Սուրբ գրություններ
Հելաման 12


Գլուխ 12

Մարդիկ անկայուն են ու հիմար, և արագ՝ չարիք անելիս – Տերը խրատում է իր ժողովրդին – Մարդկանց ոչնչությունը համեմատվում է Աստծո զորության հետ – Դատաստանի օրը մարդիկ ձեռք կբերեն հավիտենական կյանք կամ հավիտենական նզովք: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել, թե որքան կեղծ և նաև անկայուն են մարդկանց զավակների սրտերը. այո, մենք կարող ենք տեսնել, որ Տերն իր անսահման մեծ բարությամբ օրհնում ու բարգավաճեցնում է նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա:

2 Այո, և մենք կարող ենք տեսնել՝ հենց այն ժամանակ, երբ նա բարգավաճեցնում է իր ժողովրդին, այո, իրենց դաշտերի, իրենց հոտերի ու իրենց նախիրների, ոսկու և արծաթի և ամեն ձևի, ամեն տեսակի ու տիպի թանկարժեք բաների աճով. խնայելով նրանց կյանքը, և ազատելով նրանց իրենց թշնամիների ձեռքից. փափկացնելով նրանց թշնամիների սրտերը, որ նրանք չհայտարարեն պատերազմներ նրանց դեմ. այո, և ի վերջո, անելով բոլոր բաներն իր ժողովրդի բարօրության ու երջանկության համար. այո, այդ ժամանակ է, որ նրանք կարծրացնում են իրենց սրտերը և մոռանում են Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց ոտքերի տակ կոխ են տալիս Սուրբին,– այո՛, և դա՝ իրենց բարեկեցության և իրենց խիստ մեծ բարգավաճման պատճառով:

3 Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ մինչև Տերը չի խրատում իր ժողովրդին շատ չարչարանքներով, այո, մինչև նա չի այցելում նրանց մահով ու սարսափով, և սովով, և ամեն ձևի ժանտախտով, նրանք չեն կամենում հիշել նրան:

4 Ա՜խ, որքան հիմար և որքան ունայն, որքան չար և դիվային են մարդկանց զավակները, որքան արագ են անօրինություն անելիս և որքան դանդաղ՝ բարիք անելիս. այո, որքան արագ՝ այն չար մեկի խոսքերին ականջ անելիս և իրենց սրտերն աշխարհի ունայն բաների վրա դնելիս:

5 Այո, որքան արագ են նրանք հպարտությունից բարձրամտանալիս. այո, որքան արագ՝ պարծենալիս և այն ամենն անելիս, ինչն անօրինություն է. և որքան դանդաղ են Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս և նրա խորհուրդներին ականջ դնելիս, այո, որքան դանդաղ են իմաստության ուղիներում քայլելիս:

6 Ահա, նրանք չեն ցանկանում, որ Տերը՝ իրենց Աստվածը, որը ստեղծել է իրենց, կառավարի ու թագավորի իրենց վրա. չնայած նրանց հանդեպ նրա մեծ բարությանն ու ողորմածությանը, նրանք ոչինչ են համարում նրա խորհուրդները և չեն կամենում, որ նա լինի իրենց առաջնորդը:

7 Ա՜խ, որքան մեծ է ոչնչությունը մարդկանց զավակների. այո, նրանք նույնիսկ ավելի չնչին են, քան հողի փոշին:

8 Քանզի ահա, հողի փոշին շարժվում է այս ու այն կողմ, մասերի բաժանվելով մեր մեծ և հավիտենական Աստծո հրամանով:

9 Այո, ահա, նրա ձայնից բլուրներն ու լեռները դողում են ու ցնցվում:

10 Եվ նրա ձայնի զորությունից դրանք փշրվում են, և դառնում հարթ, այո, ճիշտ ինչպես մի հովիտ:

11 Այո, նրա ձայնի զորությունից ամբողջ երկիրը ցնցվում է.

12 Այո, նրա ձայնի զորությունից հիմքերը շարժվում են, նույնիսկ մինչև հենց կենտրոնը:

13 Այո, և եթե նա ասում է երկրին՝ Շարժվի՛ր, այն շարժվում է:

14 Այո, եթե նա ասում է երկրին,– Դու պետք է ետ գնաս, որ դա շատ ժամերով երկարացնի օրը,– դա կատարվում է.

15 Եվ այսպես, նրա խոսքի համաձայն երկիրը ետ է գնում, և մարդուն թվում է, թե արևը կանգնած է անշարժ. այո, և ահա, դա այդպես է. քանզի, անկասկած, այդ երկիրն է, որ շարժվում է, և ոչ թե արևը:

16 Եվ ահա, նաև, եթե նա մեծ անդունդի ջրերին ասում է՝ Ցամաքե՛ք, դա կատարվում է:

17 Ահա, եթե նա ասում է այս լեռանը,– Բարձրացի՛ր, և արի ու ընկիր այս քաղաքի վրա, որ այն թաղվի,– ահա դա կատարվում է:

18 Եվ ահա, եթե մի մարդ գանձ է թաքցնում հողում, և Տերն ասում է,– Թող անիծված լինի, նրա անօրինության պատճառով, ով թաքցրել է այն,– ահա, այն անիծված կլինի:

19 Եվ եթե Տերն ասի,– Անիծված եղիր, որ ոչ մի մարդ չգտնի քեզ, այս ժամանակից, այսուհետև և հավիտյան,– ահա, ոչ մի մարդ չի գտնի դա այսուհետև և հավիտյան:

20 Եվ ահա, եթե Տերն ասի որևէ մարդու,– Քո անօրինության համար, անիծված պիտի լինես հավիտյան,– դա պիտի կատարվի:

21 Եվ եթե Տերն ասի,– Քո անօրինությունների համար, դու կտրված կլինես իմ ներկայությունից,– նա այնպես կանի, որ դա այդպես լինի:

22 Եվ վա՜յ նրան, ում նա կասի այս, քանզի դա կլինի նրան, ով կանի անօրինություն, և նա չի կարող փրկվել. հետևաբար, այս պատճառով ապաշխարություն հայտարարվեց, որպեսզի մարդիկ կարողանան փրկվել:

23 Հետևաբար, օրհնված են նրանք, ովքեր կապաշխարեն ու ականջ կանեն Տիրոջ՝ իրենց Աստծո ձայնին. քանզի այդ նրանք են, որ կփրկվեն:

24 Եվ թող Աստված՝ իր մեծ լիության մեջ շնորհ անի, որ մարդիկ կարողանան բերվել դեպի ապաշխարություն ու բարի գործեր, որպեսզի նրանք կարողանան ստանալ շնորհ շնորհի համար՝ համաձայն իրենց գործերի:

25 Եվ ես կկամենայի, որ բոլոր մարդիկ կարողանան փրկվել: Բայց մենք կարդում ենք, որ մեծ ու վերջին օրը կլինեն ոմանք, որոնք պիտի դուրս գցվեն, այո, ովքեր պիտի դեն գցվեն Տիրոջ ներկայությունից.

26 Այո, որոնք պիտի մատնվեն անվերջ թշվառության մի վիճակի, իրագործելով այն խոսքերը, որոնք ասում են. Նրանք, ովքեր արել են բարիք, կունենան հավիտենական կյանք. իսկ նրանք, ովքեր արել են չարիք, կունենան հավիտենական նզովք: Եվ դա այդպես է: Ամեն: