Հիսուս Քրիստոսը՝ խաղաղության մեր Իշխանը
Սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպիսի հրաշալի տպավորություն էր: Երաժշտությունը վսեմ էր և ուղերձները` սրտեր ջերմացնող: Սուրբ Ծննդյան ոգին արթնանում է մեր հոգիներում:
Սուրբ Ծննդյան հիշողություններն իրենց հետ բերում են ընտանիքի, ընծաների և ուրիշներին ծառայելու հուշեր: Դրանք առաջանում են Սուրբ Ծննդյան իրական պատճառից՝ Մեր Երկնային Հոր այդ բացառիկ ընծայից: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:1
Տիրոջ և հավերժական կյանքի վրա կենտրոնացումը կարող է օգնել մեզ ոչ միայն Սուրբ Ծննդյան ժամանակ, այլ նաև մահկանացու կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելիս: Անկատար մարդիկ կիսում են երկիր մոլորակը այլ անկատար մարդկանց հետ: Մեզ բաժին ընկած աշխարհը՝ ապականված մեծ պարտքերով, պատերազմներով, բնական աղետներով, հիվանդություններով և մահով աշխարհն է:
Անձնական դժվարություններ պատահում են բոլորի հետ: Հայրը կարող է կորցնել իր աշխատանքը: Երիտասարդ մայրը կարող է տանել ծանր հիվանդություն: Որդին կամ դուստրը կարող են շեղվել ուղուց: Որն էլ որ լինի մեր անհանգստության պատճառը, մեզանից յուրաքանչյուրը տենչում է ներքին խաղաղության:
Իմ այսօրվա ուղերձը վերաբերում է ճշմարտության և հավերժական խաղաղության միակ սկզբնաղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին՝ խաղաղության մեր Իշխանին:2 Այդ կոչումը Նա կրել է ի հավելումն բոլոր այլ կոչումների, որի համար նախակարգվել էր:
Նա Իր Հոր կողմից օծվել է լինելու աշխարհի Փրկիչը: Այդ երկու կոչումները՝ Մեսիա և Քրիստոս, հատկանշել են օծյալի Իր պատասխանատվությունը:3
Իր Հոր ղեկավարության ներքո Հիսուսը հանդիսացավ այս աշխարհի և այլ աշխարհների Արարիչը:4 Հիսուսը մեր բարեխոսն է իր Հոր առջև:5 Հիսուսը խոստացված Էմմանուելն է,6 մեծ Եսը և Հին կտակարանի Եհովան:7
Նա Իր Հոր կողմից ուղարկվեց իրականացնելու Քավությունը՝ ողջ մարդկության պատմության կարևորագույն արարքը: Նրա Քավության շնորհիվ անմահությունը դարձավ իրական բոլորի համար և հավերժական կյանքը հնարավոր դարձավ բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Նրան:8Այդ նպատակները Ամենակարող Աստծո աշխատանքն ու փառքն են:9
Լինելով մի մեծ օրինակ, Հիսուսն ուսուցանեց մեզ, թե ինչպես ապրել, ինչպես սիրել և սովորել: Նա ուսուցանեց մեզ, թե ինչպես աղոթել, ներել և համբերել մինչև վերջ:10
Նա ուսուցանեց մեզ, թե ինչպես պետք է հոգ տանել ուրիշների մասին ավելի շատ, քան մենք հոգ ենք տանում մեր իսկ մասին: Նա ուսուցանեց մեզ ողորմածության և բարության մասին՝ մեր կյանքում կատարելով իրական փոփոխություններ Իր զորության շնորհիվ: Նա ուսուցանեց մեզ, թե ինչպես ձեռք բերել սրտի և մտքի խաղաղություն: Մի օր մենք կկանգնենք Նրա առջև, որպես մեր միակ Դատավորի և ողորմած Վարպետի:11
Տիրոջ այս սրբազան պարտականությունները հարում են մեզ երկրպագել Նրան, որպես մեր անձնական և հավիտենական խաղաղության Իշխանի: Մենք գովաբանում ենք Նրան, որպես ծնողներ, տատիկներ ու պապիկներ, և մեր զավակների ուսուցիչներն լինելու՝ մեր արտոնության համար:
Սուրբ Ծննդյան տոները ընտանեկան նվիրական օրեր են: Ընտանիքի հետ անցկացրած ժամանակը սրբազան ժամանակ է: Մենք կարող ենք օգնել մեր զավակներին գալ դեպի Փրկիչը: Երաժշտությունը կարող է բժշկել մեզ: Մեր երեխաները սիրում են երգել «Ուզում եմ լինել Հիսուսի նման» երգը:12
Հիսուսն ասաց «Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ *այդպիսիներին է երկնքի արքայութիւնը»։13
Նա կարող է խաղաղություն բերել նրանց, ում կյանքը խիստ տուժել է պատերազմի պատճառով: Պատերազմական իրավիճակներից քայքայված ընտանիքները կրում են պատերազմի մասին հիշողություններ, որոնք իմ գլխի մեջ դեռ առկա են Կորեական պատերազմի ժամանակներից:
Մեր ժամանակաշրջանի պատերազմներն ավելի բարդ են և դեռևս խարխլում են ընտանիքներին: Նրանք ովքեր տուժում են դրանից, կարող են դիմել Տիրոջը: Նա խաղաղության մխիթարական ուղերձ է Երկրի վրա և բարի կամք մարդկանց մեջ:14
Խաղաղություն կարող են զգալ նրանք, ովքեր լավ չեն զգում: Որոշ ֆիզիկական մարմիններ վերքերով ծածկված են: Մյուսները ցավ են ապրում հոգեպես՝ սիրելիներին կորցնելու և այլ հոգեբանական վնասվածքների պատճառով: Եղբայրներ և քույրեր, դուք կարող եք զգալ խաղաղություն ձեր հոգում, եթե դուք Խաղաղության Իշխանի հանդեպ կառուցեք հավատք:
«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են։ Բերե՛ք նրանց այստեղ։ Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, … կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով։ Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց»:15
«Ես տեսնում եմ, որ ձեր հավատքը բավարար է, որ ես բժշկեմ ձեզ»:16
Խաղաղություն կարող է զգալ նա ով տառապում է վշտից: Անկախ նրանից, թե այդ վիշտը բխում է կատարված սխալից, թե մեզքից, այն ամենն, ինչ Տերը պահանջում է մեզանից դա իրական ապաշխարությունն է: Սուրբ գրություներում ասվում է. «Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. … [և] կանչիր Տիրոջ անունը սրտանց»:17Ապա Նա հանգստացնում է, որ «Բալասանը Գաղաադում» կարող է բուժել նույնիսկ մեղքով հիվանդ հոգին:18
Մտածեք Ջոն Նյուտոնի հետ կատարված փոփոխությունների մասին, ով ծնվել է Լոնդոնում 1725թ: Նա ապաշխարեց որպես ստրուկների վաճառական իր մեղավոր կյանքի համար, որպեսզի դառնար անգլիական հոգևորական: Սրտի այդ զորեղ փոփոխությամբ, Ջոնը գրեց «Զարմանալի շնորհ» երգի բառերը:
Զարմանալի շնորհ: Որքան քաղցր է ձայնը,
Որ փրկեց ինձ՝ նման անզգամին:
Կորած էի, բայց այժմ գտնվել եմ,
Կույր էի, բայց այժմ տեսնում եմ:19
«Ուրախութիւն կլինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ»:20
Խաղաղություն կարող են զգալ նրանք, ում բեռը ծանր է.
«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ:
Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:»
Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:21
Խաղաղություն կարող են զգալ նրանք, ովքեր սգում են: Տերն ասել է. «Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին»:22 Երբ մենք տանում ենք սիրելի անձնավորության մահը, Հոգու հուշումների շնորհիվ մենք կարող ենք լցվել Տիրոջ խաղաղությամբ:
«Նրանք, ովքեր մահանում են ինձանում, մահ չեն ճաշակի, քանզի այն քաղցր կլինի նրանց համար»:23
«Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ»:24
«Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի.
«Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ»:25
Խաղաղություն կարող են զգալ նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են Խաղաղության Իշխանին: Նա այն քաղցր և փրկագնող ուղերձն է, որը մեր միսիոներները տարածում են աշխարհով մեկ: Նրանք քարոզում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանն այնպես, ինչպես այն վերականգնվել էր Նրա կողմից՝Մարգարեի Ջոզեֆ Սմիթի շնորհիվ:26Միսիոներները ուսուցանում են այս կյանքը փոխող Տիրոջ խոսքերը. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»:27
Խաղաղություն զգում են նրանք, ովքեր ընտրում են Վարդապետի ճանապարհը: Նրա հրավերը արտահայտված է այս երեք սիրառատ խոսքերում. «Եկ՝ հետևիր ինձ»:28
Մենք ողջ փառքով կգովերգենք Խաղաղության Իշխանին,29 քանի որ Նա կրկին կգա: Ապա «պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն»:30 Որպես հազարամյակի Մեսիա, Նա կթագավորի որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր:31
Եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսին, Նա կառաջնորդի մեզ ապրելու Իր և մեր Երկնային Հոր՝ մեր ընտանիքների հետ միասին: Մահկանացու կյանքի մեր բազմաթիվ դժվարությունների միջով անցնելիս, եթե մենք հավատարիմ մնանք մեր կապած ուխտերին, եթե մենք դիմանանք մինչև վերջ, մենք արժանի կլինենք Աստծո պարգևներից ամենամեծին՝ հավերժական կյանքին:32Նրա սրբազան ներկայության ներքո մեր ընտանիքները կարող են հավերժ լինել միասին:
Աստված թող օրհնի ձեզ իմ սիրելի եղբայրներ և քույրեր: Թող ձեզանից յուրաքանչյուրն ունենա Սուրբ Ծննդյան երջանիկ տոներ: Եվ թող որ դուք և ձեր սիրելիները հավերժորեն վայելեք մեր Տիրոջ՝ մեր Խաղաղության Իշխանի բոլոր օրհնությունները: Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: