Գերագույն համաժողով
Բժշկենք աշխարհը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:51

Բժշկենք աշխարհը

Վերքերը կարող են բժշկվել, իսկ տարբերությունները կարող են անգամ հարթվել, երբ մենք պատվում ենք Աստծուն` մեր բոլորի Հորը և Հիսուս Քրիստոսին` Նրա Որդուն:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս փառահեղ Զատիկի տոներին մենք այնքան օրհնված ենք, որ կարող ենք հանդիպել և խորհուրդ ու ուղղորդում ստանալ Աստծո ծառաներից:

Մեր Երկնային Հոր սուրբ առաջնորդությունն ու ուսմունքները օգնում են մեզ ընթանալ կյանքի այս վտանգավոր ժամանակներում: Ինչպես մարգարեները կանխատեսել են՝ «հրդեհները և փոթորիկները» «պատերազմները և պատերազմների համբավները և զանազան տեղերում երկրաշարժերը» «և ամեն ձևի պղծությունները»,1 «պատուհասները»,2 «եւ սովերն ու մահտարաժամերը»3 քայքայում են ընտանիքները, համայնքները և նույնիսկ՝ ազգերը:

Կա ևս մեկ պատուհաս, որը տարածվում է երկիր մոլորակում` հարձակումներ իմ և ձեր կրոնական ազատության վրա: Այս աճող տրամադրվածությունը ձգտում է հեռացնել կրոնը և առ Աստված հավատքը՝ հանրային հրապարակից, դպրոցներից, համայնքային չափանիշներից և քաղաքացիական քննարկումներից: Կրոնական ազատության հակառակորդները ձգտում են սահմանափակումներ դնել անկեղծ համոզմունքների արտահայտման վրա: Նրանք նույնիսկ քննադատում են և ծաղրում են հավատքի ավանդույթները:

Այդպիսի վերաբերմունքը նսեմացնում է մարդկանց, արժեզրկում անձնական սկզբունքները, շիտակությունը, հարգանքը, հոգևորությունը և խղճի խաղաղությունը:

Ի՞նչ է կրոնական ազատությունը:

Դա երկրպագելու ազատությունն է իր բոլոր ձևերով, հավաքվելու ազատությունը, խոսքի ազատությունը, անձնական համոզմունքներով գործելու ազատությունը և ուրիշների համար նույնը անելու ազատությունը: Կրոնական ազատությունը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ինքնուրույն որոշել, թե ինչին ենք հավատում, ինչպես ենք ապրում և գործում՝ համաձայն մեր հավատքի, և ինչ է Աստված ակնկալում մեզանից:

Կրոնական ազատությունը սահմանափակելու այսպիսի ջանքերը նոր չեն: Ողջ պատմության ընթացքում հավատքի մարդիկ շատ են տառապել ուրիշների ձեռքից: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները բացառություն չեն:

Եկեղեցու վաղ ժամանակներից սկսած շատ մարդիկ, որոնք փնտրում էին Աստծուն, գալիս էին դեպի այս Եկեղեցին՝ աստվածային վարդապետության ուսմունքների պատճառով, ներառյալ՝ հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, ապաշխարության, երջանկության ծրագրի և մեր Տիրոջ Երկրորդ Գալուստի հանդեպ:

Հակադրությունը, հալածանքը և բռնությունը պատուհասեցին մեր վերջին օրերի առաջին մարգարեին՝ Ջոզեֆ Սմիթին և նրա հետևորդներին:

1842 թ.-ի իրարանցման պայմաններում Ջոզեֆը հրապարակեց աճող Եկեղեցու 13 հիմնարար դրույթները, ներառյալ այս մեկը․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են»:4

Նրա հայտարարությունը համապարփակ է, ազատագրող և հարգալից: Դա է կրոնական ազատության էությունը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել է նաև.

«Ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի լավ մարդու համար, [ճիշտ ինչպես ցանկացած մորմոնականի համար], քանի որ նույն սկզբունքը, որը կարող է ոտնակոխ անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև Հռոմեական Կաթոլիկների իրավունքները կամ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրեն պաշտպանելու համար։

Ազատության սերն է, [որ] ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատություն` ողջ մարդկային ցեղի համար»։5

Մինչդեռ, Եկեղեցու վաղեմի անդամները հարձակման ենթարկվեցին և քշվեցին հազարավոր մղոններ Նյու Յորքից դեպի Օհայո, դեպի Միսսուրի, որտեղ կառավարիչը հրաման արձակեց, որ Եկեղեցու անդամներին «պետք է վերաբերվեն որպես թշնամիների և պետք է բնաջնջվեն կամ քշվեն նահանգից»:6 Նրանք փախան Իլլինոյս, բայց տանջանքները շարունակվեցին: Ամբոխը սպանեց մարգարե Ջոզեֆ Սմիթին, մտածելով, որ նրան սպանելը կկործաներ Եկեղեցին և կցրեր հավատացյալներին: Բայց հավատարիմներն ամուր մնացին: Ջոզեֆի իրավահաջորդը՝ Բրիգամ Յանգը, առաջնորդեց հազարավոր մարդկանց բռնագաղթի ճանապարհով՝ 1300 մղոն դեպի արևմուտք, որն այժմ Յուտայի նահանգն է:7 Իմ նախնիները այդ վաղ ռահվիրա վերաբնակիչների շարքում էին:

Այդ դաժան հալածանքի օրերից սկսած՝ Տիրոջ Եկեղեցու անդամների թիվը հաստատուն աճել է, դառնալով մոտ 17 միլիոն, որոնցից ավելի քան կեսն ապրում են Միացյալ Նահանգներից դուրս:8

2020թ.-ի ապրիլին Եկեղեցին տոնեց ավետարանի Վերականգնման 200-րդ տարեդարձը՝ աշխարհին ուղղված մի հռչակագրով, որը պատրաստվել էր Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների կողմից: Այն սկսվում է այս խոսքերով. «Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում»:9

Մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետագայում հայտարարել է.

«Մենք հավատում ենք Աստծո բոլոր զավակների համար ազատությանը, բարությանը և ազնվությանը։

Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, յուրաքանչյուրս սիրառատ Հոր մի զավակ: Նրա Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին»:(2 Նեփի 26.33)»:10

Միասին դիտարկենք չորս ուղիներ, որոնցով հասարակությունը և անհատները օգտվում են կրոնական ազատությունից:

Առաջին: Կրոնական ազատությունը հարգում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանները՝ դնելով Աստծուն մեր կյանքի կենտրոնում: Մենք կարդում ենք Մատթեոսի գրքում.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը»:11

«Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։12

Լինի աղոթարանում, ժողովատանը, մզկիթում, թե թիթեղյա տանիքով խրճիթում, Քրիստոսի աշակերտները և բոլոր համախոհ հավատացյալները կարող են նվիրվածություն արտահայտել Աստծուն` Նրան երկրպագելով և Նրա զավակներին ծառայելու պատրաստակամությամբ:

Հիսուս Քրիստոսը այդպիսի սիրո և ծառայության կատարյալ օրինակ է: Իր ծառայության ընթացքում Նա հոգ տարավ աղքատների մասին,13 բժշկեց հիվանդներին14 և կույրերին:15 Նա կերակրեց սովյալներին,16 բացեց Իր գիրկը փոքրիկ երեխաների համար,17 և ներեց նրանց, ովքեր Իրեն անիրավություն արեցին, նույնիսկ խաչեցին Իրեն:18

Սուրբ գրությունները նկարագրում են, որ Հիսուսը «ման եկավ բարիք գործելով»։19 Մենք էլ պետք է այդպես անենք:

Երկրորդ: Կրոնական ազատությունը խրախուսում է հավատքի, հույսի և խաղաղության դրսևորումներ:

Մենք՝ որպես Եկեղեցի, միանում ենք մյուս կրոններին՝ պաշտպանելով բոլոր հավատքների և համոզմունքների մարդկանց և իրենց համոզմունքների մասին խոսելու նրանց իրավունքը: Սա չի նշանակում, թե մենք ընդունում ենք նրանց համոզմունքները, ոչ էլ նրանք` մերը, բայց մենք ավելի շատ ընդհանուր բաներ ունենք, քան նրանց հետ, ովքեր ցանկանում են լռեցնել մեզ:

Վերջերս Իտալիայում ես ներկայացրի Եկեղեցին ամենամյա G20 միջկրոնական համաժողովում: Ես քաջալերվեցի, նույնիսկ ոգևորվեցի, երբ հանդիպեցի կառավարության և կրոնական առաջնորդների հետ ողջ աշխարհից: Ես հասկացա, որ վերքերը կարող են բժշկվել, իսկ տարբերությունները կարող են անգամ հարթվել, երբ մենք պատվում ենք Աստծուն` մեր բոլորի Հորը և Հիսուս Քրիստոսին` Նրա Որդուն: Բոլորի Մեծ Բժշկողը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է:

Ես մի հետաքրքիր պահ ունեցա, երբ ավարտում էի ելույթս: Նախորդ յոթ խոսնակները իրենց ուղերձները չեզրափակեցին հավատքի ավանդույթի որևէ ձևով կամ Աստծո անունով: Երբ խոսում էի, ես մտածեցի. «Ուղղակի շնորհակալություն ասեմ և նստե՞մ, թե եզրափակեմ «Հիսուս Քրիստոսի անունով»: Ես հիշեցի, թե ով էի ես, և ես գիտեի՝ Տերը կկամենար, որ ես ասեի Իր անունը՝ իմ ուղերձը եզրափակելու համար: Եվ ես այդպես էլ արեցի: Հետ նայելով հասկացա, որ դա իմ հավատքն արտահայտելու հնարավորությունն էր, և ես ունեի կրոնի ազատություն՝ իմ վկայությունը բերելու Նրա սուրբ անվան մասին:

Երրորդ: Կրոնը ոգեշնչում է մարդկանց օգնել մյուսներին:

Երբ կրոնին տրվում է տարածք և ծաղկելու ազատություն, հավատացյալներն ամենուր կատարում են պարզ, իսկ երբեմն, հերոսական ծառայություններ: Հին հրեական «tikkun olam» արտահայտությունը, որը նշանակում է «վերանորոգել կամ բժշկել աշխարհը» արտացոլվում է այնքան շատերի ջանքերում այսօր: Մենք համագործակցել ենք կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք հայտնի են որպես Caritas International, Islamic Relief, և բազմաթիվ հրեական, հինդուական, բուդդայական, սիկհական և քրիստոնեական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Փրկության բանակը և Ազգային քրիստոնեական հիմնադրամը: Միասին մենք ծառայում ենք միլիոնավոր կարիքավորների, և հենց վերջերս օգնել ենք պատերազմի փախստականներին վրաններով, քնապարկերով և սննդի պաշարներով,20 և տրամադրել ենք պատվաստումներ, ներառյալ պոլիոմիելիտի 21 և COVID-ի դեմ:22 Անելիքների ցուցակը երկար է, բայց կարիքները` նույնպես:

Անկասկած, հավատքի մարդիկ միասին աշխատելով կարող են նշանակալի ներդրումներ կատարել: Միևնույն ժամանակ, մեկմեկու ծառայելը հաճախ չի հայտարարվում, բայց փոխում է կյանքեր:

