Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
14օուքս


Խաղաղության Ավետարանը

Սուրբ Ծննդյան այս տոների ընթացքում ողջ քրիստոնեական աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի` «Խաղաղության Իշխանի» ծնունդը: Մենք բոլորս ուրախանում ենք այդ ծննդյան վերաբերյալ հրեշտակի հայտարարությունից.

Նկար
հովիվները նայում են վեր մի պայծառ լույսի

«Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը: …

Եւ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զօրքի մի բազմությունը, որ Աստուծուն օրհնում էին և ասում.

Փառք Աստուծոյ բարձունքումը եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»:1

Քրիստոնյաների կողմից Փրկիչին փառաբանելու լավ օրինակ է Չարլզ Դիկենսի խոսքերը, որոնք նա գրել է իր իսկ երեխաներին.

Նկար
Չարլզ Դիկենսի դիմանկարը

«Իմ սիրելի՛ զավակներ, ես շատ եմ ուզում, որ դուք որոշ բաներ իմանաք Հիսուս Քրիստոսի պատմության մասին: Քանի որ ամեն մեկը պարտավոր է իմանալ Նրա մասին: Երկրի վրա երբևէ ապրած մարդկանցից ոչ մեկը այնքան բարի, գթասիրտ, այնքան մեղմ ու կարեկից չի եղել այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր սխալ են գործել»:

Դա Դիկենսի նախաբանն էր: Ահա Նրա եզրակացությունը.

Նկար
Չարլզ Դիկենսի դիմանկարը

«Հիշեք, քրիստոնեությունն է միշտ բարին գործել, նույնիսկ, նրանց հանդեպ, ովքեր մեր հանդեպ չարություն են գործում: Քրիստոնեությունն է քարոզում սիրել մեր մերձավորին՝ ինչպես ինքներս մեզ, և վարվել բոլոր մարդկանց հետ այնպես, ինչպես մենք կկամենայինք, որ նրանք մեզ հետ վարվեին: Քրիստոնեություն է լինել մեղմ, ողորմած և ներող, և այդ հատկանիշները լուռ պահել մեր սրտերում և երբեք չպարծենալ դրանցով, կամ մեր աղոթքներով և մեր սիրով առ Աստված, այլ միշտ ցույց տանք, որ մենք սիրում ենք Նրան` խոնարհաբար փորձելով ճիշտ գործել ամեն բանում: Եթե մենք անենք այդ և հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքն ու դասերը, փորձենք գործել դրանց համաձայն, մենք վստահորեն կարող ենք հույս ունենալ, որ Աստված կների մեզ մեր մեղքերն ու սխալները և հնարավորություն կտա մեզ ապրել ու մեռնել Խաղաղության մեջ»:2

Ինչպես Դիկենսն է գրել «մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքն ու դասերը» տանում են մեզ դեպի խաղաղություն: Պողոս Առաքյալը մեր Փրկիչի ուսմունքները կոչել է «խաղաղության ավետարան»։3

Խաղաղություն բառը սուրբ գրություններում ունի շատ տարբեր իմաստներ: Երբ Հիսուսն ասաց. «Խաղաղութիւն ձեզ», Նա հավանաբար նկարագրեց այնպիսի խաղաղություն, ինչպիսին Եսայիա մարգարեն էր հայտարարել. «Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն և արդարութեան արդիւնքը՝ հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան»:4 Փրկիչն իրականացրեց այդ մարգարեությունը: «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք»:5

Նկար
Հիսուսը խոսում է Իր Առաքյալների հետ:

Իր վերջին հրահանգներում Տեր Հիսուս Քրիստոսն ասաց Իր Առաքյալներին․ «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չխռովի, եւ չվախենայ»։6

Նկար
Հիսուսը այցելում է Ամերիկյան մայրցամաք

Դրանից որոշ ժամանակ անց, նոր աշխարհ կատարած Իր այցելության ժամանակ Փրկիչը մեջբերեց Եսայիայի այդ խոսքերը. «Բոլոր քո զավակները պետք է ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը»:7

Այն, ինչ ուսուցանեց մեր Փրկիչը խաղաղության մասին մեր կյանքում որպես անհատներ, վերաբերում է նաև խաղաղությանը` ընտանիքում, խաղաղությանը` ազգի մեջ և խաղաղությանը` աշխարհում:

Փրկիչը և Նրա Առաքյալները ծրագիր չունեին աշխարհի խաղաղության համար, բացի անհատական արդարությունից: Նրանք ընդդիմություն չէին հրահրում Հռոմի իշխանության կամ նրա տեղական բռնակալական ռեժիմի դեմ: Նրանք քարոզում էին անհատական արդարություն և ուսուցանում, որ Աստծո զավակները պետք է սիրեն իրենց թշնամիներին8 և «խաղաղությամբ ապրեն բոլոր մարդկանց հետ»:9

Պատերազմը և հակասությունը ամբարշտության արդյունք են, խաղաղությունը արդարության արդյունք է: Ավետարանի օրհնությունները համընդհանուր են և այդպես է նաև խաղաղության բանաձևը. պահեք Աստծո պատվիրանները:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է հետևյալը.

Նկար
Հովարդ Վ. Հանթեր

«Խաղաղությունը, որը փափագում է աշխարհը, ռազմական գործողությունների կասեցման ժամանակաշրջան է. սակայն մարդիկ չեն գիտակցում, որ խաղաղությունը գոյության մի վիճակ է, որը մարդուն տրվում է միայն Աստծո կողմից սահմանված ժամկետներով և պայմաններով, և ոչ թե որևէ այլ ճանապարհով: …

…Եթե մենք նայենք մարդկանց և աշխարհի ուղիներին, մենք կգտնենք խառնաշփոթություն և իրարանցում: Սակայն, եթե մենք դառնանք դեպի Աստված, մեր անհանգիստ հոգու համար խաղաղություն կգտնենք: …

Այդ խաղաղությունը պաշտպանում է մեզ աշխարհիկ խառնաշփոթությունից»:10

Ժամանակակից հայտնության մեջ մենք կարդում ենք. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:11

Խաղաղությունը մեր Փրկիչի խոստումն է և խաղաղությունը մեր նպատակն է: Այդ խոստացված խաղաղությունը բարեկեցության և անդորրի զգացումն է, որը գալիս է Նրա պատվիրանները պահելուց: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է.

Նկար
Սպենսեր Վ. Քիմբալ

Խաղաղությունը արդարակեցության պտուղն է: Այն չի կարող փողով գնվել, և այն չի կարող վաճառվել կամ փոխանակվել: Այն պետք է վաստակել»:12 Մենք երգում ենք. «Քաղցր է խաղաղությունը, որ ավետարանն է բերում»,13 և մեկ այլ հրաշալի հիմնում մենք միանում ենք` երգելով այս երգեցիկ աղոթքը.

«Թող խաղաղություն լինի աշխարհում

Եվ թող այն սկսվի ինձանից»:14

Մենք չենք կարող խաղաղություն ունենալ ազգերի միջև` առանց հասնելու ընդհանուր արդարակեցության այն մարդկանց մեջ, որոնցից նրանք բաղկացած են: Երկրորդ Համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին Ջոն Ա. Ուիդսոուն ուսուցանել է հետևյալը.

Նկար
Երեց Ջոն Ա. Ուիդսոուն

«Խաղաղ համայնք կառուցելու միակ ուղին խաղաղություն սիրող և խաղաղություն ստեղծող տղամարդկանց և կանանց ձևավորումն է: Յուրաքանչյուր անհատ Քրիստոսի և Նրա Եկեղեցու այդ վարդապետության միջոցով իր սեփական ձեռքերում է պահում աշխարհի խաղաղությունը:

Դա ինձ և ձեզ անհատապես պատասխանատու է դարձնում աշխարհի խաղաղության համար: Պատասխանատվությունը չի կարող տեղափոխվել մեկ ուրիշի վրա»:15

Մոտ երեսուն տարի անց, մեկ այլ գերագույն իշխանավոր` Էլդրիդ Գ. Սմիթը, ուսուցանել է այդ նույն ճշմարտությունը:

«Եթե յուրաքանչյուր անձ խաղաղություն ունենա իր հոգու մեջ, ապա խաղաղություն կլինի ընտանիքում: Երբ խաղաղություն լինի յուրաքանչյուր ընտանիքում, ապա խաղաղություն կլինի ազգի մեջ: Երբ խաղաղություն լինի ազգերի մեջ, խաղաղություն կլինի աշխարհում:

«Եկեք ոչ միայն երգենք. «Թող խաղաղություն լինի աշխարհում և թող այն սկսվի ինձանից», այլ եկեք նկատի առնենք այդ: Դարձնենք դա իմ նպատակը, ձեր նպատակը»:16

Իմ սիրելի Սուրբ Ծննդյան պատմություններից մեկը հրատարակվեց Deseret News-ում ավելի քան 30 տարի առաջ: Այն պատմում էր մի 11 տարեկան աղջկա մասին, թե նա ինչ էր սովորել իր տառապանքի միջոցով, երբ չէր ստացել իր ցանկալի նվերը,պատմում էր նաև նրա խաղաղության մասին, երբ իմացավ նվերներ տալու միջոցով Սուրբ Ծնունդը տոնելու իմաստը: Ես կիսվում եմ սրանով հատկապես մեր մեջ գտնվող երեխաների և պատանիների համար:

Մի 11 տարեկան աղջիկ վշտացած էր, որովհետև չէր ստացել նոր տիկնիկ, որը ցանկանում էր երկար ժամանակ:

Նկար
մի մայր խոսում է իր դստեր հետ

Փորձելով հանգստացնել նրան, մայրն ասաց. «Դու արդեն մեծ ես այդպիսի բաների համար»: Միթե՞ նա իսկապես մեծացել էր Սուրբ Ծննդյան տոնի համար, զարմանում էր նրա դուստրը: Նրա հայրը բացատրեց.

Նկար
մի հայր խոսում է իր դստեր հետ

«Իմ սիրելի, սիրելի փոքրի՛կ աղջիկ, Այնքան շատ ցավ և ուրախություն կա, երբ մեծանում ես: Ոչ, զավակս, դու չես մեծացել Սուրբ Ծննդյան տոնի համար: Քեզ հետ տեղի է ունենում շատ ավելի կարևոր բան: Դու մեծանում ես՝ գիտակցելով, որ շատ բաներ ունեն ավելի ու ավելի կարևոր իմաստներ, քան որպես երեխա դու կարող ես հասկանալ: … Դու լսել ես, որ մենք նվերներ ենք տալիս Սուրբ Ծնունդի առթիվ, որովհետև հովիվները և մոգերը նվերներ բերեցին Մանուկ Քրիստոսին, բայց թույլ տուր ինձ պատմել քեզ առաջին Սուրբ Ծնունդի իսկական ընծայի մասին:

Ապա նրա հայրը վկայեց այն մեծ սիրո մասին, որ մեր Երկնային Հայրն ուներ Իր անդրանիկ Որդու հանդեպ, «ով հավատարիմ էր եղել Նրան մեծ դժբախտության և ապստամբության ժամանակ, և ով նույնիսկ օգնել էր Նրան ստեղծել աշխարհը, որի վրա մենք ապրում ենք»: Նա պատմեց նրան, թե մեր Երկնային Հայրն ինչպես տվեց մեզ այդ Որդուն` Տեր Հիսուս Քրիստոսին՝ որ լինի մեզ Փրկիչ:

Նկար
մի հայր կարդում է իր դստեր համար

Նա կարդաց Մորմոնի Գրքից, թե ինչպես այդ Որդին «պիտի վայր գա երկնքից մարդկանց որդիների մեջ և ապրի կավե տաղավարում: … Եվ ահա, նա կտանի փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար: Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, երկնքի և երկրի Հայր» (Մոսիա 3.5, 7–8):

Փակելով գիրքը, նա բացատրեց.

Նկար
մի հայր խոսում է իր դստեր հետ

«Չնայած մեր Հայրը Երկնքում գիտեր, որ այդ բաները պահված էին Իր սիրելի Որդու համար, Նա, Իր անսահման սիրով և իմաստությամբ տվեց Նրան աշխարհին: Եվ այդ սքանչելի ընծայի երկրորդ մասն այն է, որ Քրիստոսը` Որդին, նույնպես, գիտենալով բոլոր այս բաները, հոժարակամ տվեց Իրեն, որպեսզի մենք կարողանանք ունենալ հավերժական կյանք»:

Տարիներ հետո, այդ փոքրիկ աղջիկը, ով մեծացել և դարձել էր այդ կինը, գրեց.

Նկար
քնած երիտասարդ աղջիկ

«Դա առաջին Սուրբ Ծնունդն էր, որքան հիշում եմ, որ ես չքնեցիՍուրբ Ծննդյան իմ տիկնիկը բարձիս վրա դրված: Ես ավելի լավ բան ունեի: Սրտիս խորքում կար նոր և հուզիչ խաղաղություն: Ես գտել էի մի ընծա, որը չէր կարող մաշվել կամ կորչել, մի ընծա, որի համար ես երբեք չէի կարող մեծանալ, այլ գտել էի այնպիսի մի ընծա, որի միջոցով, Աստծո օգնությամբ, ես պետք է վերաճեի: … Եվ ես աղոթեցի … որ մի օր ունենայի իրական երեխաներ և այդ ժամանակ ես կիմանայի Սիրո Ընծայի մնացած մասը»:17

Ես ավարտում եմ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի անցյալ տարվա Սուրբ Ծննդյան հավաքի ուսուցմամբ. «Հիսուս Քրիստոսը Աստծո բացառիկ ընծան է՝ Հոր ընծան Իր բոլոր զավակներին»։18

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»:19

Ես աղոթում եմ, որ հավերժական ճշմարտությունը ներթափանցի այն ամենի մեջ, ինչ մենք անում ենք այս Սուրբ Ծննդյան տոներին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել