2016 թվականի հոգևոր հավաքներ
Վերականգնված ճշմարտությունը


Վերականգնված ճշմարտությունը

Երեկո Երեց Ռիչարդ Ջ․ Մեյնզի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 1 մայիսի, 2016 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Եղբայրներ և քույրեր, ես սիրում եմ խոսել կնոջս՝ Նենսիի դարձի պատմության և այն մասին, թե որքան են Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքն ու Մորմոնի Գիրքն ազդել նրա սկզբնական վկայության և դարձի վրա։ Ես մշտապես երախտապարտ եմ եղել իմ լիաժամկետ միսիայից վերադառնալուց հետո ունեցած միսիոներական հնարավորության համար, որ կարողացել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը ներկայացնել նրան։ Երևի, պատկերացնում եք իմ ուրախությունը, որ ամեն բան լավ ընթացավ մեր դեպքում։ Մեր եկեղեցին ու ընտանեկան կյանքը մեզ համար ամեն ինչ են։

Անկեղծորեն շնորհակալ եմ այս երեկո ձեզ հետ խոսելու Առաջին Նախագահության ընձեռած այս հանձնարարության համար։ Կարևոր է, որ իմանաք, որ այս ուղերձը նախապատրաստել եմ Սուրբ Հոգու ազդեցության և հուշումների ներքո և հույս ունեմ, որ իմ խոսքերը հոգևոր առումով օգտակար կլինեն ձեզ։

Վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումն անընդհատ կանխատեսվել ու կանխագուշակվել է մարգարեների կողմից։ Դրա շնորհիվ, ավետարանի վերականգնումը չպետք է անակնկալ լիներ այն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրել են սուրբ գրությունները։ Հին Կտակարանի, Նոր Կտակարանի և Մորմոնի Գրքի մեջ կան մարգարեական տասնյակ հայտարարություններ, որոնք հստակ կանխատեսում և մատնացույց են անում ավետարանի Վերականգնումը։ Հին Կտակարանի օրինակները գտնվում են՝ Երկրորդ Օրինացի,1 Եսայիայի,2 Երեմիայի,3 Եզեկիելի,4 Դանիելի,5 Ամովսի6, և Մաղաքիայի մեջ։7 Նոր Կտակարանի օրինակները գտնվում են՝ Մատթեոսի,8 Մարկոսի,9 Գործք առաքելոցի,10 Հռովմեացիս,11 Եփեսացիս,12 Բ Թեսաղոնիկեցիս,13 և Հայտնության գրքերի մեջ։14 Շատ այլ մարգարեություններ, որոնք մատնացույց են անում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը, գտնվում են Մորմոնի Գրքում։ Օրինակները կարելի է գտնել՝ 1 Նեփի,15 2 Նեփի,16 Հակոբ,17 և 3 Նեփի։18

Վերականգնման վերաբերյալ իմ սիրելի մարգարեություններից մեկը գտնվում է Հին Կտակարանի Դանիելի գրքում։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պաշարեց ու նվաճեց Երուսաղեմը մոտ 586թ-ին ք․ծ․ա։ Հուդայի թագավորությունը նվաճելուց հետո Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց իր ծառաներից մեկին հավաքել Իսրայելի որդիներից մի քանիսին ու իր պալատում նշանակել խորհրդատուներ։ Թագավորը նշեց, որ այդ ընտրված խումբը պետք է լինի «ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք»։19

Այդ բացառիկ խմբի մեջ էին Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ Միգուցե հիշեք, որ գերության մեջ գտնվելիս այդ երիտասարդ տղաներին տվեցին բաբելոնյան նոր անուններ՝ Բաղդասար, Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, որպես բաբելոնյան մշակույթի ակտիվ քարոզչություն։

Մի անգամ առիթ եղավ, որ Նաբուգոդոնոսոր թագավորը խորհուրդ աներ այդ չորս մարդկանց հետ։ Սուրբ գրություններում ասվում է, որ «իմաստութեան գիտութեան վերաբերյալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը»։20

Մի անգամ գիշերը թագավորը երազ տեսավ։ Իր երազն անհանգստացրեց նրան և նա ցանկացավ իմանալ դրա մեկնությունը։ Նա որոշեց փորձել իր խորհրդատուներին և վարվեց ոչ սովորական կերպ։ Նա կանչեց իր մոգերին, աստղագուշակներին ու հմայողներին միասին և հրամայեց պատմել իր երազը և ապա մեկնաբանել այն։ Նա լուրջ էր տրամադրված։ Նաբուգոդոնոսոր թագավորն ասաց նրանց․ «Խօսքը դուրս է եկել ինձանից, եթէ ինձ չþիմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յօշատուիք»։21

Երբ թագավորի իմաստունները չկարողացան պատմել ու մեկնաբանել երազը, նա շատ բարկացավ ու հրամայեց, որ Բաբելոնի բոլոր իմաստունները սպանվեն, այդ թվում Դանիելը և նրա ընկերները։ Սակայն, Դանիելը կարողացավ հանդիպել թագավորին և ժամանակ խնդրել նրա երազը մեկնաբանելու համար։

Դանիելը տուն վերադարձավ և այդ լուրը պատմեց իր ընկերներին։ Նրանք խնդրեցին, որ Տերը հայտներ թագավորի տեսիլքի գաղտնիքը, որպեսզի Բաբելոնի բոլոր իմաստունները չկործանվեին․ «Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. Եւ Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն»։22

Աստծուն փառք ու գոհություն հայտնելուց հետո, Դանիելը տեսավ թագավորի պահակախմբի հրամանատարին՝ Արիովքին ու ասաց նրան․ «Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր. Ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին»։23

Արիովքը շտապ Դանիելին թագավորի մոտ տարավ և ասաց․ «Մի մարդ եմ գտել Յուդայի գերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին»։24

Երբ Դանիելը կանգնեց թագավորի առաջ, թագավորը Դանիելին հարցրեց․ «Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը»։25

Դանիելը պատասխանեց․

«Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել․

Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է»։26

Ապա, Դանիելը Նաբուգոդոնոսոր թագավորին պատմեց երազը։ Նա ասաց․

«Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր է։

Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից,

Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։

Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։

Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չþգտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը»։27

Նաբուգոդոնոսոր թագավորին երազի բովանդակությունը պատմելուց հետո, Դանիելը սկսեց մեկնաբանել երազը թագավորին։ Դանիելն ասաց․

«Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել։

Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը»։28

Դանիելը շարունակեց բացատրել թագավորին, որ իր թագավորությունից հետո տարբեր թագավորություններ կլինեն, որը ներկայացնում են արծաթե բազուկներն ու կուրծքը, պղնձե մեջքն ու ազդրերը, երկաթե սրունքները և մի մասը երկաթե ու մի մասը կավե ոտքերը։

Իսկ հետո գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ու վերջին օրերում Աստծո թագավորության հաստատման մարգարեության պահը։ Դանիելն ասաց․

«Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կþմնայ յաւիտեանս։

Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. Մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. Եւ երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ»։29

Եղբայրներ և քույրեր, Վերականգնումն ու Եկեղեցու և Հիսուս Քրիստոսի ավետարանի հետագա աճն այս վերջին օրերում սկիզբն է այն մարգարեության կատարման, որն այդքան մանրամասնորեն պատմեց հնագույն ժամանակների մարգարե Դանիելը։

Այժմ եկեք Նաբուգոդոնոսոր թագավորի իշխանությանը հաջորդող 2400 տարիները արագ առաջ տանք և հասնենք այն ժամանակներին, որոնք անմիջապես նախորդում էին Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգմանը։ Թույլ տվեք ձեզ հետ կիսվել պատմական մի քանի փաստերով, որոնք հանգեցրին Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքին։

Ջոզեֆ Սմիթի պապիկը, Ասաել Սմիթը, զորագրվեց ամերիկյան բանակ և մասնակցեց Հեղափոխական պատերազմին և անմիջականորեն ականատես եղավ «նոր ազգի» ծնունդին։

Ջոզեֆ Սմիթի ծնողները, Ջոզեֆ Սմիթ ավագը և Լյուսի Մաքը, դեռևս երեխաներ էին, երբ 1788թ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը վավերացվեց՝ այդ թվում 1791թ-ի Առաջին փոփոխությունը, ինչը երաշխավորում էր, որ կառավարությունը չէր վերահսկի եկեղեցին, իսկ եկեղեցին չէր վերահսկի կառավարությանը։

Հետևաբար, Միացյալ Նահանգներում կրոնը ապամենաշնորվեց ու առանց պետական հովանավորությամբ կրոնի տղամարդիկ ու կանայք ազատ էին ընտրելու բոլոր եկեղեցիները՝ կամ դրանցից ոչ մեկը։

Ավելի ուշ, Ասաել Սմիթն իր ուրախությունը հայտնեց «նոր ազգի» մեջ կրոնի ազատ գործադրման կապակցությամբ։ Նա ասաց․ «[Աստված] մեզ ուղեկցել է փառահեղ հեղափոխության միջով և հասցրել մեզ խաղաղության ու ազատության խոստացված երկիրը»։30

«Նոր ազգի» մեջ Ամերիկյան հեղափոխությունից անմիջապես հետո՝ տրանսպորտի, կապի և արդյունաբերության ոլորտների փոփոխություններն օգնեցին ստեղծել հանրապետության մշակույթը։ Բանկերը հաստատվեցին ֆինանսավորելու նոր ձեռնարկություններին՝ ազատ շուկայական տնտեսության պայմաններում։

Ամերիկյան հասարակության և մշակույթի փոփոխությունների հետ մեկտեղ, 1790-ական թվականներին սկսվեցին տասնամյակներ տևող կրոնական հուզումները, որոնք պատմաբանների մոտ հայտնի են որպես «Երկրորդ մեծ զարթոնք»։ Այդ հուզումները կատարվում էին բաց երկնքի տակ հավաքվելով, խանդավառ ու հուզումնալի քարոզներով և մեծ թվով մարդկանց դարձի գալով։ Երկրորդ մեծ զարթոնքի ամենամեծ շահառուները եղան մկրտականները և մեթոդականները, ովքեր մերժեցին նախասահմանության մասին Կալվինականության հայտնի վարդապետությունը, որն այդ ժամանակ ուսուցանվում էր Ազգային եկեղեցիներում։ Կալվինականներն Աստծուն պատկերացնում էին որպես միապետ ինքնիշխան, ով խորհրդավոր կերպով տղամարդկանց ու կանանց նախասահմանել էր փրկության համար։ Ըստ Կալվինականների, տղամարդիկ ու կանայք անկման պատճառով դարձել էին անբարո մեղավորներ ու անզոր էին ընտրելու փրկությունը՝ Քրիստոսի միջոցով։

Սակայն, Երկրորդ մեծ զարթոնքի ժամանակ, մկրտականները և մեթոդականներն Աստծուն ներկայացնում էին ավելի բարյացակամ և նշում էին, որ փրկությունն անհատի որոշումն է։ Անհատական փրկության այս տեսակետը մեծ մասամբ բխում էր Արմինիական աստվածաբանությունից, կամ հոլանդացի աստվածաբան Յակոբոս Արմինիուսի վարդապետությունից։ Արմինիուսը, ով ավելի ուշ դարձավ կրոնական ղեկավար Ամերիկայում, հավատում էր, որ Աստծո շնորհը տրվում էր մարդկանց, որի շնորհիվ նրանք կարող են ընտրել Քրիստոսին և Նա ի զորու էր փրկելու բոլոր նրանց, ովքեր դա ցանկանում էին։31

Փրկության իրար հակասող այդ գաղափարների ժամանակ էր, որ Ջոզեֆ Սմիթի ընտանիքը փորձում էր հասկանալ, թե որ կրոնին միանալ։ Ջոզեֆ Սմիթի պապիկն ու հայրը, Ասաել ու Ջոզեֆ Սմիթ ավագը, ի վերջո, համաձայնեցին Արմինիական կարծիքին, որ Աստված բարեհաճ ու սիրող է։ Ասաել Սմիթն ավելի ուշ գրել է․ «Անշուշտ, Հիսուս Քրիստոսը կարող է փրկել բոլորին, ինչպես և ցանկացած մարդու»։32 Ասաելն ու Ջոզեֆ Սմիթ ավագն իրենց համարում էին Ունիվերսալիստներ և հավատում էին, որ Աստված կփրկի ողջ մարդկությանը՝ առանց բացառությունների, որը հիմնականում հակառակն էր փրկության մասին Կալվինական գաղափարախոսությանը։

Լյուսի Մաքի կրոնական անցյալն անհայտ է մինչև 1802թ․, երբ նա ծանր հիվանդացավ և խոստացավ Աստծուն, որ նա լավագույնս կծառայի Նրան, եթե փրկվի։ Հիվանդությունից ապաքինվելուց հետո Լյուսի Մաքը գրել է․ «Ես շատ քիչ բան խոսեցի կրոնի մասին, բայց դա ամբողջովին գրավեց իմ միտքը»։33 Ի վերջո, Ջոզեֆ ավագը և Լյուսի Մաքը քաղաքից քաղաք շրջեցին և փնտրեցին նյութական ու հոգևոր փրկություն։

Այս անկայուն ժամանակաշրջանում քաղաքից քաղաք շրջելիս, Վերմոնտ նահանգի Շերոն շրջանում 1805թ-ի դեկտեմբերի  23-ին ծնվեց Ջոզեֆ Սմիթ կրտսերը։ Ի վերջո, Սմիթների ընտանիքը բնակություն հաստատեց Նյու Յորք նահանգի Պալմիրա շրջանում, որն այն ժամանակ մոտ էր Մանչեստերին։ Այդ նոր վայրում տեղի էին ունենում կրոնական բազում իրադարձություններ ու հուզումներ։ Մկրտականները, Երիցականներն ու Մեթոդականները 1816–1821թթ․ մեծ աճ գրանցեցին այդ տարածքում, որի արդյունքում նոր Երիցական համայնք ձևավորվեց, Մեթոդական նոր հավաքատուն կառուցվեց և հարյուրավոր տղամարդիկ ու կանայք կրոնափոխ եղան։

Լյուսի Մաքը դարձել էր դեպի Երիցականների հավատը, բայց, համաձայն իր խոսքերի, «դատարկություն էր զգում»։ Ապա, նա միացավ Մեթոդականներին, բայց Ջոզեֆ Սմիթ ավագը նրան թույլ չտվեց շարունակել, քանի որ նա և նրա հայրը՝ Ասաելը, չէին հավատում նրանց ուսուցանած վարդապետությանը։ Չնայած նրան, որ Սմիթների ընտանիքը ոչ մի հավատքի չէր պատկանում, նրանք ձգտում էին իրենց երեխաներին ուսուցանել Քրիստոնեության սկզբունքները, այդ թվում՝ կարդալ Աստվածաշունչը և անհատապես աղոթել։34

Երեխա ժամանակ Ջոզեֆ Սմիթ կրտսերն ու նրա ընտանիքը հաճախեցին կրոնական վերածննդի մի քանի ժողովների։ Նրա վրա մեծ ազդեցություն թողեց նրա հոր ուսմունքներն ու քննարկումները, ով վերածննդի աղանդների մեջ փնտրեց, բայց չգտավ այնպիսի հավատք, որը կազմավորված լիներ Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների հնագույն կարգի հիմքի վրա։ Աստվածաշնչի ընտանեկան ընթերցանության ժամանակ Ջոզեֆը լսում էր ու մտածում։ 12 տարեկան հասակում նա սկսեց մտածել իր մեղքերի ու անմահ հոգու բարօրության մասին, որը մղեց նրան ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները։

Երբ Ջոզեֆ կրտսերը 14 տարեկան էր, նա գրեց․

«Մի օր ես ընթերցում էի Հակոբոսի Թուղթը, որի առաջին գլխի հինգերորդ հատվածում ասվում է․Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի,, թող խնդրի Աստծուց,, որ ամենին տալիս է առատությամբ, և չի նախատում. և կտրվի նրան։

Սուրբ գրության ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ։ Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը։ Ես նորից ու նորից վերընթերցեցի այն, իմանալով, որ եթե կար մեկը, որն իմաստության կարիք ուներ Աստծուց, այդ ե՛ս էի»։35

Վերջապես Ջոզեֆը որոշեց հարցնել Աստծուն։

Ջոզեֆը գրեց կամ թելադրեց Առաջին Տեսիլքի չորս հայտնի պատմություն։ Բացի այդ, նրա ժամանակակիցներն արձանագրեցին տեսիլքի մասին Ջոզեֆի պատմածը։ Այդ պատմություններից հայտնի են հինգը։ Այդ գրառումներն օրհնություն են մեզ համար։ Այդ գրառումները Ջոզեֆի Առաջին տեսիլքը դարձնում են պատմության մեջ լավագույն փաստագրված տեսիլքը։ Հորդորում եմ ձեզ այցելել history.lds.org կայքը և սովորել ավելին այդ պատմությունների մասին, որոնք պատկերն ավելի տեսանելի են դարձնում։

Ավետարանչական նյութեր բաժնի «First Vision Accounts» (Առաջին Տեսիլքի շարադրանքներ) վերնագրով շարադրության մեջ ասվում է․ «Առաջին Տեսիլքի տարբեր շարադրությունները հետևողական կերպով են ներկայացնում պատմությունը, թեև դրանց նշանակությունն ու մանրամասները տարբեր են։ Պատմաբաններն ակնկալում են, որ երբ մարդ որևէ բան երկար տարիների ընթացքում պատմում է տարբեր տեղերում, ապա այդ պատմություններից յուրաքանչյուրը կենտրոնանում է տարբեր տեսակետների վրա և դրա բովանդակությունը լինում է տարբեր։ Իրապես, «First Vision Accounts» (Առաջին Տեսիլքի շարադրանքներ) նյութի նման տարբեր են նաև Դամասկոսի ճանապարհին Պողոսի տեսիլքի մանրամասները և Կերպարանափոխության սարի վրա առաքյալների ունեցած փորձառությունը։ Չնայած այդ տարբերություններին, հիմնական հետևողականությունը պահպանվում է Առաջին Տեսիլքի բոլոր շարադրանքների մեջ։ Ոմանք սխալմամբ պնդում են, որ նույն պատմությունը տարբեր ձևակերպումներով պատմելն կեղծիքի ապացույց է։ Դրան ի հակառակ, հարուստ պատմական գրառումը մեզ թույլ է տալիս ավելին իմանալ այս նշանակալի իրադարձության մասին, որը մենք չէինք կարող իմանալ, եթե այն քիչ փաստաթղթավորված լիներ»։36

Կցանկանայի ձեզ հետ միասին համառոտ կերպով կրկնել Ջոզեֆ Սմիթի թելադրած չորս շարադրանքները։

Առաջինը, 1832թ․ շարադրանքն է, որն Առաջին Տեսիլքի ամենավաղ գրվածքն է։ Այն վեց էջանոց ինքնակենսագրականի մասն է կազմում, որոնց մասին գրել է Ջոզեֆը։ Այդ փաստաթուղթը գրված օրվանից պատկանում է Եկեղեցուն։ Դեպի արևմուտք գաղթից հետո այն մի քանի տարի շարունակ մնացել է փակի տակ և դրանից հետո մնացել է անհայտ,մինչև որ մի ուսանողի կողմից 1965թ-ին տպագրվել է մագիստրոսի թեզի համար։ Դրանից հետո այն բազմիցս անգամ տպագրվել է, այդ թվում՝ LDS.org կայքում և «Joseph Smith Papers»-ում։ Այդ փաստաթղթում Ջոզեֆը պատմում է այն մտահոգության մասին, որ չգիտեր, թե որտեղից փնտրեր Փրկիչի ներումը։ Նա վկայել է․ «Տերը բացեց երկինքներն ինձ համար և ես տեսա Տիրոջը»,37 որը մարդիկ մեկնաբանում են, որ նա տեսավ միայն մեկ աստվածային էակի, սակայն, երբ կարդում ենք այլ փաստաթղթերի լույսի ներքո, այդ արտահայտությունից կարելի հասկանալ, որ Հայր Աստված բացեց երկինքները և Ջոզեֆին հայտնի դարձրեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Այս պատմությունը գեղեցիկ կերպով ընդգծում է Փրկիչի Քավությունն ու անձնական փրկագնումը, որը նա առաջարկեց Ջոզեֆին։ Այնտեղ ասվում է․ «Տերը բացեց երկինքներն ինձ համար և ես տեսա Տիրոջը և նա ասաց ինձ․ «Ջոզեֆ որդիս քո մեղքերը ներված են քեզ։ … Ես խաչվեցի աշխարհի համար, որ բոլոր նրանք ովքեր հավատում են իմ անունին, ունենան հավերժական կյանք»։ Ջոզեֆը վկայեց, որ նա ուրախություն և սեր զգաց, սակայն ոչ մեկ չհավատաց նրան։ «Իմ սիրտը լցված էր սիրով և օրեր շարունակ ես մեծ ուրախություն էի զգում և Տերն ինձ հետ էր, սակայն չգտա մեկի, ով կհավատար երկնային տեսիլքին։ Այնուամենայնիվ, իմ սրտում խորհում էի այդ բաների մասին»։38

Հաջորդը, 1835թ-ի շարադրանքն է, որն իր տեսիլքի մասին Ջոզեֆի նկարագրությունն է Ռոբերտ Մեթյուսին, ով մի այցելու էր Կիրթլենդում՝ 1835թ-ին։ Ջոզեֆի օրագրում այդ մասին արձանագրել է նրա դպիրը։ Այն չէր ընդգրկվել Ջոզեֆի պատմության առաջին հրատարակությունների մեջ և առաջին անգամ տպագրվեց 1960-ականներին՝ BYU Studies գիտական հանդեսում։ Այս պատմության մեջ Ջոզեֆը վկայում է, որ առաջինն Աստված հայտնվեց նրան, իսկ հետո նա տեսավ նաև Փրկիչին․ «Ես զորեղ աղոթքով կանչեցի առ Տերը։ Լույսի մի սյուն երևաց իմ գլխավերևում և քիչ անց այն հանգչեց ինձ վրա և ես լցվեցի անասելի ուրախությամբ։ Մի անձնավորություն հայտնվեց այդ կրակի սյան մեջտեղում, որն ամբողջովին տարածվեց և դեռևս չհանգչեց։ Շուտով առաջինի նման մեկ այլ անձնավորություն հայտնվեց։ Նա ասաց ինձ․ «Քո մեղքերը ներված են քեզ»։ Այդ պատմության մեջ Ջոզեֆը նույնպես նշել է․ «Այս տեսիլքում ես տեսա շատ հրեշտակներ»։39

Հաջորդը, 1838թ-ի շարադրանքն է, որն ամենահայտնին է ու գրված է Ջոզեֆի բնագիր պատմությունից։ Առաջին սևագիր շարադրանքը գրվել է 1838թ-ին, երբ Ջոզեֆը փախավ Կիրթլենդ, իսկ երկրորդ սևագիր շարադրանքը գրվել է 1839թ-ին Միսսուրի փախչելուց հետո։ Այսպիսով, այն գրվել է նրա դեմ մեծ ընդդիմության ժամանակ։ Առաջին անգամ այն տպագրվել է 1842թ-ին Times and Seasons ամսագրում։ 1851թ-ին այն նաև ընդգրկվեց «Թանկագին Մարգարիտում», որը սկզբում մի գրքույկ էր Անգլիայի Սրբերի համար, որը 1880թ-ին բոլոր Սրբերի համար դարձավ կանոնիկ աշխատություն։

«Joseph Smith Papers»-ում տպագրվել են այս շարադրանքի բազմաթիվ պատմություններ, որի հիմնական հարցադրումն այն էր, թե որ եկեղեցին է ճշմարիտ։ Ոչ միայն Ջոզեֆի, այլ նաև Եկեղեցու պատմության մեջ, այս պատմությունը «կենտրոնանում է այդ տեսիլքի վրա, որպես «Եկեղեցու բարձրացման ու զարգացման սկիզբ»։40 Հետևաբար, դրա մեջ ընդգրկված չեն անձնական ներման մասին խոսքերը, որոնք առկա էին նախորդ երկու շարադրանքներում։

Եվ վերջապես, 1842թ-ի շարադրանքը գրվել է Ջոն Վենթվորթին՝ ի պատասխան նրա խնդրանքի, ով Chicago Democrat լրագրի խմբագիրն էր։ Ջոզեֆը նրան մի նամակ գրեց՝ ընդգրկելով Հավատո Հանգանակը և Առաջին Տեսիլքի նկարագրությունը։ Նամակը 1842թ-ին տպագրվեց Times and Seasons ամսագրում։ Ջոզեֆի թույլատրությամբ այն կրկին տպագրվեց 1843թ-ին Իսրայել Դենիել Ռուպի գրքում, որը Միացյալ Նահանգներում քրիստոնեական դավանանքների մասին էր։ Այդ գիրքը գրվել է մորմոնների հավատքին անծանոթ լսարանի համար։ Այն գրվել է, երբ Մարգարեն ընդդիմության կողմից մի որոշ ժամանակ ընդհարման չէր ենթարկվում։

Ինչպես և մյուս շարադրանքների ժամանակ, Ջոզեֆը նշեց իր ունեցած շփոթմունքը, երբ ի պատասխան իր աղոթքի հայտնվեցին երկու անձնավորություն․ «Ես տարվեցի երկնային տեսիլքով և տեսա երկու փառավորված էակների, ովքեր նման էին իրար հատկանիշներով և տեսքով և շրջապատված էին պայծառ լույսով, որը կեսօրին մթագնում էր արևին։ Նրանք ինձ ասացին, որ կրոնական բոլոր դավանանքները հավատում էին սխալ վարդապետությունների և նրանցից ոչ մեկը չէր ընդունում Աստծուն՝ որպես եկեղեցի և թագավորություն։ Եվ ինձ խստապես հրամայվեց «չգնալ դրանց հետևից» և միևնույն ժամանակ մի խոստում ստացա, որ մի օր ապագայում ավետարանի լրիվությունը հայտնի կդառնա ինձ»։41

Օրհնություն է, որ մենք ունենք Ջոզեֆի Առաջին Տեսիլքի այս պատմությունները։ Ինչպես Նոր Կտակարանի ավետարաններն են միասին ավելի լիարժեք կերպով նկարագրում Քրիստոսի կյանքն ու ծառայությունը, այնպես էլ Ջոզեֆի Առաջին Տեսիլքի առանձին շարադրանքներն են յուրահատուկ մանրամասներ ու հեռանկար ավելացնում ընդհանուր պատմությանը։ Միասին՝ դրանք պատմում են Ջոզեֆի հետևողական, ներդաշնակ պատմությունը։ Դրանք բոլորն էլ ընդգծում են, որ հուզումներ ու հակաճառություններ են եղել քրիստոնեական եկեղեցիներում, որ Ջոզեֆը ցանկանում էր իմանալ, թե ո՞ր եկեղեցին էր (եթե կար այդպիսին) ճշմարիտ, որ նա ուսումնասիրեց սուրբ գրություններն ու աղոթեց, որ մի լույս ցած իջավ երկնքից և որ աստվածային էակներ հայտնվեցին ու պատասխանեցին նրա աղոթքին։

Եկեք այժմ վերադառնանք ու վերանայենք Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի 1838թ-ի կանոնիկ դարձած շարադրանքը։ Ցանկացածի համար դա կարող է սովորելու ամենահզոր փորձառությունը դառնալ այս երկրի վրա։ Այդ դեպքը փոխել է Ջոզեֆի կյանքը, այն փոխել է իմ կյանքը և այժմ այն փոխել է կամ կփոխի ձեր կյանքը, եթե դիմեք Տիրոջը՝ դրա ճշմարտության մասին հաստատում ստանալու համար։

«Ի վերջո, ես այն եզրակացության հանգեցի, որ կա՛մ պետք է մնամ խավարի ու անորոշության մեջ, կա՛մ պետք է հետևեմ Հակոբոսի թելադրանքին, այսինքն՝ խնդրեմ Աստծուն։ Վերջիվերջո, ես որոշեցի «խնդրել Աստծուց», եզրակացնելով, որ եթե նա իմաստություն է տալիս նրանց, ովքեր իմաստության կարիք ունեն, և տալիս է առատությամբ ու չի նախատում, ապա ես կարող եմ խիզախել։

Այդպիսով, Աստծուն խնդրելու իմ այդ որոշման համաձայն, ես առանձնացա անտառում, որ փորձեմ։ Հազար ութ հարյուր և քսան թվականի վաղ գարնան մի գեղեցիկ ու պարզ օրվա առավոտ էր։ Առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես նման փորձ էի անում, քանզի, իմ բոլոր անհանգստություններով հանդերձ, ես երբեք դեռ չէի փորձել բարձրաձայն աղոթել։

Երբ առանձնացել էի այն վայրում, որտեղ նախապես որոշել էի գնալ, նայելով շուրջս և հավաստիանալով, որ մենակ եմ, ես ծնկի իջա և սկսեցի սրտիս ցանկությունները հայտնել Աստծուն։ Հազիվ էի սկսել, երբ, անմիջապես, ինձ հափշտակեց մի ինչ-որ ուժ, որն ամբողջովին հաղթահարեց ինձ, և այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել։ Թանձր մի խավար պատեց ինձ և մի պահ թվաց, թե մատնվել էի հանկարծահաս կործանման։

Սակայն, լարելով ողջ ուժերս՝ կանչելու առ Աստված, որ ազատեր ինձ այն թշնամու զորությունից, որը հափշտակել էր ինձ, և հենց այն պահին, երբ պատրաստ էի հուսահատության մեջ ընկղմվել և ինձ կործանման հանձնել,– ոչ թե երևակայական կործանման, այլ անտեսանելի աշխարհի իրական էակի զորության, որն այնպիսի զարմանալի ուժ ուներ, ինչպիսին նախկինում երբեք չէի զգացել ոչ մի էակի մեջ,– հենց այդ մեծ տագնապի պահին, իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա։

Լույսի հայտնվելուն պես, ես ինձ ազատված գտա այդ թշնամու կապանքներից։ Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր։ Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին․Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան։

Տիրոջը դիմելու իմ նպատակն էր՝ իմանալ, թե բոլոր աղանդներից որն էր ճշմարիտը, որպեսզի իմանայի, թե որին միանամ։ Ուստի, ինքնատիրապետումս վերականգնվելուն պես, այնպես որ կարող էի խոսել, ես հարցրեցի Անձնավորություններին, որոնք կանգնած էին ինձանից վեր՝ լույսի մեջ, թե եղած աղանդներից որն էր ճշմարիտ (քանզի այդ ժամանակ իմ մտքով երբեք չէր անցել, որ բոլորը սխալ են), և թե որին պետք է ես միանայի։

Ինձ պատասխանեցին, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանայի, քանի որ դրանք բոլորն էլ սխալ էին»։42

Ինչպես գրված է LDS.org կայքի «First Vision Accounts» (Առաջին Տեսիլքի շարադրանքներ) փաստաթղթում, «Ջոզեֆ Սմիթը բազմիցս անգամ վկայեց, որ նա մի ուշագրավ տեսիլք տեսավ, որտեղ երևացին Հայր Աստված և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսը։ Առաջին Տեսիլքի ճշմարտացիությունը և դրա դեմ փաստարկները չի կարելի ապացուցել միայն պատմության բացահայտումներով։ Ջոզեֆ Սմիթի վկայության ճշմարտացիությունն իմանալու համար, յուրաքանչյուր մարդ, ով անկեղծորեն ցանկանում է իմանալ ճշմարտությունը, պիտի ուսումնասիրի պատմությունը, իսկ հետո բավարար հավատք գործադրի առ Քրիստոսը և անկեղծ, խոնարհ աղոթքով հարցնի Աստծուն, թե արդյոք այդ արձանագրությունը ճշմարիտ է։ Եթե ճշմարտություն փնտրողը հարցնում է անկեղծ միտումով, որպեսզի գործի ըստ Սուրբ հոգու կողմից ստացված պատասխանի, ապա Ջոզեֆ Սմիթի տեսիլքի ճշմարտացիությունը հայտնի կդառնա նրան։ Այդ կերպ, յուրաքանչյուր մարդ կարող է իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը անկեղծ է եղել, երբ ասել է․ «ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ» [Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․25]»։43

Ըստ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի․ «Ամենանշանակալից իրադարձությունը, որ երբևէ տեղի է ունեցել աշխարհում Աստծո Որդու գերեզմանից հարություն առնելուց և Երկինք համբարձվելուց հետո, Հոր և Որդու հայտնվելն էր պատանի Զոզեֆ Սմիթին»։44

Եղբայրներ և քույրեր, զարմանալի և ուսանելի է, երբ վերլուծում ենք, թե իրականում ինչ ենք սովորել Ջոզեֆ Սմիթի այս սրբազան և տպավորիչ փորձառությունից։ Կուզենայի կիսվել ձեզ հետ մի քանի ճշմարտություններով, որոնք մենք սովորեցինք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքից՝ Երկնային Հոր, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հավերժական բնույթի, Սատանայի իրական լինելու, բարի ու չարի պայքարի և փրկության մեծ ծրագրի կարևոր այլ կողմերի մասին։

Մենք սովորում ենք, որ սուրբ գրությունները ճշմարիտ են և որ կարելի դրանք տառացիորեն հասկանալ ու կիրառել մեր կյանքում։

Մենք սովորում ենք, որ սուրբ գրությունների հատվածների շուրջ խորհելիս մենք ուժ և ոգեշնչում ենք ստանում։

Մենք սովորում ենք, որ գիտությունն ինքնին բավարար չէ, և գործելով ըստ մեր իմացության մենք ստանում ենք Աստծո օրհնությունները։

Մենք սովորում ենք ապավինել Աստծուն և դիմել Նրան կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները ստանալու համար և վստահությունը չդնել մարդու վրա։

Մենք սովորում ենք, որ աղոթքները պատասխանվում են համաձայն մեր հաստատուն հավատքի և համաձայն Երկնային Հոր կամքի։

Մենք սովորում ենք Սատանայի գոյության իրական լինելու մասին և որ նա իսկապես զորու է ազդել նյութական աշխարհի, այդ թվում՝ մեզ վրա։

Մենք սովորում ենք, որ Սատանայի զորությունը սահմանափակ է և ենթարկվում է Աստծո զորությանը։

Մենք սովորում ենք, որ Սատանան երբեք կանգ չի առնի կործանելու Աստծո աշխատանքը, և Սատանան պետք է որ իմանար՝ որպես Վերականգնման Մարգարե Ջոզեֆ Սմիթի դերի մասին։

Մենք սովորում ենք, որ կարող ենք հաղթել Սատանային, եթե կանչենք առ Աստված և մեր ողջ հավատքն ու վստահությունը դնենք Տիրոջ վրա։

Մենք սովորում ենք, որ լուսավոր վայրում խավարը պիտի նահանջի։

Մենք սովորում ենք, որ Հայր Աստված և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսը երկու տարբեր և առանձին էակներ են, որոնք իրար նման են հատկանիշներով և տեսքով։

Մենք սովորում ենք, որ ստեղծվել ենք Աստծո պատկերով։

Մենք սովորում ենք, որ Քրիստոսը հարություն է առել։

Մենք սովորում ենք, որ Աստված մեզ անձամբ է ճանաչում և տեղյակ է մեր կարիքներից ու մտահոգություններից։ Նա Ջոզեֆին կոչեց անունով։

Մենք սովորում ենք այն հարաբերության մասին, որը գոյություն ունի Հայր Աստծո և Նրա Որդի՝ Տեր Հիսուս Քրիստոսի միջև։ Հիսուսը հնազանդվում է Իր Հորը, իսկ Հայրն այստեղ գտնվող մահկանացուների հետ շփվում է Իր Որդի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը սիրված է Իր Հոր կողմից, ով Հիսուսին կոչում է՝ Իր Սիրելի Որդին։

Մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի կազմավորած սկզբնական եկեղեցին գոյություն չի ունեցել երկրի վրա Ջոզեֆ Սմիթի ժամանակներում, որը հաստատում է Պողոս Առաքյալի կողմից կանխատեսված Մեծ Ուրացությունը։

Մենք սովորում ենք, որ երբ մտահոգված ենք և ցանկանում ենք, որ Աստված առաջնորդի մեր կյանքը, Նա ցույց կտա մեզ մաքրող ուղին։ Ջոզեֆի ժամանակ, բոլոր դավանանքներն ու աղանդները ճշմարիտ չէին։

Մենք սովորում ենք, որ բոլոր տնտեսություններում տեսիլքները, օրհնությունները և Աստծո փառքը ի հայտ են դրվում։

Մենք պատկերացում կազմեցինք, թե ինչպես է Աստված ընտրում Իր մարգարեներին։

Մենք սովորեցինք, որ Աստված ընտրում է սրտով մաքուրներին, ովքեր արդար են և արդար կերպով են ցանկանում կատարել Նրա աշխատանքը և հաստատում է Աստվածաշնչյան այն ուսմունքը, որ Աստված նայում է սրտին և չի ընտրում ըստ արտաքին տեսքի, սոցիալական կարգավիճակի կամ պաշտոնի։

Եղբայրներ և քույրեր, Առաջին Տեսիլքը մի բանալի է, որի միջոցով կարող եք բացել դարեր շարունակ թաքուն պահված բազում ճշմարտություններ։ Եկեք չմոռանանք և երախտապարտ լինենք այն բազում ճշմարտությունների համար, որոնք մենք սովորել ենք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից։

Հայր Աստծո և Նրա Որդի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը Ջոզեֆ Սմիթին սկիզբ դրեց ժամանակների լրության տնտեսությանը։ Մենք պետք է այդ սրբազան իրադարձությամբ և դրանից սովորած ճշմարտություններով կիսվենք բոլոր նրանց հետ, ում սիրում և ում մասին հոգ ենք տանում։

Այս երկու հարցերի մասին կարող եք մտածել, պատասխանել կամ կիսվել սոցիալական մեդիայում՝ օգտվելով #LDSdevo կայքից։

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից։

  • Ի՞նչ պատասխան եք ստացել Տիրոջից, երբ փնտրել եք ճշմարտությունը և ձգտել եք ստանալ ձեր հարցերի պատասխանները։

Ուրախ կլինեմ կարդալու այս կարևոր թեմայի և այս կարևոր հարցերի վերաբերյալ ձեր մտքերը։

Թույլ տվեք եզրափակել, կիսվելով ձեզ հետ մեկ այլ ճշմարտությամբ, որը սովորել եմ Սմիթի Առաջին Տեսիլքը լիաժամկետ միսիոներներին ուսուցանելիս։

Մի քանի տարի առաջ ես պատիվ ունեցա ծառայելու Ֆիլիպիների տարածքային նախագահությունում։ Տարածքային նախագահության անդամները հերթով ելույթ ունեցան Մանիլայի միսիոներական ուսումնական կենտրոնում տեղի ունեցող հոգևոր հավաքին։ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածքի շուրջ 14 տարբեր երկրներից Մանիլա ժամանեցին նոր կանչված լիաժամկետ միսիոներներ։

Քանի որ Ֆիլիպիններում մեր նշանակումը մոտենում էր իր ավարտին, մենք ևս մի վերջին անգամ օգտվեցինք հնարավորությունից՝ ՄՊԿ հոգևոր հավաքին մեր ելույթով կիսվելու համար։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես բեմում նստած նայում էի լիաժամկետ միսիոներների այդ հրաշալի լսարանին։ Աղոթում էի ոգեշնչման համար, որպեսզի նրանց հետ կիսվեի մի բանով, որի շնորհիվ նրանք կհասկանային այն աշխատանքի կարևորությունը, որին նրանք պետք է լծվեին։ Երբ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, աչքերս կանգ առան լսարանի պատի նկարին։ Դա մի նկար էր, որը դուք միգուցե տեսել եք ձեր հավաքատանը։ Դա Դել Պարսոնի հայտնի «Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» ստեղծագործությունն էր։ Այն պատկերում է 14 ամյա Ջոզեֆ Սմիթին, ով Սրբազան Պուրակում ծնկի իջած ցուցումներ էր ստանում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից։

Միսիոներներին ուղված իմ ուղերձը ես սկսեցի՝ մատնացույց անելով Դել Պարսոնի Առաջին Տեսիլքը և բացատրեցի նրանց, որ ծնկի գալով Սրբազան Պուրակում, աղոթելով իր կյանքի համար, Ջոզեֆ Սմիթն այդ ժամանակ ներկայացնում էր ճշմարտությունը փնտրող բոլոր հետաքրքրվողներին՝ անցյալ, ներկա և ապագա։ Ինչո՞ւ։ Քանի որ նա ուներ այն նույն հարցը, որն ունեն բոլոր ազնիվ և անկեղծ հետաքրքրվողները։ Նա փնտրում էր ճշմարտությունը, երբ Տիրոջը հարցնում էր, թե աղանդներից որն էր ճշմարիտ։ Նա փնտրում էր իր կյանքի նպատակը։ Նա փնտրում էր Երկնային Հոր փրկության մեծ ծրագիրը։

Երկրի վրա այն ժամանակ կայի՞ն արդյոք լիազորված միսիոներներ, երբ Ջոզեֆը սրտանց աղոթքով փնտրում էր իր հարցի պատասխանը։ Ո՛չ, չկային։ Սակայն, այդ սուրբ պահին Երկնային Հայրն ու Իր Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսը հայտնվեցին և պատասխանեցին պատանի Ջոզեֆի խնդրանքին և Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը սկսվեց։

Այն հետաքրքրվողները, ովքեր Ջոզեֆի նման պարտավորություն կվերցնեն ու կպահեն այն և, ի վերջո, կմկրտվեն, այն հետաքրքրվողներն են, ովքեր ակտիվորեն փնտրում են ճշմարտությունը և գիտեն իրենց նպատակը։ Սա ոչ միայն կարևոր դաս է լիաժամկետ միսիոներների համար, այլ նաև դաս է մեզ համար, որը կարող ենք սովորել, եթե կիսվենք ավետարանով։ Նաև կարևոր է նշել, որ իրենց կյանքում առաջնորդություն և նպատակ փնտրող մարդկանցից շատերն այս հավաքին մասնակցում են տարիքային խմբերով։ Նրանք ձեր ընկերներն ու գործընկերն են։ Կինս՝ Նենսին, ձեր տարիքում էր, երբ փնտրում էր ճշմարտությունը և կյանքում իր նպատակը։

Իմ երիտասարդ ընկերներ, ինչպիսի մեծ օրհնություն է, որ բոլորս ծնվել ենք այն ժամանակաշրջանում, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանը Երկրի վրա վերականգնվել է իր լրիվությամբ։ Ես վկայում եմ, որ 1820թ. այդ գեղեցիկ գարնանային առավոտ Հայր Աստված և Նրա Որդի՝ Տեր Հիսուս Քրիստոսն այցելեցին Ջոզեֆ Սմիթին։ Ես վկայում եմ, որ Նրանց հաղորդած սուրբ տեղեկությունը և այն փաստը, որ Ջոզեֆը խոնարհաբար ընդունեց այն, լիովին ի կատար էր ածում պատմության ընթացքում սուրբ մարգարեների կողմից արտասանված մարգարեական հայտարարությունները։  Նաև վկայում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման և հիմնադրման շնորհիվ ձեռք բերած կրոնական ազատությունն ուղի նախապատրաստեց Վերականգնման աշխատանքի համար։ Ես նաև վկայում եմ Առաջին Տեսիլքի վերաբերյալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոսքերի մասին․ «Ջոզեֆ Սմիթն այդ երկար, թե կարճ րոպեներին Աստծո բնույթի մասին իմացավ ավելին, քան բոլոր ժամանակներում ուսյալ աստվածաբանները երբևէ իմացել էին»։45 Ինչպիսի՜ մեծ օրհնություն է բոլորիս համար, որ կարող ենք այս վերջին օրերում կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման ուղերձով։

Եղբայրներ և քույրեր, ճշմարտությունը վերականգնվել է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Երկրորդ օրինաց 4․27–31։

  2. Տես Եսայիա 60–62։

  3. Տես Երեմիա 30–33։

  4. Տես Եզեկիել 37․15–28։

  5. Տես Դանիել 2․44։

  6. Տես Ամովս 9․11։

  7. Տես Մաղաքիա 3․1։

  8. Տես Մատթեոս 17․11։

  9. Տես Մարկոս 9․12։

  10. Տես Գործք 3․19–21։

  11. Տես Հռովմայեցիս 11․25–27։

  12. Տես Եփեսացիս 1․9–10։

  13. Տես Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3։

  14. Տես Հայտնություն 14․6։

  15. Տես 1 Նեփի 13․34–42։

  16. Տես 2 Նեփի 26․14–17։

  17. Տես Հակոբ 6․1–4։

  18. Տես 3 Նեփի 21։

  19. Դանիել 1․4

  20. Դանիել 1․20

  21. Դանիել 2․5

  22. Դանիել 2․19

  23. Դանիել 2․24

  24. Դանիել 2․25

  25. Դանիել 2․26

  26. Դանիել 2․27–28

  27. Դանիել 2․31–35

  28. Դանիել 2․37–38

  29. Դանիել 2․44–45

  30. Ասաել Սմիթը Սթիվեն Ս. Հարփերի՝ Joseph Smith’s First Vision: A Guide to the Historical Accounts (2012), 13–14։

  31. Տես Հարփեր, Joseph Smith’s First Vision, 15–16,Ռիչարդ Լայման Բուշման, Joseph Smith: Rough Stone Rolling (2005), 197։

  32. Տես Հարփեր, Joseph Smith’s First Vision, 16–22, Բուշման, Joseph Smith, 14–29։

  33. Լյուսի Մակ Սմիթ, «Lucy Mack Smith, History, 1844–1845,» գիրք 2, էջ 4, josephsmithpapers.org։

  34. Տես Հարփեր, Joseph Smith’s First Vision, 16–22, Բուշման, Joseph Smith, 14–29։

  35. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․11–12

  36. «First Vision Accounts» Gospel Topics, topics.lds.org։

  37. Ջոզեֆ Սմիթը Քերոն Լին Դավիդսոնի, Դեյվիդ Ջ. Վայթոկերի, Մարկ Աշուրց Մակջիի և Ռիչարդ Լ. Ջենսենի խմբագիրների՝ Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 The Joseph Smith Papers,-ի «Histories» շարքի, խմբագրված՝ Դին Ս. Ջեսսիի, Ռոնալդ Կ. Էսփլինի, և Ռիչարդ Լայման Բուշմանի կողմից (Salt Lake City: Church Historian’s Press, 2012), 12–13։ Ուղղագրությունը, կետադրությունը և մեծատառերը արդիականացվել են, տես նաև Դին Ս. Ջեսսիի՝ «The Earliest Documented Accounts of Joseph Smith’s First Vision»-ը Ջոն Վ. Վելշի և Էրիկ Բ. Կառլսոնի խմբ., Opening the Heavens: Accounts of Divine Manifestations, 1820–1844 (2005), 1–33, «First Vision Accounts», Gospel Topics, topics.lds.org։

  38. Ջոզեֆ Սմիթը՝ Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 12–13, ուղղագրությունը, կետադրությունը և մեծատառերն արդիականացվել են, տես նաև՝ «First Vision Accounts», Gospel Topics, topics.lds.org։

  39. Ջոզեֆ Սմիթը՝ Դին Ս. Ջեսսիի, Մարկ Աշուրց Մակջիի, և Ռիչարդ Լ. Ջենսենի խմբ․, Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 The Joseph Smith Papers, -ի Journals շարքից, խմբագրված՝ Դին Ս. Ջեսսիի, Ռոնալդ Կ. Էսփլինի, և Ռիչարդ Լայման Բուշմանի (Salt Lake City: Church Historian’s Press, 2008), 88։ Ուղղագրությունը, կետադրությունը և մեծատառերն արդիականացվել են, տես նաև՝ «First Vision Accounts», Gospel Topics, topics.lds.org։

  40. «First Vision Accounts», Gospel Topics, topics.lds.org։

  41. Ջոզեֆ Սմիթը՝ Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 494, տես նաև «First Vision Accounts», Gospel Topics, topics.lds.org։

  42. Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․13–19

  43. «First Vision Accounts» Gospel Topics, topics.lds.org։

  44. Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 14։

  45. Գորդոն Բ. Հինքլի, «Inspirational Thoughts», Ensign, Aug. 1997, 3։

Տպել