Երիտասարդներ
Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ


«Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար (2022)

«Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար

Նկար. Հիսուս Քրիստոսը

Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ

Սաղմոս 147․3

Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Նա արել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դուք ուրախություն ունենաք այս կյանքում և ընդմիշտ: Ընտրելով Նրան և Նրա ավետարանը՝ դուք ընտրում եք հավերժական ուրախությունը:

Նկար. Հիսուսի ձեռքը դիպչում է տղամարդու փակ աչքին

Նույնիսկ, երբ փորձում եք անել հնարավոր ամեն ինչ՝ լավ ընտրություն կատարելու համար, երբեմն սխալներ կգործեք։ Դուք կանեք այնպիսի բաներ, որոնք կցանկանայիք, որ չանեիք: Բոլորի հետ է դա պատահում: Երբ դա տեղի է ունենում, հեշտ է հուսահատվել կամ մտածել՝ արդյո՞ք երբևէ կդադարեմ սխալներ գործել: Բայց կա լավ նորություն՝ հրաշալի, հուսադրող նորություն: Քանի որ Աստված սիրում է ձեզ, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որն իր վրա վերցրեց ձեր մեղքերը, որպեսզի կարողանաք ապաշխարել և շարունակել առաջադիմել:

Հավերժական ճշմարտություններ

Հիսուս Քրիստոսը կարող է ուժ տալ ձեզ: Նա կարող է օգնել ձեզ փոխել ձեր ցանկությունները, ձեր մտքերը և ձեր գործողությունները: Երբ դուք անհանգստանում եք, վախենում կամ ինչ-որ կերպ պայքարում եք, Նա կմխիթարի ձեզ: Նա կօգնի ձեզ ձեր կյանքի բոլոր ոլորտներում:

Ապաշխարությունը պատիժ չէ մեղքի համար. դա այն ճանապարհն է, որով Փրկիչը մեզ ազատում է մեղքից: Ապաշխարել նշանակում է փոխվել՝ հեռանալ մեղքից և դառնալ դեպի Աստված: Դա նշանակում է կատարելագործվել և ներում ստանալ: Այս տեսակի փոփոխությունը մեկանգամյա իրադարձություն չէ. դա շարունակական գործընթաց է:

Հրավերներ

Ապաշխարեք: Ապավինեք Տիրոջը կատարելագործվելու ցանկությամբ: Եթե ինչ-որ սխալ բան եք արել, ազնվորեն ընդունեք դա Աստծո առաջ և, ըստ անհրաժեշտության, ձեր եպիսկոպոսի և այն մարդու առաջ, ում դուք գուցե վնասել եք: Ամեն ինչ արեք՝ իրավիճակը շտկելու համար:

Ուրախացեք ավելի լավ գործելու և ավելի լավ լինելու պարգևով: Նույնիսկ, երբ դա հեշտ չէ և ավելի երկար է տևում, քան կցանկանայիք, երբեք մի դադարեք փորձել: Շարունակեք աշխատել և վստահել Տիրոջը: Փրկիչը կօգնի ձեզ ճանապարհի ամեն քայլափոխին:

Խոստացված օրհնություններ

Հիսուս Քրիստոսը կների և կբժշկի ձեզ, երբ դուք ապաշխարեք: Նա ձեր մեղքը կփոխարինի խաղաղությամբ և ուրախությամբ: Նա այլևս չի հիշի ձեր մեղքերը: Նրա ուժով կմեծանա Նրա պատվիրանները պահելու ձեր ցանկությունը:

Նա կփոխի ձեր սիրտը և ձեր կյանքը: Դուք կամաց-կամաց կաճեք ու ավելի շատ կնմանվեք Նրան: Նրա հետ ունեցած ձեր ուխտի կապը ավելի մեծ հասանելիություն կբերի դեպի Նրա զորությունը:

հարցերի և պատասխանների պատկերակ

Հարցեր և պատասխաններ

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ: Աստված խոստանում է, որ կների նրանց, ովքեր ապաշխարում են: Երբ դուք մխիթարություն եք զգում Հոգուց, կարող եք իմանալ, որ Փրկչի քավիչ զորությունը գործում է ձեր կյանքում:

Ես ե՞րբ ունեմ եպիսկոպոսի օգնության կարիքը՝ ապաշխարելու համար: Ձեր եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիներ և հոգևոր պարգևներ, որոնցով օգնում է ձեզ ապաշխարել: Դուք կարող եք ցանկացած պահի դիմել նրա օգնությանն ու խորհրդին: Եթե լուրջ սխալներ եք թույլ տվել, ինչպիսին է մաքրաբարոյության օրենքի խախտումը, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ: Նա ձեզ չի դատապարտի: Նա Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչն է և կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես լիովին ապաշխարել և ստանալ Փրկչի բժշկող ու ամրացնող զորությունը:

Ես փորձում եմ ապաշխարել, բայց շարունակում եմ նույն սխալները թույլ տալ: Ի՞նչ պետք է անեմ այժմ։ Լավ սովորությունները զարգացնելու և վատ սովորությունները վերացնելու համար ժամանակ է պահանջվում, այնպես որ մի հանձնվեք: Շրջվեք դեպի Քրիստոսը: Նրա շնորհը բավարար է: Կրկին փորձեք: Դուք երբեք մենակ չեք առաջադիմելու ձեր ջանքերում: Հիսուս Քրիստոսը միշտ ձեզ հետ է:

Նկար. Հիսուսը Պետրոսի ձեռքից բռնած՝ կատաղած ալիքների մեջ։

Տես Ենովս 1.6 (հանցանքը կարող է սրբվել), Մոսիա 4.3 (Սուրբ Հոգու միջոցով Աստված թույլ է տալիս իմանալ, որ դուք ներված եք), 26.30 (Փրկիչը ներում է այնքան հաճախ, որքան մենք ապաշխարում ենք), Եթեր 12.27 (Փրկչի շնորհը կարող է թույլ բաներն ուժեղ դարձնել)), Մորոնի 6.8 (նրանք, ովքեր ապաշխարում են, ներվում են), 10.32 (կատարյալ եղեք Քրիստոսում), Վարդապետություն և Ուխտեր 1.32 (Տերը ներում է նրանց, ովքեր ապաշխարում են), 58.42–43 (ապաշխարությունը ներառում է մեղքը խոստովանելը և թողնելը):

Տաճարի պատկերակ

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին: