Դուք կարող եք անել դա հիմա
Քանի դեռ մենք պատրաստ ենք կրկին կանգնելու և շարունակելու ճանապարհը, … մենք կարող ենք ինչ-որ բան սովորել սխալներից և դառնալ ավելի լավը ու ավելի երջանիկ:
Երբ ես երիտասարդ էի, ընկնելն ու կանգնելը կարծես մեկ գործողություն լիներ: Սակայն տարիների ընթացքում եկել եմ այն անհանգստացնող եզրակացության, որ ֆիզիկայի օրենքները փոխվել են, և՝ ոչ իմ օգտին:
Վերջերս ես դահուկավարում էի 12 տարեկան թոռնիկիս հետ: Մենք վայելում էինք ժամանակը միասին, երբ ես սահեցի սառույցի վրայով և արդյունքում կատարեցի մի փառավոր վայրեջք լանջն ի վար:
Ես ամեն կերպ փորձեցի կանգնել, բայց չկարողացա՝ ես ընկել էի և չէի կարողանում վեր կենալ:
Ես ֆիզիկապես լավ էի զգում, սակայն իմ եսը մի փոքր վիրավորված էր: Այնպես որ ես համոզվեցի, որ սաղավարտն ու ակնոցները տեղում էին, քանի որ շատ էի ցանկանում, որ մյուս դահուկորդները չնկատեին ինձ: Ես կարող էի պատկերացնել ինձ, նստած այնտեղ անօգնական, երբ նրանք դահուկավարում էին այդպես էլեգանտ ձևով և ուրախ աղաղակում՝ «Բարև, Նախագահ Ուխդորֆ»:
Ես սկսեցի մտածել, թե ինչ կպահանջվեր ինձ փրկելու համար: Դա պատահեց, երբ թոռնիկս մոտեցավ ինձ: Ես պատմեցի նրան, թե ինչ էր պատահել, սակայն նա կարծես հետաքրքրված չէր իմ բացատրություններով, թե ինչու ես չէի կարողանում բարձրանալ: Նա նայեց աչքերիս, կռացավ, բռնեց ձեռքս և հստակ ձայնով ասաց. «Պապիկ, դու կարող ես անել դա հիմա»:
Ակնթարթորեն ես կանգնեցի:
Ես մինչև հիմա չեմ հավատում դրան: Այն ինչ անհնարին էր թվում մեկ րոպե առաջ, անմիջապես դարձավ հնարավոր, քանի որ 12 տարեկան տղան հասավ ինձ ու ասաց. «Դու կարող ես անել դա հիմա»: Դա ինձ ներարկեց վստահություն, խանդավառություն և ուժ:
Եղբայրներ, մեր կյանքում կլինեն պահեր, երբ բարձրանալը և շարունակելը կթվա մեր ուժերից վեր: Այդ օրը ձնապատ լանջին ես մի բան սովորեցի: Նույնիսկ երբ թվում է, թե չենք կարող բարձրանալ, դեռևս հույս կա: Եվ հաճախ մեր կյանքում մեզ միայն պետք է մեկը, ով կնայի մեր աչքերին, կբռնի մեր ձեռքը և կասի՝ «Դու կարող ես անել դա հիմա»:
Դժվարության մոլորությունը
Կարող է մտածենք, որ տղամարդկանցից ավելի շատ կանայք են ունենում անհամապատասխանության և ձախողման զգացումներ, որոնք ավելի շատ ազդում են ոչ թե մեր, այլ նրանց վրա: Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է: Տղամարդիկ ունենում են մեղքի, ընկճվածության և ձախողման զգացում: Մենք կարող ենք ձևացնել, որ այդ զգացմունքները չեն մտահոգում մեզ, բայց դա այդպես չէ: Մենք կարող ենք այնքան ծանրաբեռնված զգալ մեր ձախողումներից և թերություններից, որ սկսենք մտածել, թեայլևս չենք կարող հաջողություն ունենալ: Մենք նույնիսկ կարող է ենթադրենք, որ եթե մենք նախկինում ընկել ենք, ապա անկումը մեր ճակատագիրն է: Ինչպես մի գրող ասել է. «Մենք առաջ ենք գնում, կարծես ներկայիս հետ պայքարող նավեր, որոնք անդադար ետ են քշվում դեպի անցյալը»:1
Ես ականատես եմ եղել փառքով ու ներուժով լցված տղամարդկանց, ովքեր դադարել են մասնակցել Աստծո թագավորության կառուցման դժվարին գործին, քանի որ նրանք մեկ կամ երկու անգամ ձախողել են: Դրանք խոստումնալից տղամարդիկ էին, ովքեր կարող էին լինել քահանայության բացառիկ կրողներն ու ծառաները Աստծո: Բայց քանի որ նրանք սայթաքել են և հիասթափվել, նրանք դուրս են եկել իրենց քահանայության պարտականություններից և հետևել ավելի հեշտ, բայց քիչ արժանի ձգտումներին:
Այսպիսով, նրանք շարունակում են ապրել միայն այն կյանքի ստվերում, որը կարող էին ունենալ, երբեք չհասնելով այն ներուժին, որը իրենց ծննդյան իրավունքն էր: Ինչպես բանաստեղծն է ափսոսանք հայտնել, սրանք այն դժբախտ հոգիների թվում են, ովքեր «մահացան [ամենամեծ] երաժշտությունը [դեռևս] իրենց մեջ»:2
Ոչ ոք չի սիրում ձախողել: Եվ մասնավորապես մեզ դուր չի գալիս, երբ ուրիշները՝ հատկապես նրանք, ում սիրում ենք, տեսնեն մեզ ձախողելիս: Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել հարգված և գնահատված: Մենք ցանկանում ենք լինել չեմպիոններ: Սակայն մենք՝ մահկանացուներս չենք դառնում չեմպիոններ առանց ջանքերի, կարգապահության կամ առանց սխալներ գործելու:
Եղբայրներ, մեր ճակատագիրը որոշվում է ոչ թե մեր սայթաքումների, այլ վեր կանգնելու, փոշին թափ տալու և առաջ շարժվելու պահերի քանակով:
Աստվածային տրտմություն
Մենք գիտենք, որ այս մահկանացու կյանքը փորձաշրջան է: Բայց քանի որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ կատարյալ սիրով, Նա ցույց է տվել մեզ, թե որտեղ գտնել պատասխանները: Նա տվել է մեզ քարտեզ, որը թույլ է տալիս մեզ նավարկել անորոշ տեղանքով և անսպասելի փորձությունների միջով, որոնց մեզանից յուրաքանչյուրը հանդիպում է: Մարգարեների խոսքերը այդ քարտեզի մի մասն են:
Երբ մենք մոլորվում ենք, ընկնում կամ հեռանում ենք Երկնային Հոր ուղիներից, մարգարեների խոսքերը ասում են մեզ, թե ինչպես վեր բարձրանալ և կրկին կանգնել ուղու վրա:
Դարերի ընթացքում մարգարեների ուսուցանած բոլոր սկզբունքներից մեկը, որը շեշտվում է կրկին ու կրկին անգամ, դա հուսադրող և սիրտ ջերմացնող ուղերձն է, որ մարդկությունը կարող է ապաշխարել, փոխել ուղին և կրկին վերադառնալ աշակերտի ճշմարիտ ուղու վրա:
Դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք մեր թուլությունների, սխալների կամ մեղքերի համար: Բայց կա մի շատ կարևոր տարբերություն ապաշխարության հանգեցնող մեղքի հանդեպ տրտմության և հուսահատության հանգեցնող տրտմության միջև:
Պողոս առաքյալն ուսուցանել է, որ «Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը ապաշխարութիւն է գործում փրկութեան համար …. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում»:3 Աստվածային տրտմությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ոգեշնչում է փոփոխություն և հույս: Աշխարհիկ տրտմությունը քաշում է մեզ վար, մարում է հույսը և համոզում է մեզ տրվել հետագա գայթակղությունների:
Աստվածային տրտմությունը մեզ դարձի է բերում4 ու փոխում մեր սրտերը:5 Այն ստիպում էմեզ ատել մեղքը և սիրել աստվածայինը:6 Այն խրախուսում է մեզ կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսի ներքո: Ճշմարիտ ապաշխարությունը բերում է վերափոխում, այլ ոչ թե խոշտանգումներ կամ տանջանք: Այո՛, անհնազանդության սրտանց ափսոսանքը և ճշմարիտ զղջումը հաճախ ցավոտ են, սակայն դրանք ապաշխարության սրբազան գործընթացի կարևոր քայլեր են:Բայց երբ մեղքը մեզ տանում է դեպի ինքնատելություն կամ թույլ չի տալիս մեզ կրկին բարձրանալ, դա ոչ թե նպաստում, այլ խափանում է մեր ապաշխարությանը:
Եղբայրներ, կա ավելի լավ ճանապարհ: Եկեք բարձրանանք և դառնանք Աստծո մարդիկ: Մենք ունենք չեմպիոն, Փրկիչը, ով քայլել է մահի շուքի ձորումը մեր իսկ օգտի համար: Նա իրեն տվել է որպես փրկագին մեր մեղքերի համար: Ոչ ոք երբևէ չի ունեցել ավելի մեծ սեր, քան այդ Հիսուս Քրիստոսը, անբիծ Գառը, ով պատրաստակամորեն դրեց Իրեն զոհասեղանի վրա և վճարեց գինը մեր մեղքերի, մինչև «վերջի նաքարակիտը»:7 Նա իր վրա վերցրեց մեր տանջանքները: Նա իր ուսերին առավ մեր բեռը՝ մեր մեղքը: Իմ սիրելի ընկերներ, երբ որոշում ենք գալ դեպի Նա, երբ մենք վերցնում ենք մեզ վրա անունը Նրա և հաստատակամ քայլում որպես նրա աշակերտ, Քավության շնորհիվ մեզ խոստացված է ոչ միայն երջանկություն և «խաղաղություն այս աշխարհում», այլ նաև «հավերժական կյանք գալիք աշխարհում»:8
Երբ մենք սխալներ ենք գործում, երբ մեղք ենք գործում և ընկնում, եկեք մտածենք, թե ինչ է նշանակում իսկապես ապաշխարել: Դա նշանակում է Աստծո կողմը դարձնել մեր սիրտն ու կամքը, և հրաժարվել մեղքից: Ճշմարիտ, սրտանց ապաշխարությունն իր հետ բերում է երկնային հավաստիացում, որ «մենք կարող ենք անել դա հիմա»:
Ովքե՞ր եք դուք:
Առաջընթացից մեզ ետ պահելու հակառակորդի եղանակներից մեկը դա մեզ շփոթեցնելն է, թե իրականում ով ենք մենք և ինչ ենք իրականում ցանկանում:
Մենք ցանկանում ենք մեր ժամանակն անցկացնել մեր երեխաների հետ, բայց նաև ցանկանում ենք զբաղվել մեր ամենօրյա սիրած զբաղմունքներով: Մենք ցանկանում ենք նիհարել, սակայն մենք նաև ցանկանում ենք վայելել այն ուտելիքը, որը մենք ցանկանում ենք: Մենք ցանկանում ենք նմանվել Քրիստոսին, սակայն մենք նաև ցանկանում ենք վիճել այն տղայի հետ, ով խցանման ժամանակ մեր դեմը կտրել է:
Սատանայի նպատակն է գայթակղել մեզ փոխանակել ճշմարիտ երջանկության և հավերժական արժեքների անգին գոհարները պլաստիկ կեղծ կախազարդի հետ, որը պարզապես պատրանք է և հակասում է ճշմարիտ երջանկությանն ու ուրախությանը:
Մեկ այլ եղանակ, որի միջոցով հակառակորդը ցանկանում է մեզ հուսալքել վեր բարձրանալուց այն է, որ ստիպում է մեզ սահմանափակել պատվիրանների հանդեպ վերաբերմունքը, որպես բաների, որոնք հարկադրել են մեզ: Կարծում եմ, որ դա մարդկային բնույթն է հերքելու ամեն բան, որը ըստ երևույթին առաջին հերթին մեր սեփական գաղափարը չէ:
Եթե մենք առողջ սնվելուն ու վարժություն անելուն վերաբերվում ենք մի բանի, որը միայն մեր բժիշկն է ակնկալում մեզանից, ապա մենք հավանական է կձախողենք: Եթե մենք նայում ենք այս որոշումներին այնպես, թե ովքեր ենք մենք և ով ենք ուզում դառնալ, մենք ունենք մեծ հնարավորություն մնալու ուղու վրա և հաջողելու:
Եթե մենք տնային այցելություններին ու այցելող քույրերին նայում ենք, որպես միայն ցցի նախագահի նպատակի, մենք այն կատարելուն կտանք ավելի քիչ կարևորություն: Եթե մենք նայենք դրան, որպես մեր նպատակի, մի բան, որ մենք ցանկանում ենք անել ավելի շատ Քրիստոսին նմանվելու և ուրիշներին ծառայելու համար, մենք ոչ միայն կկատարենք մեր պարտավորությունը, այլև կկատարենք այն այնպես, որ իսկապես օրհնենք այն ընտանիքներին, որոնց մենք այցելում ենք, ինչպես նաև մեր անձնական ընտանիքներին:
Հաճախ մենք ենք, որ օգնություն ենք ստանում մեր ընկերների ու ընտանիքների կողմից: Սակայն եթե մենք ուշադիր աչքերով նայենք և հոգատար մոտեցում ցուցաբերենք, մենք կտեսնենք այն հնարավորությունները, որը Տերը մեր առջև դնում է ուրիշներին օգնելու բարձրանալ և առաջ շարժվել դեպի իրենց իրական ներուժը: Սուրբ գրությունները առաջարկում են. «Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց»:9
Հոգևոր զորության մեծ աղբյուր է՝ ազնիվ և արդարակյաց կյանքով ապրելը, մեր ուշադրության կենտրոնում պահելով այն նպատակակետը, թե որտեղ ենք ուզում լինել հավերժության մեջ: Եթե միայն մենք կարողանանք այդ աստվածային նպատակակետին նայել հավատքի աչքերով, դա կօգնի մեզ մնալ ուղու վրա:
Երբ մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մեր ամենօրյա հաջողությունների ու ձախողումների վրա, մենք կարող ենք կորցնել ուղին, թափառել և ձախողել: Մեր հայացքն ուղղելով բարձր նպատակներին, կօգնի մեզ դառնալ ավելի լավ որդիներ, եղբայրներ, բարի հայրեր և ավելի սիրասուն ամուսիններ:
Նույնիսկ նրանք, ովքեր իրենց սրտերը դնում են աստվածային նպատակների վրա, կարող են երբեմն սայթաքել, սակայն չեն պարտվի: Նրանք վստահում և ապավինում են Աստծո խոստումներին: Նրանք կրկին կկանգնեն պայծառ հույսով առ արդար Աստվածը, ունենալով մեծ ապագայի ոգեշնչող տեսիլքը: Նրանք գիտեն, որ կարող են անել դա հիմա:
Դուք կարող եք անել դա հիմա:
Յուրաքանչյուր ոք, երիտասարդ թե ալեհեր, ունեցել է ընկնելու իր փորձառությունը: Անկումը այն է, ինչ մենք մահկանացուներս անում ենք: Սակայն եթե մենք ցանկանում ենք կրկին կանգնել և շարունակել ճանապարհը դեպի Աստծո տված հոգևոր նպատակները, մենք կարող ենք սովորել ինչ-որ բան ձախողումից և արդյունքում դառնալ ավելի լավը և ավելի երջանիկ:
Իմ սիրելի եղբայրներ, իմ սիրելի ընկերներ, կլինեն պահեր, երբ դուք կմտածեք, որ չեք կարող շարունակել: Վստահեք Փրկչին և Նրա սիրուն: Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ, վերականգնված ավետարանի զորության և հույսի շնորհիվ, դուք միշտ ունակ կլինենք գլուխը բարձր քայլելով առաջ գնալ:
Եղբայրներ, մենք սիրում ենք ձեզ: Մենք աղոթում ենք ձեզ համար: Շատ կուզենայի, որ կարողանայիք լսել, թե ինչպես է Նախագահ Մոնսոնն աղոթում ձեզ համար: Անկախ նրանից դուք երիտասարդ հայր եք, տարեց քահանայության կրող, թե նոր կարգված սարկավագ, մենք մտածում ենք ձեր մասին: Տերը մտածում է ձեր մասին:
Մենք հասկանում ենք, որ ձեր ճանապարհը հաճախ դժվար կլինի: Բայց ես տալիս եմ ձեզ խոստում Տիրոջ անունով. վեր բարձրացեք և քայլեք Քավչի և Փրկչի հետքերով, և մի օր դուք ետ կնայեք և կլցվեք հավերժական երախտագիտությամբ, որ դուք որոշեցիք վստահել Քավությանը և ձեզ բարձրացնող և ուժ տվող նրա զորությանը:
Իմ սիրելի ընկերներ և եղբայրներ, անկախ նրանից, թե քանի անգամ եք դուք սայթաքել կամ ընկել, ելեք ոտքի: Ձեր ճակատագիրը փառահեղ է: Բարձր կանգնեք և քայլեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի լույսով: Դուք ավելի ուժեղ եք, քան կարող եք գիտակցել: Դուք ավելի ունակ եք, քան կարող եք պատկերացնել: Դուք կարող եք անել դա, հիմա: Այս ամենի մասին ես վկայում են մեր Տիրոջ և Քավչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: