«27. Տաճարային արարողություններ ապրողների համար», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«27. Տաճարային արարողություններ ապրողների համար» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
27.
Տաճարային արարողություններ ապրողների համար
27.0
Նախաբան
Տաճարը Տիրոջ տունն է։ Այն մատնանշում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Տաճարներում մենք մասնակցում ենք սուրբ արարողություններին և ուխտեր կապում Երկնային Հոր հետ, որոնք կապում են մեզ Նրա և մեր Փրկչի հետ: Այս ուխտերն ու արարողությունները նախապատրաստում են մեզ վերադառնալու Երկնային Հոր ներկայությունը և հավերժության համար միասին կնքվել որպես ընտանիք:
Տաճարային ուխտերում և արարողություններում է «բացահայտվում աստվածայնության զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84․20)։
Տաճարային ուխտերն ու արարողությունները սուրբ են: Տաճարային ուխտերի հետ կապված խորհրդանիշները չպետք է քննարկվեն տաճարից դուրս: Չպիտի քննարկենք նաև այն սուրբ տեղեկությունները, որոնք տաճարում խոստանում ենք չբացահայտել: Սակայն մենք կարող ենք քննարկել տաճարային ուխտերի և արարողությունների հիմնական նպատակներն ու վարդապետությունը, ինչպես նաև այն հոգևոր զգացմունքները, որոնք մենք ունենում ենք տաճարում:
Ծխերի և ցցերի ղեկավարները այս գլխի տեղեկատվությունը քննարկում են այն անդամների հետ, որոնք պատրաստվում են ստանալ իրենց օժտումը կամ կնքման արարողությունները:
27.1
Ստանալ Տաճարային արարողությունները
27.1.1
Պատրաստվել ստանալու տաճարային արարողությունները
Անդամները պետք է հոգևորապես պատրաստվեն այդ արարողությունները ստանալուն և կապեն տաճարային ուխտեր:
Ծնողներն ունեն առաջնային պատասխանատվություն՝ իրենց երեխաներին տաճարային արարողություններին պատրաստելու համար: Ցցերի և ծխերի ղեկավարները, սպասավորող եղբայրներն ու քույրերը և հարազատները աջակցում են ծնողներին այս դերում:
Ռեսուրսները, որոնք կօգնեն անդամներին պատրաստվել տաճարային արարողություններ ստանալուն, հասանելի են temples.ChurchofJesusChrist.orgկայքում։
Այն անդամներին, որոնք պատրաստվում են ստանալ իրենց անձնական օժտումը կամ կնքվել ամուսնու հետ, խրախուսվում է մասնակցել տաճարի նախապատրաստման դասընթացին (տես 25.2.8):
27.1.3
ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամներ
Այն արժանավոր անդամները, որոնք ունեն ֆիզիկական սահմանափակումներ, կարող են ստանալ բոլոր տաճարային արարողությունները: Այս անդամներին խրախուսվում է այցելել տաճար նույն սեռի օժտում ստացած ազգականների կամ ընկերների հետ, որոնք կարող են օգնել նրանց: Եթե անդամները չեն կարող հաճախել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, նրանք կարող են նախապես զանգահարել տաճար՝ տեսնելու, թե ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել:
27.1.4
Գրավոր կամ բանավոր թարգմանության աջակցություն
Եթե անդամները գրավոր կամ բանավոր թարգմանության աջակցության կարիք ունեն, նրանք պետք է նախապես կապվեն տաճարի հետ՝ տեսնելու, թե արդյոք այն հասանելի է:
27.1.5
Տաճար հաճախելու հագուստ
Տաճար գնալիս անդամները պետք է հագնեն այն հագուստը, որը սովորաբար կրում են հաղորդության ժողովին:
Տաճարային ամուսնության կամ կնքման ժամանակ հագուստ կրելու տեղեկությունների համար տես 27.3.2.6:
Տես 38.5-ը՝ հետևյալի համար․
-
Հագուստ, որը պետք է կրել օժտման և կնքման արարողությունների ժամանակ:
-
Ինչպես ձեռք բերել, կրել և խնամել արարողակարգային տաճարային հագուստը և հանդերձը։
27.1.6
Երեխայի խնամք
Երեխաները պետք է լինեն մեծահասակների հսկողություն տակ, եթե նրանք գտնվում են տաճարի տարածքում: Տաճարի ծառայողները կարող են վերահսկել երեխաներին միայն հետևյալ հանգամանքներում.
-
Եթե նրանք կնքվում են ծնողների հետ
-
Եթե նրանք դիտում են իրենց ապրող քույր-եղբայրների, խորթ քույր-եղբայրների կամ միակողմանի քույր-եղբայրների կնքումը իրենց ծնողներին
27.1.7
Հանդիպում անդամների հետ տաճարային արարողությունները ստանալուց հետո
Անդամները հաճախ հարցեր են ունենում տաճարային արարողությունները ստանալուց հետո: Ընտանիքի օժտում ստացած անդամները, եպիսկոպոսը, ծխի այլ ղեկավարները և սպասավորող եղբայրներն ու քույրերը կարող են հանդիպել անդամների հետ՝ քննարկելու նրանց տաճարային փորձառությունը:
Հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ ռեսուրսները հասանելի են temples.ChurchofJesusChrist.orgկայքում։
27.2
Օժտում
Օժտում բառը նշանակում է «պարգև»: Տաճարային օժտումը բառացիորեն Աստծո պարգև է, որի միջոցով Նա օրհնում է Իր զավակներին: Որոշ պարգևներ, որոնք անդամները ստանում են տաճարային օժտման միջոցով, հետևյալն են.
-
Տիրոջ նպատակների և ուսմունքների մասին ավելի շատ գիտելիքներ:
-
Զորություն՝ անելու այն ամենը, ինչ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները անեն:
-
Աստվածային ուղղորդում՝ Տիրոջը, իրենց ընտանիքներին և մյուսներին ծառայելիս:
-
Աճող հույս, մխիթարություն և խաղաղություն։
Այս օրհնությունների կատարումը կախված է նրանից, թե որքանով ենք հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանին։
Օժտումը ստացվում է երկու մասով։ Առաջին մասում անձը ստանում է նախապատրաստական արարողություն, որը կոչվում է նախնական արարողություն: Նախնական արարողությունը նաև հայտնի է որպես լվացում և օծում (տես Ելք 29.4–9): Այն ներառում է հատուկ օրհնություններ՝ կապված անձի աստվածային ժառանգության և ներուժի հետ:
Նախնական արարողության ընթացքում անդամը լիազորված է կրելու տաճարային հանդերձը: Հանդերձը խորհրդանշում է Աստծո հետ մարդկանց անձնական հարաբերությունները և տաճարում կնքված ուխտերին հնազանդվելու պարտավորությունը: Երբ անդամները հավատարիմ են իրենց ուխտերին և իրենց կյանքի ընթացքում պատշաճ կերպով հագնում են հանդերձը, այն նաև ծառայում է որպես պաշտպանություն: Հագուստի կրելու և խնամելու մասին տեղեկությունների համար տես 38.5.5։
Օժտման երկրորդ մասում ուսուցանվում է փրկության ծրագիրը, ներառյալ Արարումը, Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Ուրացությունը և Վերականգնումը: Անդամները նաև հրահանգներ են ստանում, թե ինչպես վերադառնալ Տիրոջ ներկայությունը:
Օժտման ժամանակ անդամներին առաջարկվում է կապել հետևյալ սուրբ ուխտերը.
-
Ապրել հնազանդության օրենքով և ձգտել պահել Երկնային Հոր պատվիրանները:
-
Հնազանդվել զոհաբերության օրենքին, որը նշանակում է՝ զոհաբերել Տիրոջ աշխատանքին աջակցելու համար և ապաշխարել կոտրված սրտով և փշրված հոգով:
-
Հնազանդվել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքին, որը բարձրագույն օրենքն է, որը Նա ուսուցանեց, երբ երկրի վրա էր:
-
Պահել մաքրաբարոյության օրենքը, ինչը նշանակում է, որ Եկեղեցու անդամը սեռական հարաբերություններ ունենա միայն այն մարդու հետ, ում հետ նա իրավական և օրինական կերպով ամուսնացած է Աստծո օրենքի համաձայն:
-
Պահել նվիրաբերման օրենքը, ինչը նշանակում է, որ անդամները նվիրագործում են իրենց ժամանակը, տաղանդները և այն ամենը, ինչով Տերն օրհնել է նրանց՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա կառուցելու համար:
Դրա դիմաց Երկնային Հայրը խոստանում է, որ նրանք, ովքեր հավատարիմ կմնան իրենց տաճարային ուխտերին, օժտված կլինեն «զորությամբ ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32, 38, տես նաև Ղուկաս 24.49, Վարդապետություն և Ուխտեր 43.16):
27.2.1
Ո՞վ կարող է ստանալ օժտումը
Եկեղեցու բոլոր պատասխանատու չափահաս անդամներին առաջարկվում է պատրաստվել և ստանալ իրենց անձնական օժտումը: Բոլոր նախադրյալ արարողությունները պետք է կատարվեն և գրանցվեն՝ նախքան անդամները կկարողանան ստանալ օժտումը (տես 26.3.1)։
27.2.1.1
Նոր մկրտված անդամները
Նոր մկրտված արժանավոր չափահաս անդամները կարող են իրենց օժտումը ստանալ իրենց հաստատման օրվանից առնվազն մեկ ամբողջ տարի անց:
27.2.1.2
Անդամներ, ովքեր ունեն օժտում չստացած ամուսին կամ կին
Այն արժանավոր անդամը, որի ամուսինը կամ կինը օժտված չէ, կարող է ստանալ իր անձնական օժտումը, երբ բավարարվեն հետևյալ պայմանները.
-
Օժտում չստացած ամուսինը կամ կինը կտա իր համաձայնությունը:
-
Այդ անդամը, եպիսկոպոսը և ցցի նախագահը կհամոզվեն, որ տաճարային ուխտերով ստանձնած պատասխանատվությունը չի խանգարի ամուսնությանը:
Այս պայմանները կիրառվում են անկախ նրանից, թե ամուսինը Եկեղեցու անդամ է, թե ոչ:
27.2.1.3
Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամներ
Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամները կարող են ստանալ իրենց անձնական օժտումը, եթե․
-
Նրանք ստացել են նախադրյալ բոլոր արարողությունները (տես 26.3.1):
-
Նրանք ունեն մտավոր կարողություն՝ հասկանալու, կապելու և պահելու դրանց առնչվող ուխտերը:
Եպիսկոպոսը խորհրդակցում է անդամի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրա ծնողների հետ: Նա նաև փնտրում է Հոգու ուղղորդումը: Նա կարող է խորհրդակցել ցցի նախագահի հետ:
27.2.2
Որոշել, թե երբ ստանալ օժտումը
Օժտումը ստանալու որոշումը անձնական է և պետք է կայացվի աղոթքով: Օժտումը զորության և հայտնության օրհնություն է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են ստանալու այն: Անդամները կարող են որոշում կայացնել ստանալու իրենց անձնական օժտումը, երբ նրանք բավարարեն բոլոր հետևյալ պայմանները.
-
Նրանք առնվազն 18 տարեկան են:
-
Նրանք ավարտել են կամ այլևս չեն հաճախում ավագ կամ միջնակարգ դպրոց կամ համարժեք հաստատություն:
-
Նրանց հաստատումից անցել է մեկ լրիվ տարի։
-
Նրանք ցանկություն են հայտնում ստանալու և պատվելու տաճարային սուրբ ուխտերը իրենց ողջ կյանքի ընթացքում:
Այն անդամները, որոնք ստացել են միսիայի կանչը կամ պատրաստվում են կնքվել տաճարում, պետք է ստանան օժտումը:
Նախքան անդամին օժտումը ստանալու տաճարային երաշխավորագիր տալը, եպիսկոպոսը և ցցի նախագահը պետք է զգան, որ այդ մարդը պատրաստ է հասկանալու և պահելու տաճարային սուրբ ուխտերը: Դա որոշվում է անհատապես յուրաքանչյուր անձի համար:
27.2.3
Օժտման պլանավորում և հերթագրում
27.2.3.1
Ստանալ երաշխավորագիր ապրողների արարողությունների համար
Տաճար մտնելու և օժտումը ստանալու համար անդամը պետք է ստանա երաշխավորագիր ապրողների արարողությունների համար: Այդ երաշխավորագրերի մասին տեղեկություն իմանալու համար, տես 26.5.1։
27.2.3.2
Կապ հաստատել տաճարի հետ
Այն անդամները, որոնք պլանավորում են ստանալ օժտումը, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար:
27.2.3.3
Ուղեկցորդներ օժտում ստացող անդամների համար
Այն անդամները, որոնք ստանում են իրենց անձնական օժտումը, կարող են հրավիրել նույն սեռի օժտված անդամին հանդես գալ որպես ուղեկցորդ և օգնել նրանց օժտման նիստի ընթացքում: Ուղեկցորդը պետք է ունենա տաճարային գործող երաշխավորագիր: Անհրաժեշտության դեպքում տաճարը կարող է տրամադրել ուղեկցորդ:
27.3
Ամուսնու և կնոջ կնքում
Տաճարային կնքումը ամուսնուն և կնոջը կապում է իրար հետ ժամանակի և ամբողջ հավերժության համար: Նրանք կստանան այս օրհնությունները, եթե հավատարիմ մնան տաճարում կապած ուխտերին: Այս արարողության միջոցով նրանց երեխաները նույնպես կարող են լինել իրենց հավերժական ընտանիքի մի մասը:
Եկեղեցու ղեկավարները խրախուսում են անդամներին պատրաստվել տաճարում ամուսնանալու և կնքվելու համար: Եթե տաճարային ամուսնությունները օրինականորեն ճանաչված չեն, Եկեղեցու լիազորված ղեկավարները կամ այլք կարող են քաղաքացիական ամուսնություններ կատարել, որից հետո կկատարվի տաճարային կնքումը (տես 38.3): Այս օրինակին նաև կարելի է հետևել, երբ տաճարային ամուսնությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ ծնողները կամ ընտանիքի անմիջական անդամները իրենց ընդգրկված չզգան, քանի որ նրանք չեն կարող մասնակցել տաճարային արարողությանը:
27.3.1
Ո՞վ կարող է կնքվել տաճարում
Եկեղեցու բոլոր պատասխանատու չամուսնացած անդամներին առաջարկվում է պատրաստվել տաճարային կնքմանը: Այն մարդկանց, որոնք ունեն քաղաքացիական ամուսնություններ, խրախուսվում է պատրաստ լինելուն պես կնքվել տաճարում ժամանակի և հավերժության համար: Անդամները պետք է օժտում ստացած լինեն նախքան նրանք կկարողանան կնքվել (տես 27.2):
Տաճարում կնքվող զույգերը պետք է կամ 1) քաղաքացիական ամուսնություն ունենան նախքան կնքվելը, կամ 2) ամուսնանան և կնքվեն նույն տաճարային արարողության ժամանակ: Sես 27.3.2։
27.3.1.2
Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամներ
Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամները կարող են կնքվել իրենց ամուսնու, փեսացուի կամ հարսնացուի հետ, եթե․
-
Նրանք ստացել են նախադրյալ բոլոր արարողությունները, այդ թվում՝ օժտումը (տես 26.3.1):
-
Նրանք ունեն մտավոր կարողություն՝ հասկանալու, կապելու և պահելու դրանց առնչվող ուխտերը:
Եպիսկոպոսը խորհրդակցում է անդամի և նրա փեսացուի կամ հարսնացուի հետ։ Նա նաև փնտրում է Հոգու ուղղորդումը: Նա կարող է խորհրդակցել ցցի նախագահի հետ:
27.3.2
Տաճարային ամուսնության կամ կնքման պլանավորում և հերթագրում
27.3.2.1
Ստանալ երաշխավորագիր ապրողների արարողությունների համար
Իր ամուսնու հետ կնքվելու համար անդամը պետք է ստանա երաշխավորագիր ապրողների արարողությունների համար: Այդ երաշխավորագրերի մասին տեղեկություն իմանալու համար, տես 26.3։
27.3.2.2
Կապ հաստատել տաճարի հետ
Այն անդամները, որոնք պլանավորում են ամուսնանալ կամ կնքվել ամուսնու հետ, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար:
27.3.2.3
Ստանալ ամուսնության վկայական
Նախքան ամուսնանալը, զույգը պետք է օրինական ամուսնության վկայական ստանա, որը վավերական է այն վայրում, որտեղ ամուսնությունը պետք է կատարվի: Եթե զույգը նախատեսում է և ամուսնանալ, և կնքվել նույն արարողության ժամանակ, նրանք պետք է տաճար բերեն ամուսնության վավեր վկայական:
Քաղաքացիական ամուսնությունից հետո կնքված զույգերը կարիք չունեն տաճար բերելու ամուսնության վկայական: Փոխարենը, նրանք տրամադրում են իրենց քաղաքացիական ամուսնության ամսաթիվը և վայրը՝ որպես գրանցումների ստուգման գործընթացի մաս:
27.3.2.4
Ուղեկցորդներ հարսի և փեսայի համար
Օժտում ստացած որևէ քույր կարող է ուղեկցել հարսին՝ օգնելու նրան հանդերձարանում: Օժտում ստացած որևէ եղբայր կարող է նույնը անել փեսայի համար: Ուղեկցորդը պետք է ունենա տաճարային գործող երաշխավորագիր: Անհրաժեշտության դեպքում տաճարը կարող է տրամադրել ուղեկցորդ:
27.3.2.5
Ո՞վ է կատարում տաճարային ամուսնությունը կամ կնքումը
Տաճարային ամուսնությունը կամ կնքումը սովորաբար կատարվում է կնքողի կողմից, որը կցված է այն տաճարին, որտեղ զույգը պետք է ամուսնանա կամ կնքվի: Եթե ընտանիքի անդամներից կամ ծանոթներից մեկը կրում է կնքման իշխանությունը և կցված է այն տաճարին, որտեղ զույգը պետք է ամուսնանա կամ կնքվի, նրանք կարող են հրավիրել այդ մարդուն կատարելու ամուսնությունը կամ կնքումը:
27.3.2.6
Համապատասխան հագուստ տաճարային ամուսնության կամ կնքման համար
Հարսի զգեստը։ Տաճարում հագած հարսի զգեստը պետք է լինի սպիտակ, ձևով և գործվածքով համեստ և զերծ լինի բարդ զարդանախշերից: Այն նաև պետք է ծածկի տաճարային հանդերձը: Թափանցիկ գործվածքը պետք է աստառ ունենա:
Տաճարում կրվող այլ զգեստների հետ համահունչ լինելու համար հարսի զգեստը պետք է ունենա երկար թևեր կամ երեք քառորդ թևեր: Զգեստները չպետք է ունենան շղարշ, եթե այն հնարավոր չէ ամրացնել կամ հեռացնել կնքման արարողության ժամանակ:
Անհրաժեշտության կամ ցանկության դեպքում տաճարը կարող է զգեստ տրամադրել:
Փեսայի հագուստը։ Ամուսնության կամ կնքման արարողության ժամանակ փեսան կրում է սովորական տաճարային հագուստ (տես 38.5.1 և 38.5.2):
Հյուրերի հագուստը։ Նրանք, ովքեր մասնակցում են ամուսնության կամ կնքման արարողությանը, պետք է հագնեն այնպիսի հագուստ, ինչպիսին կհագնեին հաղորդության ժողովին: Այն անդամները, որոնք կնքման են գալիս անմիջապես օժտման նիստից հետ, կարող են կրել տաճարային արարողակարգային հագուստ:
Ծաղիկներ։ Ամուսինները և նրանց հյուրերը չպետք է ծաղիկներ կրեն ամուսնության կամ կնքման արարողության ժամանակ:
27.3.2.7
Մատանիների փոխանակում տաճարային ամուսնությունից կամ կնքումից հետո
Մատանիների փոխանակումը տաճարային կնքման արարողության մաս չէ: Այնուամենայնիվ, զույգերը արարողությունից հետո կարող են մատանիներ փոխանակել կնքման սենյակում: Զույգերը չպետք է մատանիներով փոխանակվեն որևէ այլ ժամանակ կամ վայրում՝ տաճարում կամ տաճարի տարածքում:
Զույգերը, որոնք ամուսնանում և կնքվում են նույն արարողության ժամանակ, կարող են ավելի ուշ փոխանակել մատանիները՝ ընդգրկելու ընտանիքի այն անդամներին, որոնք չեն կարող մասնակցել տաճարային ամուսնությանը: Փոխանակումը չպետք է կրկնի տաճարային ամուսնության կամ կնքման արարողության որևէ հատված: Զույգը չպետք է երդումներ փոխանակի տաճարում ամուսնանալուց կամ կնքվելուց հետո:
Այն զույգերը, ովքեր ունեն քաղաքացիական ամուսնություն իրենց տաճարային կնքումից առաջ, կարող են մատանիներով փոխանակվել իրենց քաղաքացիական արարողության, տաճարային կնքման կամ երկու արարողությունների ժամանակ:
27.3.4
Ո՞վ կարող է մասնակցել տաճարային ամուսնությանը կամ կնքմանը
Զույգերը պետք է տաճարային ամուսնությանը կամ կնքմանը հրավիրեն միայն ընտանիքի մոտ անդամներին և ընկերներին: Պատասխանատու անդամները պետք է օժտված լինեն և մասնակցելու համար ունենան տաճարային գործող երաշխավորագիր:
Ցցի նախագահը կարող է լիազորել այն մարդուն, որը մտավոր սահմանափակ լինելու պատճառով չի մկրտվել կամ օժտվել, դիտել տաճարային ամուսնությունը կամ իր ապրող եղբայրների ու քույրերի կնքումը: Այդ մարդը պետք է․
-
Լինի առնվազն 18 տարեկան։
-
Կարողանա ակնածանքը պահել արարողության ժամանակ:
Ցցի նախագահը նամակ է գրում, որում նշվում է, որ անձը լիազորված է դիտելու կնքումը: Այս նամակը ներկայացվում է տաճարում:
27.4
Ապրող երեխաների կնքումը ծնողներին
Այն երեխաները, որոնք ծնվում են նրանից հետո, երբ իրենց մայրը ամուսնու հետ կնքվում է տաճարում, ծնվում են այդ կնքման ուխտի մեջ: Նրանք կարիք չունեն ստանալու ծնողների հետ կնքվելու արարողությունը:
Այն երեխաները, որոնք չեն ծնվել ուխտի մեջ, կարող են դառնալ հավերժական ընտանիքի անդամ՝ կնքվելով իրենց կենսաբանական կամ որդեգրող ծնողների հետ: Այս երեխաներն ունեն նույն օրհնությունների իրավունքը, ինչ նրանք, ովքեր ծնվել են ուխտի մեջ:
27.4.2
Կապ հաստատել տաճարի հետ
Այն զույգերը, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները կնքվեն իրենց հետ, կամ այն երեխաները, որոնք ցանկանում են կնքվել իրենց մահացած ծնողների հետ, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար: