Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը
Ես աղոթում եմ, որ դուք՝ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, և ձեր ծնողները տեսնեն ու իմանան, թե միսիոներական ծառայությունը ինչպես հավիտյան կօրհնի ձեր կյանքը:
Նախագա՛հ Նելսոն, շնորհակալություն միսիոներական ծառայության վերաբերյալ այդ խորհրդով կրկին կիսվելու համար:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մի քանի տարի առաջ գերագույն համաժողովում ելույթ ունենալիս իմ ձախ աչքի տեսողությունը հանկարծակի վատացավ մակուլյար դեգեներացիա կոչվող հիվանդության պատճառով, որը հետագայում ավելի վատթարացավ և այդ աչքիս տեսողությանը կորավ:
Այս մարտահրավերին բախվելով՝ ես սկսեցի ավելի շատ շնորհակալ լինել այլ տեսակի տեսողության համար, ներառյալ անցյալի հետադարձ տեսլականի համար: Երբ հետ եմ նայում իմ կյանքին, ես տեսնում եմ որոշ փորձառություններ, որոնք զգալիորեն փոխել են իմ կյանքը: Այդ փորձառություններից մեկն այն է, թե Անգլիայում իմ լիաժամկետ միսիոներական ծառայությունն ինչպես օրհնեց իմ կյանքը և ձևավորեց իմ հոգևոր ճակատագիրը:
Ես հիշում եմ, թե ինչպես 1930-ականների Մեծ ճգնաժամի հետ կապված տնտեսական մարտահրավերները իմ ծնողների և մեր ընտանիքի կյանքում հանգեցրին անհաջող շրջադարձի: Այս դժվարին ժամանակաշրջանում հայրս այնքան տարվեց ավտոմեքենաների վաճառքով զբաղվող իր խանութը փրկելու և ընտանիքը պահելու գործով, որ որոշ ժամանակ ծնողներս չէին հաճախում եկեղեցի:
Թեև մենք ընտանիքով չէինք մասնակցում եկեղեցու արարողություններին, դա չէր խանգարում ինձ, որ երբեմն Եկեղեցի հաճախեմ ընկերներիս հետ:
Այդ օրերին ես մտածում էի միսիա գնալու մասին, բայց դրա մասին ես չխոսեցի ծնողներիս հետ:
Համալսարանում սովորելիս մի քանի ընկերների հետ որոշեցինք ծառայել միսիայում: Զրուցելով իմ եպիսկոպոսի հետ՝ ես լրացրի իմ միսիոներական դիմումը այն ժամանակ, երբ ծնողներս քաղաքից դուրս էին: Երբ ծնողներս վերադարձան, ես անակնկալի բերեցի նրանց, ասելով, որ ինձ կանչել են ծառայելու Մեծ Բրիտանիայում։ Ես երախտապարտ եմ, որ նրանք խանդավառությամբ աջակցեցին իմ այս որոշմանը և շնորհակալ եմ լավ ընկերներիս համար, ովքեր օգնեցին ինձ ծառայելու որոշում կայացնել:
Իմ միսիոներական ծառայությունը պատրաստեց, որ ես լինեմ ավելի լավ ամուսին և հայր և ավելի հաջողակ լինեմ գործի մեջ: Այն նաև պատրաստեց, որ ես ամբողջ կյանքում ծառայեմ Տիրոջը Իր Եկեղեցում։
1985 թվականի ապրիլի գերագույն համաժողովում ինձ հանձնարարվեց ելույթ ունենալ քահանայության նիստում: Ես իմ խոսքերն ուղղեցի երիտասարդ տղաներին։ Ես խոսեցի միսիոներական ծառայության պատրաստության մասին: Ես ասացի. «Եկեղեցու իմ կոչումների ուսուցումներից ոչ մեկն ինձ համար ավելի կարևոր չի եղել, քան այն ուսուցումը, որը ես ստացել եմ տասնինը տարեկանում, երբ որպես երեց ծառայում էի լիաժամկետ միսիայում»:1
Տերը ճանաչում է ձեզ: Երբ դուք ծառայեք միսիայում, կունենաք փորձառություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել Նրան: Դուք հոգևորապես կաճեք Նրան ծառայելով: Նրա անունով դուք կծառայեք ուրիշներին։ Սուրբ Հոգու հուշումների միջոցով Նա ձեզ փորձառություններ կտա։ Տերը ձեզ Իր անունով ուսուցանելու լիազորություն կտա։ Դուք կարող եք ցույց տալ, որ Նա կարող է վստահել ձեզ և կարող է ապավինել ձեզ:
Հինգ ամիս առաջ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և երեց Քվենթին Լ. Քուքը, որոնք նույնպես իրենց միսիան ծառայել են Բրիտանական կղզիներում, միացան ինձ և մենք այցելեցինք այդ գեղեցիկ երկրում ապրող անդամներին և միսիոներներին: Այնտեղ ես ելույթ ունեցա և պատմեցի միսիոներական ծառայության ընթացքում ունեցած իմ փորձառությունների մասին: Ես վկայում եմ, որ իմ միսիայի ընթացքում ես հասկացել եմ, որ իմ Երկնային Հայրը և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ճանաչում և սիրում են ինձ:
Ես օրհնված էի՝ ունենալով միսիայի երկու հրաշալի նախագահներ՝ Սելվոյ Ջեյ Բոյերը և Սթեյներ Ռիչարդսը, իրենց նվիրյալ կանանց՝ Գլեդիս Բոյերի և Ջեյն Ռիչարդսի հետ միասին: Հետ նայելով՝ ես ավելի հստակ եմ տեսնում, որ նրանք վստահում էին և սիրում էին ինձ։ Նրանք ինձ ուսուցանում էին ավետարանը: Նրանք ինձնից շատ բան էին սպասում։ Նրանք ինձ տվեցին բազում դժվարին հանձնարարություններ և առաջնորդելու պատասխանատվություն՝ օգնելով ինձ աճել և պատրաստվել կյանքի ծառայությանը:
Ես նաև հիշում եմ, թե ինչպես նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ինձ կանչեց նախագահելու Տորոնտոյի (Կանադա) միսիայում, իմ սիրելի կնոջ՝ Բարբարայի և մեր երեխաների հետ: Նախագահ Քիմբալը մեզ ծառայության կանչեց 1974 թվականի ապրիլին, անմիջապես այն բանից հետո, երբ նա կիսվեց իր ոգեշնչված միսիոներական ուղերձով, որը վերնագրված էր՝ «Երբ աշխարհը դարձի կգա»:2 Այդ ուղերձում Նախագահ Քիմբալը բացատրեց իր տեսլականն այն մասին, թե ինչպես է ավետարանը հասցվելու ամբողջ աշխարհին: Նա ավելի շատ միսիոներների կանչեց ամբողջ աշխարհից: Նա մեզ հիշեցրեց Տիրոջ ակնկալիքի մասին, «որ ամեն մարդ պիտի … զգուշացման ձայն բարձրացնի երկրի բնակիչների համար»:3 Նախագահ Քիմբալի ուսուցումը երիտասարդ տղամարդկանց՝ միսիայում ծառայելու ակնկալիքի մասին դարձավ խոսակցության թեմա ամբողջ աշխարհի ընտանիքներում: Այդ ակնկալիքը չի փոխվել։ Ես երախտապարտ եմ, որ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նույնպես վերահաստատեց Տիրոջ ակնկալիքն այս առավոտ:
Արդեն գրեթե 10 տարի է, ինչ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց երիտասարդ տղաների և աղջիկների միսիոներական տարիքի իջեցման մասին:4 Իմ կարծիքով, այս փոփոխության հիմնական պատճառն այն էր, որ ավելի շատ երիտասարդներ ունենային կյանքը փոխող այդ հնարավորությունը՝ որպես միսիոներ։
Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես այժմ կոչ եմ անում երիտասարդ տղաներին և այն երիտասարդ աղջիկներին, ովքեր ցանկանում են ծառայել միսիայում՝ հենց հիմա խոսեք ձեր ծնողների հետ միսիայում ծառայելու մասին: Ես նաև հրավիրում եմ, որ դուք ձեր ընկերների հետ խոսեք միսիայում ծառայելու մասին, և եթե ձեր ընկերներից որևէ մեկը վստահ չէ ծառայելու հարցում, խրախուսեք նրան խոսել իր եպիսկոպոսի հետ:
Պարտավորվեք ինքներդ ձեզ և ձեր Երկնային Հորը, որ կծառայեք միսիայում, և որ այս պահից սկսած դուք կձգտեք մաքուր և արժանի պահել ձեր սրտերը, ձեռքերն ու մտքերը: Ես հրավիրում եմ, որ դուք ամուր վկայություն ձեռք բերեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին։
Դուք, որ հայրերն ու մայրերն եք այս հրաշալի երիտասարդների, շատ կարևոր դեր ունեք այդ նախապատրաստական գործընթացում: Հենց այսօր ձեր երեխաների հետ սկսեք խոսել միսիոներական ծառայության մասին: Մենք գիտենք, որ մեր երիտասարդ տղաներին և աղջիկներին ընտանիքն ամենաշատն է օգնում նախապատրաստության հարցում։
Եթե դուք դեռ միսիոներական ծառայության տարիքային շեմին եք, բայց դեռ չեք ծառայել համավարակի կամ այլ պատճառներով, ես հրավիրում եմ ձեզ ծառայել հիմա: Խոսեք ձեր եպիսկոպոսի հետ և պատրաստվեք ծառայելու Տիրոջը:
Ես քաջալերում եմ ձեզ՝ եպիսկոպոսնե՛ր, որ օգնեք միսիոներական տարիքին մոտեցող բոլոր երիտասարդ տղաներին և աղջիկներին պատրաստվել ծառայության, և ես նաև քաջալերում եմ ձեզ՝ եպիսկոպոսնե՛ր, որ գտնեք նրանց, ում տարիքն անցել է, սակայն դեռ չեն հասցրել ծառայել: Հրավիրեք յուրաքանչյուր երիտասարդ տղայի դառնալ միսիոներ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր երիտասարդ աղջկա, որը ցանկանում է ծառայել:
Ներկայումս ծառայող միսիոներներին մենք շնորհակալություն ենք հայտնում: Ձեր միսիան եղել է համավարակի ժամանակ: Արդյունքում՝ ձեր միսիայի փորձառությունը տարբերվում է իմ միսիայի կամ բոլոր այն միսիոներների փորձառություններից, որոնք ծառայել են մինչև 2020 թվականը: Ես գիտեմ, որ հեշտ չի եղել: Բայց նույնիսկ այս դժվարին ժամանակներում Տերը ձեզ համար աշխատանք է ունեցել, և դուք դա հոյակապ եք արել: Օրինակ՝ դուք օգտագործել եք տեխնոլոգիաները, որպեսզի նոր ձևերով գտնեք նրանց, ովքեր պատրաստ են սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին: Քանի որ դուք ծառայել եք ջանասիրաբար և ձեր կարողությունների համաձայն, ես գիտեմ, որ Տերը գոհ է ձեր ջանքերից: Ես գիտեմ, որ ձեր ծառայությունը կօրհնի ձեր կյանքը:
Երբ ձեզ հետ կանչեն ձեր միսիայից, հիշեք, որ դուք հետ չեք կանչվում Եկեղեցու ծառայությունից: Զարգացրեք այն լավ սովորությունները, որոնք սովորել եք ձեր միսիայում, շարունակեք ամրապնդել ձեր վկայությունը, շատ աշխատեք, աղոթեք և հնազանդվեք Տիրոջը: Պատվեք այն ուխտերը, որոնք դուք կապել եք: Շարունակեք օրհնել և ծառայել ուրիշներին:
Ես աղոթում եմ, որ դուք՝ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, և ձեր ծնողները տեսնեն ու իմանան, թե միսիոներական ծառայությունը ինչպես հավիտյան կօրհնի ձեր կյանքը: Թող որ դուք ձեր մտքերում լսեք և ձեր սրտերում զգաք հրավերի զորությունը, որը Տերը տվեց Մոսիայի զորեղ միսիոներ որդիներին: Նա ասաց․ «Առաջ գնացեք ․․․ և հաստատեք իմ խոսքը. սակայն դուք պիտի լինեք համբերատար երկայնամտության ու չարչարանքների մեջ, որպեսզի նրանց համար դուք կարողանաք ցույց տալ լավ օրինակ, և ես կդարձնեմ ձեզ մի գործիք իմ ձեռքում՝ ի փրկություն շատ հոգիների»:5
Թող Աստված օրհնի Եկեղեցու երիտասարդներին, որ նրանք ցանկանան պատրաստվել և ծառայել Իրենք․ դա իմ խոնարհ աղոթքն է, որն այսօր առավոտյան բերում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։