Ամենամյա հեռարձակումներ
Բարի լուրի սուրհանդակներ


16:34

Բարի լուրի սուրհանդակներ

Ս&Ի 2023 թ․ ամենամյա հեռարձակում

Ուրբաթ՝ 27 հունվարի 2023 թ․

Եղբայր Չադ Հ Վեբ․ Հին ժամանակներում մեծ պատիվ էր, երբ մարդուն ընտրում էին բարի լուրի սուրհանդակ, հատկապես, եթե նա կռվի դաշտում հաղթանակի սուրհանդակ էր։ Ք.ա. 490 թվականին Ֆեյդիպիդես անունով մի երիտասարդ ընտրվում է, որ Հունաստանում գտնվող անհանգիստ քաղաքացիներին լուր բերի այն մասին, որ իրենց բանակը փրկել է ժողովրդին՝ հաղթելով պարսիկ զավթիչներին: Լեգենդը պատմում է, որ Ֆեյդիպիդեսը Մարաթոնի հովտից մինչև Աթենք է վազում առանց հանգստանալու՝ բարի լուրը հռչակելու համար։ Ավելի քան 2500 տարի անց, ինձանից շատ ավելի լավ մարզավիճակում գտնվող մարդիկ, շարունակում են տոնել այդ վազքը՝ վազելով իրենց «մարաթոնները»:

Հետևյալ խոսքերով Եսայիան հիշատակում է բարի լուրի սուրհանդակ լինելու գաղափարը․

«Եվ այդ նրանք են, ովքեր հրատարակել են խաղաղություն, ովքեր բերել են բարի ավետիք, ովքեր հրատարակել են փրկություն. և ասել են Սիոնին՝ Քո Աստվածն է թագավորում:

․․․Եվ, Օ՜հ, որքան գեղեցիկ էին սարերի վրա նրանց ոտքերը:

Եվ ․․․, որքա՜ն գեղեցիկ են սարերի վրա ոտքերը նրանց, որոնք [դեռ հրատարակում են] խաղաղություն»:1

Սուրբ գրության այդ հատվածները ամբողջովին փոխեցին իմ կյանքը, երբ ես կարոտախտով և հուսահատությունից տառապող երիտասարդ միսիոներ էի: Այդ հատվածները մեծ ներգործություն թողեցին ինձ վրա, երբ հասկացա, որ ինձ վստահված էր լինելու ամենալավ լուրի սուրհանդակը, որը երբևէ աշխարհը կարող է լսել։ Հուսահատությունն ու ինքնախղճահարությունը փոխարինվեցին հույսով և երախտագիտությամբ, և ես երբեք չեմ մոռանա այդ լուսաբացը, երբ առաջին անգամ Սուրբ Հոգու միջոցով հասկացա, որ պետք է ներկայացնեմ Փրկչին՝ տարածելով Նրա անզուգական սիրո, Նրա քավող զոհաբերության և մեղքի ու մահվան հանդեպ նրա հաղթանակի բարի լուրը:

Դուք սուրհանդակի դեր եք տանում, երբ ամեն օր մտնում եք դասարան և հայտնում Հիսուս Քրիստոսի ավետարանի ավետիքը։ Շնորհակալ եմ, որ երկպառակության և տարաձայնությունների աշխարհում խաղաղություն եք հրատարակում և լույս ու ճշմարտություն բերում մի աշխարհ, որը կարող է խավար և խառնաշփոթ թվալ։ Սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Դուք պատրաստվել եք և ընտրվել, որ խաղաղության սուրհանդակներ լինեք Տիրոջ Եկեղեցու երիտասարդների և չափահաս երիտասարդների համար: Ի՜նչ մեծ պատիվ է ներկայացնել Հիսուս Քրիստոսին, ուսուցանել Նրա ավետարանը և ձգտել ուսուցանել այն Նրա ձևով:

Անցյալ տարի մենք սովորեցինք երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆից, երբ նա ներկայացրեց «Ուսուցանել Փրկչի ձևով» նոր ձեռնարկը: Ինձ դուր է գալիս, որ այս նոր ձեռնարկը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի՝ որպես Վարպետ ուսուցչի օրինակի վրա: Երեց Ուխդորֆն ասել է․ «Ավելի լավ ուսուցիչ դառնալու լավագույն միջոցն այն է, որ դառնանք Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ»:2

Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի առկայության դեպքում մենք այլևս չենք կիրառի Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկը։ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի նպատակը ուսուցման նյութ դառնալը չէ։ Դրա նպատակն է սահմանումներ և բացատրություններ տալ արդյունավետ ուսումնառության և ուսուցման համար: Ուսուցման նյութերը ստեղծվել են և կշարունակվեն ստեղծվել՝ օգնելով ձեզ կիրառել «Ուսուցանել Փրկիչի ձևով» ձեռնարկի սկզբունքները: Այս նյութերը ներառում են Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի որոշ կետեր, որոնք տարիներ շարունակ օրհնել են ուսանողներին:

Գիտեմ, որ շատերդ արդեն շատ ժամանակ եք հատկացրել՝ ուսումնասիրելով Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը և անձնական գնահատման հարցերի շուրջ խորհելու վրա: Շնորհակալություն՝ վերականգնված ավետարանի Քրիստոսանման ուսուցիչներ դառնալու ձեր ջանքերի համար:

Մեր ուսումնական նյութերն ավելի բարելավելու նպատակով ես կցանկանայի հայտնել, որ ճշգրտումներ են կատարվել Սեմինարիաների և ինստիտուտների նպատակի պաշտոնական հռչակագրի մեջ։ Նախքան ձեզ հետ կկիսվեմ մեր նպատակի հռչակագրի տեքստով՝ թույլ տվեք ներկայացնել փոփոխության պատճառը: Վերջին երկու տարիների ընթացքում մենք կենտրոնացել ենք սովորողների փորձառությունների վրա, որոնք հանգեցրել են դարձի, համապատասխանության և պատկանելության։ Ինչպես նաև հնարավորինս շատ երիտասարդների ու չափահաս երիտասարդների ենք մատչելի դարձրել այդ փորձառությունները: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս սկզբունքները հավասար արժեք չունեն: Մեր գերագույն նպատակն է ապահովել այնպիսի փորձառություններ, որոնք հրավիրում են մեր ուսանողներին սովորել ավետարանը և ամրապնդել իրենց դարձը առ Հիսուս Քրիստոսը:

Համապատասխանությունն ու պատկանելությունը կարևոր են, բայց դրանք անուղղակի հետևանքներն են: Դրանք նպատակին հասնելու միջոց են, որոնք արդյունավետ օգտագործելու դեպքում կարող են հանգեցնել դարձի գալու մեր ուղղակի նպատակին: Համապատասխանությունը, որը հանգեցնում է դարձի, ավելին է, քան պարզապես մեր ուսանողներին հետաքրքրող բաների մասին խոսելը: Ոչինչ այնքան կարևոր չէ մեր հավերժական առաջընթացի և երջանկության համար, որքան Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Փրկության ծրագիրը Աստծո ծրագիրն է Իր բոլոր զավակների համար: Այն անմիջական առնչություն և հավերժական նշանակություն ունի Աստծո յուրաքանչյուր զավակի համար:

Համապատասխանությունը, որը հանգեցնում է դարձի, ստեղծվում է, երբ Սուրբ Հոգին օգնում է ուսանողներին հասկանալ Աստծո ծրագիրը, Հիսուսի կարևոր դերն այդ ծրագրում և ավետարանի նշանակությունը մեր առօրյա կյանքում: Համապատասխանությունը, որը հանգեցնում է դարձի, օգնում է ուսանողներին տեսնել, թե ինչպես են սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների ուսմունքները առնչվում իրենց հանգամանքներին և կարիքներին: Այն օգնում է նրանց հասկանալ, թե ինչպես է ավետարանը պատասխանում իրենց հոգու հարցերին: Դա տեղի է ունենում, երբ նրանք ոգեշնչված գործում են հավատքով առ Հիսուս Քրիստոս և տեսնում են, թե ինչպես են իրականանում Երկնային Հոր խոստացված օրհնությունները: Դա է այն համապատասխանությունը, որը հանգեցնում է դարձի:

Ճիշտ է նաև, որ պատկանելությունը, ինքնին, վերջնական նպատակը չէ: Իրականում, քանի որ պատկանելություն բառն օգտագործվում է շատ իմաստներով, երբեմն կարող է սխալ ընկալվել, թե ինչ նկատի ունենք, երբ այն օգտագործում ենք ավետարանի համատեքստում: Մեզանից շատերը պատկանելության զգացում են ունեցել տարբեր միջավայրերում: Երիտասարդ տարիքում ես ունեցել եմ այդ զգացումը մարզական թիմերում մասնակցելիս։ Իմ թիմակիցներն իմ ամենամոտ ընկերներն էին, և ես զգում էի, որ իմ դերը կարևոր էր թիմում։ Նման պատկանելությունը օգտակար է և նույնիսկ՝ կարևոր: Բայց պատկանելության մեջ շատ ավելին կա, որը հանգեցնում է դարձի։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վերջին գերագույն համաժողովի ժամանակ ուսուցանեց, որ պատկանելության վարդապետությունը բաղկացած է երեք մասից՝ Տիրոջ ուխտյալ ժողովրդի հավաքում, ծառայություն ու զոհաբերություն, և Հիսուս Քրիստոսի առանցքային դերը պատկանելության հարցում։3 Այս սկզբունքները գտնվում են այն բանի հիմքում, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք այնպիսի պատկանելության մասին, որը հանգեցնում է դարձի: Անշուշտ, պատկանելության համար պետք է սիրել և հարգել միմյանց։ Այդ սկզբունքները մեզ մոտեցնում են Փրկչին և օգնում կատարել Նրա աշխատանքը, երբ մենք օգնում ենք միմյանց քայլել ուխտի արահետով և վերադառնալ Իր մոտ։

Ճշմարիտ ավետարանակենտրոն պատկանելության հասնելու համար պետք է նաև ուխտեր կապել։ Այդ պատկանելությունը, ինչպես ուսուցանում է վերականգնված ավետարանը, օգնում է մեզ ճանաչել մեր ճշմարիտ ինքնությունը և մեր հավերժական կապը մեր Երկնային Հոր հետ: Մեր ուխտերը արդյունք են մեր հանդեպ Նրա սիրո և մեզ կապում են՝ Նրա, մեր ընտանիքների և հավատքի մարդկանց համայնքի հետ, որոնք խոստացել են կրել միմյանց բեռները: Այս տեսակի պատկանելությունը հանգեցնում է դարձի դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:

Այժմ կխոսեմ ՍևԻ նպատակի պաշտոնական հռչակագրի փոփոխության մասին, որը հաստատվել է Եկեղեցու Կրթական խորհրդի կողմից: Քանի որ դարձը մեր բոլոր ուսուցումների և ուսումնառությունների ուղղակի նպատակն է, ապա մեր նպատակի պաշտոնական հռչակագիրն այժմ այսպես է կարդացվում․ «Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ»։ Այս ճշգրտումը կօգնի մեզ կազմակերպել մեր ուսուցումը և կստեղծի ուսումնառության փորձառություններ, որը հուսով ենք, թույլ կտա օգնել ուսանողներին մնալու Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում: Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում ամփոփված ուսուցչի դերերը չեն փոխվի, որը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ ուսուցչի դերը՝ օգնելով ուսանողներին ամրացնել իրենց դարձը: Մենք նաև թարմացրել ենք մեր նպատակին առնչվող «Ապրել, ուսուցանել և սպասավորել» պարբերությունները, որոնք կարող եք գտնել Ս&Ի կայքում:

Ինչ էլ որ փոխվի կամ կարևորվի ավետարանն արդյունավետ ուսուցանելու մեր ջանքերում, երբեք չի փոխվի այն, որ մենք միշտ կլինենք Քրիստոսակենտրոն, սովորողի վրա կենտրոնացած և սուրբ գրությունների վրա հիմնված: Եվ միշտ կփորձենք մեր ուսուցման և ուսումնառության փորձառությունները լրացնել Սուրբ Հոգու ոգեշնչմամբ և վկայությամբ: Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է ամրացնի մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, քանի որ Նա է մարդկանց մարտահրավերների և հարցերի պատասխանը: Նա է մարդկանց փրկության և փրկագնման Աստվածը:

Այժմ ես կցանկանայի մեկ ուրիշ հայտարարություն անել Եկեղեցու Կրթական խորհրդի մեկ այլ հաստատման մասին: Կրկին, ես կցանկանայի պատմել այդ հայտարարության ենթատեքստի մասին, այս անգամ օգտագործելով Փրկչի կողմից ուսուցանված սկզբունքը: Վերջերս ուշադրություն դարձրեցի, որ սերմնացանի առակում Հիսուսն ասում է, որ որոշ սերմեր հարյուրապատիկ, մյուսները վաթսունապատիկ, իսկ մյուսները երեսունապատիկ պտուղ տվեցին: Այստեղ իմ ուշադրությունը գրավեց այն, որ այդ բոլորը պտուղ տվեցին այն հողում, ինչը Փրկիչն անվանել էր «բարեբեր» հող: Այդ սերմերը չէին ընկել ճանապարհի եզրին, քարքարոտ տեղեր կամ փշերի մեջ։ Դրանք «բարեբեր» հողի մեջ էին բուսնել։

Դա ստիպեց ինձ մտածել՝ արդյո՞ք ներկայումս դասընթացի միավորների նկատմամբ պահանջը թույլ է տալիս գնահատել միայն հարյուրապատիկ պտուղ առաջ բերողներին, և արդյունքում չի գնահատում նրանց ջանքերն ու ներդրումները, ովքեր առաջ են բերում վաթսունապատիկ և երեսունապատիկ պտուղներ: Յուրաքանչյուր ուսանողի ընտանիք տարբեր կերպ է աջակցում նրան, տարբեր է նրա հասկացողությունը ավետարանի վերաբերյալ, տարբեր է նաև անձնական պարտավորության աստիճանը։ Իհարկե, մենք պետք է մեծ ակնկալիքներ ունենանք, բայց նաև պետք է զգույշ լինենք, որպեսզի չհուսահատեցնենք նրանց, ովքեր անում են առավելագույնը այն հանգամանքներում, որում գտնվում են։

Այս հատվածները ստիպեցին մեզ մտածել՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել բարձր չափորոշիչներ և գտնել մեր մոտեցումն անհատականացնելու ուղիներ: Կարո՞ղ ենք ուղիներ գտնել, որպեսզի տարբեր մակարդակներում խրախուսենք և գնահատենք ուխտի արահետով առաջ շարժվելու աճն ու առաջընթացը և օգնենք մեր բոլոր ուսանողներին հաջողության հասնել: Կարո՞ղ ենք ուսանողներին աջակցել սուրբ գրություններն ուսումնասիրելու իրենց ջանքերում և օգնել նրանց ավետարանը սովորելու ինքնուրույն նպատակներ սահմանել, որպեսզի նրանք զարգացնեն սովորություններ և օրինաչափություններ, որոնք կհիշեն մեր դասերն ավարտելուց դեռ շատ տարիներ անց։

Հետևաբար, ես կցանկանայի հայտարարել հետևյալը սեմինարիայի համար. գիտելիքի անհատական գնահատման փոխարեն ստուգումը կկատարվի խմբերով, որը թույլ կտա ուսանողներին սովորել ներկայացված նյութը: Նրանք, ովքեր կյուրացնեն նյութը, կօգնեն մյուսներին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ամրապնդել իրենց գիտելիքը: Գնահատման այն վարժությունները, որոնք առնչվում են հավատքին և նյութի կիրառությանը, դեռևս կմնան անհատական, որոնք հնարավորություն կտան ինքնուրույն խորհրդածել։ Ընթերցանության պահանջը նույնպես փոխվում է և ամեն կիսամյակի համար այլևս չի պահանջվի յուրաքանչյուր օրվա ընթերցման 75 տոկոսը:

Ավարտականի համար պահանջվող դասընթացի միավորները ուսանողը կստանա, երբ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում սուրբ գրություններից կարդա նշված հատվածներ: Օրինակ՝ «Վարդապետություն և Ուխտեր. Եկեղեցու պատմություն» առաջին կիսամյակի ընթացքում ուսանողները կկարդան Ջոզեֆ Սմիթ-Պատմություն: Այնուհետև նրանց կառաջարկվի սահմանել անհատական ընթերցանության լրացուցիչ նպատակ՝ ունենալով բարձր աճի ակնկալիքներ: Այս նպատակները պետք է արտացոլեն ուսանողի կարողությունները և գնահատեն անհատական ջանքերն ու առաջընթացը:

Ուսուցիչները պետք է նաև խրախուսեն ուսանողներին ստուգել իրենց անհատական նպատակների առաջընթացը և հետևողական լինել: Նրանք պիտի խրախուսեն ուսանողներին սեմինարիայի շաբաթվա ընթացքում կարդալ սուրբ գրությունների հանձնարարված հատվածները «Եկ, հետևիր ինձ» դասի համար՝ անհատապես կամ իրենց ընտանիքներով: Նրանք պետք է նաև խրախուսեն, որ ուսանողները հետևողականորեն ուսումնասիրեն Մորմոնի Գիրքը՝ անհատապես կամ իրենց ընտանիքներով: Մոտ ապագայում ձեզ լրացուցիչ տեղեկություն կտրվի երկու փոփոխությունների վերաբերյալ, այդ թվում՝ կիրառության մանրամասների և ժամկետների մասին, և դա ինչպես կազդի նախորդ կիսամյակների վրա, երբ պահանջները չբավարարվեն։

Այժմ ես կցանկանայի ձեզ հետ կիսվել մի մտքով, որն ասել է նախագահ Հենրի Բ. Այրինգը, երբ քննարկվում էր այս փոփոխությունը: Նա ասաց. «Այդ աշխատանքը լավ կատարելու համար ուսուցիչներից ավելի շատ անձնական և անհատական ուշադրություն կպահանջվի: Դա բեռ կլինի, բայց այնպիսի մի բեռ, որն ուսուցիչները ուրախությամբ կկրեն, որովհետև նրանց անձնական ծառայությունը նույնքան կարևոր է, որքան դասարանային ուսուցումը: Բոլորից լավ ձեր ուսուցիչները կարող են դա անել։ Նրանք հրաշալի են»։

Ես համաձայն եմ նախագահ Այրինգի հետ, որ դուք հրաշալի եք։ Ես նաև գիտակցում եմ, որ խիստ չափորոշիչներից դեպի անհատական նպատակների անցումը ձեզանից ավելի շատ ժամանակ և ուշադրություն կպահանջի: Բայց մեր ուսանողներին ավելի շատ օրհնելու համար մենք պետք է ստեղծենք սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ամենօրյա սովորություն, որը կունենա ճիշտ շարժառիթներ։

Ի վերջո, հաճախելիության պահանջը կմնա նույնը: Խնդրում ենք օգնել ուսանողներին հասկանալ, որ դասարանում ունեցած փորձառությունները մեծացնում են ավետարանի մասին իրենց հասկացողությունը և ամրապնդում իրենց հավատքը: Դա պետք է լինի դասերին հաճախելու նրանց շարժառիթը և ոչ թե միայն միավորներ ստանալը։ Այն ուսանողը, որը կհասկանա դա, կցանկանա 100 տոկոս ներկա ստանալ։

Ինստիտուտում մենք կշարունակենք միավոր ստանալու նույն պահանջները, սակայն շեշտը կդնենք ուսումնական գործընթացին մասնակցելու և ներգրավվելու ինքնաբուխ շարժառիթների վրա։ Շարժառիթները, ինչպիսիք են հավատքը խորացնելը, Փրկչին ավելի մոտենալը և Նրա վարդապետությունը սովորելը, օգնում են ուսանողներին հասկանալ դրդապատճառը, օգնում են նրանց սահմանել նպատակներ, որոնք ավելի կմոտեցնեն Փրկչին, նաև խրախուսեք նրանց հաշվետու լինել Նրա առաջ:

Մեր ուսանողներից շատերը նոր են սկսում իրենց «ճամփորդությունը» և գուցե առաջին անգամ իրենց կյանքում նրանց խնդրում են տեղ հատկացնել հավատքի սերմի համար: Եկեք չմտահոգվենք, որ նրանք դեռ չեն զգացել այն ամենը, ինչ զգացել է ավելի հասուն սովորողը, այլ եկեք երախտապարտ լինենք հավատալու նրանց ցանկության համար: Երբ նրանք տեսնեն, որ պտուղը լավն է, մենք կուրախանանք նրանց հետ և կտոնենք մեր Երկնային Հոր կողմից տրված այդ պարգևը: Այնուհետև՝ համբերատար կսպասենք այն օրվան, երբ սերմը կբուսնի և կձգվի դեպի հավիտենական կյանքը։

Կոչ եմ անում ձեզ շարունակել և ուշադիր ուսումնասիրել Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը և մտածել, թե Տերը ձեզ լրացուցիչ ի՞նչ կուսուցանի՝ դարձի, համապատասխանության և պատկանելության մասին: Նաև խնդրում եմ ուշադիր ուսումնասիրել մեր նպատակի պաշտոնական հռչակագիրը և դասընթացի պահանջների փոփոխությունների հիմքում ընկած սկզբունքները: Այդ փոփոխությունները խորամտորեն կիրառելով՝ դուք կոգեշնչեք և կօրհնեք ձեր բոլոր ուսանողներին:

Վերջում ես հրավիրում եմ, որ դուք ամեն մի գործում շարունակեք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ Աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք սովորել Նրանից, հետևել Վարպետ Ուսուցչի օրինակին և ավելի շատ ապավինել Նրա շնորհին և Նրա սիրուն, երբ ջանում եք օրհնել նրանց, ում սիրում եք: Ես վկայում եմ, որ Նա է ճանապարհը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: