառայությունում:

Երբ ես հաստատվեցի անցյալ ապրիլին որպես Բարձրագույն Իշխանավոր, ես ծառայում էի որպես միսիայի նախագահ Հնդկաստանում: Ես անձնապես նկատեցի այն, ինչ մեկ այլ նախկին նախագահ ասել էր ինձ. «Այս Եկեղեցու միսիոներները պարզապես ապշեցուցիչ են»:1

Շատ նշանավոր միսիոներներից մեկը, ում հետ Քույր Ֆանկը և ես ծառայեցինք, Երեց Փոխրելն էր՝ Նեպալից: Ընդամենը երկու տարի Եկեղեցու անդամ լինելուց հետո, նա կանչվել էր ծառայելու Հնդկաստանի Բանգալորի անգլախոս Միսիայում: Նա սովորություն ուներ ասելու, որ լավ պատրաստված չէ: Դա հասկանալի էր: Նա երբևէ միսիոներ չէր տեսել, մինչև ինքը դարձավ միսիոներ, որովհետև Նեպալում չկան երիտասարդ միսիոներներ: Նա բավականաչափ լավ չէր կարողանում կարդալ, որպեսզի հասկանար հրահանգները, որոնք ներառված էին նրա կանչում: Երբ նա ներկայացավ միսիոներների պատրաստման կենտրոնհամեստ տաբատներ, ճերմակ վերնաշապիկներ և փողկապներ բերելու փոխարեն, նա, ըստ իր խոսքերի, բերել էր «կապույտ ջինսե հինգ տաբատ, մի երկուկարճաթև շապիկ և մեծ քանակությամբ մազերի դոնդող»:2

Նույնիսկ պատշաճ հագուստ ձեռք բերելուց հետո, նա ամեն օր ասում էր, որ անհամապատասխան էր զգում առաջին շաբաթների ընթացքում: Նա նկարագրել է իր միսիայի այդ ժամանակաշրջանը. «Ոչ միայն անգլերենն էր դժվար, այլ հենց աշխատանքն էր մարտահրավեր: … Ի հավելումն այդ բոլորի, ես սոված էի մնում, հոգնում էի և կարոտում էի տանը: … Չնայած հանգամանքները դժվարին էին, ես վճռական էի: Ես թույլ էի զգում և անհամապատասխան: Այդ պահերին ես աղոթում էի, որ Երկնային Հայրն օգներ ինձ: Առանց բացառության՝ ամեն անգամ, երբ աղոթում էի, ես սփոփված էի զգում»:3

Չնայած միսիոներական աշխատանքը նոր էր և դժվար՝ Երեց Փոխրելի համար, նա ծառայում էր մեծ հավատքով և հավատարմությամբ, ձգտելով հասկանալ և հետևել ինչ որ սովորում էր սուրբ գրություններից, Քարոզիր Իմ Ավետարանից և իր միսիայի ղեկավարությունից: Նա դարձավ ավետարանի հզոր ուսուցիչ՝ անգլերենով, և գերազանց ղեկավար: Միսիան ավարտելուց և որոշ ժամանակ Նեպալում մնալուց հետո, նա վերադարձավ Հնդկաստան շարունակելու իր կրթությունը: Հունվարից սկսած նա ճյուղի նախագահ է ծառայում Նյու Դելիում: Իսկական աճի շնորհիվ, որ նա ունեցավ որպես միսիոներ, նա շարունակում է ներդրում կատարել Եկեղեցու իսկական աճի մեջ Հնդկաստանում:

Ինչպե՞ս երիտասարդը, ով երբեք միսիոներ չէր տեսել, դարձավ այդպիսի հոգևոր ուժով անձնավորություն: Ինչպե՞ս դուք կստանաք հոգևոր ուժ՝ որպես միսիոներ՝ բացելու դռներ, փոստարկղեր և նրանց սրտերը այն միսիայում, որտեղ դուք կծառայեք: Ինչպես միշտ՝ պատասխանները գտնվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների և առաքյալների խոսքերում:

Երբ ավետարանն առաջին անգամ քարոզվեց Անգլիայում 1837թ. հուլիսին, Տերը հայտնեց. «Ում որ դուք ուղարկեք իմ անունով, ձեր եղբայրների՝ Տասներկուսի ձայնով, ձեր կողմից պատշաճ կերպով երաշխավորված և լիազորված, նրանք զորություն կունենան՝ բացելու իմ արքայության դուռը, որ ազգի համար էլ որ դուք նրանց ուղարկած լինեք»:4

Ուր էլ որ ձեզ ուղարկեն, որ միսիան էլ ձեզ նշանակված լինի, իմացեք, որ Տասներկուսի անդամն է պատշաճորեն երաշխավորել այդ նշանակումը և դուք կանչված եք Տիրոջ մարգարեի կողմից: Դուք կանչվել եք «մարգարեությամբ և ձեռնադրմամբ»:5

Այնուհետև, Տերը տվել է այս խոստման համար իրագործման պայմանները: Նա ասել է. «Որքան որ [որը նշանակում է խոստումը կիրականցվի եթե, նրանք [նշանակում է միսիոներները, ովքեր ուղարկվում են] [1]կխոնարհեցնեն իրենց իմ առաջ, և [2] կմնան իմ խոսքի մեջ, և [3] ականջ կդնեն իմ Հոգու ձայնին»:6

Տիրոջ խոստումները հստակ են: Որպեսզի ունենաք անհրաժեշտ հոգևոր զորությունը Աստծո արքայության դուռը բացելու այն ազգի մեջ, ուր դուք ուղարկվում եք, դուք պետք է լինեք խոնարհ և հնազանդ և ունենաք ունակություն լսելու և հետևելու Հոգուն:

Այս երեք հատկանիշները սերտորեն փոխկապակցված են: Եթե դուք խոնարհ եք, դուք կկամենաք հնազանդ լինել: Եթե դուք հնազանդ եք, դուք կզգաք Հոգին: Հոգին կարևոր է, քանզի ինչպես Էզրա Թաֆտ Բենսոնն է ուսուցանել. «Առանց Հոգու դուք երբեք չեք հասնի հաջողության, անկախ ձեր տաղանդից և ունակությունից»:7

Որպես միսիայի նախագահ՝ ես, երբեմն, հարցազրույց էի անցկացնում միսիոներների հետ, ովքեր մաքառում էին, որովհետև նրանք դեռ մաքուր չէին: Նրանք ապրում էին իրենց հոգևոր ներուժից ցածր: Անկախ նրանից, թե որքան տքնաջան էին նրանք աշխատում կամ թե որքան շատ բարիք էին գործում, նրանք չէին կարողանում խաղաղություն զգալ և վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը, մինչև իրենց չէին խոնարհեցնում, լիովին ապաշխարում և ճաշակում Փրկչի ողորմածությունից և շնորհից:

Տերը հրահանգում է Իր ծառաներին խոնարհ լինել, որովհետև հոգեպես ողջ դառնալու գործընթացը սկսվում է կոտրված սրտից: Մտածեք այն բարիքի մասին, որ գալիս է կոտրված բաներից. Հողը հերկվում է ցորեն ցանելու համար: Ցորենը աղացվում է հաց պատրաստելու համար: Հացը կտրատվում է դառնալու հաղորդության խորհրդանիշներ: Երբ ինչ-որ մեկը, ով ապաշխարող է, ճաշակում է հաղորդությունը կոտրված սրտով և փշրված հոգով, նա ողջ է դառնում:8 Երբ մենք ապաշխարում ենք և ողջ դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք ավելի շատ բան ենք ունենում Փրկչին առաջարկելու, երբ ծառայում ենք Նրան: «Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա»:9

Եթե դուք ծանրաբեռնված եք մեղքից և կարիք ունեք ապաշխարելու, խնդրում ենք արեք դա անմիջապես: Երբ Փրկիչը բժշկում էր նրանց, ովքեր չարչարված էին, Նա հաճախ նրանց հրավիրում էր վեր կենալ: Սուրբ գրություններն արձանագրել են, որ նրանք այդ անում էին միանգամից կամ անմիջապես:10 Ձեր հոգեկան տառապանքներից բժշկվելու համար, խնդրում ենք ընդունեք վեր կենալու Նրա հրավերը: Առանց հետաձգման խոսեք ձեր եպիսկոպոսի հետ, ճյուղի նախագահի կամ միսիայի նախագահի հետ և այժմ սկսեք ապաշխարության գործընթացը:

Քավության բժշկող զորությունը խաղաղություն կբերի ձեր հոգուն և հնարավորություն կտա ձեզ զգալ Սուրբ Հոգին: Փրկչի զոհաբերությունն անսահման է, բայց մեր մեղքերը, չնայած բազմաթիվ են և լուրջ, կարող են համրվել և խոստովանվել, թողնվել և ներվել: «Եվ որքան մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»:11

Վարդապետություն և Ուխտերի այս խոստումը հզոր է. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»:12 Երբ ապրեք առաքինի կյանքով, դուք կզգաք խաղաղ վստահություն Աստծո առջև ձեր դիրքի հարցում և ձեզ հետ կունենաք Հոգու զորությունը:13

Ոմանք, ովքեր նոր անդամներ են Եկեղեցում կամ ովքեր վերջերս են վերադարձել լիարժեք ակտիվության, գուցե ասեն. «Այժմ ես արժանի եմ և ցանկություն ունեմ ծառայելու, բայց չգիտեմ թե արդյոք բավականաչափ գիտե՞մ»: Ապրիլին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ. «Ճշմարտության գիտելիքը և մեր մեծագույն հարցերի պատասխանները գալիս են մեզ, երբ մենք հնազանդ ենք լինում Աստծո պատվիրաններին»:14 Որքան հուսադրող է իմանալը, որ մեր հնազանդության միջոցով մենք կարող ենք գիտելիք ձեռք բերել:

Մյուսները գուցե զգան, որ իրենք սահմանափակ տաղանդներ, ունակություններ կամ փորձառություն ունեն առաջարկելու: Եթե դուք ունեք այդպիսի մտահոգություններ, հիշեք Երեց Փոխրելի փորձառությունը: Որքան հնարավոր է լավ պատրաստվեք և իմացեք, որ մեր Երկնային Հայրը կմեծացնի ձեր խոնարհ և հնազանդ ջանքերը: Երեց Ռիչարդ Գ. Սքոթն առաջարկել է այս խրախուսող խորհուրդը. «Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաներին և անեսասիրաբար ծառայում ենք նրա զավակներին, բնական հետևանքն է զորություն Աստծուց՝ զորություն անելու ավելին, քան մենք կարող ենք անել ինքներս: Մեր ներընբռնումները, մեր տաղանդները, մեր ունակությունները ընդարձակվում են, որովհետև մենք ստանում ենք ուժ և զորություն Տիրոջից»:15

Երբ դուք վստահում եք Տիրոջը և Նրա բարությանը, Ամենազոր Աստված օրհնում է Իր զավակներին ձեր միջոցով:16 Երեց Հոլլինգսը՝ Նևադա նահանգից, վաղ սովորեց դա իր միսիայի ընթացքում: Այն օրը, երբ նա ժամանեց Հնդկաստան, նա ճանապարհորդեց Քույր Ֆանկի և ինձ հետ դեպի Ռաջահմունդրի՝ իր առաջին տարածքը: Այդ կեսօրին Երեց Հոլլինգսը և Երեց Գանապարամը գնացին այցելելու Եկեղեցու մի անդամի և նրա մորը: Մայրը ցանկացավ իմանալ Եկեղեցու մասին, որովհետև տեսել էր, թե ինչպես է ավետարանն օրհնել իր դստեր կյանքը: Քույր Ֆանկը միացավ նրանց ընկերակացություն ապահովելու համար: Քանի որ դասը ուսուցանվելու էր անգլերեն և մայրը խոսում էր միայն տելեգու լեզվով, ճյուղից մի եղբայր այնտեղ էր՝ թարգմանելու այն, ինչ ուսուցանվելու էր:

Երեց Հոլլինգսի հանձնարարությունն էր հենց առաջին ուսուցանման ժամանակ ուսուցանել Առաջին Տեսիլքը, օգտագործելով Մարգարե Ջոզեֆի խոսքերը: Դասի այդ պահին նա շրջվեց դեպի Քույր Ֆանկը և հարցրեց. «Պիտի բառ առ բառ ասե՞մ» իմանալով, որ դա թարգմանվելու էր:

Նա պատասխանեց. «Ասա բառ առ բառ, որպեսզի Հոգին վկայի այն մասին, ինչ որ կասես»:

Երբ այս նոր միսիոները անկեղծորեն ուսուցանեց Առաջին տեսիլքը՝ օգտագործելով Մարգարեի խոսքերը, այդ սիրելի քրոջ դեմքի արտահայտությունը փոխվեց: Արցունքներ հայտնվեցին: Երբ Երեց Հոլլինգսն ավարտեց այդ փառահեղ ուղերձը, և նախքան ինչ նա ասել էր կթարգմանվեր, քույրը հարցրեց արցունքների միջից իր մայրենի լեզվով. «Կարո՞ղ եմ մկրտվել: Իսկ դուք որդուս կուսուցանե՞ք»:

Իմ երիտասարդ ընկերակից ծառաներ, ամեն օր դռներ և սրտեր են բացվում ավետարանի ուղերձի առջև՝ ուղերձ, որը բերում է հույս և խաղաղություն և ուրախություն Աստծո զավակներին ողջ աշխարհով մեկ: Եթե դուք խոնարհ եք, հնազանդ և ականջ եք դնում Հոգու ձայնին, դուք կգտնեք մեծ երջանկություն որպես միսիոներ ձեր ծառայությունում:17 Ինչպիսի սքանչելի ժամանակաշրջան է միսիոներ լինելը՝ մի ժամանակ, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը:

Ես վկայություն եմ բերում մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին և Նրա «աստվածային պատվիրանի»18 «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցեք»:19 Սա Նրա Եկեղեցին է: Նա ղեկավարում է այն ապրող մարգարեների և առաքյալների միջոցով: Հաջորդ մեկ ժամի ընթացքում Առաջին Նախագահությունը կուսուցանի մեզ: Թող որ մենք «արագ ընկալենք»20 ինչպես Մորմոնը, որպեսզի, երբ կանչը գա, մենք արժանի լինենք և կարաղանանք հայտարարել Հոգու զորությամբ: «Ահա, ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մի աշակերտ եմ: Ես կանչվել եմ նրա կողմից հայտարարելու նրա խոսքն իր ժողովրդի մեջ, որ նրանք կարողանան հավիտենական կյանք ունենալ»:21 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: