«Քայլեք Աստծո լույսով», Ուղեցույց երիտասարդների համար. ընտրություն կատարելու ուղեցույց (2022)
«Քայլեք Աստծո լույսով», Երիտասարդներին զորացնելու համար
Քայլեք Աստծո լույսով
Գաղատացիներին 5․25
Դուք ավելի լավ ընտրություն եք կատարում, երբ կարողանում եք հստակ տեսնել իրերը: Ահա թե ինչու լույսն այդքան կարևոր է. լույսը հեշտացնում է ճիշտ ուղին տեսնելը: Երկնային Հայրը ձեզ հնարավորություն է տվել մոտենալու երկնային լույսին՝ Սուրբ Հոգու պարգևին, որպեսզի օգնի ձեզ հստակ տեսնել լավն ու վատը, ճիշտն ու սխալը:
Հավերժական ճշմարտություններ
Մկրտության ժամանակ դուք ուրախ ուխտի հարաբերությունների մեջ եք մտնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Տաճարում դուք լրացուցիչ ուխտեր կկապեք, որոնք կարող են ամրապնդել այդ հարաբերությունները: Ամեն շաբաթ հաղորդության ընթացքում դուք նորոգում եք ձեր ուխտերը: Դուք հայտնում եք պատվիրանները պահելու ձեր պատրաստակամությունը, իսկ Տերն օրհնում է ձեզ՝ Սուրբ Հոգին որպես ձեր մշտական ուղեկից ունենալու հնարավորությամբ: Դա Նրա մեծագույն պարգեւներից մեկն է ձեզ:
Լավ ընտրություն կատարելը բարելավում է Հոգին զգալու ձեր կարողությունը: Այս աշխարհում շատ լավ և օգտակար բաներ կան: Ճիշտ այնպես, ինչպես ձեր մարմնի վրա ազդում է այն, ինչ դուք ուտում և խմում եք, ձեր միտքն ու հոգին կրում են այն ամենի խոր ազդեցությունը, ինչ դուք կարդում եք, դիտում և լսում եք:
Հրավերներ
Ամեն օր ժամանակ հատկացրեք Տիրոջը: Սովորեք Նրանից։ Միշտ հիշեք Նրան։ Աղոթեք ձեր Երկնային Հորը: Ուսումնասիրեք սուրբ գրությունները և կենդանի մարգարեների խոսքերը: Ապա ձգտեք ապրել ձեր սովորածով:
Փնտրեք այն, ինչը քաջալերում է, ոգեշնչում և հրավիրում է Հոգին: Երբ դուք ընտրություն եք կատարում այն մասին, թե ինչ դիտել, կարդալ, լսել կամ ինչին մասնակցել, մտածեք, թե ինչ եք զգում դրանից հետո: Արդյո՞ք դա լավ մտքեր է հրավիրում: Հեռու մնացեք այն ամենից, ինչը ծաղրում է սուրբ բաները կամ անբարոյական է: Մի մասնակցեք որևէ բանի, որը թուլացնում է ձեր դատողությունը կամ զգայունությունը Հոգու նկատմամբ, ինչպիսիք են՝ բռնությունը, ալկոհոլը և վնասակար դեղորայքն ու թմրանյութերը: Քաջություն ունեցեք անջատելու տեսահոլովակը կամ խաղը, հեռանալ ֆիլմից կամ պարից, փոխել երաժշտությունը կամ հեռանալ այն ամենից, ինչը ներդաշնակ չէ Հոգուն:
Օգտագործեք սոցիալական լրատվամիջոցները՝ ոգեշնչելու համար: Սոցիալական լրատվամիջոցները կարող են հաղորդակցման հզոր գործիք լինել: Եթե դուք օգտագործում եք այն, կենտրոնացեք լույսի, հավատքի և ճշմարտության վրա: Մի համեմատեք ձեր կյանքը այն ամենի հետ, ինչով ապրում են ուրիշները: Հիշեք, որ ձեր արժեքը գալիս է երկնային ծնողների զավակ լինելուց, ոչ թե սոցիալական ցանցերից:
Փնտրեք օգտակար փորձառություններ և իրական ու տևական հարաբերություններ: Զգույշ եղեք, որ տեխնոլոգիաների և լրատվամիջոցների օգտագործումը չփոխարինի ընտանիքի և ընկերների հետ անցկացրած ժամանակին: Սոցիալական լրատվամիջոցներն ու այլ տեխնոլոգիաները կարող են խլել ձեր ժամանակի մեծ մասը՝ փոխարենը որևէ արժեք չտալով: Ընդմիջում վերցրեք վիրտուալ աշխարհից և կապվեք իրական կյանքի մարդկանց հետ:
Խոստացված օրհնություններ
Դուք կարող եք Հոգին միշտ ձեզ հետ ունենալ: Սուրբ Հոգին ձեզ վկայություն կտա Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Նա կմխիթարի, կառաջնորդի, կզգուշացնի և կսրբացնի ձեզ: Նա կօգնի ձեզ ճանաչել ճշմարտությունը և տեսնել լավը աշխարհում:
Հարցեր և պատասխաններ
Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք ես զգում եմ Սուրբ Հոգին: Որպեսզի սովորեք տեղյակ լինել Հոգու մասին, ձեզանից կպահանջվի ժամանակ, կիրառում և համբերություն: Նա տարբեր մարդկանց հետ խոսում է տարբեր ձևերով: Մի անտեսեք պարզ բաները՝ խաղաղության զգացումը, որը դուք ստանում եք՝ լսելով ինչ-որ մեկի վկայությունը, կամ անհանգստության զգացումը, որը դուք ստանում եք սխալ ընտրություն կատարելուց հետո: Սուրբ գրություններում փնտրեք Հոգու հաղորդակցման տարբեր եղանակներ, աղոթեք դրանց մասին և շարունակեք փնտրել Հոգին զգալու հնարավորություններ:
Ի՞նչ է պոռնոգրաֆիան: Ես ինչո՞ւ պետք է խուսափեմ դրանից: Պոռնոգրաֆիան այն բոլոր պատկերները, նկարները կամ գրություններն են, որոնք նախատեսված են առաջացնելու ոչ պատշաճ սեռական զգացումներ: Պոռնոգրաֆիան ներկայացվում է տարբեր ձևերով՝ ներառյալ տեսանյութեր, նկարներ, գրքեր և երաժշտություն։ Դա կարող է լինել նաև հաղորդագրություններ կամ նկարներ, որոնք միմյանց են ուղարկում ընկերները: Պոռնոգրաֆիան անարգանքով է վերաբերվում սուրբ բաներին՝ մեր ֆիզիկական մարմիններին և սեռական զգացմունքներին: Դուք կարող եք հանդիպել պոռնոգրաֆիայիկ նյութերի՝ առանց նախատեսելու: Անկախ նրանից՝ դիտավորյալ եք հանդիպում պոռնոգրաֆիկ նյութերի, թե ոչ, անմիջապես հեռացեք։ Կարող եք նաև խոսել ծնողի կամ այլ վստահելի մեծահասակի հետ: Պոռնոգրաֆիկ նյութերի նպատակային դիտումը մեղք է և վնասում է Հոգին զգալու ձեր կարողությանը: Դա թուլացնում է ձեր ինքնատիրապետումը և խեղաթյուրում է ձեր և ուրիշների պատկերացումները: Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնելու ձեզ դիմակայել պոռնոգրաֆիային և ապաշխարել: Շրջվեք դեպի Նա, հեռացեք մեղքից: Ձեր եպիսկոպոսը կարող է օգնել ձեզ ուժ և ներում ստանալ Փրկչի միջոցով:
Տես Ամովս 5.14 (փնտրեք բարին), Գաղատացիներին 5.22–23 (Հոգու պտուղները)), Մորոնի 7.18–19 (Քրիստոսի լույսը), Վարդապետություն և Ուխտեր 6.23 (Տերը խոսում է խաղաղության մասին), 20.77, 79 (հաղորդության աղոթքներ):
Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր
Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։ Դուք պահո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքը:
Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, հաճախել ձեր ժողովներին, պատրաստվել և արժանիորեն ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով: