Ամենամյա հեռարձակումներ
Հոգևոր խարիսխ


Հոգևոր խարիսխ

Ս&Ի 2024 թ․ հունվար ամսվա ամենամյա հեռարձակում

Ուրբաթ, 26 Հունվարի, 2024 թ․

Կինս՝ Քրիստին, մեծացել է Հարավային Կալիֆորնիայի ափերի մոտ և միշտ սիրել է օվկիանոսը: Նրա սիրելի զբաղմունքներից մեկը փարոսներ այցելելն է: Չնայած այժմ ապրում ենք օվկիանոսից հեռու, մենք միասին այցելել ենք մոտ 15 տարբեր փարոսներ, և ես հասկացել եմ, թե նա ինչու է այդքան շատ սիրում դրանք: Ինձ վրա ազդեցություն է գործել փարոսի պատկերը, որն ամուր կանգնած է քամիների և ալիքների դեմ, քանի որ այն այնքան խորն է խարսխված հիմքի ապարների մեջ և այնքան ապահով է, որ չնայած հզոր փոթորիկներին, ոչինչ չի կարող փարոսը կտրել այն հիմքից, որի վրա ամրացված է: Մենք հույս ունենք, որ մեր ուսանողները նույն կերպ կկարողանան դիմակայել իրենց կյանքի ցանկացած փոթորիկի։ Շնորհակալություն նրանց անհրաժեշտ հոգևոր խարիսխը ապահովելու և Հիսուս Քրիստոսի վրա իրենց հիմքերը կառուցելու համար:

Չնայած ապագա ուսանողների քիչ թվին, վերջին երկու տարիների ձեր մեծ ջանքերի շնորհիվ 57000 նոր ուսանող է ավելացել ինստիտուտին, իսկ սեմինարիայում գրանցվողների թիվն աճել է 22000-ով։ Այժմ սեմինարիայում ունենք գրանցված ուսանողների ամենաբարձր տոկոսը, որ երբևէ զեկուցել ենք: Շնորհակալություն նախագահ Նելսոնի հրավերին արձագանքելու համար՝ օգնելու հավաքել սերունդ: Ինչպես նա ուսուցանեց, ամեն անգամ, երբ դուք որևէ բան եք անում, որն օգնում է ինչ-որ մեկին Աստծո հետ ուխտեր կապել ու պահել, դուք օգնում եք հավաքել Իսրայելը։1 Գրանցվողների թվի ավելացումից բացի, անցյալ տարի ավելի քան 25000 այլ կրոնի ընկերներ մասնակցեցին դասերին, և նրանցից 9000-ը մկրտվեցին:

Շնորհակալություն ձեր անձնական հրավերների, Եկեղեցու ղեկավարների և ծնողների հետ աշխատելու համար, նաև ձեր ուսանողներին քաջալերելու համար, որ հրավիրեն իրենց ընկերներին: Ջեր ջանքերը մեծ փոփոխություններ են առաջ բերում, և դա միայն գրանցման թվերի մեջ չէ: Իրական փոփոխությունը առաջ է գալիս ձեր ունեցած ազդեցության արդյունքում: Ամեն օր նրանց կյանքը փոխվում է, երբ նրանք հաճախում են ձեր դասերին և զգում ձեր սերն ու հավատքը, նաև երբ ընդունում են սուրբ գրություններն ուսումնասիրելու և Աստծո ձայնը լսելու ձեր հրավերը: Շնորհակալություն, որ դրսևորում եք ձեր հավատքը Երկնային Հոր ավելի ու ավելի շատ զավակների օրհնելու համար, երբ ապահովում եք հոգևոր խարիսխ, որն այդքան անհրաժեշտ է նրանց:

Շարունակելով ուսումնասիրել և գտնել մեր ուսանողներին օրհնելու ավելի շատ և ավելի լավ եղանակներ, մի քանի տարի առաջ մենք փորձարկեցինք սեմինարիայի նոր դասընթացը: Մեկ կիսամյակի ընթացքում մենք սեմինարիայի առաջին տարվա ուսանողներին ուսուցանեցինք ինստիտուտի՝ «Սուրբ գրությունների ուսումնասիրության հիմունքներ» դասընթացի վերանայված տարբերակը: Մեկ կիսամյակ անց այդ դասարանների ուսանողները զգալիորեն առաջ էին իրենց հասակակիցներից՝ սուրբ գրությունների անձնական իմաստալից ուսումնասիրություն կատարելու և դասարանային քննարկումներին մասնակցելու ունակությամբ: Մոտավորապես միևնույն ժամանակ, «Ինչպես հաջողության հասնել դպրոցում» ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ՝ օգնելով ուսանողներին ավելի լավ սովորել դպրոցում և ավելի պատրաստված լինել ապագա կրթական հնարավորություններին: Երկու դեպքն էլ գրավեց երեց Գիլբերտի ուշադրությունը, և նա սկսեց հիմնովին խրախուսել մեզ մտածել այն մասին, թե ինչ էր Տերն ուսուցանում մեզ:

Դրան զուգահեռ՝ միսիոներական բաժանմունքի անդամների հետ սկսվեցին քննարկումներ այն մասին, թե սեմինարիաներն ուրիշ ինչ կարող են անել ապագա միսիոներներին պատրաստելու համար: Այլ քննարկումներ էին տեղի ունենում Տաճարի բաժանմունքի անդամների հետ՝ օգնելու առաջին անգամ տաճար այցելողներին ունենալ տաճարային իմաստալից փորձառություն և հասկանալ այն ուխտերը, որոնք նրանք կկապեին: Այլ քննարկումներ էին տեղի ունենում Բարօրության և Ինքնապահովման բաժանմունքի անդամների հետ՝ օգնելու բավարարել էմոցիոնալ կայունության և ինքնապահովման աճող կարիքը: Միևնույն ժամանակ քննարկվում էր այն, ինչ շատերը վաղուց էին ցանկանում. ավելի շատ կենտրոնանալ ժամանակակից մարգարեների ուսմունքների վրա:

Գետի մեջ թափվող վտակների նման բազմաթիվ գաղափարներ էին հավաքվում, որոնք բոլորը մեզ կարծես ուղղորդում էին նույն ուղղությամբ: Հնարավորությունները դիտարկելիս հասկացանք, որ սեմինարիան մի յուրահատուկ դիրքում է: Այլ լավ մարդիկ, ինչպիսիք են՝ ուսումնական հաստատության խորհրդատուները կամ ընտանեկան թերապևտները կարող են անդրադառնալ թեմաներին և կարող են շատ օգտակար լինել, բայց մենք պետք է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ոսպնյակի միջոցով անդրադառնանք այդ թեմաներին։ Մենք նաև հասկացանք, որ Եկեղեցում միայն մենք ենք այդքան շատ ժամանակ անցկացնում մեր երիտասարդների հետ։

Մենք նաև եզակի դիրք ենք զբաղեցնում մեր անձնական պատմության մեջ։ Մեր ժամանակացույցը Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ համաձայնեցնելուց ի վեր մենք այժմ ուսումնասիրում ենք սուրբ գրությունների նույն գիրքը՝ ինչպես առանձին անդամները, ընտանիքները և Եկեղեցու մյուս դասարանները: Սա մեզ ստիպեց մտածել՝ արդյոք մենք կկարողանա՞նք մեր արժեքավոր ժամանակի մի մասը տրամադրել և սուրբ գրությունների մեր ուսումնասիրության համատեքստում ուղղակիորեն անդրադառնալ որոշակի թեմաներին: Քանի որ այդ բոլոր վտակները հոսում են դեպի մեր մտածողության գետը, մենք շարունակում ենք կառչել մի քանի հիմնարար գաղափարներից: Մենք պարտավորվել ենք միշտ լինել Քրիստոսակենտրոն, սուրբ գրությունների վրա հիմնված և սովորողների վրա կենտրոնացած: Մենք միշտ կձգտենք հրավիրել Սուրբ Հոգուն և կենտրոնանալ դեպի Հիսուս Քրիստոսն ու Նրա վերականգնված ավետարանը դարձը ամրապնդելու մեր նպատակի վրա:

Երբ աղոթքով մտածում էինք, թե ինչ կապ ունի այս ամենը երիտասարդներին օրհնելու մեր ջանքերի հետ, մենք հիշեցինք, թե երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ինչ էր ուսուցանել սուրբ գրությունները երեք եղանակներով ուսումնասիրելու մասին՝ հաջորդական, ըստ թեմաների և թեմատիկ կապերի: Նա ուսուցանել է.

«Երբ սուրբ գիրքը կարդում ենք սկզբից մինչև վերջ, մեր կյանք է ներհոսում կենդանի ջրի հոսքը՝ ներկայացնելով մեզ կարևոր պատմություններ, ավետարանական վարդապետություններ և հավերժական սկզբունքներ: ․․․

… Ըստ թեմայի ուսումնասիրությունը մեծացնում է մեր գիտելիքների խորությունը»:

Երեց Բեդնարը շարունակել է․

«Կապեր, օրինաչափություններ և թեմաներ գտնելու ջանադիր ուսումնասիրությունը մասամբ այն է, ինչն անվանում ենք «սնվել» Քրիստոսի խոսքերով։ Այս մոտեցումը կարող է հոգևոր օրհնության մեծ դռներ բացել մեզ համար, Նրա Հոգու միջոցով լուսավորել մեր հասկացողությունը, սուրբ գրությունների հանդեպ խորը երախտագիտություն առաջ բերել և հոգևոր պարտավորվածության այնպիսի աստիճան զարգացնել, որ հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ միջոցով։ Նման ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս կառուցել մեր Քավիչի վեմի վրա և դիմակայել ամբարշտության քամիներին այս վերջին օրերում»։2

Հասկանալով, որ մենք պետք է հավատարիմ մնանք սուրբ գրությունների հաջորդական ուսուցման մեր երկար ու նվիրական պատմությանը և շարունակենք համահունչ մնալ Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ, նաև այն, որ մեր երիտասարդներն ունեն հատուկ մարտահրավերներ և իրենց ապագային պատրաստվելու անհրաժեշտություն, մենք Կրթական խորհրդին ներկայացրինք հետևյալ առաջարկությունը։ Այժմ կկարդամ խորհրդի արձանագրությունից։

Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտի վարչակազմը խորհուրդ տվեց ստեղծել սեմինարիայի ուսումնական ծրագիր, որը շաբաթական երեքից չորս օր Եկ, հետևիր ինձ ծրագիրն ուսուցանում է սուրբ գրությունների հաջորդական մոտեցման եղանակով, և շաբաթական մեկից երկու անգամ ուսուցանում է թեմատիկ դասեր՝ մշակված հետևյալ թեմաներից․ միսիա, տաճար, կրթական պատրաստություն, սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ, հուզական կայունություն, կյանքի հմտություններ և վերջին օրերի մարգարեների ուսմունքները: Թեմատիկ դասերը նույնպես հիմնված կլինեն սուրբ գրությունների վրա և կենտրոնացած կլինեն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի սկզբունքների վրա:

Առաջարկությունը խանդավառությամբ հավանության է արժանացել՝ 2025 թվականի հունվարից սկսած ամբողջ աշխարհում կյանքի կոչվելու համար:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամեն շաբաթ մենք կշարունակենք ուսուցանել սուրբ գրությունները հաջորդաբար: Շատ կարևոր է, որ մենք շարունակենք օգնել մեր ուսանողներին վստահություն ձեռք բերել սուրբ գրություններն ուսումնասիրելու և հասկանալու, ինչպես նաև իրենց ուսուցանվող սկզբունքները հասկանալու և դրանցով ապրելու իրենց կարողության մեջ: Մենք նաև կշարունակենք օգնել երիտասարդներին գտնել իրենց հարցերի պատասխանները հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքների միջոցով և օգուտ քաղել վարդապետությունների սերտումից։ Նոր ուսումնական ծրագրում կավելացվեն նաև նոր թեմատիկ դասեր, որոնք կոչվում են կյանքի պատրաստության դասեր: Այս դասերը կանդրադառնան սեմինարիայի մեր ուսանողների հատուկ կարիքներին այնպիսի ձևերով, որոնք կշարունակեն լինել Քրիստոսակենտրոն, սուրբ գրությունների վրա հիմնված և սովորողների վրա կենտրոնացած:

Այս դասերը թույլ կտան ձեզ օգտագործել հաջորդական ուսուցումների ժամանակ կիրառած հմտությունները, փորձառություններն ու շնորհները։ Դուք ստիպված չեք ամեն ինչ սկզբից սկսել։ Մենք ձեզ չենք խնդրում այս նոր թեմաներից որևէ մեկի փորձագետը լինել: Իրականում, մենք հույս ունենք, որ ձեզանից ոչ ոք չի ստանձնի ծնողի, թերապևտի, խորհրդատուի կամ մասնագետի դերը: Մենք պարզապես խնդրում ենք ձեզ հիմնվել Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա, ինչպես նշված է այս նոր փոխկապակցված և հաստատված նյութերում:

2025 թվականին պատրաստվելու համար դուք նոր նյութեր կստանաք 2024 թ-ի հուլիսին, որոնք կներառեն՝ և Եկ, հետևիր ինձ ձեռնարկը, և կյանքի պատրաստության դասերը: Մենք խրախուսում ենք ձեզ վերանայել այս դասերը այդ ժամանակ, նաև խրախուսում ենք ձեզ կիսվել այս հայտարարությամբ ծնողների, տեղի ղեկավարների և ուսումնական հաստատության պաշտոնյաների հետ՝ խրախուսելով նրանց ավելի շատ երիտասարդների ընդունել սեմինարիա: Համատեղելով սուրբ գրությունների հաջորդական և թեմատիկ ուսումնասիրության մոտեցումները՝ մենք հույս ունենք բացելու մի հոգևոր ջրամբար, որը նման չէ նախկինում ունեցածներին:

Մենք հուսով ենք, որ կկարողանանք պատրաստել երիտասարդների մի սերունդ, որը կիմանա, թե ինչպես ուսումնասիրել սուրբ գրությունները և կիրառել կենդանի մարգարեների ուսմունքները: Էմոցիոնալ առումով կայուն մի սերունդ, որն ունի դպրոցում հաջողության հասնելու հմտություններ և կարողություն, երիտասարդներ, որ կարող են դառնալ արդարակյաց հայրեր ու մայրեր, որոնք առաջնորդելու են Եկեղեցում և իրենց համայնքներում: Մենք հուսով ենք, որ կօգնենք պատրաստել մի սերունդ, որը կհասկանա տաճարային ուխտերը և խոր նվիրվածությամբ կպահի դրանք, միսիոներների մի սերունդ, որն արժանի է, որակավորված, հոգևոր եռանդով լի և պատրաստ ներկայացնելու Փրկչին՝ հրավիրելով բոլոր մարդկանց գալ Նրա մոտ։

Մենք հուսով ենք, որ կպատրաստենք Հիսուս Քրիստոսի աշակերտների մի սերունդ, որոնք իրենց կյանքի ընթացքում խորապես դարձի կգան դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Կրկին շնորհակալություն ենք հայտնում այդ սերունդը հավաքելու և նրանց վրա ունեցած ձեր հրաշալի ազդեցության համար: Մենք գիտենք, որ ձեզանից շատ բան է պահանջվում: Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դուք այդքան հրաշալիորեն անում եք: Երբ շարունակեք գործադրել ձեր հավատքը, ես հավատում եմ, որ դուք կտեսնեք հրաշքներ, որոնք Տերը պատրաստել է մեր ուսանողներին զորացնելու և պաշտպանելու համար և այս վերջին օրերի փոթորիկներին դիմակայելու համար: Տերը կշարունակի օգնել ձեզ: Նա կարող է դա անել։ Նրա էությունն է այդպիսին։ Ես վկայում եմ Նրա մասին․ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018թ.), Ավետարանի գրադարան։

  2. David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Brigham Young University devotional, Feb. 4, 2007), 3, speeches.byu.edu.

Տպել