2010–2019 թթ․
Ճշմարիտ հովիվներ
Հոկտեմբեր 2013


17:35

Ճշմարիտ հովիվներ

Տնային ուսուցումը պատասխանում է բազում աղոթքների և հնարավորություն է տալիս տեսնել մարդկանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:

Այս երեկո Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում, հեռու և մոտ վայրերում հավաքվել են նրանք, ովքեր կրում են Աստծո քահանայությունը: Ինչպես Պետրոս Առաքյալն է հայտարարել՝ դուք իրոք «թագավորական քահանայություն» եք, անգամ «ընտրյալ սերունդ»:1 Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հղել իմ խոսքը:

Մանուկ հասակում ամեն ամառ մեր ընտանիքով գնում էինք Սոլթ Լեյք Սիթից 72կմ. հարավ և մի փոքր արևելք գտնվող Պրովոյի կիրճ, որտեղ մի քանի շաբաթ անցկացնում էինք ընտանեկան տնակում: Տղաներով միշտ գնում էինք գետը ձուկ բռնելու կամ լողալու, և փորձում էինք հայրիկին ոգևորել ավելի արագ վարել մեքենան: Այդ օրերին հայրս վարում էր 1928 թվականի Օլդսմոբիլ: Երբ նա ժամում 56կմ. արագությունը գերազանցում էր, մայրս ասում էր. «Դանդաղեցրու, դանդաղեցրու»: Իսկ ես ասում էի. «Արագացրու հայրիկ, ավելի արագ»:

Հայրս վարում էր ժամում 56կմ. մինչև Պրովոյի կիրճ կամ մինչև հասնում էինք շրջադարձին, և մեր ընթացքը դանդաղում էր ոչխարների հոտի պատճառով: Մենք նայում էինք, ինչպես էին հարյուրավոր ոչխարներ անցնում մեր կողքով, և թվում էր, թե նրանք հովիվ չունեին, միայն մի քանի շներ էին կողքից հաչելով վազում: Հոտից բավական հեռու գալիս էր ձիու վրա նստած հովիվը՝ ձեռքին ոչ թե սանձ, այլ պարան: Նա երբեմն թամբի վրա կքված ննջում էր, քանի որ ձին գիտեր որ ուղղությամբ էր գնալու, իսկ հաչող շներն անում էին իրենց գործը:

Տարիներ առաջ Գերմանիայի Մյունխեն քաղաքում հակառակ պատկերի ականատեսը դարձա: Կիրակի առավոտ էր, և մենք գնում էինք միսիոներական համաժողովին: Միսիայի նախագահի մեքենայի պատուհանից դուրս նայելով տեսա հովիվը ցուպը ձեռքին առաջնորդում էր ոչխարներին: Ուր էլ որ հովիվը գնում էր, ոչխարները հետևում էին նրան: Եթե նա գնում էր ձախ, նրանք գնում էին ձախ, եթե գնում էր աջ, նրանք գնում էին աջ: Ես համեմատեցի ոչխարներին առաջնորդող այդ ճշմարիտ հովվին այն հովվի հետ, որը ձիով անտարբեր գնում էր ոչխարների ետևից:

Հիսուսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարրներին ճանաչում եմ»:2 Նա ճշմարիտ հովվի կատարյալ օրինակ է ծառայում մեզ համար:

Եղբայրներ, որպես Աստծո քահանայություն, մենք հովվի պատասխանատվություն ենք կրում: Տիրոջ իմաստությունը ուղեցույցներ է տվել, թե ինչպես կարող ենք հովիվներ լինել Եկեղեցու ընտանիքների համար, որտեղ կարող ենք ծառայել, ուսուցանել և վկայել: Նման կոչում է տնային ուսուցումը, և այս երեկո այդ մասին կուզենայի խոսել:

Եկեղեցու յուրաքանչյուր ծխի եպիսկոպոս վերահսկում է, որ տնային ուսուցիչներ նշանակված քահանայության կրողներն ամեն ամիս այցելեն անդամներին: Նրանք գնում են զույգերով: Հնարավորության դեպքում, Մելքիսեդեկյան Քահանայություն կրող չափահասին ընկերակցում է երիտասարդ տղա, որն Ահարոնյան Քահանայության քահանա է կամ ուսուցիչ: Երբ այցելում են իրենց պատասխանատվության ներքո գտնվող անդամին, Ահարոնյան քահանայություն կրողը պետք է իր մասնակցությունը բերի ուսուցման գործում: Նման առաջադրանքը կօգնի այդ երիտասարդներին պատրաստվել ոչ միայն միսիային, այլև իրենց ողջ կյանքում քահանայության ծառայությանը:

Տնային ուսուցման ծրագիրն արձագանքն է ժամանակակից հայտնության, որը պարտավորեցնում է քահանայությանը կարգված անդամներին՝ «ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, մկրտել … և այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները, … միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրանց հետ և ամրապնդել նրանց. և հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն»:3

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը հորդորել է. «Տնային ուսուցումը մեր Հոր զավակներին ուսուցանելու և ոգեշնչելու, խորհուրդ և ուղղություն տալու մեր առավել հրատապ և հատուցող հնարավորություններից մեկն է: … [Դա] աստվածային ծառայություն է՝ աստվածային կոչում: Որպես տնային ուսուցիչներ՝ մեր պարտականությունն է … այդ ոգին տանել ամեն տուն և սիրտ: Սիրելով այդ աշխատանքը և լավագույնս կատարելով այն, Աստծո զավակների [վսեմ,] նվիրված [ուսուցիչը] կապրի անսահման խաղաղություն, ուրախություն և բավարարվածություն»:4

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Ալման «կարգեց բոլոր իրենց քահանաներին, և բոլոր իրենց ուսուցիչներին. և ոչ ոք չէր կարգվում, մինչև նրանք չլինեին արդար մարդիկ:

Հետևաբար, նրանք հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով»:5

Մեր տնային ուսուցման պարտականության մեջ մենք իմաստուն ենք, եթե տեղեկանում ենք յուրաքանչյուր ընտանիքի անդամների խնդիրներին և հասկանում դրանք, լինելով արդյունավետ՝ ուսուցման և անհրաժեշտ օգնություն տրամադրելու գործում:

Տնային ուսուցչի այցը թերևս ավելի հաջող կլինի, եթե նախապես պայմանավորվածություն ձեռք բերվի: Այս տեսակետը պարզաբանելու համար թույլ տվեք կիսվել տարիներ առաջ ինձ հետ տեղի ունեցած մի դեպքով: Այդ ժամանակ Միսիոներական Գործադիր Հանձնախմբի կազմում էին՝ Սպենսեր Վ. Քիմբալը, Գորդոն Բ. Հինքլին և Թոմաս Ս. Մոնսոնը: Մի երեկո Եղբայր և Քույր Հինքլիները ճաշկերույթ կազմակերպեցին իրենց տանը հանձնախմբի անդամների և նրանց կանանց համար: Նոր էինք ավարտել ճաշը, երբ դուռը թակեցին: Նախագահ Հինքլին բացեց դուռը, և դռան շեմին կանգնած էր իր տնային ուսուցիչներից մեկը: Տնային ուսուցիչն ասաց. «Գիտեմ, որ այցելության պայմանավորվածություն չունեմ, ընկերակիցս ինձ հետ չէ, սակայն զգացի, որ պետք է այցելեմ այս երեկո: Չգիտեի, որ հյուրեր ունեք»:

Նախագահ Հինքլին սիրալիր ներս հրավիրեց այդ տնային ուսուցչին, որ նստեր և ուսուցաներ մեզ՝ երեք Առաքյալներիս և մեր կանանց՝ որպես անդամ մեր պարտականության մասին: Մի փոքր վախվորած նա փորձում էր հնարավորինս լավ կատարել դա: Նախագահ Հինքլին շնորհակալություն հայտնեց նրան այցելելու համար, որից հետո այդ ուսուցիչն արագ հեռացավ:

Ուզում եմ բերել սխալ ձևով տնային ուսուցում անցկացնելու ևս մեկ օրինակ: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին, ով տարիներ առաջ Առաջին Նախագահության խորհրդականն էր, պատմել է իր տնային ուսուցչի մասին, որը ձմեռային մի ցուրտ երեկո եկել էր Ռոմնիների տուն: Նա գլխարկը ձեռքին անհանգիստ ներս էր մտել, երբ իրեն հրավիրել էին, որ նստեր և իր ուղերձը հաղորդեր: Ոտքի վրա նա ասել էր. «Դե, ուզում եմ ասել, Եղբայր Ռոմնի, որ դրսում ցուրտ է, և ես մեքենայի շարժիչը միացրած եմ թողել, որ չսառչի: Ուղղակի եկել եմ, որպեսզի եպիսկոպոսին հայտնեմ, որ կատարել եմ իմ այցերը»:6

Քահանայություն կրողների ժողովին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, պատմելով Նախագահ Ռոմնիի փորձառության մասին, ավելացրել է. «Եղբայրներ, մենք կարող ենք ավելի լավ, շատ ավելի լավ գործել»:7 Ես համամիտ եմ նրա հետ:

Տնային ուսուցումը պարզապես ամիսը մեկ մեխանիկական այց չէ: Մեր պարտականությունն է՝ ուսուցանել, ոգեշնչել, ուղղորդել, իսկ եթե այցելում ենք ոչ ակտիվ անդամներին, ապա ակտիվության վերադարձնել և, ի վերջո, վեհացում բերել Աստծո որդիներին և դուստրերին:

Մեզ այս գործում օգնելու համար, կուզենայի կիսվել մի իմաստուն խորհրդով, որն անշուշտ, վերաբերվում է տնային ուսուցիչներին: Աբրահամ Լինկոլն ասել է. «Եթե ուզում ես մարդուն ներգրավել քո գործում, նախ համոզիր նրան, որ դու իր անկեղծ ընկերն ես»:8 Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հորդորել է. «Նախևառաջ, եղեք անկեղծ ընկեր այն մարդկանց և ընտանիքների համար, ում ուսուցանում եք: … Ընկերը ամիսը մեկ պարտավորված այցելությունից ավելին է անում: Ընկերն ավելի շատ մտածում է մարդկանց օգնելու, քան երախտիք ստանալու մասին: Ընկերը հոգ է տանում, սեր է [ցուցաբերում], լսում է և օգնության ձեռք է մեկնում»:9

Տնային ուսուցումը պատասխանում է բազում աղոթքների և հնարավորություն է տալիս տեսնել մարդկանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:

Դրա վառ օրինակը կարող է լինել Դիք Համմերը, որը Ճգնաժամի տարիներին եկավ Յուտա՝ Քաղաքացիական պահպանման խմբի կազմում: Այնտեղ նա հանդիպեց և ամուսնացավ Վերջին Օրերի Սուրբ երիտասարդ կնոջ հետ: Նա բացեց Դիքի Սրճարանը Սենտ Ջորջում, Յուտա, որը դարձավ հանդիպումների հայտնի վայր:

Համմերների ընտանիքին նշանակված տնային ուսուցիչը Վիլլար Մայլն էր, իմ ընկերը: Քանի որ Դիք Համմերին լավ էի ճանաչում, և տպել էի նրա սրճարանի մենյուն, այցելելով Սենտ Ջորջ հարցրեցի Եղբայր Մայլնին. «Ինչպե՞ս է մեր ընկեր Դիք Համմերի առաջընթացը»:

Ընդհանուր առմամբ պատասխանն էր. «Առաջ է գնում, բայց դանդաղ»:

Ամեն ամիս Վիլլարդ Մայլնը և նրա ընկերակիցն այցելելով Համմերների տուն՝ ամեն անգամ ավետարանի մի ուղերձ էին ներկայացնում և Դիքի ու նրա ընտանիքի հետ կիսվում իրենց վկայություններով:

Տարիներ անցան, և մի օր Վիլլարդը զանգահարեց ինձ, հայտնելով լավ լուր: «Եղբայր Մոնսոն, սկսեց նա, - Դիք Համմերը դարձի է եկել և պատրաստվում է մկրտվել: Նա 90 տարեկան է, և մենք ընկերներ ենք եղել մեր ողջ կյանքի ընթացքում: Նրա որոշումը ջերմացնում է սիրտս: Ես երկար տարիներ եղել եմ նրա տնային ուսուցիչը»: Վիլլարդի ձայնը խզվում էր, երբ նա հաղորդում էր ինձ համար հաճելի լուրը:

Եղբայր Համմերն իսկապես մկրտվեց, և մեկ տարի անց այցելեց գեղեցիկ Սենտ Ջորջի Տաճարը, որտեղ էլ ստացավ իր օժտումն ու կնքման օրհնությունները:

Ես Վիլլարդին հարցրեցի. «Այսքան երկար ժամանակ լինելով նրա տնային ուսուցիչը, երբևէ եղե՞լ է, որ հուսահատվես»:

Նա պատասխանեց. «Ոչ, դա արժեր ամեն ջանք: Երբ տեսնում եմ, որքան մեծ ուրախություն է համակել Համմերների ընտանիքին, սիրտս լցվում է երախտագիտությամբ այն օրհնությունների համար, որ ավետարանը բերել է նրանց կյանք, և այն արտոնության համար, որ ես ինչ-որ կերպ նպաստեցի դրան: Ես երջանիկ մարդ եմ»:

Եղբայրներ, տարիների մեր արտոնությունն է լինելու՝ այցելել և ուսուցանել բազմաթիվ անհատների՝ և քիչ ակտիվ, և լիովին նվիրված անդամներին: Եթե մենք բարեխղճորեն վերաբերվենք մեր կոչմանը, բազում կյանքեր օրհնելու հնարավորություններ կունենանք: Եկեղեցու ակտիվությունից հեռացած անդամներին մեր այցելությունները կարող են դառնալ այն բանալին, որն, ի վերջո, կբացի նրանց վերադարձի դուռը:

Մտքում ունենալով այս գաղափարը՝ եկեք օգնենք նրանց, ում համար մենք պատասխանատու ենք, և բերենք նրանց Տիրոջ սեղանի մոտ, որ ճաշակեն Նրա խոսքը և վայելեն Նրա Հոգու ընկերակցությունը, և այլևս լինեն ոչ թե «օտար և պանդուխտ, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»:10

Եթե ինչ-որ մեկը թերացել է իր տնային ուսուցման այցելություններում, կուզենայի ասել, որ այժմ է տնային ուսուցման պարտականությանը կրկին նվիրվելու ժամանակը: Այժմ որոշեք գործադրել անհրաժեշտ ամեն ջանք, ձեռք մեկնելու նրանց, ում համար դուք պատասխանատվություն եք կրում: Լինում են պահեր, երբ մի փոքր ավելի քաջալերանք է անհրաժեշտ օգնելու համար ձեր տնային ուսուցման զուգընկերոջը ձեզ միանալու ժամանակ գտնել, և լինելով հաստատակամ, դուք հաջողության կհասնեք:

Եղբայրներ, տնային ուսուցչի մեր ջանքերը շարունակական են: Աշխատանքը չի ավարտվի, մինչև որ Տերը և Վարդապետը չասի. «Բավական է»: Կան կյանքեր, որ պետք է լուսավորել: Կան սրտեր, որոնց պետք է դիպչել: Կան հոգիներ, որոնց պետք է ծառայել: Մենք ունենք սուրբ արտոնություն՝ լուսավորելու, դիպչելու և ծառայելու այն թանկագին հոգիներին, որոնց խնամքը վստահվել է մեզ: Մենք պետք է անենք դա հավատարմորեն և ուրախությամբ լի սրտով:

Վերջում ուզում եմ բերել մեկ օրինակ, որը կներկայացնի, թե ինչպիսի տնային ուսուցիչ պետք է մենք լինենք: Կա մեկ Ուսուցիչ, որի կյանքը ստվերում է թողնում մյուսներին: Նա ուսուցանեց կյանքի և մահվան, պարտականության և ճակատագրի մասին: Նա ապրեց, որ ծառայեր, ոչ թե՝ իրեն ծառայեին, որ տար, ոչ թե վերցներ, որ ոչ թե փրկեր Իր կյանքը, այլ զոհաբերեր այն մյուսների համար: Նա սերը առավել գեղեցիկ ներկայացրեց, քան տենչանքը, աղքատությունը՝ ավելի հարուստ, քան գանձը: Այդ Ուսուցչի մասին ասվում է, որ Նա ուսուցանեց իշխանությամբ, ոչ թե՝ ինչպես դպիրները:11 Նրա օրենքները փորագրվեցին ոչ թե քարի, այլ մարդկանց սրտերի վրա:

Ես խոսում եմ Վարդապետի, այսինքն՝Հիսուս Քրիստոսի, Աստծո Որդու, ողջ մարդկության Փրկչի և Քավչի մասին: Աստվածաշնչում Նրա մասին ասվում է՝ Նա «ման եկավ բարի անելով»:12 Ունենալով Նրան որպես մեր հուսալի առաջնորդ և օրինակ՝ մենք կունենանք Նրա աստվածային օգնությունը մեր տնային ուսուցման գործում: Կյանքեր կօրհնվեն, սրտեր կմխիթարվեն, հոգիներ կփրկվեն: Մենք կդառնանք ճշմարիտ հովիվներ: Որ դա այդպես լինի, ես աղոթում եմ Մեծ Հովվի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: