«Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը», Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց (2022)
«Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը», Երիտասարդներին զորացնելու համար
Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը
Մատթեոս 22.37-40
Աստված պատվիրաններ է տալիս, որպեսզի օգնի ձեզ լավ ընտրություններ կատարել: Նա անում է դա, քանի որ սիրում է ձեզ: Եվ Աստծո պատվիրաններին հնազանդվելու լավագույն պատճառն այն է, որ դուք սիրում եք Նրան: Սերը Աստծո պատվիրանների հիմքում է:
Հավերժական ճշմարտություններ
Աստված սիրում է ձեզ: Նա ձեր Հայրն է: Նրա կատարյալ սերը կարող է ոգեշնչել, որ դուք սիրեք Նրան: Երբ ձեր սերը Երկնային Հոր հանդեպ ամենակարևոր ազդեցությունն է ձեր կյանքում, շատ որոշումներ ավելի հեշտ են դառնում:
Հիսուսի ուսուցանած երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ձեր ընկերոջը: Իսկ ո՞վ է քո ընկերը։ Ամեն ո՛ք: Սուրբ գրություններում և մարգարեների կողմից ուսուցանված մնացած ամեն ինչ կապված է այս երկու պատվիրանների հետ:
Բոլոր մարդիկ ձեր եղբայրներն ու քույրերն են, ներառյալ, իհարկե, մարդիկ, որոնք տարբերվում են ձեզանից կամ համաձայն չեն ձեզ հետ: Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները սիրեն միմյանց: Երբ դուք ծառայում եք Նրա զավակներին, դուք ծառայում եք Նրան:
Հրավերներ
Աստծո հանդեպ սեր ցույց տվեք՝ պահելով Նրա պատվիրանները: Օրինակ՝ Հանգստության օրը սուրբ պահելով, այդ թվում՝ հավատարմորեն պատրաստվելով և ճաշակելով հաղորդությունը, դուք ցույց եք տալիս Աստծուն, որ պատրաստ եք շաբաթական մեկ օր նվիրել Նրան: Երբ ծոմ եք պահում և վճարում տասանորդն ու նվիրաբերությունները, դուք ցույց եք տալիս Աստծուն, որ Նրա աշխատանքը ձեզ համար ավելի կարևոր է, քան նյութական բաները: Երբ դուք օգտագործում եք Աստծո և Քրիստոսի անունները ակնածանքով, ոչ երբևէ իզուր կամ պատահական ձևով, դուք ցույց եք տալիս, որ երախտապարտ եք այն ամենի համար, ինչ Նրանք արել են ձեզ համար:
Յուրաքանչյուրին վերաբերվեք՝ որպես Աստծո զավակի: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ դուք կարող եք օրինակ ծառայել՝ սիրով, հարգանքով և ընդգրկվածությամբ վերաբերվելով բոլոր ռասաների և կրոնների մարդկանց և ցանկացած այլ խմբերի, հատկապես նրանց, ովքեր երբեմն վիրավորական խոսքերի և արարքների զոհ են դառնում: Սատարեք նրանց, ովքեր զգում են միայնակ, մեկուսացված կամ անօգնական: Օգնեք նրանց զգալ Երկնային Հոր սերը ձեր միջոցով:
Համոզվեք, որ ձեր խոսքերը սեր են արտացոլում Աստծո և ուրիշների հանդեպ՝ անկախ նրանից՝ դուք անձամբ եք շփվում, թե հեռավար: Ասեք այնպիսի բաներ, որոնք ոգևորում են, և մի ասեք որևէ բան, որը կարող է պառակտող, վնասակար կամ վիրավորական լինել, նույնիսկ՝ կատակով: Ձեր խոսքերը կարող են հզոր լինել: Թող ձեր խոսքերը լավ ազդեցություն ունենան ուրիշների վրա:
Աստծո բոլոր զավակներին սիրելը սկսվում է տնից: Կատարեք ձեր բաժինը՝ ձեր տունը դարձնելով մի վայր, որտեղ բոլորը կարող են զգալ Փրկչի սերը:
Խոստացված օրհնություններ
Աստծո հետ ձեր հարաբերությունները կխորանան, երբ դուք արտահայտեք ձեր սերը՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին և պահելով Նրա հետ ունեցած ձեր ուխտերը:
Ձեր հարաբերությունները ուրիշների հետ կխորանան, երբ դուք արտահայտեք ձեր սերը Քրիստոսանման ծառայության միջոցով: Դուք ուրախություն կգտնեք՝ աշխարհն ավելի սիրող վայր դարձնելով:
Հարցեր և պատասխաններ
Ինչպե՞ս կարող եմ զգալ Աստծո սերը: Երկնային Հոր սերը միշտ հասանելի է: Հաճախ խոսեք Նրա հետ աղոթքի միջոցով: Կիսվեք Նրա հետ ձեր զգացմունքներով և լսեք Նրա հուշումները: Կարդացեք Նրա խոսքերը սուրբ գրություններում: Մտածեք այն ամենի մասին, ինչ Նա արել է ձեզ համար: Ժամանակ անցկացրեք այն վայրերում և այնպիսի միջոցառումներում, որտեղ ներկա է Նրա Հոգին:
Արդյո՞ք Տերն ակնկալում է, որ ես սիրեմ բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր վատ են վերաբերվում ինձ: Տերն ակնկալում է, որ դուք սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք նրանց համար, ովքեր վատ են վերաբերվում ձեզ: Սակայն, դա չի նշանակում, որ դուք պետք է մնաք այնպիսի իրավիճակում, որը ձեզ հուզական, ֆիզիկական կամ հոգևոր վնաս է պատճառում: Առողջ սահմաններ դրեք՝ ձեր անվտանգությունն ապահովելու համար: Եթե դուք ենթարկվում եք ծաղր ու ծանակի կամ բռնության, կամ եթե գիտեք, որ դա տեղի է ունենում մեկ ուրիշի հետ, խոսեք վստահելի մեծահասակի հետ:
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է ծանոթանամ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Ուրիշներին ճանաչելու լավագույն միջոցը իսկական բարեկամությունն է: Քանի դեռ երիտասարդ եք, լավ ընկերական հարաբերություններ հաստատեք շատերի հետ։ Որոշ մշակույթներում երիտասարդները ծանոթանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առողջ խմբային գործունեության միջոցով: Ձեր հուզական և հոգևոր զարգացման ու անվտանգության համար անհատական միջոցառումները պետք է հետաձգվեն, մինչև հասունանալը. 16 տարեկանը լավ ուղենիշ է: Խորհրդակցեք ձեր ծնողների և ղեկավարների հետ: Պահեք այդ բացառիկ հարաբերությունները, երբ դուք ավելի մեծ եք: Ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր օգնում են ձեզ պահել ձեր պարտավորությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ տունը սիրո վայր չէ: Ձեր Փրկիչը գիտի ձեր վիճակը, և Նա սիրում է ձեզ: Եղեք համբերատար, շարունակեք պահել Աստծո պատվիրանները և լավ օրինակ եղեք ձեր ընտանիքի համար: Ստեղծեք հարաբերություններ ձեր ծխի ընտանիքում: Այժմ պատրաստվեք կառուցելու ձեր սեփական ընտանիքը՝ հիմնված Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա:
Տես Եսայի 58.3–11 (ծոմի նպատակները), 58.13–14 (Հանգստյան օրը հարգելու օրհնություններ), Մաղաքիա 3.8–10 (տասանորդ վճարելու օրհնություններ), Ղուկաս 6.27–28 (սիրեք ձեր թշնամիներին), 10.25–37 (ո՞վ է իմ ընկերը), Հովհաննես 3.16–17 (), 14.15 (մենք պահում ենք պատվիրանները, որովհետև սիրում ենք Աստծուն), Ա Հովհաննես 4.19 (Աստված սիրեց մեզ, ուստի Նա ուղարկեց Իր Որդուն), Մոսիա 2.17 (երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն):
Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր
Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին Ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ Ձեր անձնական կամ հասարակական հարաբերություններում։
Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, հաճախել Ձեր ժողովներին, պատրաստվել և արժանիորեն ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով:
Դուք լիարժեք տասանորդ վճարո՞ղ եք: