Գերագույն համաժողով
Արդյո՞ք ծրագիրը գործում է
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


12:17

Արդյո՞ք ծրագիրը գործում է

Ես վկայում եմ, որ երջանկության ծրագիրը գործում է: Այն ստեղծվել է ձեր Երկնային Հոր կողմից, ով սիրում է ձեզ:

Արդյո՞ք ծրագիրը գործում է

Վերջերս ես զրույց ունեցա մի երիտասարդ չափահասի հետ, ով միսիա էր ծառայել մի քանի տարի առաջ, իսկ այժմ զբաղված էր իր մասնագիտական աշխատանքով: Որոշ առումներով նրա կյանքը կարծես թե լավ էր ընթանում: Բայց նրա հավատքը նվազել էր: Նա սուզվում էր Փրկիչի և Նրա Եկեղեցու վերաբերյալ կասկածի ծովը: Նա բացատրեց, որ չէր ստանում այն օրհնությունները, որոնք ակնկալում էր վերականգնաված ավետարանից: Նա չէր զգում, որ երջանկության ծրագիրը գործում է իր համար:

Իմ ուղերձն այսօր բոլոր նրանց համար է, ովքեր, գուցե, ունեն նմանատիպ զգացումներ: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր մի ժամանակ «տրամադրված են եղել երգելու քավիչ սիրո երգը», բայց այժմ «չունեն այդպիսի զգացում»:1

Մեր սիրելի Երկնային Հայրը պատրաստել է հիանալի ծրագիր մեր հավերժական երջանկության համար։ Բայց երբ կյանքը չի ծավալվում այնպես, ինչպես մենք հույս ունեինք, կարող է թվալ, թե ծրագիրը չի գործում:

Հետաքրքիր է, մենք երբեմն զգում ենք այնպես, ինչպես Հիսուսի աշակերտներն էին զգում, երբ նրանք գտնվում էին նավի մեջ՝ «ծովի մեջտեղում՝ ալեկոծվ[ելով], որովհետև քամին ներհակ էր»։2

Հետո առավոտյան շատ վաղ.

«Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ:

Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթվեցան և… վախից աղաղակեցին:

Եւ Յիսուսը շուտով խոսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք:

Եվ Պետրոսը պատասխան տվավ նորան և ասեց. Տէ՜ր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մոտ գամ:

Նա էլ ասաց, Եկ: Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ:

Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբոր սկսեց ընկմուիլ, աղաղակեց … Տէր, փրկիր ինձ:

«Եվ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց` նորան բռնեց և ասեց նորան. «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր»:3

Կարո՞ղ եմ արդյոք կիսվել ձեզ հետ երեք սկզբունքով, որոնք ես սովորել եմ Պետրոսից: Ես աղոթում եմ, որ այդ սկզբունքներն օրհնեն բոլոր նրանց, ովքեր զգում են, որ երջանկության ծրագիրը չի գործում իրենց կյանքում:

Առաջինը՝ գործեք հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Ես ապշում եմ Պետրոսի հավատքից: Հիսուսի «եկ» հասարակ հրավերով նա թողեց փոթորկից օրորվող իր նավը: Նա կարծես գիտեր, որ եթե Հիսուս Քրիստոսը հրավիրում էր իրեն անել ինչ-որ բան, ապա ինքը կարող էր անել դա:4 Պետրոսն ավելի շատ վստահում էր Փրկիչին, քան իր նավին: Եվ այդ հավատքը ուժ տվեց նրան քաջաբար գործել լարված, եկյուղալի իրավիճակում:

Պետրոսի հավատքը հիշեցնում է ինձ մի փորձառության մասին, որով երեց Խոսե Լ. Ալոնսոն կիսվել է ինձ հետ: Որդու մահից կարճ ժամանակ անց երեց Ալոնսոն լսեց նրա փոքր երեխաների խոսակցությունը:

«Ի՞նչ ենք անելու»,- հարցրին նրանք:

Ինը տարեկան դուստրը պատասխանեց. «Հայրիկը լավ է: Նա քարոզում է Հիսուս Քրիստոսի ավետարանը»:

Պետրոսի նման այդ փոքրիկ աղջիկը տեսավ իր դժվարություններից այն կողմ և վստահեց Հիսուս Քրիստոսին ու Նրա Քավությանը: Փրկիչի հանդեպ հավատքը բերում է խաղաղություն և առաջ շարժվելու ուժ:

Եթե հետադարձ հայացք նետեք ձեր անցյալ փորձառությունների վրա, համոզված եմ՝ դուք կտեսնեք, որ շատ անգամներ ձեր կյանքում դուք հավատք եք գործադրել Եկեղեցուն միանալը հավատքի դրսևորում է: Երկնային Հոր հետ աղոթքով զրույցը հավատքի դրսևորում է։ Սուրբ գրությունների ընթերցումը հավատքի դրսևորում է: Այս գերագույն համաժողովի ուղերձների ունկնդրումը հավատքի դրսևորում է: Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ասել. «Մի նվազեցրեք ձեր հավատքը, որ արդեն ունեք»:5

Ի՞նչ դասեր կարող ենք սովորել Պետրոսի փորձառությունից:

Դժբախտության պահերին անիջապես դիմեք Հիսուս Քրիստոսին:

Երբ Պետրոսը քայլեց դեպի Փրկիչը, նա վախեցավ քամուց և սկսեց սուզվել: Բայց, երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ էր տեղի ունենում, չփորձեց ինքնուրույն քայլել ջրի վրայով կամ լողալով վերադառնալ նավ: Քրիստոսի հանդեպ իր հավատքը գործադրելու փոխարեն՝ նա ավելի ամուր բռնվեց՝ գոռալով. «Տեր, փրկիր ինձ»:

«Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց»:6

Մենք բոլորս բախվում ենք փոթորկոտ քամիների, որոնք կարող են ցնցել մեր հավատքը և ստիպել մեզ սուզվել: Երբ սա տեղի է ունենում, խնդրում եմ, հիշեք, որ Երկնային Հոր երջանկության ծրագիրն ունի մեկ այլ անուն՝ փրկագնման ծրագիր: Ծրագիրն այն չէր, որ մենք հեշտությամբ սահենք կյանքի միջով, երբեք չսայթաքենք, երբեք չսուզվենք, միշտ ժպիտը մեր դեմքին: Մեր Երկնային Հայրը գիտեր, որ մենք կարիք կունենանք փրկագնվելու: Այդ պատճառով Նա պատրաստեց փրկագնման ծրագիրը:7 Այդ պատճառով Նա Քավիչ ուղարկեց: Երբ մենք ինչ-որ պատճառներով մաքառումների մեջ ենք, դա չի նշանակում, որ ծրագիրը չի գործում: Այդ ժամանակ է, որ մենք դրա կարիքն ամենաշատը ունենք:

Այդ պահերին հետևեք Պետրոսի օրինակին: Անմիջապես դիմեք Փրկիչին:

«Այժմ է ձեր փրկության ժամանակը և օրը: … Մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը»:8

Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք և որտեղ ենք եղել, ապաշխարությունը ուղին է դեպի առաջ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․

«Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: …

Անկախ նրանից, թե դուք ջանասիրաբար շարժվում եք ուխտի ճանապարհով, սայթաքել կամ շեղվել եք ուխտի ճանապարհից, կամ նույնիսկ չեք կարող տեսնել այդ ճանապարհն այն տեղից, որտեղ գտնվում եք, աղաչում եմ ձեզ ապաշխարել: Զգացեք ամենօրյա ապաշխարության ամրացնող զորությունը՝ ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը»։9

Դեպի Քրիստոս գալը նշանակում է ավելին, քան ուղղակի Նրա մասին մտածելը, Նրա մասին խոսելը կամ նույնիսկ Նրան սիրելը: Դա նշանակում է հետևել Նրան: Դա նշանակում է ապրել այն ձևով, ինչպես Նա է ուսուցանում մեզ ապրել: Եվ մեզ բոլորիս համար դա նշանակում է ապաշխարել՝ առանց հապաղելու:

Իմ դուստրերից մեկը աշխատում էր միսիոներների ուսուցման կենտրոնում: Նա պատմեց ինձ մի երեցի մասին, որին ուսուցանում էր: Վերջինս նրան խոստովանել էր, որ համոզված չէր Մորմոնի Գրքի ճշմարտության մեջ: Նա շարունակ աղոթել էր հոգևոր վկայության համար, բայց պատասխան չէր ստացել:

Դուստրս աղոթեց, որպեսզի իմանար, թե ինչ պետք է աներ այդ միսիոներին օգնելու համար: Նրա ստացած տպավորությունն այն էր, որ սուրբ գրությունները չեն տրվել միայն, որպեսզի մենք կարդանք դրանք և ստանանք վկայություն, դրանք տրվել են նաև, որ ուսուցանեն մեզ պահել Աստծո պատվիրանները: Դուստրս այս մտքով կիսվեց միսիոների հետ:

Ավելի ուշ նա նորից տեսավ այդ միսիոներին՝ շատ ավելի երջանիկ տեսքով: Նա պատմեց նրան, որ, ի վերջո, ստացել էր վկայություն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նա գիտեր, որ այդ վկայությունը ստացել էր, քանի որ ավելի մեծ ջանք էր գործադրում անելու այն, ինչ Մորոնի գիրքն էր ուսուցանում:

Եկեք հետևենք Պետրոսի օրինակին` դիմելով Փրկիչին մեր դժվարին պահերին: Հետևեք Հիսուս Քրիստոսին` ձեր սեփական իմաստությանն ու ուժին ապավինելու փոխարեն: Անկախ նրանից, թե որքան երկար եք փորձել քայլել ջրի վրայով առանց Նրա, երբեք ուշ չէ ձեռքը մեկնել դեպի Նա: Ծրագիրը գործում է:

Երրորդ սկզբունքը, որը ես սովորել եմ Պետրոսից և նրա փորձառությունից, հետևյալն է.

Խոնարհեցրեք ձեզ Տիրոջ առջև և Նա կբարձրացնի ձեզ ավելի մեծ բաների համար:

Պետրոսը ցույց էր տվել հավատք՝ ինչպես ջրի վրա քայլելով, այնպես էլ ձեռքը մեկնելով դեպի Փրկիչը, երբ օգնության կարիք ուներ: Այնուամենայնիվ, Փրկիչը Պետրոսի մեջ շատ ավելի մեծ ներուժ տեսավ: «Թերահաւատ», - ասաց Նա,- «ի՞նչու երկմտեցիր»:10

Պետրոսը կարող էր զայրանալ այդ հանդիմանությունից: Բայց նա ընդունեց այն խոնարհությամբ: Նա շարունակեց ավելի մեծ հավատք փնտրել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Բազմաթիվ այլ հավատք կառուցող փորձառությունների միջոցով, որոնցից մի քանիսը շատ դժվար էին, Պետրոսն, ի վերջո, դարձավ այն անսասան առաջնորդը, որը Տերն էր ցանկանում, որ նա դառնա: Տիրոջ ծառայությունում Նա մեծ գործեր կատարեց:

Ի՞նչ մեծ գործեր է կամենում Տերը, որ մենք կատարենք: Նրա Եկեղեցում և արքայությունում շատ հնարավորություններ կան՝ ծառայելու և սպասավորելու ուրիշներին, ինչպես Փրկիչն է արել: Նա կամենում է, որ դուք լինեք Իր մեծ գործի մի մասը: Երջանկության ծրագիրը երբևէ ավելի իրական չի դառնա ձեզ համար, որքան այն ժամանակ, երբ դուք օգնում եք ուրիշներին ապրել դրանով:

Իմ անձնական հավատքի կառուցման գործում Ալմայի այս խոսքերը շրջադարձային եղան. «Օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ»:11 Եկեք խոնարհաբար դնենք մեզ այնպիսի դիրքում, որտեղ Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել մեզ, առաջնորդել և առավելագույնս օգտագործել մեր կարողությունները:12

Ես վկայում եմ, որ երջանկության ծրագիրը գործում է: Այն ստեղծվել է ձեր Երկնային Հոր կողմից, ով սիրում է ձեզ: Այն գործում է, որովհետև Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը հաղթեց մեղքն ու մահը: Եկեք դեպի Նա, հետևեք Նրան և փրկագնման մեծ ծրագիրն «անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»:13 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։