Ձեռնարկներ և կոչումներ
27․ Տաճարային արարողություններ ապրողների համար


«27. Տաճարային արարողություններ ապրողների համար», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«27. Տաճարային արարողություններ ապրողների համար» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
հարս և փեսա

27.

Տաճարային արարողություններ ապրողների համար

27.0

Նախաբան

Տաճարը Տիրոջ տունն է։ Այն մատնանշում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Տաճարներում մենք մասնակցում ենք սուրբ արարողություններին և ուխտեր կապում Երկնային Հոր հետ, որոնք կապում են մեզ Նրա և մեր Փրկչի հետ: Այս ուխտերն ու արարողությունները նախապատրաստում են մեզ վերադառնալու Երկնային Հոր ներկայությունը և հավերժության համար միասին կնքվել որպես ընտանիք:

Տաճարային ուխտերում և արարողություններում է «բացահայտվում աստվածայնության զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84․20

Տաճարային ուխտերն ու արարողությունները սուրբ են: Տաճարային ուխտերի հետ կապված խորհրդանիշները չպետք է քննարկվեն տաճարից դուրս: Չպիտի քննարկենք նաև այն սուրբ տեղեկությունները, որոնք տաճարում խոստանում ենք չբացահայտել: Սակայն մենք կարող ենք քննարկել տաճարային ուխտերի և արարողությունների հիմնական նպատակներն ու վարդապետությունը, ինչպես նաև այն հոգևոր զգացմունքները, որոնք մենք ունենում ենք տաճարում:

Ծխերի և ցցերի ղեկավարները այս գլխի տեղեկատվությունը քննարկում են այն անդամների հետ, որոնք պատրաստվում են ստանալ իրենց օժտումը կամ կնքման արարողությունները:

27.1

Ստանալ Տաճարային արարողությունները

27.1.1

Պատրաստվել ստանալու տաճարային արարողությունները

Անդամները պետք է հոգևորապես պատրաստվեն այդ արարողությունները ստանալուն և կապեն տաճարային ուխտեր:

Ծնողներն ունեն առաջնային պատասխանատվություն՝ իրենց երեխաներին տաճարային արարողություններին պատրաստելու համար: Ցցերի և ծխերի ղեկավարները, սպասավորող եղբայրներն ու քույրերը և հարազատները աջակցում են ծնողներին այս դերում:

Ռեսուրսները, որոնք կօգնեն անդամներին պատրաստվել տաճարային արարողություններ ստանալուն, հասանելի են temples.ChurchofJesusChrist.orgկայքում։

Այն անդամներին, որոնք պատրաստվում են ստանալ իրենց անձնական օժտումը կամ կնքվել ամուսնու հետ, խրախուսվում է մասնակցել տաճարի նախապատրաստման դասընթացին (տես 25.2.8):

27.1.3

ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամներ

Այն արժանավոր անդամները, որոնք ունեն ֆիզիկական սահմանափակումներ, կարող են ստանալ բոլոր տաճարային արարողությունները: Այս անդամներին խրախուսվում է այցելել տաճար նույն սեռի օժտում ստացած ազգականների կամ ընկերների հետ, որոնք կարող են օգնել նրանց: Եթե անդամները չեն կարող հաճախել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, նրանք կարող են նախապես զանգահարել տաճար՝ տեսնելու, թե ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել:

27.1.4

Գրավոր կամ բանավոր թարգմանության աջակցություն

Եթե անդամները գրավոր կամ բանավոր թարգմանության աջակցության կարիք ունեն, նրանք պետք է նախապես կապվեն տաճարի հետ՝ տեսնելու, թե արդյոք այն հասանելի է:

27.1.5

Տաճար հաճախելու հագուստ

Տաճար գնալիս անդամները պետք է հագնեն այն հագուստը, որը սովորաբար կրում են հաղորդության ժողովին:

Տաճարային ամուսնության կամ կնքման ժամանակ հագուստ կրելու տեղեկությունների համար տես 27.3.2.6:

Տես 38.5-ը՝ հետևյալի համար․

  • Հագուստ, որը պետք է կրել օժտման և կնքման արարողությունների ժամանակ:

  • Ինչպես ձեռք բերել, կրել և խնամել արարողակարգային տաճարային հագուստը և հանդերձը։

27.1.6

Երեխայի խնամք

Երեխաները պետք է լինեն մեծահասակների հսկողություն տակ, եթե նրանք գտնվում են տաճարի տարածքում: Տաճարի ծառայողները կարող են վերահսկել երեխաներին միայն հետևյալ հանգամանքներում.

  • Եթե նրանք կնքվում են ծնողների հետ

  • Եթե նրանք դիտում են իրենց ապրող քույր-եղբայրների, խորթ քույր-եղբայրների կամ միակողմանի քույր-եղբայրների կնքումը իրենց ծնողներին

27.1.7

Հանդիպում անդամների հետ տաճարային արարողությունները ստանալուց հետո

Անդամները հաճախ հարցեր են ունենում տաճարային արարողությունները ստանալուց հետո: Ընտանիքի օժտում ստացած անդամները, եպիսկոպոսը, ծխի այլ ղեկավարները և սպասավորող եղբայրներն ու քույրերը կարող են հանդիպել անդամների հետ՝ քննարկելու նրանց տաճարային փորձառությունը:

Հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ ռեսուրսները հասանելի են temples.ChurchofJesusChrist.orgկայքում։

27.2

Օժտում

Օժտում բառը նշանակում է «պարգև»: Տաճարային օժտումը բառացիորեն Աստծո պարգև է, որի միջոցով Նա օրհնում է Իր զավակներին: Որոշ պարգևներ, որոնք անդամները ստանում են տաճարային օժտման միջոցով, հետևյալն են.

  • Տիրոջ նպատակների և ուսմունքների մասին ավելի շատ գիտելիքներ:

  • Զորություն՝ անելու այն ամենը, ինչ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները անեն:

  • Աստվածային ուղղորդում՝ Տիրոջը, իրենց ընտանիքներին և մյուսներին ծառայելիս:

  • Աճող հույս, մխիթարություն և խաղաղություն։

Այս օրհնությունների կատարումը կախված է նրանից, թե որքանով ենք հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանին։

Օժտումը ստացվում է երկու մասով։ Առաջին մասում անձը ստանում է նախապատրաստական արարողություն, որը կոչվում է նախնական արարողություն: Նախնական արարողությունը նաև հայտնի է որպես լվացում և օծում (տես Ելք 29.4–9): Այն ներառում է հատուկ օրհնություններ՝ կապված անձի աստվածային ժառանգության և ներուժի հետ:

Նախնական արարողության ընթացքում անդամը լիազորված է կրելու տաճարային հանդերձը: Հանդերձը խորհրդանշում է Աստծո հետ մարդկանց անձնական հարաբերությունները և տաճարում կնքված ուխտերին հնազանդվելու պարտավորությունը: Երբ անդամները հավատարիմ են իրենց ուխտերին և իրենց կյանքի ընթացքում պատշաճ կերպով հագնում են հանդերձը, այն նաև ծառայում է որպես պաշտպանություն: Հագուստի կրելու և խնամելու մասին տեղեկությունների համար տես 38.5.5։

Օժտման երկրորդ մասում ուսուցանվում է փրկության ծրագիրը, ներառյալ Արարումը, Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Ուրացությունը և Վերականգնումը: Անդամները նաև հրահանգներ են ստանում, թե ինչպես վերադառնալ Տիրոջ ներկայությունը:

Օժտման ժամանակ անդամներին առաջարկվում է կապել հետևյալ սուրբ ուխտերը.

  • Ապրել հնազանդության օրենքով և ձգտել պահել Երկնային Հոր պատվիրանները:

  • Հնազանդվել զոհաբերության օրենքին, որը նշանակում է՝ զոհաբերել Տիրոջ աշխատանքին աջակցելու համար և ապաշխարել կոտրված սրտով և փշրված հոգով:

  • Հնազանդվել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքին, որը բարձրագույն օրենքն է, որը Նա ուսուցանեց, երբ երկրի վրա էր:

  • Պահել մաքրաբարոյության օրենքը, ինչը նշանակում է, որ Եկեղեցու անդամը սեռական հարաբերություններ ունենա միայն այն մարդու հետ, ում հետ նա իրավական և օրինական կերպով ամուսնացած է Աստծո օրենքի համաձայն:

  • Պահել նվիրաբերման օրենքը, ինչը նշանակում է, որ անդամները նվիրագործում են իրենց ժամանակը, տաղանդները և այն ամենը, ինչով Տերն օրհնել է նրանց՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա կառուցելու համար:

Դրա դիմաց Երկնային Հայրը խոստանում է, որ նրանք, ովքեր հավատարիմ կմնան իրենց տաճարային ուխտերին, օժտված կլինեն «զորությամբ ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32, 38, տես նաև Ղուկաս 24.49, Վարդապետություն և Ուխտեր 43.16):

27.2.1

Ո՞վ կարող է ստանալ օժտումը

Եկեղեցու բոլոր պատասխանատու չափահաս անդամներին առաջարկվում է պատրաստվել և ստանալ իրենց անձնական օժտումը: Բոլոր նախադրյալ արարողությունները պետք է կատարվեն և գրանցվեն՝ նախքան անդամները կկարողանան ստանալ օժտումը (տես 26.3.1

27.2.1.1

Նոր մկրտված անդամները

Նոր մկրտված արժանավոր չափահաս անդամները կարող են իրենց օժտումը ստանալ իրենց հաստատման օրվանից առնվազն մեկ ամբողջ տարի անց:

27.2.1.2

Անդամներ, ովքեր ունեն օժտում չստացած ամուսին կամ կին

Այն արժանավոր անդամը, որի ամուսինը կամ կինը օժտված չէ, կարող է ստանալ իր անձնական օժտումը, երբ բավարարվեն հետևյալ պայմանները.

  • Օժտում չստացած ամուսինը կամ կինը կտա իր համաձայնությունը:

  • Այդ անդամը, եպիսկոպոսը և ցցի նախագահը կհամոզվեն, որ տաճարային ուխտերով ստանձնած պատասխանատվությունը չի խանգարի ամուսնությանը:

Այս պայմանները կիրառվում են անկախ նրանից, թե ամուսինը Եկեղեցու անդամ է, թե ոչ:

27.2.1.3

Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամներ

Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամները կարող են ստանալ իրենց անձնական օժտումը, եթե․

  • Նրանք ստացել են նախադրյալ բոլոր արարողությունները (տես 26.3.1):

  • Նրանք ունեն մտավոր կարողություն՝ հասկանալու, կապելու և պահելու դրանց առնչվող ուխտերը:

Եպիսկոպոսը խորհրդակցում է անդամի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրա ծնողների հետ: Նա նաև փնտրում է Հոգու ուղղորդումը: Նա կարող է խորհրդակցել ցցի նախագահի հետ:

27.2.2

Որոշել, թե երբ ստանալ օժտումը

Օժտումը ստանալու որոշումը անձնական է և պետք է կայացվի աղոթքով: Օժտումը զորության և հայտնության օրհնություն է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են ստանալու այն: Անդամները կարող են որոշում կայացնել ստանալու իրենց անձնական օժտումը, երբ նրանք բավարարեն բոլոր հետևյալ պայմանները.

  • Նրանք առնվազն 18 տարեկան են:

  • Նրանք ավարտել են կամ այլևս չեն հաճախում ավագ կամ միջնակարգ դպրոց կամ համարժեք հաստատություն:

  • Նրանց հաստատումից անցել է մեկ լրիվ տարի։

  • Նրանք ցանկություն են հայտնում ստանալու և պատվելու տաճարային սուրբ ուխտերը իրենց ողջ կյանքի ընթացքում:

Այն անդամները, որոնք ստացել են միսիայի կանչը կամ պատրաստվում են կնքվել տաճարում, պետք է ստանան օժտումը:

Նախքան անդամին օժտումը ստանալու տաճարային երաշխավորագիր տալը, եպիսկոպոսը և ցցի նախագահը պետք է զգան, որ այդ մարդը պատրաստ է հասկանալու և պահելու տաճարային սուրբ ուխտերը: Դա որոշվում է անհատապես յուրաքանչյուր անձի համար:

27.2.3

Օժտման պլանավորում և հերթագրում

27.2.3.1

Ստանալ երաշխավորագիր ապրողների արարողությունների համար

Տաճար մտնելու և օժտումը ստանալու համար անդամը պետք է ստանա երաշխավորագիր ապրողների արարողությունների համար: Այդ երաշխավորագրերի մասին տեղեկություն իմանալու համար, տես 26.5.1։

27.2.3.2

Կապ հաստատել տաճարի հետ

Այն անդամները, որոնք պլանավորում են ստանալ օժտումը, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար:

27.2.3.3

Ուղեկցորդներ օժտում ստացող անդամների համար

Այն անդամները, որոնք ստանում են իրենց անձնական օժտումը, կարող են հրավիրել նույն սեռի օժտված անդամին հանդես գալ որպես ուղեկցորդ և օգնել նրանց օժտման նիստի ընթացքում: Ուղեկցորդը պետք է ունենա տաճարային գործող երաշխավորագիր: Անհրաժեշտության դեպքում տաճարը կարող է տրամադրել ուղեկցորդ:

27.3

Ամուսնու և կնոջ կնքում

Տաճարային կնքումը ամուսնուն և կնոջը կապում է իրար հետ ժամանակի և ամբողջ հավերժության համար: Նրանք կստանան այս օրհնությունները, եթե հավատարիմ մնան տաճարում կապած ուխտերին: Այս արարողության միջոցով նրանց երեխաները նույնպես կարող են լինել իրենց հավերժական ընտանիքի մի մասը:

Եկեղեցու ղեկավարները խրախուսում են անդամներին պատրաստվել տաճարում ամուսնանալու և կնքվելու համար: Եթե տաճարային ամուսնությունները օրինականորեն ճանաչված չեն, Եկեղեցու լիազորված ղեկավարները կամ այլք կարող են քաղաքացիական ամուսնություններ կատարել, որից հետո կկատարվի տաճարային կնքումը (տես 38.3): Այս օրինակին նաև կարելի է հետևել, երբ տաճարային ամուսնությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ ծնողները կամ ընտանիքի անմիջական անդամները իրենց ընդգրկված չզգան, քանի որ նրանք չեն կարող մասնակցել տաճարային արարողությանը:

27.3.1

Ո՞վ կարող է կնքվել տաճարում

Եկեղեցու բոլոր պատասխանատու չամուսնացած անդամներին առաջարկվում է պատրաստվել տաճարային կնքմանը: Այն մարդկանց, որոնք ունեն քաղաքացիական ամուսնություններ, խրախուսվում է պատրաստ լինելուն պես կնքվել տաճարում ժամանակի և հավերժության համար: Անդամները պետք է օժտում ստացած լինեն նախքան նրանք կկարողանան կնքվել (տես 27.2):

Տաճարում կնքվող զույգերը պետք է կամ 1) քաղաքացիական ամուսնություն ունենան նախքան կնքվելը, կամ 2) ամուսնանան և կնքվեն նույն տաճարային արարողության ժամանակ: Sես 27.3.2։

27.3.1.2

Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամներ

Մտավոր սահմանափակումներ ունեցող անդամները կարող են կնքվել իրենց ամուսնու, փեսացուի կամ հարսնացուի հետ, եթե․

  • Նրանք ստացել են նախադրյալ բոլոր արարողությունները, այդ թվում՝ օժտումը (տես 26.3.1):

  • Նրանք ունեն մտավոր կարողություն՝ հասկանալու, կապելու և պահելու դրանց առնչվող ուխտերը:

Եպիսկոպոսը խորհրդակցում է անդամի և նրա փեսացուի կամ հարսնացուի հետ։ Նա նաև փնտրում է Հոգու ուղղորդումը: Նա կարող է խորհրդակցել ցցի նախագահի հետ:

27.3.2

Տաճարային ամուսնության կամ կնքման պլանավորում և հերթագրում

27.3.2.1

Ստանալ երաշխավորագիր ապրողների արարողությունների համար

Իր ամուսնու հետ կնքվելու համար անդամը պետք է ստանա երաշխավորագիր ապրողների արարողությունների համար: Այդ երաշխավորագրերի մասին տեղեկություն իմանալու համար, տես 26.3։

27.3.2.2

Կապ հաստատել տաճարի հետ

Այն անդամները, որոնք պլանավորում են ամուսնանալ կամ կնքվել ամուսնու հետ, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար:

27.3.2.3

Ստանալ ամուսնության վկայական

Նախքան ամուսնանալը, զույգը պետք է օրինական ամուսնության վկայական ստանա, որը վավերական է այն վայրում, որտեղ ամուսնությունը պետք է կատարվի: Եթե զույգը նախատեսում է և ամուսնանալ, և կնքվել նույն արարողության ժամանակ, նրանք պետք է տաճար բերեն ամուսնության վավեր վկայական:

Քաղաքացիական ամուսնությունից հետո կնքված զույգերը կարիք չունեն տաճար բերելու ամուսնության վկայական: Փոխարենը, նրանք տրամադրում են իրենց քաղաքացիական ամուսնության ամսաթիվը և վայրը՝ որպես գրանցումների ստուգման գործընթացի մաս:

27.3.2.4

Ուղեկցորդներ հարսի և փեսայի համար

Օժտում ստացած որևէ քույր կարող է ուղեկցել հարսին՝ օգնելու նրան հանդերձարանում: Օժտում ստացած որևէ եղբայր կարող է նույնը անել փեսայի համար: Ուղեկցորդը պետք է ունենա տաճարային գործող երաշխավորագիր: Անհրաժեշտության դեպքում տաճարը կարող է տրամադրել ուղեկցորդ:

27.3.2.5

Ո՞վ է կատարում տաճարային ամուսնությունը կամ կնքումը

Տաճարային ամուսնությունը կամ կնքումը սովորաբար կատարվում է կնքողի կողմից, որը կցված է այն տաճարին, որտեղ զույգը պետք է ամուսնանա կամ կնքվի: Եթե ընտանիքի անդամներից կամ ծանոթներից մեկը կրում է կնքման իշխանությունը և կցված է այն տաճարին, որտեղ զույգը պետք է ամուսնանա կամ կնքվի, նրանք կարող են հրավիրել այդ մարդուն կատարելու ամուսնությունը կամ կնքումը:

27.3.2.6

Համապատասխան հագուստ տաճարային ամուսնության կամ կնքման համար

Հարսի զգեստը։ Տաճարում հագած հարսի զգեստը պետք է լինի սպիտակ, ձևով և գործվածքով համեստ և զերծ լինի բարդ զարդանախշերից: Այն նաև պետք է ծածկի տաճարային հանդերձը: Թափանցիկ գործվածքը պետք է աստառ ունենա:

Տաճարում կրվող այլ զգեստների հետ համահունչ լինելու համար հարսի զգեստը պետք է ունենա երկար թևեր կամ երեք քառորդ թևեր: Զգեստները չպետք է ունենան շղարշ, եթե այն հնարավոր չէ ամրացնել կամ հեռացնել կնքման արարողության ժամանակ:

Անհրաժեշտության կամ ցանկության դեպքում տաճարը կարող է զգեստ տրամադրել:

Փեսայի հագուստը։ Ամուսնության կամ կնքման արարողության ժամանակ փեսան կրում է սովորական տաճարային հագուստ (տես 38.5.1 և 38.5.2):

Հյուրերի հագուստը։ Նրանք, ովքեր մասնակցում են ամուսնության կամ կնքման արարողությանը, պետք է հագնեն այնպիսի հագուստ, ինչպիսին կհագնեին հաղորդության ժողովին: Այն անդամները, որոնք կնքման են գալիս անմիջապես օժտման նիստից հետ, կարող են կրել տաճարային արարողակարգային հագուստ:

Ծաղիկներ։ Ամուսինները և նրանց հյուրերը չպետք է ծաղիկներ կրեն ամուսնության կամ կնքման արարողության ժամանակ:

27.3.2.7

Մատանիների փոխանակում տաճարային ամուսնությունից կամ կնքումից հետո

Մատանիների փոխանակումը տաճարային կնքման արարողության մաս չէ: Այնուամենայնիվ, զույգերը արարողությունից հետո կարող են մատանիներ փոխանակել կնքման սենյակում: Զույգերը չպետք է մատանիներով փոխանակվեն որևէ այլ ժամանակ կամ վայրում՝ տաճարում կամ տաճարի տարածքում:

Զույգերը, որոնք ամուսնանում և կնքվում են նույն արարողության ժամանակ, կարող են ավելի ուշ փոխանակել մատանիները՝ ընդգրկելու ընտանիքի այն անդամներին, որոնք չեն կարող մասնակցել տաճարային ամուսնությանը: Փոխանակումը չպետք է կրկնի տաճարային ամուսնության կամ կնքման արարողության որևէ հատված: Զույգը չպետք է երդումներ փոխանակի տաճարում ամուսնանալուց կամ կնքվելուց հետո:

Այն զույգերը, ովքեր ունեն քաղաքացիական ամուսնություն իրենց տաճարային կնքումից առաջ, կարող են մատանիներով փոխանակվել իրենց քաղաքացիական արարողության, տաճարային կնքման կամ երկու արարողությունների ժամանակ:

27.3.4

Ո՞վ կարող է մասնակցել տաճարային ամուսնությանը կամ կնքմանը

Զույգերը պետք է տաճարային ամուսնությանը կամ կնքմանը հրավիրեն միայն ընտանիքի մոտ անդամներին և ընկերներին: Պատասխանատու անդամները պետք է օժտված լինեն և մասնակցելու համար ունենան տաճարային գործող երաշխավորագիր:

Ցցի նախագահը կարող է լիազորել այն մարդուն, որը մտավոր սահմանափակ լինելու պատճառով չի մկրտվել կամ օժտվել, դիտել տաճարային ամուսնությունը կամ իր ապրող եղբայրների ու քույրերի կնքումը: Այդ մարդը պետք է․

  • Լինի առնվազն 18 տարեկան։

  • Կարողանա ակնածանքը պահել արարողության ժամանակ:

Ցցի նախագահը նամակ է գրում, որում նշվում է, որ անձը լիազորված է դիտելու կնքումը: Այս նամակը ներկայացվում է տաճարում:

27.4

Ապրող երեխաների կնքումը ծնողներին

Այն երեխաները, որոնք ծնվում են նրանից հետո, երբ իրենց մայրը ամուսնու հետ կնքվում է տաճարում, ծնվում են այդ կնքման ուխտի մեջ: Նրանք կարիք չունեն ստանալու ծնողների հետ կնքվելու արարողությունը:

Այն երեխաները, որոնք չեն ծնվել ուխտի մեջ, կարող են դառնալ հավերժական ընտանիքի անդամ՝ կնքվելով իրենց կենսաբանական կամ որդեգրող ծնողների հետ: Այս երեխաներն ունեն նույն օրհնությունների իրավունքը, ինչ նրանք, ովքեր ծնվել են ուխտի մեջ:

27.4.2

Կապ հաստատել տաճարի հետ

Այն զույգերը, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները կնքվեն իրենց հետ, կամ այն երեխաները, որոնք ցանկանում են կնքվել իրենց մահացած ծնողների հետ, պետք է նախօրոք կապ հաստատեն տաճարի հետ՝ արարողությունը հերթագրելու համար:

Տպել