Գերագույն համաժողով
Մի վախենար, միայն հավատա
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:31

Մի վախենար, միայն հավատա

Սկսեք երջանկության ձեր որոնումները՝ ընդունելով այն առատությունը, որը մենք արդեն ստացել ենք ամեն բարի պարգև տվողից։

Իմ ելույթը այսօր ուղղում եմ Եկեղեցու երիտասարդներին, այսինքն՝ բոլորին, ովքեր նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի տարիքին են կամ ավելի երիտասարդ։ Ես հազվադեպ եմ ցուցադրական նյութեր օգտագործում, սակայն չեմ կարող չկիսվել այս մեկով։

Նամակ Մերին Առնոլդից

Այս cri de coeur-ը (հոգու ճիչը) իմ ութամյա ընկեր Մերին Առնոլդից է, որը նա գրել է յոթ տարեկանում։ Ես ձեզ համար կթարգմանեմ նրա վաղ փոփոխած եգիպտերենը․

Հարգելի եպիսկոպոս

գերագույն համժողվը

Ձանձրալի էր ինչու

Մենք բեդկ է

Անենք դա։ Ասեք, ինչու

Սիռով, Մերին

Առնոլդ։1

Մերի՛ն, խոսքս, որը պատրաստվում եմ այսօր հնչեցնել, անկասկած, կրկին կհիասթափեցնի քեզ։ Բայց, երբ բողոք գրես քո եպիսկոպոսին, կարևոր է, որ հիշես ասել նրան, որ իմ անունը Քիրոն է։ Երեց Պատրիկ Քիրոն»:

Մոտ երկու տարի է, ինչ բիբլիական մեծության մի համաճարակ պատեց մեր մոլորակը, և թեև այդ վարակը կանգնեցրեց գրեթե ամեն ինչ սոցիալական առումով, ակնհայտորեն, այն չկանգնեցրեց դաժանությունը, բռնությունը և դաժան ագրեսիան քաղաքականության բնագավառում՝ ազգային, թե միջազգային։ Կարծես դա բավական չէ, մենք դեռ բախվում ենք տևական սոցիալական և մշակութային խնդիրների, սկսած տնտեսական զրկանքներից մինչև բնապահպանական աղետները, ռասայական անհավասարություն և ավելին։

Նման ուժգին քամիները և խավար օրերը կարող են հուսահատեցնող լինել մեր երիտասարդների համար, նրանց, ում մենք ուղղում ենք մեր հայացքները՝ մեր կյանքի վաղվա օրվա լավատեսության և եռանդի համար։ Ասում են, թե «երիտասարդների զորությունը ամբողջ աշխարհի ընդհանուր հարստությունն է։ Երիտասարդները … մեր … ապագայի դեմքն են …»։ 2 Ավելին, մեր երեխաներն են այն հոգաբարձուները, ում ձեռքերը կհանձնվի այս Եկեղեցու ճակատագիրը։

Հաշվի առնելով մեր օրերի խնդիրները՝ հասկանալի է, որ երիտասարդների իդեալների պատկերացումները փոքր ինչ նվազում են։ Յեյլի համալսարանի պրոֆեսոր Դոկտոր Լորի Սանտոսը վերջերս մի դասընթաց է կազմակերպել «Հոգեբանություն և լավ կյանք» վերնագրով։ «Դասընթացի առաջին տարում բակալավրիատի ուսանողների ամբողջ թվի գրեթե մեկ քառորդը գրանցվեց»։3 Այնուհետև այդ փոդքաստը համացանցում ունեցավ ավելի քան 64 միլիոն դիտում: Այդ երևույթի մասին գրելիս մի լրագրող նշել էր, թե որքան ցավալի է տեսնել, որ այդքան շատ փայլուն երիտասարդ ուսանողներ և մեծահասակներ հուսահատ «փնտրում են այն, ինչը կորցրել են», կամ, ավելի վատ՝ տենչում են այն, ինչը երբեք չեն ունեցել։4

Այսօր իմ աղերսն է մեր երիտասարդներին, նրանց ծնողներին և չափահասներին, ովքեր նրանց խորհուրդ են տալիս, սկսել երջանկության որոնումները՝ ընդունելով այն առատությունը, որը մենք արդեն ստացել ենք ամեն բարի պարգև տվողից։5 Հենց այս պահին շատերը աշխարհում հոգու խորքից հարցեր են տալիս, որոնց մենք պետք է պատասխանենք Հիսուս Քրիստոսի ավետարանի6 «լավ ավետիսով»։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կենդանի է պահում աշխարհի Փրկիչի առաքելությունն ու պատգամը, առաջարկում է հավերժական ամենակարևոր ճանապարհը՝ նման անհրաժեշտ պահին բարին գտնելու և բարին գործելու համար։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ երիտասարդների այս սերունդը ունակ է «ավելի մեծ ազդեցություն [առ բարին] ունենալ աշխարհի վրա, քան անցյալում որևէ այլ սերունդ»։7 Մենք, ի տարբերություն մյուս բոլոր մարդկանց, պետք է «երգենք փրկող սիրո երգը»,8 բայց դա կարգապահություն է պահանջում՝ «աշակերտություն», և եթե փորձենք երգել հավերժական փրկության երգը, այն կպաշտպանի բացասական վերաբերմունքից և կործանարար սովորություններից, որոնք մեզ ուղուց դուրս են մղում։

Անգամ եթե մնանք «փողոցի արևոտ կողմում»,9 մենք կհանդիպենք մեկին, ով որոշել է ամեն ինչը մռայլ ու դժգույն տեսնել։ Դուք գիտեք նրա նշանաբանը․ «Լրիվ սևանալուց առաջ ամեն ինչ չափազանց մութ է լինում»: Ինչպիսի՜ հիվանդագին մտածելակերպ և ինչպիսի՜ թշվառ գոյություն։ Այո, երբեմն մենք ուզում ենք փախչել այնտեղից, որտեղ գտնվում ենք, բայց մենք երբեք չենք փախչի ինքներս մեզնից, իսկ մենք ապրող Աստծո զավակներն ենք, ով սիրում է մեզ, ով միշտ պատրաստ է ներել մեզ, և ով երբեք չի լքի մեզ։ Դուք Նրա ամենաթանկ ունեցվածքն եք։ Դուք Նրա թանկագին զավակն եք, ում համար Նա ուղարկել է մարգարեներ և խոստումներ, հոգևոր պարգևներ և հայտնություն, հրաշքներ և ուղերձներ, նաև հրեշտակներ՝ վարագույրի երկու կողմերում։10

Նա ձեզ տվել է նաև Եկեղեցի, որը ամրացնում է ընտանիքները մահկանացու կյանքում և միմյանց կապում հավերժության մեջ։ Այն ունի ավելի քան 31000 ծուխ և ճյուղ, որտեղ մարդիկ հավաքվում են, երգում են, ծոմ են պահում և աղոթում են միմյանց համար, իրենց ունեցածից բաժին հանում աղքատին։ Այստեղ ամեն մեկը անուն ունի, հաշվառված է և սպասավորություն է ստանում, այստեղ ընկերները և հարևանները կամավոր ծառայում եմ միմյանց իրենց կոչումներում՝ գործավարից մինչև խնամակալ։ Հազարավոր երիտասարդ չափահասներ և տարեց զույգեր իրենց սեփական միջոցներով ծառայում են միսիաներում՝ առանց իմանալու, թե ուր են ուղևորվելու, իսկ անդամները՝ երիտասարդ և տարեց, այցելում են տաճարներ սրբազան արարողություններ կատարելու և մարդկային ընտանիքը միմյանց կապելու համար. համարձակ գործունեություն նման պառակտված աշխարհում, որը հայտարարում է, որ նման երկպառակությունը միայն ժամանակավոր է: Սրանք միայն մի քանի պատճառներ են «[մեր] մեջ եղած հույսի համար»։11

Անշուշտ, մեր օրերում Հիսուս Քրիստոսի ցանկացած աշակերտի առջև ծառանում են ահռելի դժվարություններ: Այս Եկեղեցու ղեկավարները իրենց կյանքը տալիս են, փնտրելով Տիրոջ առաջնորդությունը այս մարտահրավերների լուծման գործում: Եթե ոչ բոլոր խնդիրներն են լուծվում այնպես, որ բավարարեն մեզ, ապա միգուցե դրանք խաչի մասն են կազմում, որը, ըստ Հիսուսի, մենք պետք է վերցնենք մեզ վրա Նրան հետևելիս։12 Հենց այն պատճառով, որ կլինեն խավար օրեր և դժվար հարցեր, Աստված խոստացել է, որ ցերեկվա ամպի և գիշերվա կրակի սյունի օգնությամբ կառաջնորդի մարգարեներին, կտա երկաթե ձողը, կբացի մի նեղ դարպաս, որը տանում է դեպի նեղ արահետը, և ամենից առաջ կտա մեզ զորություն՝ ավարտելու մեր ուղին։13

Այնպես որ, խնդրում եմ, մնացեք և մասնակցեք ամբողջ խնջույքին, անգամ եթե բրոկոլի չեք սիրում։ Տաքացեք Նրա լույսով և մեկնեք ձեր մոմը՝ ծառայեցնելով գործին։14 Երեխաների խմբում ճիշտ են ասում․ Հիսուսը իրոք ուզում է, որ «արևաշող լինեք»։15

Երբ հրեա ղեկավարներից Հայրոսը աղաչում էր Հիսուսին բուժել տանը պառկած իր մահացող տասներկու տարեկան դստերը, հավաքված ամբոխը այնքան էր նեղում Փրկչին, որ ծառան շուտով եկավ և ասաց անհամբեր սպասող հորը․ «Աղջիկդ մեռավ․ մի աշխատացնիր վարդապետին»։

«Բայց Հիսուսը երբոր լսեց, նրան պատասխանեց և ասեց․ Մի վախենար, միայն հավատա, և կապրի»։16

Եվ նա բժշկվեց: Եվ նույնն էլ դուք եք անելու։ Մի վախենար, միայն հավատա։

Որովհետև այս լսարանում յուրաքանչյուրդ թանկ եք Աստծո և այս Եկեղեցու համար, ես ավարտում եմ այս հատուկ առաքելական հայտարարությամբ։ Սուրբ Հոգու պարգևը ստանալուց առաջ դուք ձեր հոգում ունեցել եք Քրիստոսի Լույսը,17 «լույսը, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին»,18 և բարու ազդեցությունը բոլոր մարդկանց սրտերում, որոնք երբևէ ապրել են կամ կապրեն։ Այդ լույսը տրված է ձեզ պաշտպանելու և ձեզ ուսուցանելու համար։ Առանցքային ուղերձներից մեկն այն է, որ կյանքը բոլոր պարգևներից ամենաթանկն է, պարգև, որը հավերժորեն ձեռք է բերվում միայն Տեր Հիսուս Քրիստոսի Քավությամբ։ Որպես Աշխարհի Լույս և Կյանք,19 Աստծո Միածինը եկավ տալու մեզ կյանք՝ հաղթելով մահին։

Մենք պետք է լիովին նվիրվենք կյանքի այդ պարգևին և շտապենք օգնել նրանց, ովքեր այդ սրբազան պարգևը կորցնելու վտանգի մեջ են։ Ղեկավարները, խորհրդատուները, ընկերները, ընտանիքի անդամները պետք է ուշադիր լինեն, որպեսզի նկատեն ընկճախտի, հուսահատության կամ սեփական անձին այլ տեսակի վնաս հասցնելու նշանները։ Օգնություն առաջարկեք։ Լսեք։ Անհրաժեշտության դեպքում՝ միջամտեք։

Երիտասարդնե՛ր, որ այժմ պայքարում եք, անկախ ձեր մտահոգություններից կամ դժվարություններից, ինքնասպանությամբ մահը, միանշանակ, պատասխան չէ։ Այն չի ազատի ձեզ այն ցավից, որը զգում եք, կամ, մտածում եք, թե պատճառում եք։ Անսահման լույսի կարիք ունեցող աշխարհում, խնդրում եմ, մի նվազեցրեք Աստծո հավիտենական լույսը, որ դրվել է ձեր հոգու մեջ դեռ այս աշխարհից առաջ։ Խոսեք որևէ մեկի հետ։ Օգնություն խնդրեք: Մի ոչնչացրեք կյանքը, որը պահպանելու համար Քրիստոսը տվել է Իրենը։ Դուք կարող եք դիմանալ այս մահկանացու կյանքի պայքարներին, որովհետև մենք կօգնենք ձեզ կրել դրանք։ Դուք ավելի ուժեղ եք, քան մտածում եք։ Օգնությունը հասանելի է՝ մյուսներից և, հատկապես, Աստծուց։ Դուք սիրված, գնահատված և կարևոր եք։ Մենք ունենք ձե՛ր կարիքը: Մի վախենար, միայն հավատա։

Նա, ով շատ ավեի հուսահատ վիճակում էր հայտնվել, քան դուք և ես երբևէ կլինենք, բացականչել է․ «Առաջ [իմ սիրելի երիտասարդ ընկերներ]։ Քաջությո՛ւն, … և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ։ Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան»։20 Մենք այնքան շատ բան ունենք ուրախանալու։ Մենք ունենք միմյանց և մենք ունենք Նրան։ Մի մերժեք հնարավորությունը, որ մենք լինենք ձեզ հետ, ես աղերսում եմ, Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան ու սուրբ անունով, ամեն: