Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ ծնունդը պահել ուշադրության կենտրոնում


Սուրբ ծնունդը պահել ուշադրության կենտրոնում

Ես սիրում եմ տարվա այս ժամանակը, երբ մենք հավաքվում ենք մեր ընտանիքների և սիրելի մարդկանց հետ՝ հիշելու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը և շնորհակալություն հայտնելու Նրա կյանքի և Նրա անսահման քավող զոհաբերության համար։ Ես սիրում եմ այս հատուկ ժամանակաշրջանում մեզ շրջապատող անհամար հիշեցումները և դեռևս զգում եմ իմ մանկության Սուրբ Ծնունդների ոգևորությունն ու սպասումները, անկախ այն բանից՝ դրանք անցնում էին ցրտաշունչ Անգլիայում, թե շոգ Արաբիայում։

Հավանաբար ինչպես շատերը, անցած շաբաթ ես ջանք չեմ խնայել գտնելու տոնածառի լույսերի այն մեկ լամպը, որի պատճառով ամբողջ շղթան չէր վառվում։ Երբ ի վերջո գտա և փոխեցի այդ լամպը, բոլոր լույսերը վառվեցին, և զգացի թեթևացում ու բերկրանք, որ գալիս է փոքր հաջողություններից։

Երբ մոտենում է Սուրբ Ծնունդը, իմ սիրած զբաղմունքներից է նստել մեր տոնածառի մոտ, մինչ տան մնացած բոլոր լույսերն անջատված են, և նայել փոքրիկ սպիտակ լույսերով ողողված ծառին։ Մինչ աչքերս շաղվում են, յուրաքանչյուր լույսի փայլն ավելի է տարածվում փայլուն կարմիր զարդանախշերի արտացոլանքում։ Ազդեցությունը հիանալի է լինում։ Հաճախ այդ ամենին զուգահեռ հնչում է երաժշտություն, հայտարարելով «Ուրախություն աշխարհին, Տերն է ծնվել»,1 և որ «Նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան Իշխան»:2

Մինչ հայացքս սահում է լույսերի վրայով, ես կրկին հիշում եմ Փրկչի աստվածային առաքելության մասին, որն առանցքային է դառնում այդ խորհրդավոր պահերին։ Նա ասել է․ «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի»։3 Ես խորհում եմ սուրբ գիշերվա մասին, երբ Նա ծնվեց, երախտագիտությամբ լցված՝ Հոր ուրախության, հույսի և սիրո պարգևի համար՝ երկիր ուղարկված Իր Միածին Որդու միջոցով։4

Խորհրդածության և մտորումների այդ հանգիստ պահերը կարող են բացառիկ լինել բոլորիս համար Սուրբ Ծննդյան այս զբաղված օրերին։ Դեկտեմբերն իր հետ բերում է միջոցառումներ և համերգներ, հավաքույթներ և նվերներ։ Օրակարգը ծանրաբեռնվում է, և երբեմն սպասումները, որոնք մենք պարտադրում ենք մեզ, իրականում հեռացնում են տոնի ուրախությունը, այլ ոչ թե մեծացնում։

Ուստի, Նախագահ Նելսոնն ուսուցանում է կարևոր մի բան․ «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ։ Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է»:5

Սա հրաշալի առիթ է մեզ համար՝ խորհելու մեր կիզակետի շուրջ։ Ի՞նչ հույսեր ունեք կապված այս Սուրբ Ծննդյան տոների հետ։ Որո՞նք են ձեր անկեղծ ցանկությունները կապված ձեր և ձեր սիրելիների հետ, մինչ միասին հավաքվում եք տոնելու այս ամենասուրբ տոնը։

Երկուս ու կես շաբաթից գալիս է Սուրբ Ծնունդը։ Խորհեք, թե ինչ նշումներ ունեք ձեր օրացույցում գալիք երկուս ու կես շաբաթների ընթացքում։ Դուք գուցե ճնշված զգաք անհամար պարտականությունների և այն ամենի պատճառով, որ պետք է անեք։ Արդյո՞ք ձեր օրակարգը գերծանրաբեռնված է։ Կա՞ն որոշ մշակութային ավանդույթներ և ճնշումներ, որոնք ձեզ սթրեսի են ենթարկում և թույլ չեն տալիս, որ վայելեք Քրիստոսի ծննդյան ուրախությունը։ Ինչպե՞ս կարող եք պարզեցնել ձեր օրացույցն այս Սուրբ Ծնունդին և ավելի լավ պլանավորել հաջորդը։

Մենք պետք է զգույշ լինենք, որ շատ զբաղված և հոգնած չլինենք չափից ավելին անելու փորձերից, որ կորցնենք տոների կիզակետը և, այսպես ասած, չկարողանանք ծնկի գալ մսուրի առաջ, երկրպագել նորածին Թագավորին և բերել մեր նվերը Նրան։

Երիտասարդ մայրե՛ր նաև մենք բոլորս, արդյո՞ք ճնշված ենք զգում։ Որտե՞ղ է ձեր կիզակետը: Գուցե այս տարի դուք չեք ուղարկի Սուրբ Ծննդյան բացիկներ կամ կհրաժարվեք որոշ անձնական սպասումներից, որոնց աղբյուրը համացանցն է եղել։ Ժամանակ կամ գումար ծախսելը որոշ չափով կխլի ձեզանից Փրկիչի վրա կենտրոնանալու և Նրա Սուրբ Ծննդյան ուրախությունը զգալու ունակությունը։

Երիտասարդ մայրե՛ր, նաև մենք բոլորս, որտե՞ղ է մեր կիզակետը։ Գուցե այս տարի դուք ունենաք ավելի հասարակ Սուրբ Ծնունդ՝ ավելի շատ տանը պատրաստված նվերներով և ծառայության նվերներով, քանի որ այդ բոլոր գնումները կատարելու ճնշումը չափից մեծ է, և ոչ անհրաժեշտ, և դա կխլի ձեզանից Փրկիչի վրա կենտրոնանալու և Նրա Սուրբ Ծննդյան խաղաղությունը զգալու ունակությունը։

Սուրբ Ծնունդին տաճարում ծառայելը կարող է յուրահատուկ նշանակություն ունենալ։ Տաճարը ուղղում է մեր կիզակետը, մեծացնում մեր ուրախությունը և միավորում ընտանիքներին այստեղ և վարագույրի մյուս կողմում։ Խորհեք տաճարի ծառայության շուրջ՝ Սուրբ Ծննդյան այլ միջոցառման փոխարեն, որը գուցե չօգնի ձեզ զգալ Սուրբ Ծննդյան բաղձալի հանգիստը։ Այդ սուրբ արարողությունները, խաղաղությունը և քահանայության զորությունը, որ նրանք կրում են բոլոր նրանց համար, ովքեր փայփայում են դրանք, հնարավոր են դարձվել լոկ Հոր Միածին Որդու շնորհիվ, այն «Գառի, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է»,6 ում ծնունդը մենք այժմ տոնում ենք։

Մինչ մոտենում է Սուրբ Ծնունդը, եկեք ավելի շատ կարևոր բաներ անենք և ավելի քիչ՝ ոչ կարևոր բաներ։ Եկեք ձգտենք անել Հիսուս Նազովրեցու գործերը․ բարձրացնենք տառապյալներին, բժշկենք կոտրված սիրտ ունեցողներին, այցելենք բանտարկյալներին, կերակրենք սովյալներին, հագցնենք մերկերին, ձայն տանք ձայնազուրկներին, մերժվածներին, մոռացվածներին և արհամարհվածներին։7

Ձեզանից նրանք, ովքեր ճգնաժամ են ապրում Սուրբ Ծննդյան այս ժամանակահատվածում, թող որ գտնեք Փրկչի սիրո անզուգական պարգևը։ Շատերն այս պահին վախենում են կորցնել սիրելիներին հիվանդության, ծերության կամ որևէ ահավոր պատահարի պատճառով։ Շատերը հիշում են իրենց ունեցած կորուստների մասին, որ տեղի են ունեցել Սուրբ Ծննդյան օրերին, և սա ցավալի տարելից է լինելու ձեզ համար։ Ոմանք սգում են այս պահին իրենց սիրելիների կատարած ընտրությունների համար։ Մյուսներն էլ միայնակ են, առանց ընտանիքի, ինչ-որ իրարանցման մեջ, կամ որևէ պատճառով այս Սուրբ Ծնունդը շատ է տարբերվում նախկինում տոնածերից։

Հավատացեք, որ այս տոներին դուք յուրահատուկ նվեր ունեք։ Փնտրեք հանգիստ պահեր, երբ կարող եք մենակ լինել և խորհել, աղոթել և զգալ սիրառատ բարությունը Մեկի, ում ծնունդը ուրախություն է բերում յուրաքանչյուրին՝ կյանքի ցանկացած պայմաններում։ Ունենք խոստում, որ մի օր «մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ»։8 «Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին։ … Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»:9

Նկար
Հիսուս Քրիստոսը՝ ձեռքին լամպ

Ժամանակ գտեք հանգիստ առնելու, շունչ քաշելու, խորհելու համար։ Վերև նայեք։ Կենտրոնացեք Նրա մեծ պարգևի վրա․ գիտելիք, թե ով եք դուք իրականում, և հասկացողություն, որ փորձություններն այստեղ ժամանակավոր են, իսկ այստեղ ունեցած ուրախությունը պարզապես սկիզբն է գալիք ուրախության։ Հիշեք, որ «ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։

«Եվ այժմ ես կկամենայի հանձնարարել ձեզ՝ փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները, որպեսզի շնորհը Հայր Աստծո և նաև Տեր Հիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգու, որը վկայում է նրանց մասին, լինի և մնա ձեր մեջ հավիտյան»։10 Որպեսզի մենք կարողանանք ասել. «Այո, Տեր, մենք ողջունում ենք քեզ, որ ծնվել ես այս երջանիկ առավոտ։ … Օ՜հ, եկեք երկրպագենք Նրան»։11

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել