Կառուցել արքայությունը Նոր Կալեդոնիայում
Չափահաս երիտասարդները Նոր Կալեդոնիայում և ամբողջ աշխարհում ընդունում են Եկեղեցում ծառայելու և ղեկավարներ լինելու կոչը:
«Ծառայելու հնարավորությունը Եկեղեցու անդամության մեծագույն օրհնություններից է»:1 Որպես չափահաս երիտասարդ, Եկեղեցում ծառայելը կարող է ոգևորիչ լինել աճի, առաջնորդության և ձեր հոգևոր ամրապնդման համար: Բայց ի թիվս այլ պարտականությունների, որ ունեն չափահաս երիտասարդները, ծառայությունը երբեմն կարող է դժվար լինել, հատկապես այն տարածքներում, որտեղ Եկեղեցին շատ փոքր է: Օրինակ, դուք ի՞նչ եք անում, երբ կանչվել եք ցցի Երիտասարդ Կանանց նախագահ, փորձում եք պատրաստվել միսիայի, միաժամանակ սովորում եք քոլեջում, օգնում եք համակարգել ինստիտուտը և ընդամենը 21 տարեկան եք:
Եկեղեցու շատ տարածքներում սա սովորական երևույթ է: Նոր Կալեդոնիայում, որը Ֆրանսիայի մի փոքր անդրծովյան տարածք է՝ Եկեղեցու 2400 անդամներով, չափահաս երիտասարդներին հաճախ տրվում են բավականին մեծ պարտականություններ Տիրոջ արքայությունը կառուցելու գործում: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ ասել է չափահաս երիտասարդներին. «Դուք Տիրոջ Եկեղեցու ապագա ղեկավարներն եք: Դուք պատրա՞ստ եք ստանձնել ղեկավարության պարտականությունները»:2 Անհրաժեշտության դեպքում և Փրկիչի հանդեպ ունեցած սիրով հանդերձ, ամբողջ աշխարհի չափահաս երիտասարդները պատրաստ են ծառայել և ղեկավարել Եկեղեցում:
Ծառայելով ամբողջ կյանքում
Նոր Կալեդոնիացի շատ չափահաս երիտասարդների միսիան նրանց պատրաստում է, որպեսզի նրանք ամբողջ կյանքում ծառայեն Եկեղեցում: Սայօլն (Սայօ) Ուլիվակը կանչվեց որպես եպիսկոպոսության երկրորդ խորհրդական իր լիաժամկետ միսիայից վերադառնալուց ընդամենը մեկ շաբաթ անց: «Ես նոր էի ավարտել իմ միսիան»,- ասում է Սայոն: «Ես հոգնած էի և ասացի ինքս ինձ՝ հիմա ես պատրաստվում եմ հանգստանալ»: Բայց նա ընդունեց կոչումը: «Ես հասկացա, որ պետք է գնամ այնտեղ, որտեղ Տերն է ցանկանում: Ես Նրա ծառայության մեջ եմ, բայց ոչ թե երկու տարով, այլ ամբողջ կյանքում»:
Երբ Սայոն սկսեց ծառայել եպիսկոպոսությունում, ամուսնացավ, երեխա ունեցավ, իսկ հիմա տեղափոխվել է ուրիշ ծուխ: Բայց նա շարունակում է ծառայել և կատարել Եկեղեցու կոչումների իր պարտականությունները:
Երեց Էրլ Ք. Թինջին՝ պատվավոր Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը, ասել է չափահաս երիտասարդներին. «Եկեղեցական կոչումն ամենասքանչելի օրհնություններից է, որ դուք կարող եք վայելել ձեր կյանքի այդ հատվածում: Դուք ներդնելու այնքան շատ բան ունեք ծխում կամ ճյուղում, որտեղ դուք ապրում եք: Ձեր տաղանդներն ու հմտություններն անհրաժեշտ են աճող Եկեղեցուն»:3 Սայոն միակ չափահաս երիտասարդը չէ կղզում, ում հմտություններն օգտագործվում են՝ օգնելու աճող Եկեղեցուն. ուրիշ չափահաս երիտասարդներ ևս, ծխի և ցցի մակարդակներում ծառայում են տարբեր կոչումներում: Սայոն ասում է. «Մենք փորձում ենք հետ բերել այն բաները, որոնք սովորել ենք միսիայի ժամանակ, որպեսզի ամրապնդենք մեր ցցերն ու ծխերը»: Այս չափահաս երիտասարդները շատ զոհաբերություններ են կատարում, որպեսզի ամրապնդեն արքայությունը իրենց հայրենի երկրում, բայց ինչպես Սայոն է նշում. «Մենք հիմնականում զոհաբերում ենք մեր ժամանակը»:
Որոշ չափահաս երիտասարդներ ունեն երկու, երբեմն էլ երեք կոչումներ: «Դա կարող է օրհնություն լինել նրանց համար, բայց կարող է նաև բեռ լինել»,- ասում է Սայոն, քանի որ շատերը պայքարում են հավասարակշռել չափահասության պահանջները Եկեղեցու իրենց կոչումների հետ»: «Դժվար է ամեն բան միաժամանակ անել»: Բայց Սայոն պարզեց դա, երբ Տիրոջը դրեց առաջին տեղում, իսկ մնացածը հեշտ էր իրականացնել: Նա ասում է. «Տերն օգնել է մնացած ամեն ինչով՝ կրթությունը, կին գտնելը. այդ ամենը Տիրոջ ձեռքերում է»:
Եկեղեցու ապագան
Մարգարեներն ու առաքյալները հաստատուն կարծիքներ ունեն կարողությունների և ծառայության մասին, որ չափահաս երիտասարդները կարող են ներդնել Եկեղեցում. «Մենք ձեր մաքուր սրտի ու հոգու կարիքն ունենք: Մենք ունենք ուժեղ, խելամիտ, եռանդուն միսիոներների կարիք, ովքեր գիտեն՝ ինչպես ունկնդրել և պատասխանել Սուրբ Հոգու հուշումներին»:4
Նոր Կալեդոնիայի և ամբողջ աշխարհի չափահաս երիտասարդներն ընդունում են Եկեղեցում ծառայելու և ղեկավարներ լինելու կոչը: Նրանք հասկանում են, որ իրենք Եկեղեցու ապագան են, և ընտրում են ծառայել՝ ինչպես կարողանում են: Նրանք քաջալերում են միմյանց իրենց կոչումներում: Նրանք աշխատում են միսիոներների հետ: Նրանք կիսվում են ավետարանով և իրենց ընկերներին հրավիրում են եկեղեցի: Նրանք խորհուրդ են տալիս իրենց ծխերի երիտասարդներին և ոգևորում են նրանց՝ ծառայել միսիաներում: Նրանք երկար ճանապարհ են անցնում տաճար հաճախելու համար: Նրանք ուսուցանում են իրենց ընտանիքների ոչ անդամներին: Եվ այս բոլոր ջանքերը կառուցում են արքայությունը:
Սայոն հասկանում է դա, երբ գործը վերաբերում է Տիրոջը ծառայելուն. «Մենք Նրա գործիքներն ենք»: Եկեղեցու այս աճի ժամանակաշրջանում Տերը կկանչի բոլոր տարիքի Սրբերին ամենուր, որպեսզի ընդունեն Իր արքայությունը կառուցելու և ամրապնդելու պարտականությունները: Արդյո՞ք մենք պատրաստ ենք պատասխանելու այդ կանչին: