«1. Աստծո ծրագիրը և ձեր դերը փրկության և վեհացման աշխատանքում», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։
«1. Փրկության և վեհացման աշխատանքը», Ընդհանուր ձեռնարկ։
1.
Աստծո ծրագիրը և ձեր դերը փրկության և վեհացման աշխատանքում
1.0
Նախաբան
Դուք կանչվել եք ծառայելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Շնորհակալություն ձեր ծառայության համար: Դուք կօրհնեք մարդկանց կյանքը և կզգաք ուրախություն, երբ ծառայեք հավատարմորեն:
Այս ձեռնարկը կօգնի ձեզ սովորել քրիստոսանման ծառայության սկզբունքները և հասկանալ ձեր պարտականությունները: Դուք առավել արդյունավետ կծառայեք, երբ Եկեղեցում ձեր ծառայությունը համապատասխանեցնեք Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի աշխատանքի հետ: Այս գլուխը կօգնի ձեզ հասկանալ․
-
Աստծո երջանկության ծրագիրը։
-
Փրկության և վեհացման աշխատանքը։
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նպատակը։
1.1
Աստծո երջանկության ծրագիրը
Երկնային Հայրը երջանկության ծրագիր է ստեղծել, որպեսզի հնարավորություն տա մեզ վայելելու Իր բոլոր օրհնությունները: Նրա գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Անմահությունը՝ հավիտյան ապրել հարություն առած ֆիզիկական մարմնով: Հավերժական կյանքը կամ վեհացումը՝ նմանվել Աստծուն և ընտանիքներով հավերժ ապրել Նրա ներկայության մեջ։
Առանց Աստծո օգնության մենք չենք կարող ձեռք բերել անմահություն և հավերժական կյանք: Այս կյանքում մենք գործում ենք մեղքեր և մահանում. դրանք բաժանում են մեզ Երկնային Հորից և խանգարում են ավելի նմանվել Նրան:
Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Մեր հանդեպ ունեցած անսահման սիրո շնորհիվ Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ փրկագնելու մեզ մեղքից և մահից Իր քավիչ զոհաբերության միջոցով (տես Հովհաննես 3․16)։ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը երաշխավորում է, որ երկրի վրա ծնված մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի և անմահություն ձեռք կբերի: Նրա Քավությունը մեզ հնարավորություն է տալիս նաև մաքրվել մեղքից և փոխել մեր սրտերը, որպեսզի ստանանք հավերժական կյանք և ուրախության լիություն:
Հավերժական կյանք ստանալու համար մենք պիտի «գանք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում» (Մորոնի 10․32)։ Այդ հրավերը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ապրել են, ապրում են և դեռ կապրեն երկրի վրա։ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ընտրեն վերադառնալ Իր մոտ:
1.2
Փրկության և վեհացման աշխատանքը
Երբ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և օգնում ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: Այս աշխատանքն առաջնորդվում է Աստծուն սիրելու և մեր մերձավորներին սիրելու երկու մեծ պատվիրաններով (տես Մատթեոս 22․37–39)։ Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո հանդեպ, երբ պահում ենք Նրա պատվիրանները և ծառայում ենք Նրա զավակներին (տես Հովհաննես 14․15)։
Փրկության և վեհացման աշխատանքը կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված չորս պարտականությունների վրա: Այդ պարտականությունները ներկայացված են ստորև։
Այս ձեռնարկի օգնությամբ դուք կհասկանաք Աստծո աշխատանքի այս չորս ոլորտները: Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ, երբ ձեր ներդրումն ունենաք և իրականացնեք դրանք (տես 2 Նեփի 32․5)։
1.2.1
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
Ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, մենք՝
-
գործադրում ենք հավատք Քրիստոսի հանդեպ, ամեն օր ապաշխարում ենք, Աստծո հետ ուխտեր ենք կապում, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, և համբերում ենք մինչև վերջ՝ պահելով այդ ուխտերը (տես 3.5.1)։
-
սովորում և ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը տանը և Եկեղեցում։
-
դառնում ենք ինքնապահով և ապահովում ենք ինքներս մեզ և մեր ընտանիքներին՝ թե՛ հոգևորապես, թե՛ նյութապես։
1.2.2
Հոգ տանել կարիքավորների մասին
Հոգ տանելով կարիքավորների մասին, մենք՝
-
սպասավորում և ծառայում ենք անհատներին, ընտանիքներին և համայնքներին:
-
կարիքավորների հետ կիսվում ենք միջոցներով, ներառյալ՝ Եկեղեցու օգնությամբ։
-
օգնում ենք մյուսներին դառնալ ինքնապահով։
1.2.3
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
Հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը, մենք՝
-
մասնակցում ենք միսիոներական աշխատանքին և ծառայում ենք որպես միսիոներներ։
-
օգնում ենք Եկեղեցու նոր և վերադարձող անդամներին առաջ ընթանալ ուխտի արահետով։
1.2.4
Միավորել ընտանիքները հավերժության համար
Միավորելով ընտանիքները հավերժության համար, մենք՝
-
կապում ենք ուխտեր, երբ ստանում ենք մեր տաճարային արարողությունները:
-
հայտնաբերում ենք մեր մահացած նախնիներին և տաճարում արարողություններ ենք կատարում նրանց համար, որպեսզի նրանք կարողանան ուխտեր կապել Աստծո հետ:
-
պարբերաբար գնում ենք տաճար, եթե դա հնարավոր է, որպեսզի երկրպագենք Աստծուն և արարողություններ կատարենք Նրա զավակների համար:
1.3
Եկեղեցու նպատակը
Հիսուս Քրիստոսը հաստատեց Իր Եկեղեցին, որպեսզի անհատները և ընտանիքները հնարավորություն ունենան կատարելու փրկության և վեհացման աշխատանքը (տես Եփեսացիս 4․11–13, տես նաև այս ձեռնարկի 2.2-ը)։ Այդ աստվածային նպատակի իրականացման գործում օգնելու համար Եկեղեցին և նրա ղեկավարները տրամադրում են․
-
Քահանայության իշխանություն և բանալիներ։
-
Ուխտեր և արարողություններ։
-
Մարգարեական առաջնորդություն:
-
Սուրբ գրություններ։
-
Ավետարանի ուսումնասիրման և ուսուցման աջակցություն։
-
Ծառայության և ղեկավարման հնարավորություններ։
-
Սրբերի համայնք։
1.3.1
Քահանայության իշխանություն և բանալիներ
Քահանայության միջոցով Աստված իրականացնում է փրկության և վեհացման աշխատանքը: Աստծո աշխատանքը երկրի վրա առաջնորդելու համար անհրաժեշտ քահանայության իշխանությունը և բանալիները վերականգնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11–16, 112․30, տես նաև այս ձեռնարկի 3.1-ը)։ Այսօր այդ բանալիները կրում են Եկեղեցու ղեկավարները։ Աստծո աշխատանքին օգնելու համար նրանք կանչում և լիազորում են ուրիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 107․8, 65–67)։
1.3.2
Ուխտեր և արարողություններ
Երկնային Հոր ծրագրում մենք կապում ենք ուխտեր, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, ինչպիսին է մկրտությունը (տես Հովհաննես 3․5, տես նաև այս ձեռնարկի գլուխ 18-ը)։ Այդ ուխտերն ու արարողությունները կարևոր են, որպեսզի մենք ավելի նմանվենք Աստծուն և վերադառնանք բնակվելու Նրա ներկայության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–22)։
1.3.3
Մարգարեական առաջնորդություն
Իր ընտրյալ մարգարեների միջոցով Աստված բացահայտում է ճշմարտությունը և ոգեշնչված առաջնորդություն և նախազգուշացումներ է տալիս (տես Ամովս 3․7, Վարդապետություն և Ուխտեր 1․4)։ Այդ առաջնորդությունն օգնում է մեզ մտնել և մնալ այն ուղու վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք:
1.3.4
Սուրբ գրություններ
Տիրոջ մարգարեների և առաքյալների ղեկավարության ներքո Եկեղեցին տրամադրում և պահպանում է Աստծո խոսքն այնպես, ինչպես գրված է սուրբ գրություններում: Սուրբ գրությունները վկայում են Քրիստոսի մասին, ուսուցանում են Նրա ավետարանը և օգնում են մեզ հավատ գործադրել Նրա հանդեպ (տես Հակոբ 7․10–11, Հելաման 15․7)։
1.3.5
Ավետարանի ուսումնասիրման և ուսուցման աջակցություն
Եկեղեցին աջակցում է անհատներին և ընտանիքներին՝ ավետարանի ճշմարտությունները սովորելու և այդ ճշմարտություններն ընտանիքի անդամներին և այլոց ուսուցանելու իրենց պարտականության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․77–78, 118, տես նաև այս ձեռնարկի 2.2.3-ը)։
1.3.6
Ծառայության և ղեկավարման հնարավորություններ
Եկեղեցու կոչումների և հանձնարարությունների միջոցով Աստված անդամներին ծառայելու և ղեկավարելու հնարավորություններ է տալիս: Կազմակերպված կառույցի օգնությամբ Եկեղեցին հոգ է տանում կարիքավոր անդամների մասին և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ուրիշներին (տես Մոսիա 18․27–29)։
1.3.7
Սրբերի համայնք
Որպես Սրբերի համայնք, Եկեղեցու անդամները պարբերաբար հավաքվում են Աստծուն երկրպագելու և Փրկիչին հիշելու համար՝ ճաշակելով հաղորդությունը (տես Մորոնի 6․4–6, Վարդապետություն և Ուխտեր 20․77)։ Անդամները նաև հոգ են տանում միմյանց մասին և ծառայում միմյանց (տես Եփեսացիս 2․19)։
1.4
Ձեր դերն Աստծո աշխատանքում
Որպես Եկեղեցու ղեկավար, դուք կանչված եք ուսուցանել և աջակցել նրանց, ում ծառայում եք, երբ նրանք մասնակցում են փրկության և վեհացման աշխատանքին (տես 1.2)։ Դուք պատասխանատու եք ձեր կոչման կատարման և «Աստծո խոսքը ողջ ջանասիրությամբ … ուսուցանելու» համար (Հակոբ 1․19)։ Տիրոջ հետ աշխատելով Նրա այգում՝ դուք մեծ ուրախություն կգտնեք (տես Հակոբ 5․70–72)։
Հստակ հասկանալով Աստծո աշխատանքը՝ այն ինչը Նա հրավիրում է ձեզ անել, և հասկանալով Նրա Եկեղեցու նպատակը, ձեր ջանքերը կկարողանաք կենտրոնացնել Քրիստոսի մոտ հոգիներ բերելու վրա: Այդ տեսլականը հիշելով՝ դուք ձեզ կհամապատասխանեցնեք Փրկիչի հետ, և այն կառաջնորդի ձեզ Եկեղեցու ղեկավարի ձեր գործերում։
Հաճախակի մեջբերեք այս գլխի սկզբունքները: Աղոթքով ձգտեք իմանալ, թե ինչպես կարող եք օգնել իրականացնել Աստծո նպատակներն այն մարդկանց կյանքում, ում ծառայում եք: Աստված ձեզ կառաջնորդի Սուրբ Հոգու հուշումների միջոցով։