Ես մտածում եմ Ղուկասի գրքի օրինակի շուրջ, երբ Հիսուս Քրիստոսը օգնության հասավ Նայինի այրուն: Հիսուսը մի խումբ հետևորդների ուղեկցությամբ հանդիպեց այրու միակ որդու թաղման թափորին: Առանց նրա [մայրը] հայտնվել էր հուզական, հոգևոր և նույնիսկ ֆինանսական կործանման առաջ: Հիսուսը, տեսնելով նրա արցունքոտ դեմքը, ասաց. «Մի լար»:23 Եվ մոտ եկավ` դագաղին դպավ. և տանողները կանգնեցին:

«Երիտասարդ», - ասաց Նա,- «քեզ եմ ասում` Վեր կաց:

Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ [Հիսուսը] նորան տուաւ իր մօրը»:24

Մահացածին հարություն տալը հրաշք է, բայց բարության և հոգատարության յուրաքանչյուր գործողություն որևէ մեկի համար, ով մաքառում է, ուխտի ճանապարհն է, որով մեզանից յուրաքանչյուրը նույնպես կարող է «[գնալ]» բարիք անելով», գիտենալով, որ «Աստված [մեզ] հետ [է]»:25

Եվ չորրորդը: Կրոնի ազատությունը գործում է որպես միավորող և առաջ մղող ուժ` արժեքներ և բարոյականություն ձևավորելու համար:

Նոր Կտակարանում մենք կարդում ենք, որ շատերն էին հեռանում Հիսուս Քրիստոսից, տրտնջալով Նրա վարդապետությունից. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան»:26

Այդ աղաղակը այսօր էլ լսվում է նրանցից, ովքեր ձգտում են կրոնը հեռացնել խոսակցությունից և ազդեցությունից: Բայց, եթե կրոնը չի աջակցում բնավորության ձևավորմանը և դժվարին ժամանակներին միջամտելով, ապա ուրիշ ո՞վ կարող է: Ո՞վ կուսուցանի ազնվություն, երախտագիտություն, ներողամտություն և համբերություն: Ո՞վ ցույց կտա գթություն, կարեկցանք և բարություն մոռացվածների և ոտնահարվածների հանդեպ: Ո՞վ կգրկի նրանց, ովքեր տարբերվում են, սակայն արժանավոր են՝ ինչպես Աստծո բոլոր զավակները: Ովքե՞ր կբացեն իրենց գիրկը նրանց առջև, ովքեր կարիքավոր են և չեն ձգտի ոչ մի փոխհատուցման: Ո՞վ ավելի շատ կհարգի խաղաղությունն ու հնազանդությունը օրենքներին, քան օրվա միտումները: Ո՞վ կարձագանքի Փրկիչի աղերսին «Գնա և դու էլ այնպես արա»:27

Մենք կանենք: Այո, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կանենք:

Ես ձեզ հրավիրում եմ պաշտպանել կրոնական ազատության գործը: Դա Աստծո կողմից տրված ազատ կամքի սկզբունքի արտահայտությունն է:

Կրոնական ազատությունը հավասարակշռություն է բերում մրցակցող փիլիսոփայություններին: Կրոնի բարիքը, դրա հասանելիությունը և սիրո դրսևորմամբ ամենօրյա գործերը, որոնք կրոնը ոգեշնչում է, բազմապատկվում է միայն այն դեպքում, երբ մենք պահպանում ենք արտահայտվելու և գործելու ազատության հիմնական համոզմունքները:

Ես վկայում եմ, որ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո ապրող մարգարեն է: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն է առաջնորդում և ղեկավարում այս Եկեղեցին: Նա քավեց մեր մեղքերը, խաչվեց և հարություն առավ երրորդ օրը:28 Նրա շնորհիվ մենք կարող ենք նորից ապրել ողջ հավերժության մեջ, և նրանք ովքեր այդպես են կամենում, կարող են լինել մեր Երկնային Հոր հետ: Այս ճշմարտությունը ես հռչակում եմ ողջ աշխարհին: Ես երախտապարտ եմ դա անելու ազատության համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։