Ուսուցչի ստուգաթերթիկ
«Ուսուցանել Փրկչի ձևով». հավաք երեց Ուխդորֆի հետ
12 հունիս 2022 թ․ (կիրակի)
Իմ սիրելի՛ մարդիկ
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմ սիրելի՛ ընկերներ, ի՜նչ հիանալի պահ է, որ կարող ենք միասին լինել և դիտել այս հիանալի ու գեղեցիկ տեսանյութը, որը ցույց է տալիս, թե Եկեղեցու անդամները և ամբողջ աշխարհի մարդիկ ինչպես կարող են Փրկչի ձևով ուսուցանել բոլոր տարիքների և սերունդների մարդկանց։
Դե, իմ սիրելի՛ ընկերներ, ես շատ երախտապարտ եմ այսօր իմ սիրելի մարդկանց՝ նախկին, ներկա և ապագա ուսուցիչների շարքում լինելու համար։ Քանի որ բոլորն էլ այս կամ այն ձևով ուսուցիչներ են, ես պետք է ընդունեմ, որ իմ սիրելի մարդկանց խումբը բավականին ընդգրկուն է: Ես սիրում եմ ուսուցիչներին։ Ես սիրում եմ նրանց միջավայրում գտնվել: Ես սիրում եմ իմ կյանքի ուսուցիչներին և պարտական եմ նրանց ավելին, քան երբևէ կարող եմ վճարել։
Հարյուրավոր տարիներ շարունակ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչն է ուսուցչին դարձնում գերազանց ուսուցիչ, և շատ են առաջարկել, խթանել և հրապարակել իրենց տեսություններն այն մասին, թե ինչն է առաջ բերում հաջողակ ուսուցման փորձառություն:
Մենք օրհնված ենք, որ կարող ենք սովորել բոլոր ժամանակների մեծագույն ուսուցչից՝ Հիսուս Քրիստոսից։ Ես չեմ կարծում, որ անցած երկու հազարամյակում աշխարհի որևէ անկյունում գեթ մեկ վայրկյան մարդիկ Նրա ուսմունքները չեն գնահատել, ուսումնասիրել, խորհել դրանց մասին, կրկնել և ընդօրինակել:
Արդյոք դա չէ՞ բոլոր ուսուցիչների նպատակը։ Ընդմիշտ դեպի բարի՞ն փոխել շրջապատը։ Օրհնե՞լ ուսանողների կյանքն այնպես, որ այն տարածվի դասընթացի կամ դասարանի սահմաններից դուրս:
Եվ Հիսուս Նազովրեցին հենց այդպիսի ազդեցություն է թողնում՝ անցյալում, ներկայում և ապագայում: Այսպիսով, ո՞ւմ կյանքը մենք պետք է ուսումնասիրենք։ Եթե մենք սովորենք Նրանից, անկախ մեր կարգավիճակից, մենք կկատարելագործվենք ոչ միայն որպես ուսուցիչներ, այլ նաև մեծապես կկատարելագործվենք որպես մարդ արարածներ:
Այսպիսով, ես այսօր արտոնություն ու պատիվ ունեմ ձեզ հետ խոսելու Փրկչի մասին, քանի որ ավելի լավ ուսուցիչ դառնալու լավագույն միջոցն է՝ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ:
Նախաթռիչքային ստուգումների կարևորությունը
Երբ ես օդաչու էի, ամեն անգամ, երբ տեղավորվում էի օդանավի հրամանատարի նստելատեղում, մի հիմնական նպատակ էի հետապնդում՝ ինքս ինձ, անձնակազմիս և ուղևորներիս անվտանգ հասցնել մեր նպատակակետը: Այս նպատակը պահանջում էր կենտրոնացում և զգոնություն:
Այս կենտրոնացումը պահպանելու համար օդաչուները կատարում են մի շարք նախաթռիչքային ստուգումներ, փորձարկում են անվտանգության ընթացակարգերը և ստուգում սարքավորումների գործունակությունն ու մեխանիկական հուսալիությունը: Ստուգաթերթի յուրաքանչյուր կետը մի գործողություն է, որն օդաչուն արել է հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) անգամներ:
Փորձառու օդաչուն երբեք չի ենթադրում, որ քանի որ նա հարյուրավոր անգամներ թռիչք է կատարել, կարիք չկա անհանգստանալ նախաթռիչքային ստուգման մասին կամ պատահական ձևով մեկընդմեջ անցնել կետերի վրայով:
Նախաթռիչքային ստուգումը կարգապահություն է ուսուցանում օդաչուներին, որպեսզի նրանք կենտրոնանան հաջող թռիչք իրականացնելու կարևոր կետերի վրա։
Ինչպես օդաչուն ունի որոշակի առաջնորդող նպատակ, այնպես էլ մենք՝ որպես Խոսքի ուսուցիչներ, ունենք այդ նպատակը, որն է՝ հոգիներին ավելի մոտեցնել Քրիստոսին: Ամեն անգամ, երբ պատրաստվում ենք ուսուցանել, այդ նպատակը պետք է գերակշռի մեր մտքում:
Մենք՝ որպես ուսուցիչներ, ունե՞նք ստուգաթերթ, որը կօգնի մեզ կենտրոնանալ մեր սուրբ նպատակի վրա: Այո՛:
«Ուսուցանել Փրկչի ձևով»
Այս ամիս Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կհրապարակի Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի վերանայված տարբերակը: Այն ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են ավետարանը տանը և եկեղեցում: Այն մատչելի կլինի 70 լեզուներով Ավետարանի գրադարան հավելվածում։ Տպագիր օրինակները լույս կտեսնեն առաջիկա ամիսներին:
Այս ձեռնարկը հիմնված է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների վրա և հանդիսանում է ոգեշնչում և ուղեցույց ուսուցիչների համար: Այն օգնում է մեզ կենտրոնանալ Նրա նման ուսուցանելու վրա:
Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը կօգնի բոլոր նրանց, ովքեր ուսուցանում են: Այն կարող է ոգեշնչել և ցուցումներ տալ ծնողներին, հարևաններին, սպասավորող եղբայրներին և քույրերին, միսիոներներին և Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտներին: Աշակերտությունը նշանակում է սիրել, հոգալ, օրհնել և բարձրացնել ուրիշներին, իսկ դա իր հերթին նշանակում է՝ ուսուցանել:
Այլ կերպ ասած, եթե դուք փորձում եք սիրել և ծառայել ինչպես Հիսուսը, ապա դուք ուսուցիչ եք, և Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը ձեզ և ինձ համար է: Հուսով եմ, որ դա գանձ կդառնա ձեր ձեռքերում, անկախ նրանից՝ նոր եք այս ճամփորդության մեջ, թե երկար տարիներ քայլում եք այդ ճանապարհով:
Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի 3-րդ մասում կա ինքնագնահատման բաժին՝ նման թռիչքների ստուգաթերթին, որը կօգնի մեզ ավելի շատ կենտրոնանալ մեր ուսուցման ջանքերի վրա: Այն թույլ կտա ինքնավերլուծություն անել, բացահայտել թույլ կողմերը և կոգեշնչի, թե ինչ եղանակներով կարող ենք կատարելագործվել: Դա կարող է նույնքան օգտակար լինել ուսուցիչների համար, որքան թռիչքների ստուգաթերթը օդաչուների համար:
Պատկերավոր ասած, եթե ինձ թույլ տաք օդաչուի խցիկում նստել ձեր կողքին, ես կցանկանայի ձեզ հետ կատարել նախաթռիչքային ստուգում ուսուցման համար: Ես հրավիրում եմ ձեզ հանել ձեր խորհրդանշական «վահանակը» և մտածել, թե յուրաքանչյուր կետի համար ի՞նչ կգնահատեիք ձեզ: Այս ինքնագնահատումը մեզ շատ կօրհնի այսօր և ամեն անգամ, երբ մենք պատրաստվենք ուսուցանել Փրկչի ձևով:
Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա
Մեր նախաթռիչքային ստուգաթերթի առաջին կետն է՝ «Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա»: Սա հնարավորություն է տալիս մտածելու այն մասին, թե արդյո՞ք Փրկիչն իսկապես մեր ուսուցման կենտրոնում է: Խնդրում ենք մտածեք այս հարցերի շուրջ.
-
Արդյո՞ք ես ուսուցանում եմ Հիսուս Քրիստոսի մասին, անկախ իմ ուսուցանած նյութից։
-
Արդյո՞ք կարևորում եմ Հիսուս Քրիստոսի օրինակը։
-
Արդյո՞ք օգնում եմ սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմությունը իրենց կյանքում:
-
Արդյո՞ք օգնում եմ սովորողներին իրենց կամքով ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Սրանք խորիմաստ հարցեր են։
Եկեք ընդունենք այն փաստը, որ ավետարանն այնքան ընդարձակ է, որ մենք կարող ենք ամբողջ կյանքում ուսումնասիրել այն և միայն հասցնել մակերեսային ծանոթանալ դրա հետ: Պատկերացրեք, որ թիրախ ենք նկարում մի մեծ փայտե շենքի լայնությամբ ու երկարությամբ, և այդ շինությունը ներկայացնում է ավետարանի մեծությունը:
Ավետարանում մենք բոլորս ունենք մեր նախասիրությունները՝ բաներ, որոնք հետաքրքրում են մեզ․ պատմության ժամանակաշրջաններ, Եկեղեցու ծրագրեր, վարդապետական թեմաներ կամ նույնիսկ՝ սուրբ գրությունների առանձին հատվածներ։ Եվ հնարավոր է մեզ մոտ ցանկություն առաջանա կենտրոնանալ մեր սիրելի թեմաների վրա:
Բայց որքան էլ մեծ լինի ավետարանը ուսուցանելու թիրախը, նշանակակետը` թիրախի կենտրոնը, որի վրա անընդհատ պետք է կենտրոնանանք, փոքր է: Եվ դա այն կենտրոնն է, որի մասին մենք չենք իմացել մեկնաբանությունների, սոցհարցումների կամ բանավեճերի միջոցով: Փրկիչն Ինքն է ասել դա։
Ո՞րն է այդ կենտրոնը։
Սիրեք Աստծուն և ուրիշներին:
Դա է թիրախի կենտրոնը։
Գուցե այլ բաներ նույնպես հետաքրքրեն մեզ։ Գուցե դրանք կարևոր լինեն։ Բայց դրանք կենտրոնը չեն։
Դրանք օժանդակ սկզբունքներ են։ Փոխաբերական իմաստով դրանք մեր ճաշացանկի խավարտն են․ գուցե աղցան՝ հիմնական ուտեստի հետ։ Դրանք կարող են ավելացնել համ, բազմազանություն, և գուցե շատ վիտամիններ, բայց հիմնական ուտեստը չեն:
Ուրեմն ո՞րն է ուսուցման մեր նպատակը։
Մեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում ենք, ավելի մոտենալ Քրիստոսին, մեծացնել իրենց գիտելիքներն ու Աստծո հանդեպ սերը և ծառայել Աստծուն՝ կարեկցանք ձեռք բերելով Նրա բոլոր զավակների հանդեպ:
Դա է թիրախի կենտրոնը։
Իսկ որտե՞ղ ենք մենք գտնում Աստծուն և ուրիշներին սիրելու մեր ամենամեծ օրինակը:
Մեր Փրկչի և Քավչի կյանքում և ուսմունքներում:
Երբ մենք հոգիներ ենք բերում Քրիստոսի մոտ, մենք օգնում ենք նրանց մեծացնել իրենց հավատքն ու սերը Աստծո հանդեպ: Եվ մենք օգնում ենք նրանց մեծացնել իրենց կարեկցանքն ու սերը ուրիշների հանդեպ:
Ամեն անգամ, երբ մենք ցանկանում ենք շեղվել և քննարկել որևէ այլ թեմա, որը կարող է մեզ հետաքրքիր թվալ, մենք պետք է ինքներս մեզ իսկապես հարցնենք.
«Արդյո՞ք ես կենտրոնանում եմ Փրկչի վրա, անկախ նրանից, թե ինչի մասին եմ ուսուցանում»:
«Արդյո՞ք այն, ինչ ուսուցանում եմ, օգնում է ուրիշներին աճել Աստծո հանդեպ իրենց սիրո մեջ և ցույց տալ այդ սերը՝ սիրելով, ծառայելով և կիրառելով Փրկչի ուսմունքները մեր կյանքում»։
Մենք՝ որպես ուսուցիչներ, կարող ենք խոսել հրեշտակների լեզվով, ինչպես նաև կարող ենք զբաղեցնել, ուրախացնել, զվարճացնել և զարմացնել: Բայց եթե մեզ չհաջողվի կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա, ապա մենք չենք դիպչի նշանակակետին1 և մեր ուսուցումը կլինի միայն ստվերն այն բանի, ինչը մենք կարող էինք իրագործել։
Միշտ կենտրոնացեք մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի վրա:
Սիրեք նրանց, ում ուսուցանում եք
Ստուգաթերթի երկրորդ անվանակարգն է՝ «Սիրեք նրանց, ում ուսուցանում եք» Այս անվանակարգը թույլ է տալիս մեզ խորհել ուսուցիչ լինելու մեր անձնական դրդապատճառների մասին, և այն հիշեցնում է մեզ, որ մեր սրտերը պետք է կենտրոնացնենք այն մարդկանց սիրելու և գնահատելու վրա, ում ուսուցանում ենք: Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել․
-
Արդյո՞ք ձգտում եմ սովորողներին տեսնել այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում նրանց:
-
Արդյո՞ք փորձում եմ ճանաչել նրանց, ում ուսուցանում եմ, որպեսզի հասկանամ նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը:
-
Արդյո՞ք աղոթում եմ սովորողների համար անուն առ անուն։
-
Արդյո՞ք ստեղծում եմ ապահով միջավայր, որտեղ բոլորը հարգված են և գիտեն, որ իրենց մասնակցությունը գնահատվում է:
-
Արդյո՞ք գտնում եմ իմ սերն արտահայտելու համապատասխան եղանակներ:
Ես լսել եմ մի կնոջ մասին, որն ավագ դպրոցի հմուտ ուսուցչուհի էր: Նա տարիներ շարունակ զարգացրել է ուսուցման իր մոտեցումը և նշանակալի ներդրում է ունեցել ավագ դպրոցի աշակերտների կյանքում: Նա լավ գիտեր, թե ինչպես կարելի է վարվել այդ տարիքային խմբի հետ:
Մի տարի նա մասնակցեց ամառային դպրոցի ծրագրին, որտեղ ուսուցանեց տարիքով շատ ավելի փոքր և տարբեր ուսանողների՝ նույնիսկ հինգ տարեկան երեխաներին: Իհարկե, երեխաները ոգևորված էին և եռանդով լի, երբ նրանք ներս մտան նրա դասարան: Նրանք շատ էին աղմկում ու ծիծաղում, գոռում էին ու վազում գրասեղանների միջով և հետապնդում միմյանց։ Դասարանը կարգի բերելու համար այս ուսուցչուհին օգտագործեց իր «ուսուցչի ձայնը», որն օգնում էր ավագ դպրոցի երեխաներին հանգստանալ և նստել իրենց տեղը: Բայց ի՞նչ տեղի ունեցավ։
Դասարանում քար լռություն տիրեց։ Երեխաներն անմիջապես դադարեցրին աղմկել և զարմացած աչքերով զբաղեցրին իրենց տեղը գրասեղանների մոտ։ Միայն երկու երեխաներ չնստեցին։
Առաջին երեխան՝ մի փոքրիկ աղջիկ, ընկավ հատակին և սկսել հեկեկալ։ Թեև ուսուցիչը բարկության մեկ նշույլ անգամ չէր զգում նրա հանդեպ, փոքրիկ աղջիկը մտածեց, որ նա իսկապես վատ բան է արել և թաղվեց արցունքների մեջ:
Երկրորդ երեխան՝ մի փոքրիկ բայց ուժեղ տղա, վախով նայեց ուսուցչին, պտտվեց դեպի դուռը և մեծ արագությամբ անհետացավ միջանցքում: Ուսուցիչը մտածեց, որ այդ տղան այլևս չի վերադառնա։
Այդ օրը ուսուցչուհին մի կարևոր դաս սովորեց. այն մոտեցումը, որը նա օգտագործում էր դեռահասների հետ, այնքան էլ լավ չէր աշխատում փոքր երեխաների հետ:
Եվ դա նույնպես դաս է մեզ համար, ձեզ համար և ինձ համար։
Յուրաքանչյուր մարդ, ում մենք ուսուցանում ենք, Աստծո զավակն է և անհատականություն է:
Արդյո՞ք մենք տեսնում ենք նրանց այնպիսին, ինչպիսին տեսնում է մեր Երկնային Հայրը՝ որպես եզակի անհատներ՝ իրենց ուրույն մտքերով, զգացմունքներով, փորձություններով և մաքառումներով: Արդյո՞ք մենք ստեղծում ենք անվտանգ ուսումնական միջավայր՝ մի վայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն ապահով և ընդունված զգալ:
Արդյո՞ք մեր ուսանողները գիտեն, որ բացի մեր մայրենի լեզվից, մենք խոսում ենք սիրո համընդհանուր լեզվով: Որ մենք գնահատում ենք, կարեկցում և հարգում նրանց:
Փրկիչն Իր կյանքի մեծ մասն անցկացրեց հասարակությունից վտարվածների և մերժվածների հետ:
Նա կարող էր դասախոսություն կարդալ և դատապարտել նրանց։ Փոխարենը՝ Նա գրկեց, բժշկեց և մխիթարեց նրանց:
Այո, նա ուսուցանեց նրանց. «Գնա և այսուհետև մեղք մի գործիր»։2։ Բայց հիվանդների, մեղավորների և սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց հետ Նա խոսեց և գործեց սիրուց, կարեկցանքից և հարգանքից մղված:
Նա մեզանից յուրաքանչյուրին տեսնում է որպես Ամենակարող Աստծո որդիներ և դուստրեր՝ ոչ թե Նրանից ցածր, այլ Նրա կողքին փառքով քայլելու հավերժական ներուժով:
Քրիստոնյա մեծ գրող Ք. Ս. Լյուիսը կրկնել է այս տեսակետը, երբ ուսուցանել է. «Լուրջ բան է՝ ապրել հնարավոր աստվածների և աստվածուհիների հասարակության մեջ, հիշել, որ ամենաձանձրալի … ամենաանհետաքրքիր անձը, որի հետ դուք կարող եք խոսել, մի օր կարող է լինել այն էակը, որին, եթե տեսնեք այժմ, երկրպագելու ուժեղ գայթակղություն կզգաք»։ Եվ նա շարունակել է. «Չկան սովորական մարդիկ։ Դուք երբեք չեք խոսում հասարակ մահկանացուների հետ: … դրանք անմահներն են, ում հետ մենք կատակում ենք, աշխատում, ամուսնանում, նվաստացնում և շահագործում. անմահներ … հավերժական գեղեցիկներ»:3
Երբ մենք ուրիշներին այդպիսի հարգանքով ենք վերաբերվում, մենք արտացոլում ենք Հիսուս Քրիստոսի օրինակը: Մենք սիրում ենք այնպես, ինչպես Նա էր սիրում։ Բարձրացնում ենք այնպես, ինչպես Նա էր բարձրացնում։ Ուսուցանում ենք այնպես, ինչպես Նա էր ուսուցանում։
Եկեք հիշենք, որ պետք է սիրել, հարգել և բարձրացնել նրանց, ում ուսուցանում ենք:
Ուսուցանեք Հոգով
Ստուգաթերթի երրորդ անվանակարգն է՝ «Ուսուցանեք Հոգով» Խնդրում ենք մտածեք այս հարցերի շուրջ.
-
Արդյո՞ք ես հոգևորապես պատրաստվում եմ ուսուցանելու համար:
-
Արդյո՞ք ես արձագանքում եմ սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին:
-
Արդյո՞ք ես ստեղծում եմ պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով:
-
Արդյո՞ք ես օգնում եմ սովորողներին փնտրել, ճանաչել և գործել՝ ըստ անձնական հայտնության:
-
Արդյո՞ք ես հաճախ եմ վկայություն բերում և խրախուսում սովորողներին անել նույնը:
Ես փորձում եմ ինքս ինձ հաճախ հիշեցնել, որ ավետարանը ուսուցանելու և մարդկանց Հիսուս Քրիստոսին մոտեցնելու իմ բոլոր ջանքերում ես չեմ կարող որևէ մեկին դարձի բերել:
Միայն Սուրբ Հոգին կարող է դա անել:
Մենք կարող ենք խոսքեր ասել, բայց դարձի բերել կարող է միայն Հոգին։ Դա տեղի է ունենում, երբ Սուրբ Հոգին դիպչում է սրտին, իսկ անձն արձագանքում է Նրա ազդեցությանը և հետևում է Փրկչին:
Եթե համոզիչ խոսքերի կամ հիմնավորված փաստարկների պատճառով ինչ-որ մեկը «համոզվի» հետևել Հիսուս Քրիստոսին, այդ համոզմունքը կարող է նույնքան անցողիկ լինել, որքան այն սերմը, որն ընկնում է քարքարոտ հողի վրա:4
Մեր աշխատանքը դարձի բերելը չէ։ Դա մեր պարտականությունը չէ։
Բայց ո՞րն է մեր աշխատանքը: Ուսուցանել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի բարի լուրը, որը վերականգնվել է մեր ժամանակներում: Եվ մեր աշխատանքն է, որ մեր ազնիվ և անկեղծ գործերով օժանդակենք և հաստատենք մեր խոսքերը: Մեր կյանքը և մեր ապրելաձևը։
Իսկ թե կընդունե՞ն մարդիկ մեր ուսուցանածը, կախված է նրանցից և Աստծուց։ Բայց մենք կարող ենք կամուրջ դառնալ, որը նրանց կկապի Սուրբ Հոգու հետ: Մենք կարող ենք լինել այն պատուհանը, որով Սուրբ Հոգին կմտնի նրանց կյանք: Մեր խոսքերը և մեր գործողությունները կարող են ուսուցանել Քրիստոսի վարդապետությունն այնպես, որ ուսանողները զգան Սուրբ Հոգու ազդեցությունը:
Ինչպես մի անգամ երեց Դալլին Հ. Օուքսն է ուսուցանել. «Ուսումնասիրությունն ու բանականությունը կարող են գտնել ճշմարտությունը, … բայց միայն հայտնությունը կարող է հաստատել այն»:5
Թույլ տվեք կրկնել այդ նախադասությունը․ «Ուսումնասիրությունն ու բանականությունը կարող են գտնել ճշմարտությունը, … բայց միայն հայտնությունը կարող է հաստատել այն»:
Երբեմն մենք մի տեսակ ընդարմացած ենք քայլում կյանքում: Մենք տեսնում ենք բաներ, որոնք գրեթե չենք հիշում․ գովազդային հոլովակներ, Pinterest-ի մեջբերումներ, նույնիսկ՝ ճանապարհային նշաններ: Դրանց մասին մակերեսորեն ենք մտածում, և դրանք չեն արմատավորվում մեր հոգում։
Բայց եթե Սուրբ Հոգին խոսում է ձեր և իմ հոգու հետ, ես և դուք չենք կարող մոռանալ այն, քանի որ այն փոխում է ձեզ, այն փոխում է մեզ: Հիշեք, թե ինչ ասաց Ջոզեֆ Սմիթը Հակոբոս 1.5-ը կարդալուց հետո. «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ»։6
Հոգին կարող է սովորական ձևով ասված սովորական միտքը ընդունել և այնպես անել, որ այն կրակի պես այրի:
Մարդու դարձի գալը կախված չէ մեր պերճախոսությունից կամ սուրբ գրությունների մասին գիտելիքից: Դա կախված չէ նրանից, թե որքան լավ ենք ուսուցանում կամ պաշտպանում վարդապետությունը: Դա կախված չէ մեր բանականությունից, գրավչությունից կամ լեզվի իմացությունից:
Այն ամենը, ինչի վրա պետք է աշխատենք, ինքներս մեզ համար իմանալն է: Որից հետո մեր Երկնային Հայրը հրավիրում է մեզ «բացել [մեր] բերան[ներ]ը բոլոր ժամանակներում՝ հայտարարելով [Իր] ավետարանը ցնծության հնչումով»:7 Եթե մենք դա անենք, Սուրբ Հոգին կվկայի ճշմարտության մասին:
Մենք չպետք է «լինենք» ավել կամ պակաս, քան այն, ինչ մենք կանք, իսկ դա Աստծո զավակներ և Հիսուս Քրիստոսի հետևորդներ լինելն է:
Կարո՞ղ եք ցնծությամբ արտահայտել ձեր սերը Փրկչի, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու հանդեպ:
Եթե մենք կատարեք մեր բաժինը, Հոգին կկատարի Իր բաժինը: Դրա համար ենք մենք «ուսուցանում Հոգով»։
Ուսուցանեք վարդապետությունը
Մեր նախաթռիչքային ստուգաթերթի չորրորդ կետն է՝ «Ուսուցանեք վարդապետությունը», որն իհարկե ոչ թե ինչ-որ վարդապետություն է, այլ այն վարդապետությունն է, որը Հիսուս Քրիստոսը ստացել է Իր Հորից: Փրկիչն ասել է․ «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»։8 Գնահատելու համար, թե որքան լավ եք հետևում Նրա օրինակին, խորհեք այս հարցերի շուրջ.
-
Արդյո՞ք ես սովորում եմ վարդապետությունը ինքս ինձ համար:
-
Արդյո՞ք ես ուսուցանում եմ սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից:
-
Արդյո՞ք ես օգնում եմ սովորողներին փնտրել, ճանաչել և հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները:
-
Արդյո՞ք ես կենտրոնանում եմ ճշմարտությունների վրա, որոնք կերտում են հավատք առ Հիսուս Քրիստոսը:
-
Արդյո՞ք ես օգնում եմ սովորողներին գտնել անձնական հայտնություն վարդապետության մեջ:
Մեր տնտեսության մեջ Տերն ասել է. «Ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք պետք է մեկմեկու ուսուցանեք արքայության վարդապետությունը: Ուսուցանեք ջանասիրաբար, և իմ շնորհը կուղեկցի ձեզ»։9
Ո՞րն է վարդապետությունը, որը մենք պետք է ուսուցանենք:
Դա այն խոսքն է, որը դուրս է գալիս սուրբ գրություններից և առաքյալների ու մարգարեների բերանից: Այդ նրանք են, ովքեր իրավունք և իշխանություն ունեն բացատրելու և պարզաբանելու վարդապետությունը: Եվ նրանց միջոցով է, որ Աստված միշտ հայտարարել է Իր խոսքը՝ առաջնորդություն և հասկացողություն տալով Իր զավակներին:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կենտրոնական և փրկարար վարդապետությունն այն է, որ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց Փրկիչն ու Քավիչն է: Պողոս առաքյալը, որը տեսավ և հաղորդակցվեց հարություն առած Փրկչի հետ, գրեց կորնթացիներին. «Իմացնում եմ ձեզ այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք.… որ [Հիսուս Քրիստոսը] մեր մեղքերի համար մեռավ … թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ … Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին»:10
Մեզ պատվիրված է «կառչած մնալ Աստծո խոսքին, որը կենդանի է և հզոր … և [կառաջնորդի] մարդուն մի անձուկ ու նեղ ուղիով … և նրանց հոգիները, այո, նրանց անմահ հոգիները հասցնում է Աստծո աջ կողմը՝ երկնքի արքայություն»:11
Մենք՝ որպես ուսուցիչներ, չպետք է ամաչենք Հիսուս Քրիստոսի ավետարանից։12 Ավելի շուտ, մենք պետք է ուրախությամբ բարձրացնենք մեր ձայնը՝ ուսուցանելով Նրա վարդապետությունը, նույնիսկ, երբ այն կարող է ոմանց համար գայթակղություն թվալ, իսկ մյուսներին՝ հիմարություն:13 «Որովհետև Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին»։14
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք
Մեր նախաթռիչքային ստուգաթերթի վերջին կետն է՝ «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք»: Այս կետը հիշեցում է, որ մեր ջանասիրաբար ուսուցումը խնդրի լուծման միայն մի կեսն է: Մյուս կեսը և թերևս առավել կարևոր կեսը երկարաժամկետ հեռանկարում, մեր ուսանողների ջանասիրաբար սովորելն է: Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն մեզ գնահատել, թե արդյո՞ք մեր ջանասիրաբար ուսուցումը հանգեցնում է ջանասիրաբար սովորելուն.
-
Արդյո՞ք ես օգնում եմ սովորողներին պատասխանատվություն ստանձնել իրենց սովորելու համար:
-
Արդյո՞ք ես քաջալերում եմ սովորողներին ամեն օր ուսումնասիրել ավետարանը:
-
Արդյո՞ք ես խրախուսում եմ սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով:
-
Արդյո՞ք ես հրավիրում եմ սովորողներին ապրել համաձայն նրա, ինչ նրանք սովորում են:
Մեր հոգիները մշտական սնուցման կարիք ունեն, որպեսզի մենք կարողանանք դառնալ լույսի և փառքի էակներ, ինչպիսին Աստված ստեղծել է մեզ։ Երբ մենք ուսումնասիրում և խորհում ենք Աստծո մարգարեների խոսքերի շուրջ, մենք խմում ենք կենդանի ջրից և սնվում Քրիստոսի խոսքով:
Բավական չէ միայն բառերը կարդալ։ Մենք պետք է ականջ դնենք դրանց, մենք պետք է խորհենք և ընկալենք դրանք։15
Վերաձևակերպենք առակը. «Ուսուցանեք մարդուն ավետարանը, և դուք կօրհնեք նրան մեկ օրով: Ոսուցանեք մարդուն սնվել Աստծո խոսքով և կապվել Սուրբ Հոգու հետ, և դուք կօրհնեք նրան ողջ կյանքի ընթացքում»:
Ոգեշնչման և անձնական հայտնության այս գործընթացի միջոցով է, որ մենք կառուցում ենք մեր կյանքը մեր Քավչի վեմի վրա:16 Այդ ժամանակ է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է դառնալ «մեր անձի խարիսխը»:17
Ավետարանի ուսուցումը շատ կարևոր է: Նույնքան կարևոր է ուսուցանել, որ մարդիկ ընկղմվեն աղոթքի մեջ, փնտրեն Հոգին և կիրառեն այն, առնվազն կիրառեն այն, ինչ նրանք սովորել են։
Խոստում & օրհնություն
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ ընկերներ, սիրելի և թանկագին ուսուցիչնե՛ր, իսկ մենք և դուք բոլորս ուսուցիչներ ենք, շնորհակալ եմ ձեր հավատարմության և բարիք գործելու ձեր ցանկության համար: Շնորհակալություն այն բազմաթիվ ժամերի համար, որ ծախսում եք ուրախությամբ պատրաստվելու, ծառայելու և ավետարանի մասին ուրիշներին ուսուցանելու համար:
Ես հրավիրում եմ ձեզ ուսումնասիրել «Ուսուցանել Փրկչի ձևով» նոր ուղեցույցը և օգտագործել ինքնագնահատման բաժինը, որը կհիշեցնի ձեր նպատակի մասին:
Կառչելով Աստծո խոսքից, ուսուցանելով ուրիշներին անել նույնը և ուսուցանելով Փրկչի ձևով, մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո և մեր ընկերների ու մերձավորների հանդեպ: Եվ երբ քայլում ենք այդ նեղ ու անձուկ ճանապարհով, մենք մասնակցում ենք այդ ամենասուրբ կոչումներին՝ առաջնորդելու մեր հոգիները և ուրիշների անմահ հոգիները դեպի «Աստծո աջ կողմը՝ երկնքի արքայություն, որ նստեն Աբրահամի և Իսահակի և Հակոբի և մեր բոլոր սուրբ հայրերի հետ, և այլևս դուրս չգնան»:18
Իմ ընկերակի՛ց ուսուցիչներ, ընկերներ և ծառայակիցներ, թող Աստված օրհնի ձեզ՝ Փրկչի անունով ուսուցանելու ձեր անկեղծ ջանքերում։ Բոլոր ժամանակների մեծագույն ուսուցչի, մեր Վարդապետի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։