Գերագույն համաժողով
Հիմա է ժամանակը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


5:57

Հիմա է ժամանակը

Հիմա է ժամանակը սովորելու։ Հիմա է ժամանակը ապաշխարելու։ Հիմա է ժամանակը օրհնելու։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս համաժողոը շատ առումներով պատմական էր: Մենք օրհնվեցինք հնչած աղոթքներով, ուղերձներով և երաժշտությամբ: Մենք ոգեշնչվեցինք Տիրոջ ծառաների կողմից։

Մեզ կարևոր ուղղություն ցույց տրվեց ապագայի համար: Իմ աղոթքն այն է, որ Հոգին ուղղակիորեն խոսի ձեզ այն բաների մասին, որոնք Տերը կկամենա, որ դուք անեք։

Ապագան միշտ անորոշ է։ Եղանակը փոփոխվում է։ Տնտեսական շրջափուլերն անկանխատեսելի են։ Աղետները, դժբախտ պատահարները և հիվանդությունները կարող են շատ արագ փոխել կյանքը։ Այս գործողությունները մեծամասամբ մեր վերահսկողությունից դուրս են։ Սակայն կան բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել, այդ թվում՝ ինչպես ենք մենք ծախսում մեր ժամանակը ամեն օր։

Դա նման է Հենրի Վան Դյուկի բանաստեղծությանը, որը կարելի է կարդալ Նյու Յորքի Ուելս Քոլեջի արևային ժամացույցի վրա։ Գրված է․

Մատիս շարժումը ստվեր է նետում,

Ապագան անցյալից է նա բաժանում․

Մինչ այդ քնած էր ժամը չծնված,

Խավարի մեջ, քո ուժից զրկված։

Վերադարձի գիծը արդեն իսկ հատած,

Այլևս քոնը չէ ժամն այս անցած․

Մեկ ժամ է միայն լոկ քեզ տրված․

ՀԻՄԱ՝ այստեղ է ստվերի սլաքը կանգնած։ 1

Այո, մենք պետք է սովորենք անցյալից, և այո, մենք պետք է պատրաստվենք ապագայի համար։ Բայց միայն հիմա կարող ենք դա անել։ Այժմ է ժամանակը սովորելու։ Այժմ է ժամանակը ապաշխարելու։ Այժմ է ժամանակը օրհնելու մյուսներին և բարձացնելու ընկած ձեռքերը։2 Մորմոնը իր որդուն՝ Մորոնիին խորհուրդ է տալիս. «Եկ գործենք ջանասիրաբար… Քանզի մենք գործ ունենք կատարելու, մինչ այս կավե տաղավարում ենք, որպեսզի կարողանանք հաղթել ամեն արդարության թշնամուն, և մեր հոգիները հանգչեն Աստծո արքայությունում»:3

Հակառակորդը երբեք չի ննջում: Ճշմարտությունը միշտ ընդդիմություն կունենա: Ես կրկնում եմ այս առավոտ հնչեցրած իմ կոչը՝ անել այնպիսի բաներ, որոնք մեծացնում են ձեր դրական հոգևոր լիցքը, այդ վերելքը, որի մասին խոսում էր երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը, որոնք օգնում են առաջ շարժվել՝ անկախ մարտահրավերներից և օգտվել հնարավորություններից։

Դրական հոգևոր լիցքը մեծանում է, երբ մենք երկրպագում ենք տաճարում և ավելի լավ հասկանում այնտեղ ստացվող օրհնությունների հրաշալի ծավալն ու խորությունը։ Ես աղերսում եմ, որ դուք դիմակայեք աշխարհիկ ուղիներին՝ կենտրոնանալով տաճարի հավերժական օրհնությունների վրա։ Այստեղ ձեր ժամանակը օրհնություններ է բերում հավերժության համար։

Եկեղեցու աճի հետ մեկտեղ մենք ձգտում ենք պահել նաև տաճարների կառուցման տեմպը։ Ներկայումս քառասունմեկ տաճար գտնվում են կառուցման փուլում: Շատերը վերանորոգվում են։ Ես աղոթում եմ այն հմուտ մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ծրագրերի վրա ամբողջ աշխարհում։

Աղոթալից երախտագիտության ոգով՝ ուրախությամբ հայտարարում եմ հետևյալ վայրերում նոր տաճարներ կառուցելու մեր ծրագրերի մասին․ Վելինգտոն (Նոր Զելանդիա), Բրացավիլ (Կոնգոյի Հանրապետություն), Բարսելոնա (Իսպանիա), Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն), Կուսկո (Պերու), Մաչելո (Բրազիլիա), Սանտոս (Բրազիլիա), Սան Լուիս Պոտոսի (Մեքսիկա), Մեխիկո Սիթի Բենեմերիտո (Մեքսիկա), Տամպա (Ֆլորիդա), Նոքսվիլ (Թեննեսի), Քլիվլենդ (Օհայո), Վիչիտա (Կանզաս), Օստին (Տեխաս), Միսսուլա (Մոնտանա), Մոնպելյե (Այդահո) և Մոդեստո (Կալիֆորնիա)։

Այս 17 տաճարները վարագույրի երկու կողմերում կօրհնեն անթիվ կյանքեր։ Ես սիրում եմ ձեզ, թանկագին եղբայրնե՛ր և քույրեր։ Ինչը ավելի կարևոր է, Տերը սիրում է ձեզ: Նա է ձեր Փրկիչն ու ձեր Քավիչը։ Նա ղեկավարում և առաջնորդում է Իր Եկեղեցին: Եկեք լինենք Տիրոջը արժանի ժողովուրդ, ով ասել է․ «Եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ»։4

Այս ամենի համար ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: