Դարձը մեր նպատակն է
Անփոխարինելի է այն ժամանակը, որը դուք ծախսում եք սուրբ գրությունների վրա՝ լսելով, որ Սուրբ Հոգին ուղղակիորեն խոսում է ձեզ հետ:
Արդեն երեք տարուց ավել է, ինչ մենք միասին ճամփորդության մեջ ենք՝ որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ: 2018 թվականի հոկտեմբերին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրավիրեցին մեզ սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները նոր և ոգեշնչող ձևով՝ մեզ ուղեցույց տալով «Եկ, հետևիր ինձ» նյութը:
Ցանկացած ճամփորդության ժամանակ լավ է, երբեմն, դադար տալ և գնահատել մեր առաջընթացը՝ համոզվելու համար, որ մենք շարունակում ենք շարժվել դեպի մեր նպատակը:
Դարձը մեր նպատակն է
Մտածեք «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկի ներածության այս խորիմաստ հայտարարության մասին.
«Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: ․․․
Բայց ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից դուրս, մտնելով մեր սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Ավետարանի ուսումնասիրությունը, որը բերում է ճշմարիտ դարձի, պահանջում է Սուրբ Հոգու ազդեցությունը»:1
Դա այն հրաշքն է, որը մենք փնտրում ենք, երբ որևէ մեկը փորձառություն է ունենում սուրբ գրություններում,2 և այդ փորձառությունն օրհնվում է Սուրբ Հոգու ազդեցությամբ: Նման փորձառությունները արժեքավոր հիմնաքարեր են դեպի Փրկիչը մեր դարձի համար: Եվ ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս հիշեցրեց մեզ, հոգևոր հիմքերը պետք է մշտապես ամրապնդվեն:3 Երկարատև դարձը ողջ կյանքը տևող գործընթաց է:4 Դարձը մեր նպատակն է
Որպեսզի լինեք ավելի արդյունավետ, սուրբ գրությունների ձեր փորձառությունները պետք է ձեր անձնականը լինեն:5 Մեկ այլ անձի փորձառությունների և պատկերացումների մասին կարդալը կամ լսելը կարող է օգտակար լինել, բայց դա չի հանգեցնի նույն դարձի զորությանը: Անփոխարինելի է այն ժամանակը, որը դուք ծախսում եք սուրբ գրությունների վրա՝ լսելով, որ Սուրբ Հոգին ուղղակիորեն խոսում է ձեզ հետ:
Ի՞նչ է ինձ ուսուցանում Սուրբ Հոգին
Ամեն շաբաթ, երբ բացում եմ իմ «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկը, ես գրում եմ այս հարցը էջի վերևում. «Ի՞նչ է Սուրբ Հոգին ուսուցանում ինձ այս շաբաթ, երբ ես կարդում եմ այս գլուխները»:
Երբ ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները, ես նորից ու նորից մտածում եմ այդ հարցի վերաբերյալ: Եվ անպայման ստանում եմ հոգևոր տպավորություններ ու դրանք նշում եմ իմ ձեռնարկում:
Իսկ ինչպե՞ս իմանամ, որ Սուրբ Հոգին ուսուցանում է ինձ: Դա սովորաբար տեղի է ունենում փոքր և հասարակ ձևերով: Երբեմն սուրբ գրության մի հատված գրավում է իմ ուշադրությունը: Մեկ ուրիշ ժամանակ ես զգում եմ, որ միտքս լուսավորվում է ավետարանի սկզբունքի ավելի լայն ըմբռնմամբ: Ես նաև զգում եմ Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ ես և կինս՝ Աննա Մարին, քննարկում ենք մեր կարդացած նյութը: Նրա տեսակետները միշտ հրավիրում են Հոգուն:
Մարգարեն և Զատիկը
Այս տարի մենք ուսումնասիրում ենք Հին Կտակարանը՝ մի սուրբ գրություն, որը լուսով է լցնում մեր հոգիները: Հին Կտակարանը կարդալիս ինձ թվում է, որ ժամանակ եմ անցկացնում վստահելի առաջնորդների՝ Ադամի, Եվայի, Ենովքի, Նոյի, Աբրահամի և շատ ուրիշների հետ:
Այս շաբաթ ուսումնասիրելով Ելից 7–13 գլուխները, մենք սովորում ենք, թե Տերն ինչպես ազատեց Իսրայելի զավակներին Եգիպտոսի դարավոր գերությունից: Կարդում ենք ինը պատուհասների՝ Աստծո զորության ինը տպավորիչ դրսևորումների մասին, որոնց ականատես եղավ փարավոնը՝ առանց իր սիրտը փափկացնելու։
Այնուհետև Տերն ասաց Իր մարգարեին՝ Մովսեսին, տասներորդ պատուհասի մասին, և թե ինչպես Իսրայելի յուրաքանչյուր ընտանիք կարող էր պատրաստվել դրան: Որպես ծիսակարգի մի մաս, որը նրանք կոչում էին Զատիկ, իսրայելացիները պետք է զոհաբերեին արու և անարատ մի գառ։ Այնուհետև նրանք պետք է իրենց տան դռների շրջանակները ներկեին գառան արյունով։ Տերը խոստացավ, որ բոլոր տները, որոնք նշված էին արյամբ, պաշտպանված կլինեն սարսափելի ժանտախտից, որը պետք է գար:
Սուրբ գրություններն ասում են. «Եւ Իսրայէլի որդիքը ․․․ արին ինչպէս Եհովան Մովսէսին ․․․ պատուիրել էր» (Ելից 12․28)։ Հնազանդության այդ պարզ հայտարարությունը զորավոր է։
Քանի որ Իսրայելի զավակները հետևեցին Մովսեսի խորհրդին և գործեցին հավատքով, նրանք փրկվեցին ժանտախտից և ժամանակի ընթացքում ազատվեցին իրենց գերությունից:
Այսպիսով, այս շաբաթ Սուրբ Հոգին ի՞նչ ուսուցանեց ինձ այս գլուխներում:
Որոշ մտքեր ծագեցին իմ գլխում․
-
Տերն աշխատում է Իր մարգարեի միջոցով՝ պաշտպանելով և փրկելով Իր ժողովրդին:
-
Մարգարեին հետևելու հավատքն ու խոնարհությունը նախորդել են պաշտպանության և ազատագրման հրաշքին:
-
Դռան շրջանակի արյունը ներքին հավատքի արտաքին նշան էր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառի հանդեպ:
Մարգարեն և Տիրոջ խոստումները
Ես տպավորվել եմ այն զուգահեռներով, թե Տերն ինչպես է օրհնել Իր ժողովրդին Հին Կտակարանի այս պատմության մեջ, և ինչպես է Նա այսօր նույնպես օրհնում Իր ժողովրդին:
Երբ Տիրոջ ապրող մարգարեն՝ նախագահ Նելսոնը, մեզ ներկայացրեց «Եկ, հետևիր ինձ» ծրագիրը՝ որպես սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոց, նա հրավիրեց մեզ վերափոխել մեր տները հավատքի սրբավայրերի և ավետարանի ուսուցման կենտրոնների:
Այնուհետև նա խոստացավ չորս հատուկ օրհնություն.
-
ձեր հանգստության օրերը կդառնան բերկրանք,
-
ձեր երեխաները ուրախ կլինեն սովորել և ապրել Փրկիչի ուսմունքներով,
-
հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի, և
-
այս փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական»։6
Այժմ մենք չունենք օրագրային գրառումներ այն մարդկանցից, ովքեր Մովսեսի հետ Եգիպտոսում Զատիկն են տոնել: Այնուամենայնիվ, մենք ունենք բազմաթիվ վկայություններ Սրբերից, որոնք հավասար հավատքով հետևում են նախագահ Նելսոնի խորհրդին այսօր և ստանում խոստացված օրհնությունները:
Ահա նման մի քանի վկայություն.
Երիտասարդ ընտանիքի մի մայր ասել է. «Մեր տանը մենք խոսում ենք Քրիստոսի մասին և ուրախանում Քրիստոսով: Ինձ համար մեծագույն օրհնություն է, որ իմ երեխաները կարող են մեծանալ ավետարանի այս զրույցներով տանը, որոնք նրանց ավելի են մոտեցնում Փրկիչին»:7
Մի ավագ եղբայր «Եկ, հետևիր ինձ» ծրագրի սուրբ գրությունների իր ուսումնասիրությունն անվանել է «Աստվածային լույսով լցված խողովակ, որն օգնում է մեզ տեսնել ավետարանի վարդապետությունը, որն անհրաժեշտ է մեր հոգևոր բարօրության համար»:8
Մի երիտասարդ կին նկարագրել է իր ամուսնության օրհնությունները. «Ես կարողացել եմ ավելի խորը ճանաչել ամուսնուս սիրտը, և ես կարողացել եմ ավելի շատ բացել իմ սիրտը նրա առաջ, երբ մենք միասին ուսումնասիրում ենք»:9
Բազմազավակ ընտանիքի մայրը նկատել է, թե ինչպես են փոխվել իր ընտանիքին ուսուցանելու իր ջանքերը։ «Հետ նայելով, կարծես դաշնամուր էի նվագում՝ ձմեռային ձեռնոցներով: Ես շարժումներ էի անում, բայց երաժշտությունն այնքան էլ ճիշտ չէր: Հիմա ձեռնոցները հանված են, և թեև իմ երաժշտությունը դեռ կատարյալ չէ, ես լսում եմ տարբերությունը: «Եկ, հետևիր ինձ» ծրագիրը, տվել է ինձ տեսլական, կարողություն, կենտրոնացում և նպատակ»:10
Մի երիտասարդ ամուսին ասել է. «Իմ առաջնահերթությունները տանը ավելի հստակ են դարձել այն պահից, երբ ես «Եկ, հետևիր ինձ» ծրագիրը դարձրի իմ առավոտների կանոնավոր մասը: Ուսումնասիրությունը ստիպում է ինձ ավելի շատ մտածել այն բաների մասին, որոնք ինձ համար ամենակարևորն են, օրինակ՝ տաճարը, իմ հարաբերությունները կնոջս հետ և իմ կոչումը: Ես երախտապարտ եմ, որ իմ տունը սրբավայր է, որտեղ Աստված առաջին տեղում է»:11
Քույրերից մեկը կիսվել է. «Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ կապված իմ ամենօրյա փորձառությունները հազվադեպ են ուշադրության արժանի, բայց ժամանակի ընթացքում ես տեսնում եմ, թե ինչպես եմ փոխվում՝ սուրբ գրությունների մշտական, կենտրոնացված ուսումնասիրության արդյունքում: Այդպիսի ուսումնասիրությունն ինձ խոնարհեցնում է, ուսուցանում և մի փոքր փոխում»։12
Մի վերադարձած միսիոներ պատմել է. «Եկ, հետևիր ինձ» ծրագիրն ինձ ավելի շատ մոտեցրեց սուրբ գրությունների ուսումնասիրության այն մակարդակին, որին ես հասել էի իմ միսիայում, և ես կարողացել եմ սուրբ գրությունների ուսումնասիրության պարտավորեցնող մտածելակերպից անցնել Աստծուն իսկապես ճանաչելու ինքնակրթող ընթերցանության»։13
Մի եղբայր ասել է. «Ես զգում եմ, որ Սուրբ Հոգին ավելի շատ է ներկա իմ կյանքում և որոշումներ կայացնելիս զգում եմ Աստծո հայտնություն ներշնչող առաջնորդությունը: Ես ավելի խորիմաստ զրույցներ եմ անցկացնում Քրիստոսի և Նրա Քավության պարզ վարդապետության գեղեցկիկ լինելու վերաբերյալ»:14
Յոթ տարեկան մի երեխա պատմել է․ «Ես շուտով մկրտվում եմ, և «Եկ, հետևիր ինձ» ծրագրի շնորհիվ պատրաստվում եմ դրան: Ես և իմ ընտանիքը խոսում ենք մկրտության մասին, և ես հիմա չեմ նյարդայնանում մկրտվելու մտքից: Եկ, հետևիր ինձ ծրագիրն օգնում է, որ Սուրբ Հոգին մտնի իմ սիրտ և ես ջերմություն եմ զգում, երբ կարդում եմ սուրբ գրությունները»:15
Եվ վերջում, երեխաներ ունեցող մի մայր ասել է․ «Երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, Նա մեր ընտանիքին օգնում է մտահոգությունից անցում կատարել զորության, փորձությունից և մարտահրավերից անցում կատարել ազատման, վեճից և քննադատությունից անցնել դեպի սեր և խաղաղություն, և հակառակորդի ազդեցությունից անցում կատարել դեպի Աստծո ազդեցությունը»:16
Այս և Քրիստոսի շատ այլ հավատարիմ հետևորդներ խորհրդանշական կերպով Աստծո Գառան արյունը քսել են իրենց տան մուտքի վրա: Նրանք ցույց են տալիս Փրկիչին հետևելու իրենց ներքին նվիրվածությունը: Նրանց հավատքը նախորդում է հրաշքին: Դա այն հրաշքն է, երբ որևէ մեկը փորձառություն է ունենում սուրբ գրություններում, և այդ փորձառությունն օրհնվում է Սուրբ Հոգու ազդեցությամբ:
Երբ մենք ուսումնասիրենք սուրբ գրությունները, երկրում հոգևոր սով չի լինի: Ինչպես Նեփին է ասել․ «Նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին, ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի, ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում» (1 Նեփի 15․24)։
Հին ժամանակներում, երբ Իսրայելի զավակները հետևեցին Մովսես մարգարեի միջոցով տրված Տիրոջ հրահանգին, նրանք օրհնվեցին ապահովությամբ և ազատությամբ: Այսօր, երբ մենք հետևենք Տիրոջ հրահանգին, որը տրվել է մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Նելսոնի միջոցով, մենք հավասարապես կօրհնվենք դարձով՝ մեր սրտերում, և պաշտպանությամբ՝ մեր տներում:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով երկրի վրա վերականգնված Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Տիրոջ ապրող մարգարեն է: Ես սիրում և հաստատում եմ նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։