Գերագույն համաժողով
Ուխտի ուղին՝ ճանապարհ դեպի հավերժական կյանք
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:22

Ուխտի ուղին՝ ճանապարհ դեպի հավերժական կյանք

Կատարելության ճանապարհը ուխտի ուղին է, և Հիսուս Քրիստոսը բոլոր արարողությունների և ուխտերի կենտրոնն է:

Մի հզոր թագավոր ցանկանում էր, որ իր որդին իշխի իր թագավորություններից մեկի վրա։ Արքայազնը պետք է սովորեր և իմաստությամբ աճեր՝ գահին նստելու համար: Մի օր թագավորը հանդիպեց արքայազնի հետ և պատմեց իր ծրագրի մասին: Նրանք պայմանավորվեցին, որ արքայազնը կգնա մեկ այլ քաղաք և փորձ ձեռք կբերի: Այնտեղ նա կհանդիպի մարտահրավերների, ինչպես նաև կվայելի շատ բաներ։ Այնուհետև թագավորը նրան ուղարկեց այն քաղաքը, որտեղ ակնկալվում էր, որ արքայազնը կապացուցեր իր հավատարմությունը թագավորին և ցույց կտար, որ պիտանի է ստանալ այն արտոնություններն ու պարտականությունները, որոնք թագավորը պատրաստել էր նրա համար: Արքայազնին տրվել էր ազատություն. նա պետք է ընտրեր՝ ստանալ այդ արտոնություններն ու պարտականությունները, թե ոչ՝ կախված իր ցանկություններից և հավատարմությունից: Համոզված եմ, որ ցանկանում եք իմանալ, թե ինչ պատահեց արքայազնին։ Արդյո՞ք նա վերադարձավ՝ ժառանգելու թագավորությունը:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեզանից յուրաքանչյուրը արքայազն կամ արքայադուստր է: Մենք մահկանացու կյանք ենք ուղարկվել սիրառատ Երկնային Հոր կողմից՝ վայելելու մարմնի օրհնությունը, որն անմահ կդառնա Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության միջոցով: Մեզնից ակնկալվում է, որ պատրաստվենք վերադառնալ Աստծո ներկայությունը՝ ապացուցելով, որ մենք «կանեն[ք] այն ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3.25):

Մեզ օգնելու համար Փրկիչը եկավ՝ փրկագնելու մեզ և ցույց տալու դեպի Աստված վերադառնալու ուղին: Աստծո զավակները հրավիրվում են գալ Փրկիչի մոտ և կատարելագործվել Նրանում: Սուրբ գրություններում մենք պարզում ենք, որ մեզ համար Տիրոջ մոտ գալու հրավերը կրկնվել է ավելի քան 90 անգամ, և դրանց կեսից ավելին անձնական հրավերներ են՝ հենց Տիրոջ կողմից: Ընդունել Փրկիչի հրավերը նշանակում է՝ ճաշակել Նրա արարողություններից և պահել Նրա հետ ունեցած մեր ուխտերը: Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 14.6), և Նա հրավիրում է մեզ «բոլորի[ս] գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին» (2 Նեփի 26.33):

Ուսումնասիրելով և ուսուցանելով ավետարանը՝ մենք խորացնում ենք մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և ավելի շատ ենք նմանվում Նրանց: Թեև ոչ բոլոր բաներն են բացահայտվել վեհացման օրհնությունների շնորհման ճշգրիտ ժամանակի և ձևի վերաբերյալ, սակայն մենք, այնուամենայնիվ, համոզված ենք դրանցում (Մ. Ռասսել Բալլարդ, «Հույս Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2021, 55):

Ալմա քահանայապետը ուսուցանելով Զարահեմլայի երկրում, պատմեց Հիսուս Քրիստոսի հիմնարար հրավերի մասին.

«Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարեք, և ես կընդունեմ ձեզ:

Այո, նա ասում է. Եկե՛ք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի պտղից» (Ալմա 5.33–34):

Փրկիչն ինքը հրավիրում է մեզ գալ Իր մոտ և վերցնել Իր լուծը մեզ վրա, որպեսզի մենք կարողանանք հանգստանալ այս փոթորկոտ աշխարհում (տես Մատթեոս 11.28–29): Մենք գալիս ենք Քրիստոսի մոտ՝ «հավատք գործադրելով [Նրա] հանդեպ, ամեն օր ապաշխարելով, ուխտեր կապելով Աստծո հետ, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, և համբերելով մինչև վերջ՝ պահելով այդ ուխտերը» (Ընդհանուր Ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.2.1, ChurchofJesusChrist.org): Կատարելության ճանապարհը ուխտի ուղին է, և Հիսուս Քրիստոսը բոլոր արարողությունների և ուխտերի կենտրոնն է:

Բենիամին թագավորն ուսուցանել է, որ մեր կապած ուխտերի շնորհիվ մենք դառնում ենք Քրիստոսի որդիներն ու դուստրերը, ով հոգևորապես ծնել է մեզ, և Նրա անվան ներքո մենք ազատվում ենք, քանզի «չկա մեկ այլ անուն, որով [մենք] կարողանանք դարձվել ազատ» (Մոսիա 5.7–8): Մենք փրկված ենք, երբ դիմանում ենք մինչև վերջ՝ «հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին» (2 Նեփի 31.16): Նեփին խորհուրդ է տվել, որ ամեն ինչ չէ, որ արվում է զուտ նեղ ու անձուկ արահետի մեջ մտնելով, մենք պետք է «առաջ մղվե[ն]ք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31.19–20):

Քրիստոսի վարդապետությունն օգնում է մեզ գտնել և մնալ ուխտի ուղու վրա, և ավետարանն այնպես է դասավորված, որ Տիրոջ խոստացած օրհնությունները ստացվում են սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով: Աստծո մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, 2018 թվականի հունվարի 16-ի հեռարձակման ժամանակ հորդորեց մեզ «շարունակել ուխտի ուղին: Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ Նրա հետ ուխտեր կապելով և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ։ … Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին, որն է՝ հավերժական կյանքը» («Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7):

Աստված Իր հարաբերությունները չի խզի որևէ հավատարիմ ուխտը պահողից կամ թաքցնի հավերժական կյանքի Իր խոստացած օրհնությունները նրանից: Եվ երբ մենք պատվում ենք սուրբ ուխտերը, մենք ավելի ենք մոտենում Փրկչին: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը երեկ ուսուցանեց մեզ, որ ավետարանի ուխտերն ու արարողությունները գործում են մեր կյանքում որպես կողմնացույց, որը մեզ գլխավոր ուղղություն է տալու՝ գալ դեպի Քրիստոսը և ավելի նմանվել Նրան:

Ուխտերը նշում են դեպի Աստված վերադարձի ուղին: Մկրտության և Սուրբ Հոգու պարգև ստանալու արարողությունները, քահանայության կարգումը և հաղորդությունը մեզ տանում են դեպի Տիրոջ տաճար՝ ճաշակելու Նրա վեհացման արարողությունները:

Ես կցանկանայի նշել երկու բան, որ մեր Փրկիչը շեշտեց՝ օգնելով մեզ հավատարմորեն պահել ուխտերը.

  1. Սուրբ Հոգին կարող է ուսուցանել մեզ, հիշեցնել մեզ Փրկիչի ուսմունքների մասին և հավերժ մնալ մեզ հետ (տես Հովհաննես 14.16, 26): Նա կարող է լինել մեր մշտական ուղեկիցը՝ առաջնորդելով մեզ ուխտի ճանապարհին: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է, որ «գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել՝ առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտական սփոփիչ ազդեցության» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96):

  2. Փրկիչը հաստատել է հաղորդության արարողությունը, որպեսզի մենք միշտ հիշենք Նրան և Նրա Հոգին մեզ հետ ունենանք: Մկրտությունը բացում է դարպասը դեպի հավերժական կյանք, իսկ հաղորդությունն օգնում է մեզ հաստատակամորեն առաջ գնալ ուխտի ճանապարհով: Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, դա վկայություն է Հոր համար, որ մենք միշտ հիշում ենք Նրա Որդուն: Եվ քանի որ մենք միշտ հիշում ենք Նրան և պահում Նրա պատվիրանները, մենք Նրա Հոգին մեզ հետ կունենանք: Ի լրումն այս խոստմանը՝ Տերը նորոգում է մեղքի խոստացված թողությունը, երբ մենք խոնարհաբար ապաշխարում ենք մեր մեղքերի համար:

Մեր ուխտերին հավատարիմ մնալով՝ մենք պետք է ձգտենք միշտ ունենալ Հոգին, որը պատրաստում է մեզ արժանիորեն ճաշակել հաղորդությունը, և, նույն կերպ, մենք կանոնավոր ընդունում ենք հաղորդությունը՝ Հոգին միշտ մեզ հետ ունենալու համար:

Երբ մեր աղջիկը հինգ տարեկան էր, նա ուներ մարտկոցով աշխատող մեքենա և սիրում էր քշել այն տանը: Մի երեկո նա եկավ ինձ մոտ և ասաց. «Հայրիկ, իմ մեքենան այլևս չեմ կարողանում քշել: Կարո՞ղ ենք քո մեքենայից բենզին վերցնել և նորից քշել: Երևի քո մեքենայի նման բենզին է անհրաժեշտ՝ քշելու համար»։

Ես ավելի ուշ նկատեցի, որ մարտկոցը լիցքաթափվել էր, ուստի ասացի, որ այն կքշենք մոտ մեկ ժամից: Մեծ ոգևորությամբ նա ասաց. «Այո՛: Մենք այն կտանենք բենզալցակայան»։ Լիցքավորելու համար ես պարզապես միացրի մարտկոցը էլեկտրական սնուցման աղբյուրին, և մեկ ժամ անց նա կարողացավ քշել մեքենան, որը սնվում էր լիցքավորված մարտկոցից: Դրանից հետո նա իմացավ, որ կարևոր է միշտ լիցքավորել մարտկոցը՝ այն միացնելով էլեկտրական սնուցման աղբյուրին:

Ինչպես դուստրս սովորեց իր խաղալիք մեքենայի մարտկոցի և էլեկտրական սնուցման միջև կապը, այնպես էլ մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի, հաղորդության և Հոգու մասին: Մենք Հոգու կարիքն ունենք, որ օգնի մեզ նավարկել մահկանացու կյանքի միջով, երբ մենք հավատարմորեն պահում ենք ուխտերը, իսկ հաղորդության կարիքն ունենք, որպեսզի լիցքավորենք մեր հոգևոր էությունը: Նորոգելով մեր մկրտության ուխտը և ճաշակելով հաղորդությունից՝ մենք հավատարիմ ենք մնում մյուս բոլոր ուխտերին: Երջանիկ ավարտը ապահովված է, երբ մենք աղոթքով ուսումնասիրում և հարգում ենք Փրկիչի հրավերը և վայելում Նրա խոստացած օրհնությունները: Նա ասել է. «Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը» (Վարդապետություն և Ուխտեր 59.9):

Ես վկայում եմ, որ ուխտը պահողներին խոստացվել է խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում (Վարդապետություն և Ուխտեր 59.23): Ես վկայում եմ, որ երբ դուք կանոնավոր ընդունեք Փրկիչի խորհրդանիշը հաղորդության միջոցով, դուք կունենաք Նրա Հոգին, որը կառաջնորդի ձեզ ուխտի ճանապարհին, և դուք հավատարիմ կմնաք ձեր ուխտերին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։