Դառնալ հազարամյակի ճշմարիտ սերունդ
Երեկո Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետ
Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • հունվարի 10, 2016 • Բրիգամ Յանգի Համալսարան (Հավայան կղզիներ)
Իմ սիրելի քույրեր և եղբայրներ, անշուշտ, այս նոր տարին ամենաուրախ տոներից մեկն է լինելու: Այս տարվա սկզբին ես ու Վենդին հրաժեշտ տվեցինք իմ սիրելի քույր՝ Մարջորիին, ով հեռացավ այս մահկանացու կյանքից: Մեր ընտանիքում ողջունել ենք երկու նորածիններին՝ Ուեյդ Ռիչարդ Ուոլկերին և Իսահակ Ռասսել Մակդոնոին: Իսկ այժմ հնարավորություն ունենք խոսելու ձեզ՝ աշխարհով մեկ սփռված երիտասարդ չափահասների հետ: Մենք երախտապարտ ենք ձեզ:
Ես մեծապես շնորհակալ եմ Ուենդիի կարևոր ուղերձի և նրա ոգեշնչող օրինակի համար։ Ես նույնպես երախտագիտությամբ եմ նշում Եկեղեցու կրթության հանձնակատար և Յոթանասունական՝ Երեց Կիմ Բ․ Կլարկի և նրա կնոջ՝ Սյուի, և սեմինարիաների ու կրոնի ինստիտուտների կառավարիչ Չադ Հ․ Վեբի ու նրա կնոջ՝ Կրիստիի, ներկայությունը։
Առաջին նախագահությունն ու Տասներկու Առաքյալների քվորումն իրենց ողջույններն ու սերն են փոխանցել ձեզ։ Մենք շնորհակալ ենք Տիրոջ և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ ձեր նվիրվածության համար։ Մենք երախտապարտ ենք, երբ ամեն անգամ դուք ոտքի եք կանգնում և պաշտպանում ճշմարտությունը՝ հատկապես, երբ այն ընդունված չէ։
Մարդկանցից շատերը ձեզ կոչում են հազարամյակի սերունդ։ Ես պետք է խոստովանեմ, որ անհանգստանում եմ, երբ հետազոտողները ձեզ կոչում են այդ բառով և նկարագրում են, թե ինչ են բացահայտել ձեր մասին՝ ձեր նախասիրություները, ձեր առարկությունները, ձեր զգացմունքներն ու հակումները, ձեր ուժեղ և թույլ կողմերը։ Նրանք ինչ-որ ուրիշ կերպ են օգտագործում հազարամյակի սերունդ եզրույթը, որն անհանգստություն է պատճառում ինձ։ Եվ անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ են գիտակներն ասում ձեր մասին, քան այն, թե ինչ է Տերն ինձ ասել ձեր մասին։
Երբ աղոթում եմ ձեզ համար և Տիրոջը հարցնում, թե ինչ է Նա մտածում ձեր մասին, ես շատ ուրիշ բան եմ զգում, քան հետազոտողների խոսքերն են։ Իմ ստացած հոգևոր տպավորությունները ստիպում են ինձ հավատալ, որ հազարամյակի սերունդ եզրույթն իրականում կատարյալ է նկարագրում ձեզ։ Սակայն շատ ուրիշ պատճառներով, քան գիտակները երբևէ կարող են հասկանալ։
Հազարամյակի սերունդ եզրույթը կատարյալ կերպ է նկարագրում ձեզ, եթե եզրույթը հիշեցնում է, թե իրականում ո՞վ եք դուք և իրականում ո՞րն է ձեր կյանքի նպատակը։ Հազարամյակի մարդը նա է, ով նախաերկրային կյանքում սովորել և ուսուցանել է Հիսուս Քրիստոսի ավետարանը, ով այնտեղ ուխտեր է կապել Երկնային հոր հետ խիզախ բաների շուրջ, նույնիսկ բարոյապես խիզախ բաների շուրջ, որոնք դուք պետք է անեիք երկրի վրա։
Հազարամյակի ճշմարիտ սերունդն այն տղամարդիկ ու կանայք են, ում Աստված այնքան է վստահել, որ երկիր է ուղարկել աշխարհի պատմության մեջ ամենաանհաղթահարելի տնտեսության ժամանակ։ Հազարամյակի ճշմարիտ սերունդը նրանք են, ովքեր այժմ նախապատրաստում են այս աշխարհի մարդկանց Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստին և Նրա հազարամյա թագավորությանը։ Կասկած չկա, որ դուք ծնվել եք հազարամյակի ճշմարիտ սերունդ լինելու համար։
Հարց է ծագում, թե «ինչպե՞ս դուք կարող եք ոտքի կանգնել ու ապրել որպես Հազարամյակի ճշմարիտ սերունդ»։ Դրա վերաբերյալ ունեմ չորս առաջարկություն։
Սովորեք, թե իրականում ով եք դուք
Առաջին առաջարկս է, որ Իմանաք, թե իրականում ով եք դուք։
Ժամանակ հատկացրեք և աղոթքով խորհեք այս փաստերի շուրջ․
-
Դուք Աստծո ընտրյալ որդին կամ դուստրն եք։
-
Դուք ստեղծված եք Նրա պատկերով;
-
Հոգևոր աշխարհում ձեզ ուսուցանել են, որ դուք պատրաստվեք դիմակայելու այն ամենին, ինչ տեղի կունենա ձեզ հետ վերջին օրերի այս վերջին ժամանակահատվածում։1 Այդ ուսմունքները մնում են ձեր մեջ։
Դուք ապրում ենք «տասնմեկերորդ ժամում»։ Տերը հայտարարել է, որ սա վերջին անգամ է, երբ Նա իր ծառաներին կկանչի Իր այգին, որպեսզի հավաքեն ընտրյալներին երկրի չորս կողմերից։2 Եվ դուք ուղարկվել եք, որպեսզի մասնակցեք այդ հավաքին։ Շատ անգամներ եմ տեսել Հազարամյակի ճշմարիտ սերնդի ազդեցությունը, երբ նրանք ուրիշներին բերել են ճշմարտության իմացությանը։ Որպես Աբրահամի սերունդ սա ձեր ինքնության և նպատակի մի մասն է։3
Ամիսներ առաջ ես ու Ուենդին մի ուշագրավ փորձառություն ունեցանք հեռավոր Սիբիրում։ Այդ «ազատ» օրը Իրկուտսկում մեզ հետ ճամփորդողների թվում էին Միսիայի Նախագահ Գրեգորի Ս․ Բրինտոնը, նրա կինը՝ Սալին և նրանց վերադարձած միսիոներ որդին՝ Սեմը, ով իր միսիան ծառայել էր Ռուսաստանում։ Մենք այցելեցինք հրաշալի լիճ Բայկալը և դրա ափերին տեղակայված առևտրի հրապարակը։
Երբ վերադարձանք մեր մեքենայի մոտ, մենք նկատեցինք, որ սեմը բացակայում էր։ Մի քանի րոպե անց նա վերադարձավ միջին տարիքի մի կնոջ հետ, ում անունը Վալենտինա էր։ Իր մայրենի ռուսերենով Վալենտինան խանդավառությամբ բացականչեց․ «Ես ցանկացա ծանոթանալ այս երիտասարդ տղայի մոր հետ։ Նա այնքան քաղաքավարի, խելացի ու բարի է։ Ես ցանկացա հանդիպել նրա մայրիկի հետ»։ Վալենտինային գրավել էր Սեմի պայծառ, լույսով լեցուն դեմքը։
Սեմը Վալենտինային ծանոթացրեց իր մոր և հոր հետ, նրան տվեց մի բրոշյուր Փրկչի մասին և պայմանավորվածություն ձեռք բերեց միսիոներների հետ, որ նրանք այցելեն նրան։ Երբ ավելի ուշ միսիոներները վերադարձան և բերեցին Մորմոնի Գիրքը նրա համար, նա խոստացավ կարդալ այն։ Նրա հետ նույն վայրում աշխատող կանանցից ոմանք նույնպես հետաքրքրված էին Վալենտինայի ձեռք բերած նոր գրքով։ Մենք դեռևս չգիտենք այդ պատմության ավարտը, բայց ի շնորհիվ այն տարբերակիչ լույսի, որն արձակվում էր Սեմից, Վալենտինային ու նրա ընկերներից մի քանիսին ներկայացվեց ավետարանը։
Սեմի նման Հազարամյակի ճշմարիտ մարդիկ գիտեն, թե իրականում ով են իրենք։ Նրանք Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներն են, ովքեր բնազդաբար օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի նախապատրաստեն իրենց և մյուսներին Փրկչի հազարամյա թագավորությանը։
Հետևաբար, իմ առաջին առաջարկն այն է, որ դուք իրականում իմանաք, թե ով եք դուք։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրեք ձեր Երկնային Հորը, թե ինչ է Նա զգում ձեր և երկրի վրա ձեր միսիայի մասին։ Եթե դուք հարցնեք անկեղծ միտումով, ապա ժամանակի ընթացքում Հոգին կշշնջա կյանք փոխող ճշմարտություններ ձեր ականջին։ Գրի առեք այդ տպավորությունները և հաճախ վերանայեք դրանք ու ճշտությամբ հետևեք դրանց։
Ես խոստանում եմ, որ եթե դուք նույնիսկ աննշան չափով հասկանաք, թե ինչպես է Երկնային Հայրը տեսնում ձեզ և ինչ է Նա ցանկանում, որ դուք անեք Իր համար, ձեր կյանքն այլևս նույնը չի լինի։
Ակնկալեք և պատրաստ եղեք իրականացնելու անհնարինը
Երկրորդ առաջարկս է, որ դուք ակնկալեք և պատրաստ լինեք իրականացնելու անհնարինը։
Աստված մշտապես խնդրել է Իր ուխտյալ զավակներին անել դժվարին բաներ։ Քանի որ դուք Աստծո ուխտեր պահող որդիներն ու դուստրերն եք և ապրում եք վերջին օրերի վերջին ժամանակներում, Տերը դժվարին բաներ կպահանջի ձեզանից։ Կարող եք վստահ լինել, որ Աբրահամը վերջին մարդը չէր, ով խստորեն փորձվել է։4
Գիտեմ, թե որքան նյարդայնացնող կարող է լինել, երբ ինչ-որ մեկը խնդրում է մի բան անել, որը ձեր կարողություններից վեր է թվում։ 19 ամիս էր, ինչ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էի, երբ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մահացավ։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին հանդիպման ժամանակ, երբ Էզրա Թավտ Բենսոնը կարգվեց, նա որոշ հանձնարարություններ տվեց Տասներկուսին։ Ինձ տված նրա հանձնարարությունն էր՝ «Երեց Նելսոն, դուք պետք է Արևելյան Եվրոպայի երկրները բացեք ավետարանի քարոզման համար»։
Դա 1985 թվականն էր։ Քաղաքական այդ լարված տարիներին, որը մենք կոչում ենք Սառը Պատերազմի տարիներ, ոչ միայն իրական պատն էր բաժանում Բեռլին քաղաքը, այլ ողջ Արևելյան Եվրոպան գտնվում էր կոմունիզմի ճնշող լծի տակ։ Եկեղեցիները փակ էին և կրոնական երկրպագությունը խստապես սահմանափակված էր;
Իմ մասնագիտական կարիերայի ընթացքում ես բազմաթիվ սրտեր եմ բացել և կատարել կյանքեր փրկող վիրահատություններ, բայց ես չունեի փորձ, որը ինձ կստիպեր հավատալ, որ կարող էի երկրներ բացել քարոզելու համար։ Սակայն, այդուհանդերձ, մարգարեն ինձ հանձնարարություն էր տվել և ես ձեռնամուխ եղա անելու այն, ինչը բոլորովին անհնարին էր թվում։
Ի սկզբանե խոչընդոտներ եղան ճանապարհին։ Ես այցելում էի բազմաթիվ երկրներ առանց իմանալու թե ուր գնամ։ Նույնիսկ, երբ կարողանում էի գտնել կառավարության համապատասխան որևէ պաշտոնյայի, սովորական բան էր դարձել, երբ վերջին րոպեին հանդիպումը չեղյալ էր արվում կամ հետաձգվում։ Մի երկրում, երբ հանդիպումը երկու օրով հետաձգվեց, բազմաթիվ գայթակղություններ միտումնավոր կերպով ծառացան իմ ճանապարհին ինձ փորձելու համար, այդ թվում՝ սև շուկայում արտարժույթի գործարքների և այլ անօրինական գործարքների հետ կապված։ Մեկ այլ դեպքում հանդիպումը տեղի կունենար, եթե ես անմիջապես ժամանեի։
Սակայն Տերն ունակ է առաջ տանելու Իր աշխատանքը,5 և ես արտոնություն եմ ունեցել ականատես լինելու բազմաթիվ հրաշքների, և միայն այն բանից հետո, երբ ես իմ լավագույն մտածողությունը, ամենախիզախ ջանքերը և ամենաջանասեր աղոթքներն եմ ներդրել այդ գործում։
Այդ երկրներից ոմանք Եկեղեցին ճանաչեցին Բերլինի պատի անկումից առաջ։ Մյուսները ճանաչեցին դրանից հետո։ 1992 թվականին ես զեկուցեցի Նախագահ Բենսոնին, որ Եկեղեցին այժմ հաստատված է Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր երկրում։
Որպես Հազարամյակի ճշմարիտ սերունդ, ում Տերը կարող է վստահել, դուք նույնպես կկերտեք պատմությունը։ Ձեզ կտրվեն դժվարին առաջադրանքներ և կխնդրեն դառնալ գործիքներ Տիրոջ ձեռքերում։ Եվ Նա թույլ կտա ձեզ իրագործելու անհնարինը։
Ինչպե՞ս կիրագործեք անհնարինը։ Անելով այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը զորացնելու համար, զարգացնելով ձեր հասկացողությունն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Նրա վերականգնված Եկեղեցում և համառորեն փնտրելով ճշմարտությունը։ Որպես Հազարամյակի ճշմարիտ սերունդ և խարսխված լինելով մաքուր վարդապետությանը՝ անհնարին առաջադրանքներ ստանալիս, դուք կկարողանաք հավատքով ընդունել դրանք և շարունակական համառությամբ ու ուրախությամբ անել ամեն բան, որը ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի իրագործեք Տիրոջ նպատակը։6
Կլինեն օրեր, երբ խորապես հիասթափված կզգաք։ Այդ ժամանակ աղոթեք, որպեսզի խիզախություն ունենաք և չհանձնվեք։ Դուք այդ զորության կարիքը կունենաք, քանի որ Վերջին Օրերի Սրբերը գնալով ավելի քիչ ժողովրդավարություն են վայելում։ Ցավոք, ձեր թվացյալ ընկերներից ոմանք կդավաճանեն ձեզ։ Եվ կլինեն բաներ, որոնք պարզապես անարդար կթվան։
Սակայն, ես խոստանում եմ, որ եթե դուք հետևեք Հիսուս Քրիստոսին, դուք հաստատուն խաղաղություն և ուրախություն կզգաք։ Երբ դուք պահեք ձեր ուխտերն աճող ճշգրտությամբ, երբ դուք այսօր պաշտպանեք Եկեղեցին և Աստծո արքայությունը երկրի վրա, Տերը ձեզ կօրհնի ուժով և իմաստությամբ, որպեսզի հաղթահարեք անհնարինը։
Սովորեք ձեռք բերել երկնքի զորությունները
Երրորդ առաջարկս է, որ դուք սովորեք ձեռք բերել երկնքի զորություները։
Մենք բոլորս հարցեր ունենք։ Ճշմարտությունը իմանալու, հասկանալու և ճանաչելու ձգտումը մեր մահկանացու կյանքի կարևորագույն մասն է կազմում։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ուսումնասիրությունների մեջ։ Դուք նույնպես կարող եք լավագույնս կերպով սովորել, եթե ոգեշնչված հարցեր հղեք։
Այս պահին ձեզանից ոմանք ձգտում են իմանալ, թե ինչ են անելու իրենց կյանքում։ Մյուսները մտածում են, թե արդյոք ներվել են իրենց մեղքերը։ Ձեզանից շատերը մտածում են, թե ով է լինելու և որտեղ է գտնվում իրենց հավերժական զուգընկերը, իսկ նրանք ովքեր չեն մտածում այդ մասին, սխալ են անում։
Ոմանք միգուցե մտածում են, թե ինչու է Եկեղեցին զբաղվում որոշ բաներով, որոնք նա անում է։ Հավանաբար ձեզանից շատերը վստահ չեն, թե ինչպես ստանալ իրենց աղոթքների պատասխանները;
Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին միշտ պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին Սուրբ Հոգու ծառայության միջոցով։ Սակայն ձեզանից է կախված, թե ինչպես արժանի լինել և ստանալ այդ պատասխանները։
Որտեղի՞ց սկսել։ Սկսեք Սուրբ վայրերում ավելի շատ ժամանակ անցկացնելուց։ Տաճարը սուրբ վայր է։ Նույնն է նաև հավաքատան դեպքում, երբ դուք ամեն կիրակի նորացնում եք ձեր հաղորդության ուխտերը։ Նաև հորդորում եմ, որ դուք ձեր բնակարանը, ձեր հանրակացարանը, ձեր տունը, ձեր սենյակը նույնպես դարձնեք մի սուրբ վայր, որտեղ դուք կարող եք ապահովությամբ պաշտպանվել աշխարհի գորշ իրարանցումից։
Աղոթքը բանալին է։ Աղոթե՛ք, որպեսզի իմանաք ինչը դադարեք անել և ինչը սկսկեք անել։ Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչն ավելացնեք ձեր շրջապատում և ինչը հեռացնեք, որպեսզի լիովին զգաք Հոգին։
Աղոթեք խորաթափանցության պարգևի համար։ Ապա՝ ապրեք և գործեք այնպես, որպեսզի արժանի լինեք այդ պարգևին, որ երբ աշխարհում ծագեն շփոթեցնող հարցեր, դուք ճշգրտորեն իմանաք, թե ո՞րն է ճիշտ և որը սխալ։7
Ծառայեք սիրով։ Սիրով ծառայելով նրանց, ովքեր շեղվել են ուղուց կամ հոգևոր առումով վիրավորված են, կբացի ձեր սիրտը անձնական հայտնության համար։
Բավականին շատ ժամանակ անցկացրեք այնպիսի վայրերում, որտեղ Հոգին ներկա է։ Դա նշանակում է ավելի շատ ժամանակ անցկացնել այն ընկերների հետ, ովքեր ցանկանում են մոտ լինել Հոգուն։ Շատ ժամանակ անցկացրեք ծնկաչոք աղոթելու, սուրբ գրությունները կարդալու, ընտանեկան պատմության աշխատանք անելու և տաճարում անցկացնելու համար։ Խոստանում եմ, որ եթե դուք շարունակաբար Տիրոջ նվիրեք ձեր կյանքի մի մեծ ժամանակը, Նա ավելի արդյունավետ ու նշանակալից կդարձնի մնացած ժամանակը։
Մենք հաստատում ենք 15 տղամարդու, ովքեր կարգվել են, որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։ Երբ դժվարին ժամանակներ են գալիս, իսկ դրանք կարծես թե ամեն օր դժվարին են դառնում, այդ 15 տղամարդիկ փորձում են պայքարել խնդրի դեմ, փորձում են տեսնել գործողության տարբեր ընթացքի հնարավոր հետևանքները և ջանասիրաբար փորձում են լսել Տիրոջ ձայնը։ Ծանր խնդիրների համար ծոմ պահելուց, աղոթելուց, խնդիրն ուսումնասիրելուց և իմ Եղբայրների հետ խորհուրդ անելուց հետո, սովորական բան է, երբ մեր քննարկած խնդրի մասին հետագա տպավորությունից դրդված գիշերներն արթնանում եմ։ Եվ այդ նույն բանը վերապրում են նաև իմ Եղբայրները։
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը խորհուրդ են անում միասին և կիսվում են այն ամենով, ինչը Տերն անհատապես և համատեղ պատվիրել է մեզ հասկանալ ու զգալ։ Իսկ հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Տերը գործում Եկեղեցու Նախագահի հետ՝ հռչակելու Տիրոջ կամքը։
Այդ մարգարեական գործընթացին հաջորդեց 2012թ․ միսիոներների նվազագույն տարիքային շեմի փոփոխությունը և կրկին անգամ Եկեղեցու ձեռնարկի մեջ վերջին լրացումներով, որը պայմանավորված էր որոշ երկրներում միասեռ ամուսնությունների օրինականացման հետ։ Կարեկցանքով լցված լինելով բոլորի հանդեպ և հատկապես երեխաների հանդեպ, մենք մեծ ջանքեր ներդրեցինք, որպեսզի հասկանանք Տիրոջ կամքն այդ հարցում։ Մտքում պահելով Աստծո փրկության ծրագիրը և Իր զավակների հավերժական կյանքի մասին Նրա հույսը, մենք քննարկեցինք հնարավոր տարբերակների անհամար փոփոխություններ ու համադրություններ, որոնք կարող էին ի հայտ գալ։ Մենք բազմիցս անգամներ հանդիպեցինք տաճարում՝ ծոմ պահելով, աղոթելով և փնտրելով հետագա առաջնորդություն ու ոգեշնչում։ Իսկ հետո, երբ Տերը ոգեշնչեց Իր մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին հռչակելու Տիրոջ միտքն ու կամքը, այդ սրբազան պահին մեզանից յուրաքանչյուրը հոգևոր հաստատման զգացողություն ունեցավ։ Որպես Առաքյալներ մեզ տրված էր արտոնություն՝ հաստատելու այն հայտնությունը, որը տրվել էր Նախագահ Մոսնսոնին։ Իր ծառաներին տրված Տիրոջ հայտնությունը մի սրբազան գործընթաց է։ Նույնն է նաև անձնական հայտնություն ստանալու արտոնությունը։
Սիրելի քույրեր և եղբայրներ, դուք նույնքան կարող եք ստանալ Տիրոջ միտքն ու կամքը ձեր իսկ կյանքի համար, որքան մենք՝ Առաքյալներս Նրա Եկեղեցու համար։ Այնպես, ինչպես Տերն է պահանջում մեզանից փնտրել, խորհել, ծոմ պահել ու աղոթել, ուսումնասիրել ու պայքարել տարբեր խնդիրների շուրջ, այնպես էլ Նա պահանջում է ձեզանից նույնը, մինչ դուք փնտրում եք ձեր հարցերի պատասխանները։
Կարող եք սովորել լսելու Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու հուշումների միջոցով։8 Որքան էլ օգտակար լինեն Google-ը, Twitter-ը և Facebook-ը, նրանք պարզապես չեն կարող տալ ձեր ամենակարևոր հարցերի պատասխանները։
Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, դուք կարող եք իմանալ Տիրոջ միտքն ու կամքը ձեր կյանքի վերաբերյալ։ Դուք չպետք է մտածեք, թե արդյոք դուք այնտեղ եք, որտեղ Տերը ցանկանում է, որ լինեք կամ անում եք արդյոք այն, ինչ Նա ցանկանում է, որ դուք անեք։ Դուք դա կարող եք իմանալ։ Սուրբ Հոգին կասի ձեզ «բոլոր բաները, որ դուք պետք է իմանաք»։9
Հետևեք Մարգարեին
Չորրորդ առաջարկս է՝ հետևեք մարգարեներին։
1979թ-ին Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ ծառայելու ժամանակ ինձ հրավիրեցին մասնակցել Տարածքային Ներկայացուցիչների սեմինարին, որի ժամանակ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մի ոգևորիչ ելույթ ունեցավ Եկեղեցին այն ազգերի մեջ հաստատելու թեմայով, որոնք այդ ժամանակ փակ էին քարոզելու համար, ինչպիսին էր Չինաստանը։ Նա կոչ արեց բոլոր ներկաներին սովորել Մանդարին լեզուն, որպեսզի կարողանայինք մեր մասնագիտական հմտությունները առաջարկել Չինաստանի ժողովրդին օգնելու համար։
Ինձ համար Նախագահ Քիմբալի կոչը մարգարեական հրահանգի նման էր թվում։ Այնպես որ այդ նույն երեկո ես խնդրեցի կնոջս՝ Դենզելին, թե արդյոք նա կհամաձայնվի ինձ հետ ուսումնասիրել Մանդարին լեզուն։ Նա համաձայնվեց և մենք մի ուսուցիչ վարձեցինք մեզ օգնելու համար։ Իհարկե մենք չսովորեցինք լավ խոսել Մանդարին լեզվով, սակայն մենք բավարար ուսումնասիրեցինք, որ երբ ինձ հրավիրեցին հաջորդ տարի (չսպասված մի քանի իրադարձություններից հետո) այցելել Չինաստան որպես այցելու պրոֆեսոր և սովորեցնել բաց սրտի վիրահատություններ անցկացնել, ես այդ ժամանակ ավելի լավ կարգավիճակում էի հրավերն ընդունելու համար։
Առաջ անցնենք և գանք 1985 թվականը՝ Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելու հաջորդ տարին։ Մի օր ինձ խնդրեցին շտապ կերպով գնալ Չինաստան և կատարել բաց սրտի վիրահատություն նրանց հանրաճանաչ օպերային աստղի համար, ում Չինաստանում համարում էին ազգային հերոս։ Ես բացատրեցի, որ իմ հոգևոր ծառայող լինելու լիաժամկետ պարտականության պատճառով չէի կարող գալ, սակայն Չինաստանի բժիշկները խնդրեցին ինձ գալ անմիջապես ու կատարել կյանքը փրկող վիրահատությունը։
Ես այդ հարցը քննարկեցի իմ քվորումի նախագահի և Առաջին Նախագահության հետ։ Նրանք զգացին, որ Չինաստանի ժողովրդի պատվին ես պետք է գնայի ու կատարեի վիրահատությունը։
Այդպես էլ վարվեցի։ Բարեբախտաբար վիրահատությունը բարեհաջող անցավ։ Ի դեպ, դա բաց սրտի վերջին վիրահատությունն էր, որը ես կատարեցի։ Դա Ջինան (Չինաստան) քաղաքում էր, 1985թ-ի մարտի 4-ը։
Այժմ, կրկին առաջ անցնենք և գանք 2015թ-ի հոկտեմբեր ամիսը, որն ուղղակի երեք ամիս առաջ էր։ Ուենդին և ես հրավիրված էինք վերադառնալու Շանդոնգ նահանգի Բժկական դպրոցի համալսարան, որը Ջինան քաղաքում է։ Մենք զարմացանք, երբ մեզ ջերմորեն ողջունեցին, որպես Չինաստանի «հին ընկերների» և վերամիավորվեցինք այն վիրաբույժների հետ, ում ես ուսուցանել էի 35 տարի առաջ։ Այդ այցի կարևոր կետն այն էր, որ մենք հանդիպեցինք օպերային այդ աստղի որդուն և թոռանը։ Այդ հրաշալի փորձառությունները տեղի ունեցան մեկ պատճառով՝ ես ականջ դրեցի մարգարեի խորհրդին ու սովորեցի Մանդարին լեզուն։
Մարգարեները տեսնում են ապագան։ Նրանք տեսնում են սարսափելի վտանգները, որոնք ընկած են կամ դեռևս կընկնեն մեր ճանապարհին։ Մարգարեները նաև կանխատեսում են այն մեծ հնարավորություններն ու արտոնությունները, որոնք սպասվում են նրանց, ովքեր լսում են հնազանդվելու ակնկալիքով։ Գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Ես իմ կյանքում բազմիցս անգամներ դրանում համոզվել եմ։
Տերը մեզ խոստացել է, որ Նա թույլ չի տա, որ մարգարեն մեզ մոլորեցնի։ Նախագահ Հարոլդ Բ. Լին հայտարարել է․ «Հնարավոր է ձեզ դուր չգան Եկեղեցու ղեկավարների խոսքերը։ Այն կարող է հակասել ձեր քաղաքական տեսակետները։ Այն կարող է հակասել ձեր սոցիալական տեսակետները։ Այն կարող է խանգարել ձեր հասարակական կյանքին։ Սակայն, եթե դուք համբերությամբ ու հավատքով ականջ դնեք այդ բաներին, կարծես այն բխում է Տիրոջ բերանից, խոստում կա, որ «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո՛, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21․6)»։10
Հնարավոր է դուք չհասկանաք կենդանի մարգարեի յուրաքանչյուր հայտարարությունը։ Սակայն, երբ գիտեք, որ նա է մարգարեն, դուք կարող է խոնարհաբար և հավատքով դիմել Տիրոջը և խնդրել վկայություն ձեզ համար, որ այն ամենն ինչ մարգարեն հայտարարել է, ճշմարիտ է։
Ք․ծ․ա մոտավորապես 41թ-ին Նեփիացիներից շատերը միացան Եկեղեցուն և Եկեղեցին աճեց։ Սակայն գաղտնի խմբակցությունները նույնպես շարունակեցին աճել և նրանց խորամանկ ղեկավարները թաքնվեցին ժողովրդի մեջ և նրանց դժվար էր գտնել։ Երբ ժողովուրդի հպարտությունը մեծացավ, Նեփիացիներից շատերը «այն, ինչ սրբազան էր՝ծաղր սարքելու, մարգարեության և հայտնության ոգին մերժելու»։11
Այդ նույնն այսօր սպառնում է մեզ։ Մռայլ իրականությունն այն է, որ «սատանայի ծառաները»12 թաքնված են հասարակության մեջ։ Այնպես, որ զգույշ եղեք, թե ում խորհրդին եք հետևում։13
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, դուք ծնվել եք, որպեսզի լինեք Հազարամյակի ճշմարիտ սերունդ։ Դուք ընտրյալ սերունդ եք,14 նախորոշված եք Աստծո կողմից ուշագրավ գործի համար, որպեսզի օգնեք այս աշխարհի մարդկանց նախապատրաստվելու Տիրոջ Երկրորդ Գալուստին։
Այժմ, որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, կարծես դնելով իմ ձեռքերը ձեր գլխին, ես օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին կարողությամբ՝ դառնալու Հազարամյակի ճշմարիտ սերունդ, որի համար դուք ծնվել եք։ Օրհնում եմ ձեզ, որ դուք ցանկություն ու ունակություն ունենաք սովորելու ձեր իրական ինքնությունն ու նպատակը։ Որ դուք ակնկալեք ու պատրաստվեք «անհնարին» բաներ անելու, որ դուք անվեհեր կերպով սովորեք երկնքի զորությունները ստանալու սկզբունքը, որը կօգնի ձեզ լուծելու ձեր խնդիրներն ու կտա ձեր հարցերի պատասխանները։ Օրհնում եմ, որ դուք ճշգրտորեն հետևեք մարգարեներին և դա անելով զգաք խաղաղություն ձեր սրտերում։ Օրհնում եմ, որ դուք գիտակցեք, թե որքան շատ է Տերը սիրում ձեզ և որքան շատ է վստահում Նա ձեզ։
Ես սիրում ու աջակցում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին Ամենակարող Աստծո այս սրբազան գործում։ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ Սա՝ Նրա Եկեղեցին է։ Մենք Նրա ժողովուրդն ենք։ Այդ ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։
© 2016 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են։ Անգլերենի հաստատումը․ 0/00 Թարգմանության հաստատումը․ 11/15 «Becoming True Millennials»-ի թարգմանությունը։ Armenian PD60000934 201