Գլուխ 12
Աբինադին բանտարկվում է ժողովրդի կործանման և թագավոր Նոյի մահվան մասին մարգարեանալու համար – Կեղծ քահանաները վկայակոչում են սուրբ գրքերը և ձևացնում, որ պահում են Մովսեսի օրենքը – Աբինադին սկսում է նրանց սովորեցնել Տասը Պատվիրանները: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, որ երկու տարվա ժամանակահատվածից հետո, Աբինադին ծպտված եկավ նրանց մեջ, որ չճանաչեին իրեն, և սկսեց մարգարեանալ նրանց մեջ՝ ասելով. Այսպես է Տերը պատվիրել ինձ՝ ասելով. Աբինադի՛, գնա և մարգարեացիր իմ այս ժողովրդին, քանզի նրանք կարծրացրել են իրենց սրտերն իմ խոսքերի դեմ. և չեն ապաշխարել նրանք իրենց չար արարքներից. ուստի, ես կայցելեմ նրանց իմ բարկության մեջ, այո, իմ կատաղի բարկությամբ ես կայցելեմ նրանց՝ իրենց անօրինությունների ու պղծությունների մեջ:
2 Այո, վա՜յ լինի այս սերնդին: Եվ Տերն ասաց ինձ. Առաջ մեկնիր ձեռքդ ու մարգարեացիր՝ ասելով. Այսպես է ասում Տերը՝ կլինի այնպես, որ այս սերունդն իր անօրինությունների պատճառով պիտի բերվի ճորտության, և պիտի զարկվի այտին. այո, և պիտի քշվի մարդկանց կողմից, և պիտի սպանվի. և օդի ուրուրները, և շները, այո, և վայրի գազանները պիտի հոշոտեն նրանց միսը:
3 Եվ կլինի այնպես, որ թագավոր Նոյի կյանքը պիտի գնահատվի ոչ ավել, քան մի հանդերձ՝ թեժ հնոցում. քանզի նա պիտի իմանա, որ ե՛ս եմ Տերը:
4 Եվ պիտի լինի այնպես, որ ես դառը չարչարանքներով կզարկեմ իմ այս ժողովրդին, այո, սովով ու ժանտախտով. և ես կստիպեմ, որ նրանք ողբան բոլոր օրերի ընթացքում:
5 Այո, և ես կստիպեմ, որ նրանք ունենան բեռներ կապված իրենց մեջքերին. և նրանք անխոս էշի պես պիտի քշվեն առաջ:
6 Եվ պիտի լինի այնպես, որ ես նրանց մեջ կարկուտ կուղարկեմ, և այն պիտի զարկի նրանց. և նրանք նաև պիտի զարկվեն խորշակով. և միջատները պիտի վնասեն նրանց երկիրը նույնպես և խժռեն նրանց հատիկը:
7 Եվ նրանք պիտի զարկվեն մեծ ժանտախտով, և այս բոլորը ես կանեմ նրանց անօրինությունների ու պղծությունների պատճառով:
8 Եվ պիտի լինի այնպես, որ եթե նրանք չապաշխարեն, ես նրանց ամբողջովին կոչնչացնեմ երկրի երեսից. սակայն նրանք մի հիշատակարան պիտի թողնեն իրենցից հետո, և ես կպահպանեմ դրանք այլ ազգերի համար, որոնք պիտի տիրեն երկրին. այո, նույնիսկ դա կանեմ ես, որ կարողանամ մյուս ազգերին հայտնի դարձնել այս ժողովրդի պղծությունները: Եվ շատ բաներ Աբինադին մարգարեացավ այս ժողովրդի դեմ:
9 Եվ եղավ այնպես, որ նրանք բարկացան նրա վրա. և նրանք բռնեցին նրան ու կապած տարան թագավորի առաջ, և ասացին թագավորին. Ահա՛, մենք մի մարդ ենք բերել քո առջև, որը չարիք է մարգարեացել քո ժողովրդի վերաբերյալ, և ասում է, որ Աստված կկործանի նրանց:
10 Եվ նա չարիք է մարգարեանում նաև քո կյանքի վերաբերյալ և ասում է, որ քո կյանքը պիտի լինի, ինչպես մի հանդերձ՝ կրակի հնոցում:
11 Եվ բացի դրանից, նա ասում է, որ դու պիտի լինես, ինչպես մի ցողուն, անգամ ինչպես դաշտի մի չոր ցողուն, որը տրորվել է գազանների կողմից և կոխկրտվել ոտքի տակ:
12 Եվ բացի դրանից, նա ասում է՝ դու պիտի լինես, ինչպես տատասկափշի ծաղիկները, որոնք երբ լիովին հասունանում են, եթե քամին փչում է, դրանք առաջ են քշվում երկրի երեսով: Եվ նա ձևացնում է, թե Տերն է խոսել այդ: Եվ ասում է՝ այս բոլորը պիտի գա քեզ վրա, եթե դու չապաշխարես, և դա՝ քո անօրինությունների պատճառով:
13 Եվ արդ, ո՜վ թագավոր, ի՞նչ մեծ չարիք ես դու արել, կամ ի՞նչ մեծ մեղքեր է քո ժողովուրդը գործել, որ մենք պիտի դատապարտվենք Աստծո կողմից կամ դատվենք այս մարդու կողմից:
14 Եվ արդ, ո՜վ թագավոր, ահա մենք անմեղ ենք, և դո՛ւ, ո՜վ թագավոր, չես մեղանչել. ուստի, այս մարդը ստել է քո վերաբերյալ, և նա զուր է մարգարեացել:
15 Եվ ահա մենք ուժեղ ենք, և մենք չենք բերվի ճորտության կամ մեր թշնամիների կողմից գերի չենք վերցվի. այո, և դու բարգավաճել ես երկրում, և դու նաև պիտի բարգավաճես:
16 Ահա, այստեղ է այդ մարդը, մենք հանձնում ենք նրան քո ձեռքը, դու կարող ես վարվել նրա հետ, ինչպես քեզ հարմար է թվում:
17 Եվ եղավ այնպես, որ թագավոր Նոյը կարգադրեց, որ Աբինադին բանտ գցվի. և նա հրամայեց, որ քահանաներն ի մի հավաքվեին, որ նա կարողանար խորհուրդ անցկացնել նրանց հետ, թե ինչ պիտի անի նրա հետ:
18 Եվ եղավ այնպես, որ նրանք ասացին թագավորին. Բե՛ր նրան այստեղ, որ մենք հարցաքննենք նրան. և թագավորը հրամայեց, որ նա բերվի նրանց առաջ:
19 Եվ նրանք սկսեցին հարցաքննել նրան, որ կարողանային ստիպել նրան՝ ինքն իրեն հակասել, որ դրա միջոցով նրանք ունենային այն, որով կմեղադրեին նրան. բայց նա նրանց համարձակորեն պատասխանեց, և դիմացավ բոլոր նրանց հարցերին, այո, ի զարմանս նրանց. քանզի նա դիմակայեց նրանց՝ իրենց բոլոր հարցերին, և կարկամեցրեց նրանց իրենց բոլոր խոսքերում:
20 Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկն ասաց նրան. Ի՞նչ են նշանակում խոսքերը, որոնք գրված են և սովորեցվել են մեր հայրերի կողմից, ասելով.
21 Որքա՜ն գեղեցիկ են սարերի վրա ոտքերը նրա, որ բերում է ավետիք. որ հրատարակում է խաղաղություն. որ բերում է բարի ավետիք. որ հրատարակում է փրկություն. որ ասում է Սիոնին՝ Քո Աստվածն է թագավորում.
22 Քո պահապանները պիտի բարձրացնեն ձայնը. միաձայն նրանք պիտի երգեն. քանզի նրանք դեմ հանդիման կտեսնեն, երբ Տերը կրկին կբերի Սիոնը.
23 Պոռթկացե՛ք ուրախությամբ. երգե՛ք միասին, դո՛ւք, Երուսաղեմի ամայացած վայրեր. քանզի Տերը մխիթարել է իր ժողովրդին, նա փրկագնել է Երուսաղեմը.
24 Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստծո փրկությունը:
25 Եվ Աբինադին ասաց նրանց. Մի՞թե դուք քահանաներ եք, և ձևացնում եք, թե ուսուցանում եք այս ժողովրդին, և հասկանում մարգարեության ոգին, և այնուամենայնիվ, ցանկանում եք իմանալ ինձանից, թե ի՞նչ են նշանակում այս բաները:
26 Ես ասում եմ ձեզ, վա՜յ լինի ձեզ՝ Տիրոջ ուղիները խեղաթյուրելու համար: Քանզի, եթե դուք հասկանում եք այս բաները, դուք չեք սովորեցրել դրանք. հետևաբար, դուք խեղաթյուրել եք Տիրոջ ուղիները:
27 Դուք ձեր սրտերը չեք նվիրել հասկանալուն. հետևաբար, դուք իմաստուն չեք եղել: Հետևաբար, ի՞նչ եք դուք սովորեցնում այս ժողովրդին:
28 Եվ նրանք ասացին. Մենք սովորեցնում ենք Մովսեսի օրենքը:
29 Եվ ի պատասխան՝ նա ասաց նրանց. Եթե դուք սովորեցնում եք Մովսեսի օրենքը, ինչո՞ւ դուք չեք պահում այն: Ինչո՞ւ եք դուք ձեր սրտերը դնում հարստությունների վրա: Ինչո՞ւ եք պոռնկություններ անում և պոռնիկների հետ վատնում ձեր ուժը, այո, և ստիպում այս ժողովրդին մեղք գործել, այնպես որ Տերը պատճառ ունի ուղարկելու ինձ՝ մարգարեանալու այս ժողովրդի դեմ, այո, նույնիսկ մեծ չարիք այս ժողովրդի դեմ:
30 Չգիտե՞ք արդյոք, որ ես ճշմարտությունն եմ խոսում: Այո, դուք գիտեք, որ ես ճշմարտությունն եմ խոսում. և դուք պարտավոր եք դողալ Աստծո առաջ:
31 Եվ պիտի լինի այնպես, որ դուք պիտի զարկվեք ձեր անօրինությունների համար, քանզի դուք ասացիք, որ դուք սովորեցնում եք Մովսեսի օրենքը: Իսկ ի՞նչ գիտեք դուք Մովսեսի օրենքի մասին: Արդյո՞ք փրկությունը գալիս է Մովսեսի օրենքի միջոցով: Ի՞նչ կասեիք դուք:
32 Եվ նրանք պատասխանեցին և ասացին, որ փրկությունը գալիս է Մովսեսի օրենքի միջոցով:
33 Բայց այդ ժամանակ Աբինադին ասաց նրանց. Ես գիտեմ, եթե դուք պահեք Աստծո պատվիրանները, դուք պիտի փրկվեք. այո, եթե դուք պահեք պատվիրանները, որոնք Տերը տվել էր Մովսեսին Սինայ սարի վրա՝ ասելով.
34 Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որը դուրս բերեց քեզ Եգիպտոսի երկրից՝ ճորտության տնից:
35 Բացի ինձանից ուրիշ Աստված չպիտի ունենաս:
36 Քեզ համար չպիտի շինես քանդակած պատկեր կամ նմանություն որևէ բանի, որը վերը՝ երկնքում է, կամ բաների, որոնք ցածը՝ երկրում են:
37 Եվ Աբինադին ասաց նրանց. Դուք արե՞լ եք արդյոք այս ամենը: Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ, դուք չե՛ք արել: Եվ սովորեցրե՞լ եք դուք այս ժողովրդին, որ նրանք պետք է անեն բոլոր այս բաները: Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ, դուք չեք սովորեցրել: