Սուրբ գրություններ
Մոսիա 14


Գլուխ 14

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Նշվում են Մեսիայի նվաստացումները և տառապանքները – Նա իր հոգին պատարագ է մատուցում՝ մեղքի համար և օրինազանցների համար բարեխոսություն անում – Համեմատեք Եսայիա ԾԳ: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

1 Այո, իրավ մի՞թե Եսայիան չի ասել. Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը:

2 Քանզի նա պիտի աճի նրա առաջին, ինչպես մի մատղաշ բույս, և ինչպես մի արմատ՝ չոր հողից. նա չունի ո՛չ տեսք, ո՛չ էլ գրավչություն. և երբ մենք տեսնենք նրան, չի լինի գեղեցկություն, որ մենք հավանենք նրան:

3 Նա մարդկանց կողմից արհամարհված է և մերժված. վշտերի մի մարդ, և ցավերի հետ ծանոթ. և մենք կարծես ծածկեցինք մեր երեսները նրանից, նա արհամարհված էր, և մենք չգնահատեցինք նրան:

4 Հիրավի, նա կրեց մեր ցավերը, և տարավ մեր վշտերը. սակայն մենք համարեցինք նրան պատուհասված, Աստծո կողմից զարկված և չարչարված:

5 Բայց նա խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղության պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված:

6 Մենք բոլորս ոչխարների նման մոլորվեցինք. մենք՝ յուրաքանչյուրս դարձանք դեպի մեր սեփական ճանապարհը. և Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրինությունները:

7 Նա ճնշվեց, և նա չարչարվեց, սակայն նա իր բերանը չբացեց. նա, ինչպես մի գառ, մորթվելու է բերվում, և ինչպես մի ոչխար իր խուզողների առաջին է անմռունչ, նույնպես էլ նա չբացեց իր բերանը:

8 Նա վեր առնվեց բանտից և դատաստանից. և ո՞վ կհռչակվի նրա սերունդ: Քանզի նա կտրվեց կենդանեաց երկրից. իմ ժողովրդի օրինազանցությունների համար նա զարկվեց:

9 Եվ նա ամբարիշտների հետ սարքեց իր գերեզմանը, և իր մահը՝ հարուստների հետ. քանի որ նա չարիք չէր արել, ոչ էլ որևէ խաբեություն կար նրա բերանում:

10 Բայց Տերը հաճեց խոշտանգել նրան. նրան ցավի մատնեց. երբ դու նրա հոգին մեղքի համար պատարագ մատուցես, նա կտեսնի իր սերունդը, նա պիտի երկարացնի նրա օրերը, և Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքով:

11 Նա պիտի տեսնի իր հոգու երկունքը և պիտի գոհ լինի. իր գիտությամբ իմ արդար ծառան պիտի արդարացնի շատերին. քանզի նա պիտի կրի նրանց անօրինությունները:

12 Ուստի, ես նրան բաժին եմ տալու մեծերի հետ, և նա հզորների հետ կբաժանի ավարը. քանի որ նա դուրս թափեց իր հոգին՝ ի մահ. և նա համարվեց օրինազանցների հետ. և նա շատերի մեղքերը կրեց, և օրինազանցների համար բարեխոսություն արեց: