Ինքնասպանություն
Ինքնասպանության կանխարգելում և արձագանք կորստից հետո


Ինքնասպանության կանխարգելում և արձագանք կորստից հետո

Աշխարհի շատ մասերում ինքնասպանությունների աճը մեծ մտահոգություն է առաջացնում։ Այս փաստաթղթի նպատակն է աջակցել ծնողներին, ընտանիքներին, Եկեղեցու ղեկավարներին և Եկեղեցու անդամներին, երբ նրանք ձգտում են սպասավորել ինքնասպանությունից տուժած անձանց:

Անդամները կարող են այս նյութի օգնությամբ սովորել ինքնասպանության վերաբերյալ Եկեղեցու վարդապետության, ինքնասպանության նախազգուշացման նշանների, ճգնաժամի մեջ գտնվող մարդուն օգնելու և ինքնասպանության կորուստից հետո արձագանքելու մասին: Ղեկավարները կարող են օգտվել այս նյութից, որպեսզի բովանդակալից քննարկումներ վարեն ցցերի և ծխերի խորհուրդների անդամների հետ և այլ դեպքերում։ Այդ քննարկումների նպատակը կլինի օգնել ղեկավարներին և անդամներին առավել արդյունավետ կերպով սպասավորել նրանց, ովքեր տուժել են ինքնասպանությունից:

Եթե ինքնասպանության մասին քննարկումները կօգնեն կանխարգելել ինքնասպանությունները և սպասավորել նրանց, ովքեր տուժել են դրանից, ապա այդպիսի քննարկումները պետք է անցկացվեն երկու չափահասների կողմից։ Ցանկության դեպքում, ղեկավարները քննարկումներին մասնակցելու համար կարող են համայնքից հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր հասկանում և հարգում են ինքնասպանության վերաբերյալ եկեղեցու վարդապետությունը։ 12 տարեկանից փոքր երեխաների հետ քննարկումները պետք է տեղի ունենան միայն այն բանից հետո, երբ ծնողները խորհրդակցել են իրենց երեխաների հետ:

Երբ ցցերի և ծխերի խորհուրդները վերանայեն այս փաստաթուղթը, նրանք պետք է քննարկեն, թե ինչպես կարող են համապատասխանաբար աջակցել համայնքի ջանքերին և անդամներին տեղեկացնել հասանելի միջոցների մասին։

Վարդապետություն և սկզբունքներ

Տերը մեզ բոլորիս հրավիրել է բոլոր մարդկանց վերաբերվել հասկացողությամբ ու կարեկցանքով, երբ նա ուսուցանել է․ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22․39)։ Ինքնասպանությունից տուժածներին ծառայելու մեր ջանքերն ավելի արդյունավետ կլինեն, երբ մենք ավելի լավ հասկանանք վարդապետությունը և ուսմունքները, ինչպիսիք են՝

  • Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զգաց մահկանացու կյանքի դժվարությունների լիությունը, որպեսզի Նա կարողանար իմանալ «ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7․11–13)։ Ջեյմս Ի․ Ֆաուստն ուսուցանել է․ «Քանի որ Փրկիչը տառապել է այն բոլոր բաներից, որոնք մենք կարող ենք զգալ կամ տանել, Նա կարող է օգնել թույլերին ուժեղանալ» (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, Nov. 2001, 22)։

  • Մահկանացու կյանքը թանկագին պարգև է Աստծուց․ մի պարգև, որը պետք է գնահատվի և պաշտպանվի (տես Վարդապետություն և Ուխտեր 18․10, Մ․ Ռասսել Բալլարդ, “Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, Oct. 1987, 6–9)։

  • Երբ ինչ-որ մեկն իրեն զրկում է կյանքից, միայն Աստված կարող է դատել նրա մտքերը, գործողությունները և պատասխանատվության մակարդակը: Ինքնասպանությունը չպետք է լինի անհատի հավերժական կյանքի որոշիչ հատկանիշը (տես Ա․ Թագավորաց 16․7, Վարդապետություն և Ուխտեր 137․9, Dale G. Renlund, “Grieving after a Suicide Loss,” video at suicide.lds.org։

Լրացուցիչ նյութ․

  • Ավետարանական թեմաներ topics.lds.org կայքում և Gospel Library հավելվածում։

Ինքնասպանության նախազգուշացնող նշանները

Մարդկանց մեծ մասը, ովքեր փորձում են ինքնասպանություն գործել, չեն ցանկանում մեռնել․ նրանք պարզապես ցանկանում են ազատվել ֆիզիկական, մտավոր, զգացմունքային կամ հոգևոր ցավից, որից տառապում են։ Ճգնաժամի մեջ գտնվող մարդկանցից շատերը, նախքան ինքնասպանություն գործելը, նախազգուշացնող նշաններ են ցույց տալիս։ Եթե դուք սովորեք ճանաչել նախազգուշացնող նշանները, ապա ավելի լավ պատրաստված կլինեք սպասավորելու նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Ուշադիր եղեք այսպիսի հայտարարությունների նկատմամբ․ «Ինձ համար միևնույն է, եթե մեռնեմ» կամ «Բոլորն առանց ինձ ավելի լավ կլինեն»։ Նախազգուշացնող նշանները ներառում են հետևյալ վարքագիծը․

  • Փնտրում են իրենց սպանելու միջոց

  • Խոսում են անհույս զգալու կամ ապրելու պատճառ չունենալու մասին

  • Խոսում են թակարդված զգալու կամ անտանելի ցավի մասին

  • Խոսում են ուրիշների համար բեռ լինելու մասին

  • Մեծացնում են ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործումը

  • Նվիրում են անձնական իրերն առանց պատճառի

  • Մտահոգված կամ վրդովված են կամ դրսևորում են անխոհեմ վարքագիծ

  • Առանձնանում կամ մեկուսանում են

  • Արտահայտում են ցասում կամ խոսում վրեժխնդրության մասին

  • Ցուցադրում են տրամադրության ծայրահեղ տատանումներ (տես Ինքնասպանությունների կանխարգելման ազգային կենսակերպ)

Միայն մեկ նախազգուշացնող նշանը չի նշանակում, որ առկա է ճգնաժամ։ Բայց, եթե անհատը փորձերի պատմություն ունի, կամ եթե անձի մոտ նկատում եք անսպասելի փոփոխություն և սկսում եք տեսնել բազմաթիվ նշաններ, անմիջապես գործեք: Անվճար ճգնաժամային օգնության գծերի մասին տվյալներ կամ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել suicide.lds.org կայքում։ (Մանրամասների համար, տես «Ինչպես օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդուն» այս ուղեցույցի մեջ։)

Չնայած մեր լավագույն ջանքերին, ոչ բոլոր ինքնասպանությունները կարելի է կանխել: Որոշ ինքնասպանություններ տեղի են ունենում առանց ակնհայտ նախազգուշացման: Դուք պատասխանատվություն չեք կրում իրենց կյանքը վերջ դնելու ուրիշների ընտրության համար։

Լրացուցիչ աղբյուրներ․

Ինչպես օգնել ճգնաժամի մեջ գտնվող մարդուն

Միշտ լուրջ վերաբերվեք ինքնասպանության նախազգուշացնող նշաններին և ինքնասպանություն փորձ կատարելու ցանկացած սպառնալիքին, նույնիսկ, եթե կարծում եք, որ անհատը լրջորեն չի մտածում ինքնասպանության մասին կամ պարզապես ուշադրություն է հրավիրում: Հետևեք այս երեք քայլերին աջակցություն ցույց տալու համար՝ հարցրեք, հոգացեք, պատմեք:

Քայլ 1. Հարցրեք։ Ուղղակիորեն հարցրեք այդ մարդուն, թե արդյոք նա մտածում է ինքնասպանություն գործելու մասին։ Դուք կարող եք հարցնել․ «Արդյո՞ք մտածում ես վերջ տալ կյանքիդ»։ Եթե ասում են, որ մտածում են ինքնասպանության մասին, հարցրեք նրանց, թե արդյոք նրանք ծրագիր ունեն: Դուք կարող եք հարցնել․ «Արդյո՞ք քեզ ցավ պատճառելու ծրագիր ունես»։ Եթե ծրագիր ունեն, անմիջապես օգնեք նրանց հասնել հիվանդանոց կամ առողջապահական կլինիկա, կամ զանգահարել ձեր տարածքում գործող արտակարգ իրավիճակների ծառայություն կամ ճգնաժամային օգնության գիծ։ (Ամբողջ աշխարհում օգնության գծերի հեռախոսահամարների համար այցելեք suicide.lds.org/crisis կայքը։) Եթե նրանք ծրագիր չունեն, անցեք 2-րդ քայլին։

Քայլ 2. Հոգացեք։ Լսելով, թե նրանք ինչ եք ասում, ցույց տվեք, որ դուք հոգ եք տանում։ Նրանց ժամանակ տվեք բացատրել իրենց զգացումները։ Հարգեք նրանց զգացմունքները՝ ասելով նմանատիպ խոսքեր․ «Ես ցավում եմ, որ դուք այդպիսի ցավ եք ապրում» կամ «Ես չէի հասկանում, թե որքան դժվար է ձեզ համար»: Դուք կարող եք առաջարկել նրանց ստեղծել ինքնասպանությունների կանխարգելման անվտանգության ծրագիր (տես “How to Create a Suicide-Prevention Safety Plan,” Doug Thomas, Ensign, Sept. 2016, 63)։ Անվտանգության ծրագիրը կարող է օգնել մարդկանց բացահայտել իրենց անձնական ուժեղ կողմերը, դրական փոխհարաբերությունները և առողջ ապրելակերպի հմտությունները: Այն կարող է նաև նվազեցնել ինքնավնասման միջոցների մատչելիությունը, ինչպիսիք են՝ զենքերը կամ հաբերը: Եթե նրանք խնդրեն ձեզ չպատմել իրենց զգացմունքների մասին որևէ մեկին, բացատրեք, որ կհարգեք նրանց գաղտնիությունը՝ որքանով հնարավոր է, բայց նրանք ավելի շատ օգնության կարիք ունեն, քան դուք կարող եք տրամադրել։ Երբեք մի խոստացեք, որ ինքնասպանության մասին նրանց մտքերը գաղտնի կպահեք։

Քայլ 3. Պատմեք։ Խրախուսեք, որ այդ անձը պատմի մեկին, ով կարող է ավելի շատ աջակցություն ցուցաբերել: Կիսվեք ձեր տարածաշրջանում օգտակար միջոցների կոնտակտային տվյալներով։ Միջոցների թվում կարող են լինել համայնքային հիվանդանոցները, շտապ օգնության կլինիկաները կամ անվճար ճգնաժամային օգնության գծերը։ Եթենրանք օգնություն չփնտրեն, դուք պետք է ինչ-որ մեկին պատմեք նրանց մասին։ Դուք կարող եք նմանատիպ խոսքեր ասել․ «Ես հոգ եմ տանում ձեր մասին և ուզում եմ, որ դուք ապահով լինեք: Ես պատրաստվում եմ ասել մեկին, ով կարող է ձեզ առաջարկել այն օգնությունը, որն անհրաժեշտ է»։ Հարգեք նրանց գաղտնիությունը, ասելով միայն այն մարդուն, ով, ձեր կարծիքով, կարող է օգնել, օրինակ, ընտանիքի մոտիկ անդամին, նրա եպիսկոպոսին, դպրոցի խորհրդատուին, բժշկին կամ առողջապահական մեկ այլ խնամքի մասնագետին: Եթե վստահ չեք, թե ում ասեք, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ կամ զանգահարեք ձեր տարածքում ազատ ճգնաժամային օգնության գիծ: Հիշե՛ք, ձեզանից չի ակնկալվում աջակցել այդ մարդուն միայն ձեր ուժերով։

Նշում․ Եթե քննարկում եք վարում, կարող եք խնդրել մասնակիցներին կիրառել այդ քայլերը։ Ներկայացրեք մի իրավիճակ, որտեղ ինչ-որ մեկը մոտենում է նրանց և ինքնասպանության մտքեր է արտահայտում, և խնդրեք նրանց ցույց տալ, թե իրենք ինչպես կարձագանքեն։

Լրացուցիչ աղբյուրներ․

Ինչպե՞ս արձագանքել ինքնասպանությունից հետո

Չնայած մեր լավագույն ջանքերին, ոչ բոլոր ինքնասպանությունները կարելի է կանխել: Բնական է ինքնասպանությունից հետո մնացած անձանց համար ունենալ ժխտման, ցնցումների, մեղավորության, զայրույթի և շփոթության զգացումներ։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է, «Որևէ մեկի կյանքը խլելու արարքը իսկապես ողբերգություն է, քանի որ այդ մեկ արարքը շատ զոհեր է թողնում․ առաջինը, ով մահանում է, ապա տասնյակ ուրիշներ՝ ընտանիք և ընկերներ, ովքեր շարունակում են ապրել և տարիներ շարունակ նրանցից ոմանք դիմագրավում են խոր ցավին և շփոթությանը» (“Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, Oct. 1987, 7)։ Այդ մարդկանց համար ապաքինումը գալիս է Փրկիչից, ով «վայր իջավ բոլոր բաներից ցած», որպեսզի Նա իմանար «ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների» (Վարդապետություն և Ուխտեր 88․6, Ալմա 7․12)։ Մասնագիտական նյութերը և խորհրդատվությունը նույնպես կարող են օգտակար լինել։

Ցցերի և ծխերի խորհուրդները կարող են քննարկել, թե ինչպես կարող են անհատապես կամ ընտանիքին աջակցել ինքնասպանությունից հետո: Քննարկման հարցերը կարող են ներառել հետևյալը.

  • Ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու Քավությունը բժշկել անհատին կամ ընտանիքին:

  • Սպասավորող եղբայրներն ու քույրերը ի՞նչ կարիքներ նկատեցին անձի կամ ընտանիքի մոտ։ Ի՞նչ ծառայություն նրանք մատուցեցին։

  • Ի՞նչ շարունակական զգացմունքային կամ հոգևոր աջակցության կարիք կունենա անձը կամ ընտանիքը։ Ո՞վ կարող է առաջարկել այդ աջակցությունը։

  • Արդյո՞ք այդ անձը կամ ընտանիքն ունի նյութական կարիքներ, ինչպես օրինակ՝ ճանապարհածախսի կամ ուտելիքի։

  • Ինչպե՞ս կարող են ծխի օժանդակ կազմակերպությունների ղեկավարներն աջակցել այն երեխաներին և երիտասարդներին, ովքեր կորցրել են սիրելի մարդկանց։

Ինքնասպանությունից հետո սգի մթնոլորտը կարող է երկար տևել։ Եթե որևէ մեկը շարունակում է ուժեղ ցավ կամ վիշտ զգալ, խորհրդակցեք այն մարդկանց հետ, ովքեր հոգ են տանում այդ մարդու մասին: Աղոթքով խորհեք, թե ինչպես կարող եք լավագույնս աջակցել։ Դուք կարող եք օգնել, որ այդ մարդը ստանա քահանայության օրհնություն կամ կապ հաստատի ձեր տարածքում առկա միջոցների հետ։ Վշտի աջակցության խմբերը, բժիշկները կամ առողջապահական այլ մասնագետները կարող են օգտակար լինել:

Նշում․ Եթե քննարկում եք վարում, մի խոսեք այն մասին, թե ինչպես անձը խլեց իր կյանքը։ Դա կարող է խմբից որևէ մեկին ոչ միտումնավոր կերպով դրդել ընդօրինակելու նկարագրված վարքագիծը։ Եթե ինչ-որ մեկը սկսում է կիսվել այդ մանրամասներով, սիրալիր կերպով վերահասցեավորեք այդ խոսակցությունը։

Լրացուցիչ աղբյուրներ․

Այլ աղբյուրներ

Եկեղեցու ղեկավարների խորհուրդները

Անդամների անձնական փորձառությունները

Եկեղեցու այլ աղբյուրներ

Լրացուցիչ աղբյուրների համար տես suicide.lds.org կայքը։