Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Ի՞նչ եղավ հետո:


Ի՞նչ եղավ հետո:

Ուրախ Սուրբ Ծնունդ

Սա Սուրբ Ծննդյան ժամանակն է և երեխաները մեր սրտերը լցնում են Սուրբ Ծննդյան կախարդանքով: Մենք ինչ որ բան բաց ենք թողնում, եթե չենք տեսնում Սուրբ Ծնունդը երեխայի աչքերով, քանի որ երեխաները տեսնում են լույսերը, նրանք լսում են երաժշտությունը և զգում են Սուրբ Ծննդյան տոնածառների և գավազանատիպ կոնֆետների բուրմունքը իսկական սպասումով: Մենք տեսնում ենք նրանց վարդագույն այտերը և փոքրիկ քթերը խանութների ցուցափեղկերի ապակուն հպված, երբ նրանք երազում են Սուրբ Ծննդյան առավոտվա մասին և նրանց փոքրիկ մատները հաշվում են օրերը մինչև դեկտեմբերի 25-ը: Ծնողները նույնպես հաշվում են օրերը մինչև դեկտեմբերի 25-ը: Նրանք երազում են պատրաստ լինել Սուրբ Ծննդյան առավոտին, երբ ծրագրում են և անակընկալներ պատրաստում իրենց երեխաների համար:

Երբ ես երեխա էի, մայրս հաճախ Սուրբ Ծննդյան անակընկալ էր պատրաստում ինձ համար և իմ զույգ քույրիկների համար: Նա դնում էր կարի մեքենան իր ննջարանում և սկսում ծրագիրը մեկ ամիս առաջ, ուշադիր ննջարանի դուռը փակ պահում, երբ աշխատում էր: Երբ Սուրբ Ծննդյան օրը մոտենում էր, նա կարում էր մինչև ուշ գիշեր: Երբ հագուստները գրեթե ավարտված էին լինում, բացի այն պահերից, երբ պետք է մեզ վրա նստացներ ու եզրակարերը նշեր, նա հնարում էր մի միջոց իր անակընկալը պահելու մեզանից: Ահա՛ թե որտեղ էր պետք լինում մեր աչքերը կապել: Մեր մայրիկը կապում էր մեր աչքերը մեկ առ մեկ և տանում իր սենյակ, և անցկացնում հագուստը մեր գլխի վրայով, միշտ պահելով մեր աչքերը կապած: Դա լավ էր ստացվում, … բացի այն դեպքերից, երբ հեռախոսը զանգահարում էր մյուս սենյակում:

Հեռանալիս նա ասում էր. «Ես հենց հիմա կվերադառնամ, չհամարձակվես ծածուկ նայել»: Դուք գուցե հարցնեք «Ի՞նչ եղավ հետո»:

Ես կասեմ ձեզ. «Դա կարմիր վելվետից շոր էր՞:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ, թե ինչու «Ի՞նչ եղավ հետո» այդ հարցն ունի իսկապես Սուրբ Ծննդյան նշանակություն:

Այնպես եղավ, որ դեկտեմբերի կեսերին մի օր, երբ Էմի Ջոնսթոնը` Պատանի Սքաութների առաջնորդը Ջիլբերտում, Արիզոնա, օգտվեց հնարարավորությունից՝ ուսուցանելու մի խումբ եռանդուն ութ տարեկան տղաների Հիսուսի ծննդյան մասին: Նա զգաց, որ պետք է մի կողմ թողնի Սքաութական գործը, որը նախատեսել էր, և խոսի իր պատանի Սքաութների հետ՝ առաջին Սուրբ Ծննդյան մասին: Նա տղաներին իր շուրջը հավաքեց իր ընտանեկան սենյակի հատակին և կարդաց մի քանի հատվածներ սուրբ գրություններից, միևնույն ժամանակ օգտագործելով նկարներ՝ պատմելու Մարիամի և Հովսեփի սրբազան պատմությունը՝ հովիվների, աստղի և Բեթլեհեմում մարագում մանուկ Հիսուսի ծննդյան մասին:

Նա կարդաց.

«Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրեաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում, …

Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր: …

Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չկար նորանց համար:

Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հոտերը պահում էին:

Եւ ահա, Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց եւ մեծ վախով վախեցան:

Եւ հրեշտակն ասաց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տերը»:1

Երբ նա խոսում էր Հիսուսի ծննդյան մասին, նա նկատեց, որ բոլոր տղաները մասնակիորեն էին լսում, բացի մեկ տղայից՝ Ջոնը կլանված էր յուրաքանչյուր խոսքով: Ջոնը աշխույժ տղա էր, որը գրեթե երբեք հանգիստ չէր նստում, բայց երբ նա պատմում էր պատմությունը, նա լսում էր ուշադրությամբ, իսկ հետո հարցրեց. «Լավ, ի՞նչ եղավ հետո»:

Այսպիսով նա շարունակեց տղաներին պատմել Հիսուսի պատանեկության մասին: Նա ասաց. «Հիսուսը ճիշտ ձեզ պես պատանի էր: Նա սիրում էր վազել ու խաղալ: Բայց նա մեծանում էր և նաև «զօրանում հոգիով»:2Նա պատմեց նրանց, որ երբ Հիսուսը 12 տարեկան էր, նա իր ընտանիքի հետ գնաց Երուսաղեմ: Մարիամն ու Հովսեփը տուն էին վերադառնում, երբ հասկացան, որ իրենց որդին իրենց հետ չէր: Նրանք արագ վերադարձան Երուսաղեմ և գտան Հիսուսին տաճարում վարդապետների և ուսուցիչների հետ խոսելիս, ովքեր Նրան տալիս էին իրենց հարցերը, և սուրբ գրություններն ասում են, որ բոլորը, ովքեր լսում էին Նրան, «զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ»:3

«Դեհ, իսկ ի՞նչ եղավ հետո», - հարցրեց Ջոնը: Էմին տղաներին պատմեց Հիսուս Քրիստոսի ծառայության մասին, թե ինչպես էր Նա լցված Տիրոջ Հոգով: Մենք կարդում ենք Աստվածաշնչում, որ Նա ուսուցանեց ավետարանը աղքատներին, Նա հրաշքներ գործեց, Նա բժշկեց կույրերին և հիվանդներին և Նա մարդկանց փաստորեն հարություն տվեց մեռելներից: Նա ուսուցանեց. «Սիրեցէք ձեր թշնամիներին, [և] բարի արեք ձեզ ատողներին»:4

Ջոնը նկատելիորեն տարված էր նրանով, ինչ ասվեց, և կամենում էր իմանալ ավելին: Նա կրկին հարցրեց. «Լավ, իսկ ի՞նչ եղավ հետո»: Նա պատմեց տղաներին, որ որոշ մարդիկ մերժեցին Հիսուսին և Նրան չէին սիրում: Նրանք իրականում ծրագրում էին խլել Նրա կյանքը: Նա այդ պատանի Սքաութներին պատմեց Վերջին Ընթրիքի մասին, Գեթսեմանիի պարտեզի մասին և թե ինչպես Հիսուսը խաչվեց, իսկ հետո հարություն առավ: Նա կարող էր ասել, որ բոլոր այս պատմությունները նոր էին Ջոնի համար, ով ձգտում էր իմանալ ավելին:

Ապա նա ուժեղ զգացում ունեցավ կանգ առնելու և անունով դիմելու յուրաքանչյուր տղային և ասելու. «Հիսուս Քրիստոսը մահացավ քեզ համար»: Ջոնն ուշադրությամբ լսում էր, երբ նա անհատապես խոսում էր յուրաքանչյուր տղայի հետ: Ապա նա նայեց նրան և ասաց. «Ջոն, Հիսուս Քրիստոսը մահացավ քեզ համար»: [Ջոնը] նայեց նրան, ապա հարցրեց զարմանքով. «Նա այդ արեց ի՞նձ համար»:

Էմին ասաց. «Հոգին ուժեղ էր մեր ընտանեկան սենյակում այդ օրը, երբ մի պատանի հավանաբար առաջին անգամ զգաց Սուրբ Հոգու ներգործությունները»: Նա ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ է ապագան պահել Ջոնի համար, քանի որ նրա ընտանիքը տեղափոխվել է: Բայց ես աղոթում եմ, որ սերմերը, որոնք ցանվեցին պատանի Սքաութների ժողովում Սոււրբ Ծննդից երկու շաբաթ առաջ, աճեն և մի օր ավետարանի լիարժեք լույսը բերեն նրան»:

Նիստն ավարտվելուց հետո Սուրբ Ծննդյան լույսերը կմարեն, եղևնու բուրմունքը կանհետանա օդում և Սուրբ Ծննդյան երաժշտությունն այլևս չի լսվի ռադիոյից, և մենք Ջոնի նման կհարցնենք. «Հետո ի՞նչ է լինելու»:

Սուրբ Ծննդյան հրաշքը և սքանչելիքը ուղղակի սկիզբն է: Սուրբ Ծնունդը հիշեցնում է մեզ, որ մանուկը, որը ծնվել էր Բեթլեհեմում, մեզ նպատակ է տվել ապրելու համար և այն, ինչ մեզ հետ պատահում է հետո, մեծամասամբ կախված է նրանից, թե ինչպես ենք ընդունում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և հետևում Նրան: Ամեն օր մենք հրավիրում ենք Նրա Հոգին մեր կյանք: Մենք լույս ենք տեսնում ուրիշների մեջ, մենք լսում ենք երեխաների ձայների ուրախությունը, որ բերում է հույս և ակնկալիք ապագայի համար: Մենք առիթներ ենք որոնում հավաքվելու, ներգրավելու, ծառայելու և բարձրացնելու, երբ մենք իմանում ենք, թե ինչ է իսկապես նշանակում ճանաչել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մենք գտնում ենք մեզ՝ օրերը հաշվելիս, մինչև մեր կյանքի իրադարձությունները, երբ մենք ավելի ուժգին ենք զգում Նրա ազդեցությունը, օրինակ՝ մանկիկի ծնունդը, երեխայի մկրտությունը, միսիոների մեկնումը, ամուսնության վեհացումը տաճարում և ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելը: Մանկական հավատքով մենք որոնում ենք Նրան և զգում Նրա ազդեցությունը:

«Եթե դարձ չգաք եւ չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայությունը»:5

Սա գեղեցիկ ծրագիր է, այս ծրագիրը մեր Հայրն է ստեղծել, որով Իր Որդու՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք վերադառնալ և ապրել Նրա հետ և վայելել այն ամենը, ինչ Հայրն ունի, քանի որ սա է վերջնական «Հետո ի՞նչ է լինելու» հարցի պատասխանը: Փրկիչն ասել է. «Նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը. և նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը, հետևաբար այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան»:6

Նրան ընդունելուն պատրաստ լինելը տալիս է դեկտեմբերի 25-ին պատրաստ լինելու ողջ նոր իմաստը:

Ջոն, որտեղ էլ որ դու լինես, կենդանի Առաքյալներն ասել են. «Մենք հանդիսավորապես վկայում ենք, որ [մեր Փրկչի] կյանքը, որն առանցքային է ողջ մարդկության պատմության համար, ոչ սկսվել է Բեթլեհեմում, ոչ էլ ավարտվել Գողգոթայում: Նա Հոր Անդրանիկն էր, Միածին Որդին մարմնում, աշխարհի Քավիչը»:7

Ջոն, Նրա պարգևը մեզ այն է, ինչ լինելու է հետո:

Դա ճշմարիտ է և Նա արել է դա քեզ համար: Այդ հոյակապ ճշմարտության մասին ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: