2010–2019 թթ․
Գիտե՞նք արդյոք ինչ ունենք
Հոկտեմբեր 2013


11:34

Գիտե՞նք արդյոք ինչ ունենք

Քահանայության ծեսերն ու ուխտերը մեզ համար հնարավոր են դարձնում Աստծո կողմից խոստացված օրհնությունների լիությունը, որը հնարավոր է դարձել Փրկչի Քավությամբ:

«Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը սահմանում են. «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»:1 Այդ աստվածային ճակատագրին հասնելու համար Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր քահանայության ծեսերի և ուխտերի կարիքն ունի:

Մենք կարիք ունենք մկրտության: Ընկղմվելով մկրտության ջրերի մեջ, մենք ուխտ ենք կապում՝ վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա, միշտ հիշել Նրան, պահել Նրա պատվիրանները և ծառայել Նրան մինչև վերջ, որ միշտ Նրա Հոգին մեզ հետ ունենանք:2

Մենք Սուրբ Հոգու պարգևի կարիքն ունենք, որի օգնությամբ կարող ենք ունենալ Հոգու մշտական ընկերակցությունը: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ուսուցանել է. «Բոլոր տղամարդիկ և կանայք, որոնք եկել են Աստծո եկեղեցի և մկրտվել մեղքերի թողության համար՝ իրավունքն ունեն հայտնության և Աստծո Հոգու պարգևի, որը կօգնի իրենց աշխատանքում, իրենց երեխաներին և իրենց նախագահության ներքո գտնվող անդամներին ղեկավարելու և խորհուրդ տալու գործում: Սուրբ Հոգին չի սահմանափակվում միայն տղամարդկանցով, առաքյալներով կամ մարգարեներով, այն պատկանում է բոլոր հավատարիմ տղամարդկանց, կանաց և այն տարիքի երեխաներին, ովքեր կարող են ստանալ Քրիստոսի ավետարանը»:3

Մենք տաճարային օժտում ստանալու կարիք ունենք: Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Երբ տղամարդիկ և կանայք գնում են տաճար, նրանք օժտվում են նույն զորությամբ, որն, ըստ էության, քահանայության զորություն է: … Օժտումը բառացիորեն զորության պարգև է»:4

Մենք կարիք ունենք կնքման ծեսի, որն առաջնորդում է դեպի հավերժական կյանք, իսկ դա «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:5 Քահանայության այս ծեսը ստանում են միայն տղամարդն ու կինը միասին: Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Քահանայության իշխանությունը վերականգնվել է, որպեսզի ընտանիքները կարողանան հավերժ միասին կնքվել»:6

Ամեն շաբաթ հաղորդությունն ընդունելու միջոցով, մենք մեր ուխտերը նորացնելու հնարավորության կարիքն ունենք: Վերջին Օրերի մարգարեներն ու առաքյալներն ուսուցանել են, որ երբ արժանիորեն ենք ընդունում հաղորդությունը, նորացնում ենք ոչ միայն մեր մկրտության ուխտը, այլ «Տիրոջ հետ կապած բոլոր ուխտերը»:7

Քահանայության ծեսերն ու ուխտերը հնարավոր են դարձնում Աստծո կողմից մեզ խոստացված օրհնությունների լիությունը, որ հնարավոր է դարձել Փրկչի Քավությամբ: Դրանք զինում են Աստծո որդիներին և դուստրերին զորությամբ՝ Աստծո զորությամբ,8 և մեզ հնարավորություն են տալիս հավերժական կյանք ստանալ՝ վերադառնալով Աստծո ներկայություն և ապրելով Նրա հետ՝ Իր հավերժական ընտանիքում:

Վերջերս Հոնդուրասում քահանայության ղեկավարների հետ այցելեցի չորս կանանց տներ: Այդ քույրերը և նրանց ընտանիքները կարիք ունեին քահանայության բանալիների և իշխանության, քահանայության ծեսերի և ուխտերի, քահանայության զորության և օրհնությունների:

Մենք այցելեցինք մի թանկագին քրոջ, որն ամուսնացած է և ունի երկու հրաշալի երեխա: Նա հավատարիմ ու ակտիվ է Եկեղեցում, և սովորեցնում է իր երեխաներին ճիշտն ընտրել: Նրա ամուսինն, ինքը չլինելով անդամ, աջակցում է նրան, որ ակտիվ լինի Եկեղեցում: Նրանց ընտանիքն ամուր է, սակայն ավելի շատ զորություն ունենալու համար նրանք քահանայության լրացուցիչ օրհնությունների կարիքն ունեն: Նրանք կարիք ունեն հոր, ով կմկրտվի, կստանա Սուրբ Հոգու պարգևը և նրան կշնորհվի քահանայություն: Նրանք ունեն քահանայության զորության կարիքը, որը կարող են ստանալ օժտման և կնքման միջոցով:

Հաջորդը, մենք այցելեցինք մեծ հավատքի տեր երկու ամուրի քույրերի: Քույրերից մեկի որդին պատրաստվում էր միսիայի: Մյուս քույրը բուժում էր ստանում քաղցկեղի դեմ: Հուսահատության և վշտի պահին նրանք հիշում են Փրկչի Քավությունը՝ լցվելով հույսով և հավատքով: Նրանք երկուսն էլ հավելյալ օրհնությունների և զորության կարիքն ունեն, որը հասու է տաճարային ծեսերի միջոցով: Մենք խրախուսեցինք նրանց միանալ իրենց ընտանիքի ապագա միսիոներին՝ պատրաստվելով ստանալ այդ ծեսերը:

Վերջինը, մենք այցելեցինք մի քրոջ, որի ամուսինը նոր էր մահացել ողբերգական պատահարի ժամանակ: Լինելով Եկեղեցու նորադարձ, նա չէր հասկանում, որ կարող էր ստանալ իր անձնական օժտումը և կնքվել իր ամուսնու հետ: Երբ ուսուցանեցինք նրան, որ այդ օրհնությունները կարող են հասու լինել իրեն և իր մահացած ամուսնուն, նա լցվեց հույսով: Իմանալով, որ տաճարային ծեսերի և ուխտերի միջոցով իր ընտանիքը կարող է կնքվել միասին, նա հավատք և վճռականություն ունի դիմակայելու հետագա փորձություններին:

Այդ այրու որդին պատրաստվում է Ահարոնյան Քահանայություն ստանալ: Նրա կարգումը մեծ օրհնություն կլինի իր և ընտանիքի համար: Նրանք իրենց տանը քահանայություն կրող կունենան:

Երբ Հոնդուրասում հանդիպեցի այդ հավատարիմ կանանց, տեսա, ինչպես էին նրանք պայքարում իրենց ընտանիքներն ավետարանում ակտիվ պահելու համար: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին ծխի ուխտ պահող անդամների համար, ովքեր հոգում են իրենց մասին և օգնում բավարարել իրենց աշխարհիկ և հոգևոր կարիքները: Ինչևէ, այդ քույրերն ունեին դեռևս լիովին չբավարարված կարիքներ:

Այդ այցելությունների ժամանակ ամեն անգամ իմաստուն քահանայության ղեկավարը յուրաքանչյուր քրոջը հարցնում էր, թե արդյոք նա քահանայության օրհնություն է ստացել: Պատասխանն էր՝ ոչ: Քույրերը խնդրում էին քահանայության օրհնություն և ստանում էին այն: Նրանք արտասվում էին՝ երախտագիտություն հայտնելով սփոփանքի, ուղղության, քաջալերման և ոգեշնչման համար, որ գալիս էր Երկնային Հորից՝ արժանի քահանայություն կրողի միջոցով:

Այդ քույրերը ոգեշնչեցին ինձ: Նրանք ակնածանք էին ցուցաբերում Աստծո, Նրա զորության ու իշխանության հանդեպ: Ես երախտապարտ էի նաև քահանայության այն ղեկավարների համար, ովքեր ինձ հետ այցելեցին այդ տներ: Ամեն տնից հեռանալուց հետո մենք միասին խորհրդակցում էինք, թե ինչպես կարելի էր օգնել այդ ընտանիքներին ստանալ իրենց անհրաժեշտ ծեսերը, որոնք կօգնեին ուխտի ճանապարհով առաջադիմելու և իրենց ընտանիքներն ամրացնելու գործում:

Այնտեղ մեծ կարիք կա, որ տղամարդիկ և կանայք զարգացնեն հարգանք միմյանց հանդեպ որպես Աստծո որդիներ և դուստրեր, և ակնածանք մեր Երկնային Հոր՝ Նրա քահանայության, Նրա զորության և իշխանության հանդեպ:

Նա ծրագիր ունի մեզ համար, և երբ մենք գործադրենք մեր հավատքը և վստահենք Նրա ծրագրին, մեր ակնածանքը էլ ավելի կխորանա քահանայության զորության և իշխանության հանդեպ:

Ամրացնել ընտանիքը և Եկեղեցին Քահանայության միջոցով թեմայով ղեկավարների համաշխարհային ուսուցման ժամանակ մենք ուսուցանվեցինք, որ քույրերը, ովքեր քահանայություն կրողներ չունեն իրենց ընտանիքում, երբեք չպետք է միայնակ իրենց զգան: Նրանք օրհնվում և ամրանում են իրենց ստացած ծեսերի և կապած ուխտերի միոջոցով: Նրանք չպետք է ամաչեն դիմել, երբ օգնություն է անհրաժեշտ: Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է, որ Եկեղեցու յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ ունի եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, տնային ուսուցիչ և քահանայություն կրող այլ արժանի անդամներ, ում կարող է վստահել, և ովքեր կարող են գալ իր տուն, օգնել իրեն, և ինչպես Քույր Ռոզմարի Վիքսոմն է ավելացրել, «օրհնություն տալ»:9

Երեց Բալարդը նաև ուսուցանել է. «Մեր Երկնային Հայրն առատորեն տալիս է Իր զորությունից: Բոլոր տղամարդիկ և կանայք կարող են ստանալ այդ զորությունից՝ հօգուտ իրենց անձնական կյանքի: Ովքեր Տիրոջ հետ կապել են սուրբ ուխտեր և պատվում են դրանք, կարող են անձնական հայտնություն ստանալ, օրհնվել հրեշտակների ծառայությամբ [և] հաղորդակցվել Աստծո հետ»:10

Մենք միմյանց կարիքն ունենք: Աստծո որդիները Աստծո դուստրերի, իսկ Աստծո դուստրերը՝ Աստծո որդիների կարիքն ունեն:

Մենք տարբեր պարգևներ և տարբեր ուժեղ կողմեր ունենք: Ա Կորնթացիս գլուխ 12-ում շեշտվում է Աստծո որդիների և դուստրերի, մեզանից յուրաքանչյուրի կարիքը, կատարելու մեր դերը և պատասխանատվությունը՝ ըստ Տիրոջ ծրագրի, որ բոլորը կարողանան օգուտ քաղել:11

Աստծո որդիներ, արդյոք գիտե՞ք, թե ով եք դուք: Գիտե՞ք արդյոք, թե ինչ ունեք: Արժանի՞ եք գործադրելու քահանայությունը և ստանալու քահանայության զորությունն ու օրհնությունները: Ընդունո՞ւմ եք արդյոք տունն ամրացնող ձեր դերը և պատասխանատվությունը՝ որպես հայր, պապիկ, որդի, եղբայր, հորեղբայր և քեռի: Հարգո՞ւմ եք արդյոք կանանց և մայրերին:

Աստծո դուստրեր, մենք գիտե՞ք, թե ով ենք մենք: Գիտե՞նք արդյոք, թե ինչ ունենք: Արժանի՞ ենք ստանալու քահանայության զորությունն ու օրհնությունները: Ստանո՞ւմ ենք մեզ տրված պարգևները երախտագիտությամբ, շնորհով և արժանապատվորեն: Ընդունո՞ւմ եք արդյոք տունն ամրացնող մեր դերը և պատասխանատվությունը՝ որպես մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր, հորաքույրներ և մորաքույրներ: Հարգո՞ւմ եք արդյոք տղամարդկանց և հայրերին:

Որպես ուխտյալ որդիներ և դուստրեր, հավատո՞ւմ ենք արդյոք մեր Երկնային Հորը և մեզ համար Նրա հավերժական ծրագրին: Հավատում ենք արդյո՞ք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը: Հավատո՞ւմ ենք, որ մենք աստվածային էություն և ճակատագիր ունենք: Իսկ երբ ջանքեր ենք գործադրում հասնելու այդ ճակատագրին և ստանալու այն ամենը, ինչ Հայրն ունի,12 արդյոք հասկանո՞ւմ ենք քահանայության ծեսերը ստանալու և Տիրոջ հետ մեր ուխտերը կապելու, պահպանելու ու նորոգելու կարևորությունը:

Մենք երկնային ծնողների սիրելի հոգևոր որդիներն ու դուստրերն ենք՝աստվածային էությամբ և ճակատագրով: Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը սիրեց մեզ այնքան, որ իր կյանքը տվեց մեզ համար: Նրա Քավությունը հնարավորություն է տալիս մեզ առաջ ընթանալ այն ուղով, որը տանում է դեպի մեր երկնային տուն՝ քահանայության սուրբ ծեսերի և ուխտերի միջոցով:

Քահանայության այդ ծեսերը և ուխտերը վերականգնվել են երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, իսկ այսօր երկրի վրա քահանայության բոլոր բանալիները կրում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գործում է ծեսերը սպասավորելու քահնայության իշխանությունը, որի շնորհիվ մենք կարող ենք կապող ուխտերի մեջ մտնել մեր Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Որդու անունով: … Աստված կպահի ձեզ տված իր խոստումները, եթե դուք պատվեք Նրա հետ կապած ձեր ուխտերը»:13

Այս ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: