«Հավելված Ա. Ծնողների համար․ Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հավելված Ա», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024
Հավելված Ա
Ծնողների համար․Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում
Քանի որ Երկնային Հայրը սիրում է ձեզ, վստահում է ձեզ և գիտի ձեր ներուժը, Նա ձեզ հնարավորություն է տվել օգնելու ձեր երեխաներին մտնել և առաջ ընթանալ Իր ուխտի ուղիով՝ հավերժական կյանք տանող ուղիով (տես Վարդապետություն և Ուխտեր 68.25–28): Դա կօգնի նրանց պատրաստվել սուրբ ուխտեր կապելուն և պահելուն, ինչպիսիք են՝ մկրտության ուխտը և տաճարում կնքված ուխտերը: Այս ուխտերի միջոցով ձեր երեխաները կկապվեն իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:
Կան բազմաթիվ եղանակներ՝ նախապատրաստելու ձեր երեխաներին ուխտի ուղու այս ճամփորդությանը, և Երկնային Հայրը կօգնի ձեզ բացահայտել նրանց օգնելու լավագույն միջոցը: Երբ ոգեշնչում եք փնտրում, հիշեք, որ ուսումնառության գործընթացը լիովին տեղի չի ունենում ծրագրված դասերի ժամանակ: Իրականում, տան ուսուցումը շատ արդյունավետ է, քանի որ հնարավորություն կա սովորել փոքր և հասարակ օրինակներով, ինչպես բնական ձևով տեղի է ունենում առօրյա կյանքում: Ինչպես ուխտի ուղուն հետևելն է հետևողական և ողջ կյանքը տևող գործընթաց, այնպես էլ ուխտի ուղու մասին սովորելն է ողջ կյանքը տևող գործընթաց: (Տես «Տուն և ընտանիք», Ուսուցանել Փրկչի ձևով [2022թ․], 30–31։)
Ստորև բերված են մի քանի գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել ձեզ։ Երեխաների միության երեխաներին ուսուցանելու համար դուք կարող եք լրացուցիչ գաղափարներ գտնել այստեղ՝ «Հավելված Բ․ Երեխաների միության համար. Պատրաստել երեխաներին՝ լինելու Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքում»։
Մկրտություն և հաստատում
Նեփին ուսուցանել է, որ «դուռը, որով [մենք] մտնում ենք» ուխտի ուղի, «ապաշխարությունը և ջրով մկրտությունն է» (2 Նեփի 31.17): Ձեր երեխաներին մկրտությանը և հաստատմանը նախապատրաստելու ձեր ջանքերը կարող են նրանց քայլերը հաստատուն դարձնել այդ ուղու վրա: Այդ ջանքերը սկսվում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության մասին ուսուցմամբ: Դրանք ներառում են նաև ուսուցում այն մասին, թե ինչպես ենք մենք նորոգում մեր մկրտության ուխտերը՝ ընդունելով հաղորդությունը ամեն շաբաթ:
Ահա մի քանի աղբյուր, որ օգտակար կլինի ձեզ. 2 Նեփի 31, հատուկ համար Ընկեր ամսագրից՝ մկրտության մասին, Ավետարանական թեմաներ՝ «Մկրտություն», Gospel Library։
-
Ամեն անգամ, երբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրացնող փորձառություն եք ունենում, դրանով կիսվեք ձեր երեխայի հետ: Օգնեք նրան հասկանալ, որ հավատքը մի բան է, որը կարող է մշտապես ուժեղանալ ողջ կյանքի ընթացքում: Ձեր երեխան ի՞նչ կարող է անել, որպեսզի ավելի ամուր հավատք զարգացնի Քրիստոսի հանդեպ՝ նախքան իր մկրտվելը:
-
Երբ ձեր երեխան սխալ ընտրություն է կատարում, ուրախությամբ խոսեք ապաշխարության պարգևի մասին: Իսկ երբ դուք սխալ ընտրություն եք կատարում, կիսվեք այն ուրախությամբ, որը ստանում եք, երբ դուք ապաշխարում եք: Վկայեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ մեր մեղքերի համար, Նա մեզ փոխվելու զորություն տվեց: Երբ ձեր երեխան ներողություն է խնդրում, հանգիստ և ուրախ ներեք նրան:
-
Պատմեք ձեր երեխային ձեր մկրտության մասին։ Ցույց տվեք նկարներ և կիսվեք հիշողություններով: Խոսեք ձեր զգացմունքների մասին, ինչպես են ձեր մկրտության ուխտերն օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին, նաև, թե ինչպես են դրանք շարունակում օրհնել ձեր կյանքը: Քաջալերեք ձեր երեխային հարցեր տալ։
-
Երբ ձեր ընտանիքում կամ ձեր ծխում մկրտություն լինի, ձեր երեխային տարեք այն տեսնելու: Միասին խոսեք այն մասին, թե դուք և ձեր երեխան ինչ եք տեսել և զգացել: Եթե հնարավոր է, խոսեք մկրտվողի հետ և տվեք հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ընդունեցիք այս որոշումը: Ինչպե՞ս եք պատրաստվել»։
-
Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան կատարում է իր խոստումները, անկեղծորեն գովեք նրան: Նշեք, որ երբ կատարում ենք պարտավորությունները, օգնում ենք մեզ պատրաստվել պահել մկրտության ժամանակ կապած ուխտերը։ Ի՞նչ ենք մենք խոստանում Աստծուն, երբ մկրտվում ենք: Ի՞նչ է Նա խոստանում մեզ (տես Մոսիա 18.8–10, 13):
-
Երբ դուք և ձեր երեխան միասին սուրբ փորձառություն եք ունենում (օրինակ՝ եկեղեցում, սուրբ գրությունները կարդալիս կամ որևէ մեկին ծառայելիս), պատմեք նրան ձեր ունեցած հոգևոր զգացմունքների կամ տպավորությունների մասին: Առաջարկեք ձեր երեխային կիսվել իր զգացածով: Նշեք, թե Հոգին ինչ եղանակներով է խոսում մարդկանց և անձամբ ձեզ հետ։ Օգնեք ձեր երեխային ճանաչել այն պահերը, երբ նա կարող է զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը։
-
Միասին դիտեք «Լսիր Նրան» վերնագրով Gospel Library հավաքածուի մի քանի տեսանյութեր: Միասին խոսեք այն մասին, թե ինչպես են Տիրոջ ծառաները լսում Նրա ձայնը: Առաջարկեք ձեր երեխային թղթի վրա կամ տեսախցիկով նկարել, թե ինչպես է նա լսում Փրկչի ձայնը:
-
Խոսեք այն մասին, թե ինչպես եք օրհնվել՝ դառնալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ինչպե՞ս եք դուք ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ ծառայել եք ուրիշներին, և երբ ուրիշներն են ծառայել ձեզ: Օգնեք ձեր երեխային մտածել, թե լինելով Եկեղեցու անդամ, ինչպես կարող է ծառայել և ամրացնել ուրիշներին։
-
Հաղորդությունը սուրբ և ուրախ իրադարձություն դարձրեք ձեր ընտանիքում: Օգնեք ձեր երեխային հաղորդության ժամանակ մտածել Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու ուղիների մասին: Ինչպե՞ս ցույց կտանք, որ հաղորդությունը սուրբ է մեզ համար:
-
Ընկեր ամսագրի շատ համարներ ներառում են հոդվածներ, պատմություններ և վարժություններ, որոնք կօգնեն երեխաներին նախապատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Թույլ տվեք ձեր երեխային ընտրել այդ հոդվածներից մի քանիսը և միասին կարդացեք ու վայելեք դրանք։ (Տես նաև «Պատրաստվել մկրտությանը» հավաքածուն Gospel Library երեխաներ բաժնում:)
Քահանայության զորություն, իշխանություն և բանալիներ
Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է, որով Նա օրհնում է Իր զավակներին: Այսօր Աստծո քահանայությունը երկրի վրա է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցու բոլոր անդամները, այդ թվում՝ երեխաները, որոնք պահում են իրենց ուխտերը, իրենց տներում օրհնված են Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3:5, Gospel Library)։ Այս զորությունը կօգնի անդամներին կատարել Աստծո՝ փրկության և վեհացման աշխատանքն իրենց կյանքում և իրենց ընտանիքներում (տես Ընդհանուր ձեռնարկ, 2:2)։
Մենք արարողությունները ստանում ենք քահանայության իշխանությամբ: Երբ տղամարդիկ և կանայք ծառայում են Եկեղեցու կոչումներում, նրանք դա անում են քահանայության իշխանությամբ՝ քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո: Երկնային Հոր բոլոր զավակները՝ Նրա որդիներն ու Նրա դուստրերը, կօրհնվեն, երբ ավելի լավ հասկանան քահանայությունը:
Քահանայության մասին ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019թ․, 76–79, Ռասսել Մ. Նելսոն, «Քահանայության զորություն ունենալու գինը», Լիահոնա, մայիս 2016թ․, 66–69, «Քահանայության սկզբունքները», Ընդհանուր ձեռնարկի գլուխ 3:
-
Քահանայության արարողությունները դարձրեք ձեր ընտանեկան կյանքի հաստատուն մասը: Օրինակ՝ օգնեք ձեր երեխային ամեն շաբաթ հոգևորապես պատրաստվել հաղորդությանը: Խրախուսեք, որ ձեր երեխան ձգտի ստանալ քահանայության օրհնություններ, երբ նա հիվանդ է կամ մխիթարության և ուղղորդման կարիք ունի: Սովորություն դարձրեք և նշեք, թե ինչպես է Տերն օրհնում ձեր ընտանիքը քահանայության զորության միջոցով:
-
Երբ միասին կարդաք սուրբ գրությունները, առիթ փնտրեք քննարկելու, թե Աստված ինչպես է օրհնում մարդկանց Իր զորությամբ: Կիսվեք ձեր սեփական փորձառություններով, երբ Աստված օրհնել է ձեզ Իր քահանայության միջոցով: Օրհնությունների օրինակների համար, որոնք մենք ստանում ենք Աստծուց քահանայության միջոցով, տես Ընդհանուր ձեռնարկի 3:2 և 3:5 բաժինները։
-
Ուսումնասիրեք ձեր ընտանիքի որևէ անդամի քահանայության իշխանության գիծը: (Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները կարող են ստանալ իրենց իշխանության գծի պատճենը՝ նամակ ուղարկելով LineofAuthority@ChurchofJesusChrist.org, տես նաև «Հայցել քահանայության իշխանության գիծը» ChurchofJesusChrist.org կայքի Օգնության կենտրոնում։) Խոսեք այն մասին, թե ինչու է կարևոր իմանալ, որ քահանայության իշխանությունը գալիս է հենց Հիսուս Քրիստոսից: Ինչո՞ւ է Նա դրանով կիսվում մեզ հետ։
-
Ուսուցանեք ձեր երեխային, որ մկրտությունից հետո նա կարող է քահանայության զորություն ստանալ՝ պահելով մկրտության ուխտը: Միասին վերանայեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հոգևոր գանձեր» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2019թ․, 76–79): Պատմեք ձեր երեխային, թե քահանայության արարողությունների շնորհիվ ինչպես եք ձեր կյանքում ստացել Աստծո զորությունը: Քահանայության զորությամբ օրհնված լինելու մի քանի եղանակ թվարկված է Ընդհանուր ձեռնարկի 3.5 բաժնում:
-
Քննարկեք «Ինչպիսի՞ն է Տիրոջ ծառան» հարցը: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.36–42 հատվածները և փնտրեք պատասխաններ: Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան (կամ մեկ ուրիշը) կիրառում է այս հատվածների սկզբունքներից կամ հատկանիշներից մեկը, մատնանշեք այն:
-
Երբ դուք կամ ձեր երեխան բանալիներ եք օգտագործում դուռը բացելու կամ ավտոմեքենայի շարժիչը միացնելու համար, մի պահ հատկացրեք և այդ բանալիները համեմատեք քահանայության ղեկավարների ձեռքերում գտնվող բանալիների հետ: (Քահանայության բանալիների սահմանման համար տես Ընդհանուր ձեռնարկի 3.4:1 բաժինը): Ի՞նչ են մեզ համար «բացում» կամ «միացնում» քահանայության բանալիները: Տես նաև Գարի Ի. Սթիվենսոնի «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» ելույթը, Լիահոնա, մայիս 2016թ․, 29–32։ «Որտե՞ղ են բանալիները» (տեսանյութ), Gospel Library։
-
Երբ ձեզ ձեռնադրեն կոչման համար, հնարավորության դեպքում ձեր երեխային հրավիրեք ներկա գտնվել: Թող ձեր երեխան տեսնի, թե դուք ինչպես եք կատարում ձեր կոչման պարտականությունները: Դուք նույնիսկ կարող եք փնտրել համապատասխան միջոցներ, որոնցով նա կարող է օգնել ձեզ: Նկարագրեք, թե ինչպես եք զգում Տիրոջ զորությունը ձեր կոչման մեջ:
Գնալ տաճար. մկրտություններ և հաստատումներ մահացածների համար
Տաճարները հանդիսանում են Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մի մասը: Տաճարներում սուրբ արարողություններին մասնակցելիս մենք սուրբ ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ, որոնք բոլորը մատնանշում են Հիսուս Քրիստոսին: Երկնային Հայրը ուղի է ապահովել, որ Իր բոլոր զավակները ուխտեր կապեն և մասնակցեն արարողություններին, ներառյալ նրանք, որոնք չեն ստացել այդ ուխտերն ու արարողություններն այս կյանքում: 12 տարեկանը բոլորող ձեր երեխան բավականին մեծ է, որպեսզի տաճարում մկրտվի և հաստատվի մահացած նախնիների համար:
-
Այցելեք տաճար այնքան հաճախ, որքան թույլ են տալիս ձեր հանգամանքները: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչու եք գնում տաճար և ինչպես է տաճարն օգնում ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Միասին վերանայեք և քննարկեք տաճարային երաշխավորագրի հարցերը: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ: Կիսվեք, թե ինչու է ձեզ համար կարևոր տաճարային երաշխավորագիրը։
-
Միասին կարդացեք Մաղաքիա 4.6: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող են ձեր սրտերը դառնալ դեպի ձեր նախնիները: Իմացեք ավելին ձեր նախնիների մասին՝ FamilySearch.org կայքում միասին ուսումնասիրելով ձեր ընտանեկան պատմությունը: Փնտրեք այն նախնիներին, որոնք կարիք ունեն մկրտության և հաստատման: Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուն կարող է օգնել ձեզ:
-
Gospel Library-ի երեխաների բաժնում միասին վերանայեք «Տաճար» հավաքածուի որոշ նյութեր: (Տես նաև «Պատրաստել ձեր երեխային տաճարային մկրտություններին և հաստատումներին» ChurchofJesusChrist.org կայքում:)
Ստանալ Հայրապետական օրհնություն
Հայրապետական օրհնությունը կարող է առաջնորդության, մխիթարության և ոգեշնչման աղբյուր լինել: Այն իր մեջ ունի մեզ տրված անձնական խորհուրդ Երկնային Հոր կողմից և օգնում է մեզ հասկանալ մեր հավերժական ինքնությունն ու նպատակը: Ձեր երեխային ուսուցանելով հայրապետական օրհնությունների նշանակությունն ու սուրբ էությունը՝ օգնեք նրան պատրաստվել ստանալ հայրապետական օրհնությունը:
Ավելին իմանալու համար տես Ավետարանական թեմաներ՝ «Հայրապետական օրհնություններ», Gospel Library։
-
Ձեր երեխայի հետ կիսվեք հայրապետական օրհնությունը ստանալու ձեր փորձառությամբ: Դուք կարող եք պատմել, թե ինչպես եք պատրաստվել դրան, ինչպես է դա օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և ինչպես եք օգտագործում օրհնությունը ձեր կյանքում: Դուք կարող եք նաև հորդորել ձեր երեխային խոսել ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ստացել են իրենց հայրապետական օրհնությունները:
-
Ժամանակ հատկացրեք և միասին վերանայեք Ավետարանական թեմաների մի քանի նյութ՝ «Հայրապետական օրհնություններ» բաժնում: Հայրապետական օրհնություն ստանալու գործընթացին ծանոթանալու համար տես Ընդհանուր ձեռնարկի 18:17 բաժինը:
-
Եթե դուք ունեք նախնիներ, որոնք ստացել են իրենց հայրապետական օրհնությունները, կարող եք ոգեշնչման համար կարդալ դրանցից մի քանիսը ձեր երեխայի համար: Մահացած նախնիների օրհնությունները պահանջելու համար մուտք գործեք ChurchofJesusChrist.org, սեղմեք հաշվի պատկերակը էկրանի վերևի աջ անկյունում և ընտրեք «Հայրապետական օրհնություն»:
-
Երբ ձեր երեխան ստանա իր հայրապետական օրհնությունը, առաջարկեք ընտանիքի բոլոր անդամներին, որոնք ներկա են եղել, արձանագրել իրենց զգացմունքները և երեխայի հետ կիսվել դրանցով:
Գնալ Տաճար. օժտում
Աստված ցանկանում է «բարձրից զորությամբ» օժտել կամ օրհնել Իր բոլոր զավակներն (Վարդապետություն և Ուխտեր 95.8): Մենք գնում ենք տաճար, որպեսզի ստանանք մեր անձնական օժտումը միայն մեկ անգամ, բայց ուխտերը, որոնք կապում ենք Աստծո հետ և այն հոգևոր զորությունը, որը Նա տալիս է մեզ՝ որպես օժտման մաս, կարող են օրհնել մեզ ամեն օր:
-
Ցուցադրեք ձեր տանը գտնվող տաճարի նկարը: Պատմեք ձեր երեխային, թե ինչ եք զգացել տաճարում։ Հաճախ խոսեք Տիրոջ, Նրա տան հանդեպ ձեր սիրո և այնտեղ կնքած ուխտերի մասին:
-
Միասին ուսումնասիրեք temples.ChurchofJesusChrist.org: Միասին կարդացեք հոդվածներ, ինչպիսիք են՝ «Տաճարային օժտման մասին» և «Պատրաստվել Տիրոջ տան համար»: Թույլ տվեք ձեր երեխային տալ ցանկացած հարց, որ նա ունի տաճարի վերաբերյալ: Ուղղորդման համար, թե ինչի մասին կարող եք խոսել տաճարից դուրս, տես երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019թ․, 101–4, հատկապես տե՛ս «Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրություն և պատրաստություն տաճարին» վերնագրով բաժինը):
-
Երբ դուք և ձեր երեխան մասնակցեք կամ ականատես լինեք այլ արարողությունների (օրինակ՝ հաղորդության կամ հիվանդների օրհնության), մի պահ քննարկեք արարողության մեջ ներառված խորհրդանիշները: Ի՞նչ են ներկայացնում խորհրդանիշները։ Ինչպե՞ս են դրանք վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Դա կպատրաստի ձեր երեխային խորհել տաճարային արարողությունների խորհրդանշական իմաստի մասին, որոնք նույնպես վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։
-
Օգնեք, որ ձեր երեխան ուշադրություն դարձնի, թե ինքն ինչպես է պահում Մոսիա 18:8–10, 13-ում նկարագրված մկրտության ուխտը: Նաև օգնեք ձեր երեխային ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերն օրհնում իրեն: Ամրապնդեք ձեր երեխայի վստահությունը ուխտերը պահելու իր կարողության նկատմամբ:
-
Անկեղծ և հաճախ խոսեք այն մասին, թե ինչպես են ձեր տաճարային ուխտերը առաջնորդում ձեր ընտրությունները և օգնում ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք կարդալ Ընդհանուր ձեռնարկի 27:2 բաժինը, որպեսզի վերանայեք ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում:
Ծառայել միսիայում
Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Միակ ամենակարևոր բանը, որը դուք կարող եք անել՝ պատրաստվելով ծառայության կանչին՝ միսիոներ դառնալն է շատ ավելի շուտ՝ մինչև ձեր միսիա գնալը: … Հարցը միսիա գնալը չէ, այլ՝ միսիոներ դառնալն ու ծառայելն է մեր ողջ կյանքի ընթացքում՝ մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: … Դուք պատրաստվում եք ողջ կյանքը ձգվող միսիոներական աշխատանքին» («Դառնալ միսիոներ», Լիահոնա, նոյ. 2005թ․, 45–46): Ձեր երեխայի միսիոներ դառնալու փորձառությունները հավերժ կօրհնեն նրան, ոչ միայն այն ժամանակահատվածի համար, երբ նա կարող է ծառայել որպես միսիոներ:
Ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022թ․, 6–7, Մ. Ռասսել Բալլարդ, «Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը», Լիահոնա, մայիս 2022թ․, 8–10, Միսիոներական պատրաստություն. հարմարվել միսիոներական կյանքին, Gospel Library։
-
Փորձեք, թե ինչպես կարող եք կիսվել ավետարանով բնական ձևերով: Միշտ զգոն եղեք այն հնարավորությունների հանդեպ, երբ կարող եք ուրիշների հետ կիսվել ձեր զգացմունքներով՝ Երկնային Հոր, Փրկչի և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստանում եք՝ որպես Նրա Եկեղեցու անդամ: Առաջարկեք ուրիշներին միանալ ձեր ընտանիքին՝ մասնակցելու եկեղեցի-ընտանիք միջոցառումներին:
-
Միսիոներների հետ շփվելու հնարավորություններ փնտրեք ձեր ընտանիքի անդամների համար: Առաջարկեք միսիոներներին ուսուցանել ձեր ընկերներին կամ առաջարկեք և հնարավորություն տվեք նրանց ուսուցանել ձեր տանը: Հարցրեք միսիոներներին իրենց ունեցած փորձառությունների մասին, և ինչպես է միսիոներական ծառայությունն օգնում նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Նաև հարցրեք, թե ինչ են արել (կամ կցանկանային արած լինել) միսիային պատրաստվելու համար:
-
Եթե դուք ծառայել եք միսիայում, անկեղծ և հաճախակի խոսեք ձեր փորձառությունների մասին: Կարող եք առաջարկել միսիայում ծառայած ընկերներին կամ ընտանիքի անդամներին պատմել իրենց մասին: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչպես եք ավետարանով կիսվել ուրիշների հետ ձեր ողջ կյանքի ընթացքում: Օգնեք ձեր երեխային մտածել այն մասին, թե նա ինչպես կարող է կիսվել ավետարանով:
-
Հնարավորություն տվեք, որ ձեր երեխան ձեր ընտանիքի անդամներին ուսուցանի ավետարանի սկզբունքները: Ձեր երեխան նաև կարող է իր հավատքով կիսվել ուրիշների հետ: Օրինակ՝ կարող եք քննարկել նմանատիպ հարցեր՝ «Ինչպե՞ս կներկայացնենք Մորմոնի Գիրքը մեկին, ով երբեք չի լսել դրա մասին» կամ «Ինչպե՞ս կարող ենք նկարագրել Փրկչի կարևորությունը մեկին, ով քրիստոնյա չէ»:
-
Օգնեք ձեր երեխային անկաշկանդ զգալ մարդկանց հետ խոսելիս: Որո՞նք են զրույց սկսելու լավ եղանակները: Խրախուսեք ձեր երեխային սովորել, թե ինչպես լսել ուրիշներին, հասկանալ, թե ինչ կա նրանց սրտում և կիսվել ավետարանի ճշմարտություններով, որոնք կարող են օրհնել նրանց կյանքը:
-
Հնարավորություններ փնտրեք, որպեսզի ձեր երեխան սովորի այլ մշակույթների և հավատքների մասին: Օգնեք նրան ճանաչել և հարգել ուրիշների համոզմունքների լավ և ճշմարիտ սկզբունքները:
Գնալ տաճար. կնքում
Տաճարում ամուսինն ու կինը կարող են ամուսնանալ հավերժության համար: Դա տեղի է ունենում մի արարողության միջոցով, որը կոչվում է կնքում: Թեև ձեր որդու կամ դստեր համար այս արարողությունը կարող է տարիներ անց կատարվել, սակայն այն փոքր, պարզ, հետևողական քայլերը, որոնք դուք միասին կանեք այդ տարիների ընթացքում, կարող են օգնել նրան պատրաստվել այդ հրաշալի օրհնությանը:
-
Կարդացեք միասին «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»՝ Gospel Library-ում։ Ի՞նչ է այս հռչակագիրն ուսուցանում ընտանեկան կյանքում երջանկության և հաջող ամուսնությունների մասին: Ձեր երեխայի հետ ուսումնասիրելու նյութ ընտրեք հռչակագրում նշված սկզբունքներից մեկը: Դուք կարող եք այդ սկզբունքին առնչվող հատվածներ փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում: Կարող եք նաև նպատակներ դնել՝ ձեր ընտանիքում այդ սկզբունքը լիարժեք կիրառելու համար: Երբ աշխատում եք ձեր նպատակների վրա, միասին քննարկեք, թե այդ սկզբունքով ապրելը ինչ ազդեցություն կթողնի ընտանեկան կյանքի վրա:
-
Ձեր երեխայի հետ կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Գովք նրանց, ովքեր փրկում են» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ․, 77–80)։ Երբ հասնեք «Միանգամյա օգտագործման հասարակություն» բաժինը, կարող եք ձեր տանը փնտրել միանգամյա օգտագործման իրեր, և այլ բաներ, որոնք բազմակի օգտագործման համար են: Խոսեք այն մասին, թե ինչպես եք այլ կերպ վերաբերվում իրերին, երբ ցանկանում եք, որ դրանք երկար մնան: Ի՞նչ է սա հուշում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին: Ուրիշ ի՞նչ ենք սովորում նախագահ Ուխդորֆի ուղերձից այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ ամուր ամուսնություններ և ընտանիքներ կառուցել:
-
Եթե ամուսնացած եք, ձեր երեխայի հետ ազատ խոսեք այն բաների մասին, որոնցում, ձեր կարծիքով, առաջադիմում եք ամուսիններով, նրա մասին, ինչ սովորում եք, նաև, թե ինչպես եք ձգտում կատարելագործվել: Եթե դուք և ձեր ամուսինը կնքվել եք տաճարում, օրինակով ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես եք ձգտում պահել ձեր ուխտերը միմյանց և Տիրոջ հետ: Ասացեք ձեր երեխային, թե ինչպես եք ձգտում Երկնային Հորը և Փրկչին դարձնել ձեր հարաբերությունների կենտրոնը, և ինչպես են Նրանք օգնում ձեզ:
-
Երբ պետք է ընտանեկան որոշումներ կայացվեն, անցկացրեք ընտանեկան խորհուրդներ և քննարկումներ: Համոզվեք, որ ընտանիքի բոլոր անդամների կարծիքները լսելի լինեն և գնահատվեն: Այդ քննարկումների ժամանակ ցույց տվեք ձեր առողջ հարաբերությունները, բարյացակամ եղեք միմյանց հանդեպ, նույնիսկ, երբ ձեզանից մեկը համաձայն չէ մյուսի կարծիքին։
-
Երբ ընտանիքում անհամաձայնություն կամ բախում է տեղի ունենում, դրսևորեք համբերություն և կարեկցանք: Օգնեք ձեր երեխային տեսնել, թե հակասությունը Քրիստոսանման եղանակով լուծելը ինչպես կօգնի նրան պատրաստվել երջանիկ ամուսնության: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.41–42 հատվածները և խոսեք այն մասին, թե այդ հատվածների սկզբունքներն ինչպես կարող են կիրառվել ամուսնության մեջ: