2016 թվականի հոգևոր հավաքներ
«Մի վախեցեք, … ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» (ՎևՈւ 101.36)


«Մի վախեցեք, … ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» (ՎևՈւ 101.36)

Երեկո Երեց Քվենտին Լ. Քուքի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • սեպտեմբերի 11, 2016 • Վաշինգտոն Կ.Շ., Ցցի կենտրոն

Երիտասարդ չափահասներ, շնորհակալ եմ, որ այստեղ եմ բոլորիդ հետ միասին, ովքեր դիտում են այս հոգևոր հավաքը աշխարհի տարբեր ծայրերից։ Ինչպես նշվեց, այս հավաքը հեռարձակվում է Վաշինգտոն Կ.Շ. տաճարին հարակից հավաքատնից։ Ես հատուկ եմ ընտրել այս վայրը, քանի որ այն մոտ է տաճարին։ Ես երախտապարտ եմ, որ մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակ, երբ տաճարները սփռված են ողջ աշխարհով մեկ։ Այս դժվարին ժամանակներում մենք տաճարային օրհնությունների կարիքն ունենք։

Կարծես թե այս աշխարհը բառացիորեն խառնաշփոթի մեջ է։1 Գոյություն ունի մրցակցության մի աննախադեպ մակարդակ։ Խաղաղ մտքի և ապահով լինելու զգացումները, կարծես , անորսալի և նույնիսկ, անհասանելի են թվում։ Այսօրվա իմ ուղերձն է, որ մենք չպետք է վախենանք վտանգավոր և անհանգիստ աշխարհում։ Սուրբ գրությունները վստահեցնում են մեզ, որ Փրկիչի շնորհիվ մենք կարող ենք ունենալ լիակատար ուրախություն։2

Կան հիշարժան իրադարձություններ, որոնց մասին ձեզանից շատերը դրական հիշողություններ են դրոշմել իրենց սրտերում և մտքերում։ Դուք հիշում եք դրանցից յուրաքանչյուրի մանրամասները։ Օրինակ՝ ձեր միսիայի կանչի ծրարի բացումը, տաճարում ձեր ամուսնության կնքումը, գիտակցումը, որ Սուրբ Հոգին վկայեց ձեր հոգուն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։ Դրանք նվիրական իրադարձություններ են, որոնք պարգևատրման զգացողությունից բացի բերում են տևական ուրախություն։ Հետաքրքիրն այն է, որ եզակի դեպքերը, որոնք որևէ կերպ առնչվում են Փրկիչի հետ, սովորաբար ամենամեծ ուրախություն պարգևող իրադարձություններն են։

Բայց կան իրադարձություններ, որոնք այնքան ցնցող ու ցավագին են, որ մեզ վրա խորը ազդեցություն են ունենում։

Բեռլինի պատի անկումը, Միացյալ Նահանգների Նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանությունը և 9/11 ահաբեկչական հարձակումներն այն ցնցող իրադարձություններից են, երբ մարդիկ կարող են ճշգրիտ հիշել, թե որտեղ են եղել և ինչ են զգացել, երբ նրանք լսել են այդ լուրերը։

Ձեզանից շատերը շատ երիտասարդ էին, երբ Նյու Յորք Սիթիի Միջազգային առևտրի կենտրոնի և Պենտագոնի (այստեղ Վաշինգտոն Կ.Շ. տարածքում) վրա հարձակում տեղի ունեցավ այս նույն օրը՝ սեպտեմբերի 11, 2001թ., որը 15 տարի առաջ էր։ Ենթադրում եմ, որ շատերդ (անկախ նրանից, թե որտեղ եք ապրում) կհիշեք, թե որտեղ եք գտնվել, նաև կհիշեք ձեր և ձեզ շրջապատողների ունեցած ցնցման ու սարսափի զգացումները։ Դա մի իրադարձություն էր, որ կործանեց խաղաղության զգացումը և մեծացրեց խոցելի լինելու զգացումը շատերի մոտ։ Ինչպես ավելի վաղ ասացի, այդ իրադարձությունը հատուկ նշանակություն ունեցավ ինձ և կնոջս՝ Մերիի համար։

Մեր ավագ որդին և նրա կինը սպասում էին իրենց առաջնեկի ծնվելուն և ապրում էին Նյու Յորք Սիթիում` երեք թաղամաս այն կողմ Միջազգային առևտրի կենտրոնից, երբ ահաբեկիչների կողմից առևանգված առաջին ինքնաթիռը բախվեց Հյուսիսային աշտարակին։ Նրանք բարձրացան իրենց շենքի տանիքը և սարսափեցին, տեսնելով այն հետևանքները, որոնք, իրենց կարծիքով, առաջացել էին սարսափելի վթարի հետևանքով։ Երբ նրանք տեսան, թե ինչպես երկրորդ ինքնաթիռը բախվեց Հարավային աշտարակին, հասկացան, որ դա դժբախտ պատահար չէր, և որ փոքր Մանհեթենը շարունակական հարձակման տակ էր։ Երբ Հարավային աշտարակը փլուզվեց, նրանց շենքը ծածկվեց բեկորներով, որոնք թափվում էին ողջ փոքր Մանհեթենի վրա։

Շփոթված և սարսափած իրենց տեսածից, մտահոգված հետագա հարձակումներից, նրանք գնացին ավելի ապահով տարածք, իսկ հետո գնացին Լինկոլն կենտրոնում գտնվող Մանհեթենի ցցի շենքը։ Երբ նրանք տեղ հասան, տեսան, որ փոքր Մանհեթենի մի քանի տասնյակ անդամներ նույն որոշումն էին կայացրել և հավաքվել էին ցցի կենտրոնում։ Մենք հանգստացանք, երբ նրանք զանգահարեցին և հայտնեցին իրենց գտնվելու վայրը և ասացին, որ ապահովության մեջ էին։ Մենք չզարմացանք, երբ իմացանք, թե որտեղ էին նրանք գտնվում, քանի որ ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ Սիոնի ցցերը «պաշտպանություն և ապաստան [են] փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն թափվի ողջ երկրի վրա»։3 Նրանց մեկ շաբաթից ավել թույլ չտվեցին վերադառնալ իրենց բնակարանը, նրանք ցնցված էին անմեղ կյանքերի կորուստներից, սակայն անձամբ ոչ մի մարմնական վնասվածք չէին ստացել։

Ինքնաթիռը, որն ընկավ Պենտագոնի մոտ` մոտիկ այն վայրին, որտեղ մենք այժմ գտնվում ենք Վաշինգտոն Կ.Շ.-ում, նույնպես հանդիսանում էր ինքնասպան ահաբեկիչների առաքելությունը, որն ունեցավ նույն կործանիչ հետևանքները։

Այս երեկո իմ նպատակն այն չէ, որ դուք կենտրոնանաք անցյալի սարսափելի իրադարձությունների վրա։ Ես ցանկանում եմ, որ դուք կարևորեք այն ուրախալի իրադարձությունները, որոնք ես սկզբում նկարագրեցի։ Սակայն, նաև փորձում եմ օգնել ձեզ մտածել այն փորձությունների, դժվարությունների և վտանգների մասին, որոնց դուք բախվում եք կամ մտավախություն ունեք, որ կբախվեք ապագայում։ Մի քանի իրադարձություններ կարող են ազդել մեծ թվով մարդկանց վրա, մի մասն էլ կազդի անձամբ ձեզ վրա։ Ես որոշել եմ անդրադառնալ երեք տեսակի իրադարձությունների՝ նրանց, որոնք պարունակում են ֆիզիկական վտանգներ, նրանց, որոնք պարունակում են հատուկ դժվարություններ, որոնք եզակի են ձեր օրերի համար և, վերջապես, նրանց, որոնք պարունակում են հոգևոր վտանգներ և դժվարություններ։

Ֆիզիկական վտանգներ կամ դժվարություններ

Ավելի հեշտ է տեսնել և բացահայտել ֆիզիկական վտանգները։ Հեռուստատեսությամբ և համացանցով առաջինը եթեր են թողարկվում ֆիզիկական վտանգները, բռնությունը և ողբերգությունը, անկախ այն բանից, թե դուք որտեղից եք ստանում ձեր ամենօրյա նորությունները: Դրա առաջին պատճառն այն է, որ բռնությունն ու մահը շատ հուզիչ են և սովորաբար հեշտ են պատկերվում տեսողական և գրավոր կերպով։ Բռնությունն ու մահը, լինեն դրանք մոտ, թե հեռու, գրավում են մեր ուշադրությունը և կարող են կործանել մեր խաղաղությունն ու հանգստությունը։ Երբ մենք ֆիզիկապես ապահով չենք զգում, մենք մեզ զգում ենք խոցելի։

Անցած տարի, մարտի 22-ին մի ինքնասպան ահաբեկիչ ռումբ պայթեցրեց Բելգիայում՝ Բրյուսելի օդանավակայանում։ Այդ ժամանակ մեր միսիոներներից չորս հոգի գտնվում էին օդանավակայանում։ Նրանք բոլորն էլ զգալի վնասվածքներ ստացան, իսկ մի քանիսը` շատ լուրջ էին։ Մեծահասակ միսիոներ Երեց Ռիչարդ Նորբիի վնասվածքները շատ լուրջ էին։ Վերջերս նա նշեց, որ թեև կյանքը միշտ նույնը չի լինի, «նա որոշել է ապավինել Տիրոջը և չվախենալ»։ Ապա նա ասել է. «Ես պատրաստվում եմ ապրել իմ կյանքը և պատրաստվում եմ ուսուցանել իմ զավակներին ու թոռներին, որ մենք [պիտի] վստահենք Աստծուն»։4

Տերը կարևորել է, որ նույնիսկ նա, ով կկորցնի իր կյանքը և կմնա հավատարիմ ուխտերին, «կգտնի այն կրկին, այսինքն՝ կյանք հավերժական»։5

Ինձ հուզեց Քույր Ֆանի Քլեյնի մեջբերումը, ով Բրյուսելի օդանավակայանի ռումբից տուժածներից մեկն էր։ Նա ասաց. «Այդպիսի բաների միջով անցնելիս ես ավելի լավ եմ հասկանում մարդկանց, քանի որ մարդիկ իսկապես դժվարին խնդիրներ ունեն իրենց կյանքում, և, այսպիսով` ես նույնպես ունեմ դժվարին խնդիրներ իմ կյանքում, որի շնորհիվ ավելի շատ եմ հասկանում»։ Ապաքինվելու ժամանակ նա ասաց. «Երբ մենք սկսում ենք ապավինել Աստծուն, տեսնում ենք, թե Նա ինչպես է օգնում մեզ և որքան արտասովոր է դա։ Ես այժմ ավելի շատ եմ Նրան վստահում, քան նախկինում»։ Նա հատկապես երախտապարտ էր, որ կարող էր շարունակել իր միսիան։6

Նախամահկանացու կյանքում մենք գիտեինք, որ ազատ կամքը և ընդդիմությունն անհրաժեշտ էին աճելու, զարգանալու և ի վերջո՝ վեհացում ստանալու համար։

Երկնքում կայացած նախամահկանացու խորհրդի ժամանակ ազատ կամքը էական պայման էր Հոր ծրագրում։ Լյուցիֆերն ապստամբեց «և փորձեց կործանել մարդու կամքի ազատությունը»։7 Ըստ այդմ, ֆիզիկական մարմին ունենալու արտոնությունը մերժվեց Սատանային և հետևորդներին։

Նախամահկանացու կյանքի մնացած հոգիները, հետևելով Երկնային Հոր ծրագրին, գործադրեցին իրենց ազատ կամքը։ Այս մահկանացու կյանքում ծնված հոգիները շարունակեցին օրհնվել ազատ կամքով։ Մենք ազատ ենք ընտրելու և գործելու, սակայն մենք ազատ չենք վերահսկելու մեր ընտրությունների հետևանքները։ Հետևաբար, մեր ընտրություններով է պայմանավորված այս կյանքի և գալիք կյանքի երջանկությունն ու դժբախտությունը։ «Բարի և արդար ընտրությունները տանում են դեպի երջանկություն, խաղաղություն և հավերժական կյանք, մինչդեռ մեղքը և չար ընտրությունները ի վերջո բերում են տառապանք և թշվառություն»։ 8

Մենք չպետք է մեղադրենք հանգամանքները կամ ուրիշներին՝ Աստծո պատվիրաններին դեմ գործելու մեր ընտրություններում։ Մենք բոլորս էլ պատասխանատու և հաշվետու ենք Աստծուն այն բանի համար, թե ինչպես ենք մենք զարգացնում Քրիստոսանման հատկանիշներ, տաղանդներ և ունակություններ և նաև պատասխանատու ենք, թե ինչպես ենք օգտագործում այս գոյության մեջ մեզ տրված ժամանակը։

Ընդդիմության վարդապետությունը սերտորեն կապված է ազատ կամքի վարդապետության հետ և, երբեմն դիտվում է որպես դրա մի մաս։ Բայց քանի որ ընդդիմությունը հաճախ գործում է դրսից կամ երրորդ անձանց կողմից, օգտակար կլինի դիտարկել այն որպես առանձին գործոն։ Այդ վարդապետությունը հակիրճ շարադրված է Մարգարե Լեքիի կողմից՝ 2 Նեփի 2.11 հատվածում․ «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում։ Եթե այդպես չլիներ, … արդարությունը չէր կարող իրագործվել, ոչ էլ ամբարշտությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ էլ թշվառությունը, ո՛չ լավը, ո՛չ էլ վատը»։

Լեքին շարունակում և ասում է, որ այս վարդապետությունն այնքան կարևոր է, որ առանց դրա «վերջում ոչ մի նպատակ չէր լինի… ստեղծման » և «Աստծո իմաստությունը և նրա հավերժական նպատակները, և նաև Աստծո զորությունը և ողորմությունը և արդարադատությունը» պիտի կործանվեր։9

Լեքին շարունակում է. «Ուստի, Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»։10

Նախամահկանացու կյանքում մենք գիտեինք, որ ազատ կամքի կիրառման արդյունքում կարող է առաջանալ ընդդիմություն և հակասություն, որի վառ ապացույցն է երկնքի պատերազմը։ Մենք գիտեինք, որ բացի պատերազմից և բռնությունից, կլինեն մեծ թվով մեղսավոր արարքներ ամբողջ աշխարհում։ Մենք նաև գիտեինք, որ Հիսուս Քրիստոսը պատրաստ էր վճարելու այդ մեղքերի գինը։ Նրա տանջանքները, որոնք վեր են ամեն հասկացողությունից, ի վերջո հաղթանակ կտանեն մեղքի և հոգևոր մահվան դեմ։ Նրա Հարությունը կհաղթահարի ֆիզիկական մահը։ Մենք վստահ էինք, որ մահկանացու մահից հետո մենք բոլորս կրկին կապրենք։ Ինչպես կարդում ենք «Քարոզիր իմ ավետարան»-ում.

«Հոգևոր մահվան վրա՝ Իր չարչարանքով և ֆիզիկական մահվան վրա՝ Իր Հարությամբ, Հիսուս Քրիստոսի այս հաղթանակը կոչվում է Քավություն»։  …

«Երբ մենք ապավինենք Հիսուս Քրիստոսի Քավությանը, նա կարող է օգնել մեզ դիմանալ մեր փորձություններին, հիվանդություններին և ցավին։ Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ։ Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»։11

Միսսուրիում Եկեղեցու հիմնադրումից հետո մեր անդամների սարսափելի փորձառությունները հստակ ցույց տվեցին, թե ինչպես են Քավության այդ սկզբունքները գործում։ Վարդապետական մեր արժեքները ուղղակիորեն հակասում էին Միսսուրիի բնակիչներին, որոնք մեր հավատքից չէին։ Միսսուրիի բնակիչներից շատերն ամերիկացի հնդկացիներին համարում էին իրենց անողոք թշնամին և ցանկանում էին վտարել իրենց երկրից։ Բացի դրանից, Միսսուրիի բնակիչներից շատերը ստրկատեր էին և վախենում էին նրանցից, ովքեր դեմ էին ստրկությանը։ Նրանցից շատերը տենչում էին հողի, հարստության և նույնիսկ իշխանության։

Ի տարբերություն դրան, մեր վարդապետությունը հարգում էր ամերիկացի հնդկացիներին և մեր ցանկությունն էր ուսուցանել նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Ինչ վերաբերվում էր ստրկությանը, ապա մեր սուրբ գրությունները հստակ ասում են, որ ոչ մի մարդ չպետք է գերության մեջ լինի մյուսի մոտ։ Այդ ժամանակ մեր սևամորթ նորադարձ մի քանի անդամներ երկրպագում էին սպիտակամորթների հետ, ինչպես և այսօր։ Ի վերջո, մեր նպատակն էր ոչ թե հարստություն ձեռք բերել, այլ հաստատել եղբայրների և քույրերի մի համայնք, որտեղ բոլորը կսիրեն իրար և կապրեն Փրկիչի ուսուցանած սկզբունքներով։ Միսսուրիի մյուս բնակիչները սպառնալիք զգացին, երբ մեծ թվով Սրբեր, հետևելով Տիրոջ հայտնություններին, շարժվեցին դեպի Միսսուրի։12

Դա մեծ հակամարտություն և հալածանքներ ստեղծեց Եկեղեցու անդամների համար։ Սրբերի ընդդիմադիրները ոչնչացրեցին նրանց բերքը և շենքերը, կողոպտեցին անասունները և անձնական գույքը և դուրս քշեցին նրանց իրենց տներից։ Սրբերից ոմանց ձյութապատեցին և փետրապատեցին, մտրակեցին կամ ծեծեցին։ Գրելով Ջոզեֆ Սմիթին, ով ապրում էր Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում, Վիլյամ Վ. Ֆելփսը նշել է. «Դա մի սոսկալի պահ է, տղամարդիկ, կանայք և երեխաները փախչում են կամ պատրաստվում են [փախչել] բոլոր ուղղություններով»։13 Երբեմն, այդ արտաքսման քաոսի մեջ ընտանիքները բաժանվում էին, Սրբերից շատերը չունեին սնունդ և այլ պարագաներ։ Եկեղեցու անդամները դժվարանում էին հասկանալ, թե ինչու էին իրենց դուրս քշում այն բանից հետո, երբ Տերը պատվիրեց իրենց հավաքվել Միսսուրիում։ Այդ ցնցող լուրերը լսելուց հետո Ջոզեֆ Սմիթը աղոթեց ըմբռնման համար։ Տերը պատասխանեց այս սփոփիչ ուղերձով, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 101.35–36 հատվածներում։

«Եվ բոլոր նրանք, ովքեր հալածվում են իմ անվան համար, և հավատքով համբերում են, չնայած նրանք կանչված են վայր դնելու իրենց կյանքը հանուն ինձ, այնուամենայնիվ, նրանք ճաշակելու են այդ ողջ փառքից

Ուստի, մի վախեցեք, անգամ մահից. քանզի այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է»։

Տերը նաև խոստացել է մեզ, որ արդարության վարձը «խաղաղություն [է] այս [կյանքում] և հավերժական կյանք գալիք աշխարհում»։14

Այսպիսով, Փրկիչի Քավությունը թույլ է տալիս մեզ ունենալ խաղաղություն և հանգստություն նույնիսկ այն ժամանակ, երբ առկա են ֆիզիկական վտանգներ։

Հատուկ մարտահրավերներ, որոնցից մի քանիսը եզակի են ձեր օրերի համար

Որպես երիտասարդ չափահասներ, բացի ֆիզիկական դժվարություններից, դուք ունեք հատուկ մարտահրավերներ, որոնք եզակի են ձեր օրերի համար։ Դուք մտահոգված եք կրթությանը, աշխատանքին, ամուսնությանը և ընտանիքին վերաբերող ընտրություններով։ Այդ ընտրությունների վարդապետական կիրառությունները քննարկվել են բազմաթիվ ելույթներում և բավականին լավ հասկացվել են։ Փրկիչը, վճարելով մեր մեղքերի տույժը, չի ազատել մեզ այն անձնական պատասխանատվությունից, թե ինչպես ենք մենք ապրում մեր կյանքը։ Աշխատանքի, աշխատասիրության, ողջ ուժով տքնելու, մեր տաղանդները բարելավելու և ընտանիքների մասին հոգ տանելու արժեքները սկզբից ի վեր բոլորին հայտարարվել է սուրբ գրություններում։ Ծննդոց գրքում Տերը հայտարարել է. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը»։15

Ես հավատում եմ, որ վարդապետական այս հասկացողությունները լայնորեն ընդունված են անդամների կողմից։ Սակայն, այս բարդ աշխարհում մեծ շփոթություն կա, թե ինչպես կիրառել այս սկզբունքները։

20 տարի առաջ, իմ առաջին գերագույն համաժողովի ելույթի ժամանակ ես կիսվեցի անձնական մի պատմությամբ, որը մի քիչ զավեշտական է և որն անմիջապես առնչվում է այս խնդիրներին։16

Երբ մեր երեխաները փոքր էին, կինս՝ Մերին, և ես որոշեցինք հետևել մի ավանդույթի, որն իմ հայրն էր երեխա ժամանակ ուսուցանել ինձ։ Նա առանձին հանդիպում էր եղբայրներիս, քույրերիս և ինձ հետ, որպեսզի օգներ մեզ նպատակներ սահմանել մեր կյանքի տարբեր փուլերի համար և ուսուցաներ, թե ինչպես Եկեղեցին, դպրոցը և արտադպրոցական միջոցառումները կօգնեն մեզ հասնելու այդ նպատակներին։ Նա ուներ երեք կանոն՝

  • Մենք պետք է արժանի նպատակներ ունենայինք։

  • Մենք կարող էինք փոխել մեր նպատակները ցանկացած ժամանակ։

  • Մենք պետք է ջանասիրաբար աշխատեինք մեր առջև դրված նպատակներին հասնելու համար, ինչ նպատակներ էլ դրանք լինեին։

Լինելով այդ ավանդույթի հետևորդները, Մերին և ես որոշեցինք օգտագործել այդ սովորույթը մեր երեխաների հետ։ Երբ մեր որդի Լարին հինգ տարեկան էր, ես հարցրեցի, թե ինչ էր ուզում նա դառնալ, երբ մեծանար։ Նա ասաց, որ ցանկանում է դառնալ բժիշկ՝ իր հորեղբայր Ջոյի նման։17 Լարին ծանր վիրահատություն էր տարել և ձեռք էր բերել մեծ հարգանք բժիշկների հանդեպ, հատկապես՝ իր հորեղբայր Ջոյի հանդեպ։ Ես բացատրեցի Լարիին, թե այն արժանի գործերը, որոնք նա այժմ անում է, ինչպես կօգնեն նրան կատարելու բժշկի աշխատանքը։

Մի քանի ամիս անց ես նրան կրկին հարցրեցի, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա։ Այս անգամ նա ասաց, որ ցանկանում է դառնալ օդաչու։ Կարելի էր փոխել նպատակը, այնպես որ ես սկսեցի նրան բացատրել, թե նա ինչպես կարող է տարբեր գործողությունների շնորհիվ հասնել իր նպատակին։ Գրեթե ինքնաբերաբար ես հարցրեցի. «Լարի, անցած անգամ, երբ մենք զրուցեցինք, դու ցանկանում էիր դառնալ բժիշկ։ Ինչո՞ւ փոխեցիր քո միտքը»։ Նա պատասխանեց. «Ես մտածում եմ, որ բժիշկ լինելը լավ է, սակայն ես նկատել եմ, որ հորեղբայր Ջոն աշխատում է շաբաթ առավոտյան, իսկ ես չեմ ցանկանում բաց թողնել շաբաթ առավոտյան մուլտֆիլմերը»։

Այդ օրվանից մեր ընտանիքը արժանի նպատակներից ցանկացած ուշադրության շեղում կոչում էր «առավոտյան մուլտֆիլմ»։

Այս իրական պատմությունից ցանկանում եմ ընդգծել երկու սկզբունք։ Առաջինը, թե ինչպես եք այսօրվա աշխարհում ծրագրում և նախապատրաստվում հասնելու արժանի նպատակին և երկրորդը՝ համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցությունն է մեր արժանի նպատակների վրա։ Դրանցից ամեն մեկը կարող է դառնալ մեր «առավոտյան մուլտֆիլմը», որը շեղում է մեզ ցանկալի ուրախությունից։

Հատկապես մտահոգված եմ, թե երիտասարդ չափահասներից քանիսը չեն կարողացել արդար նպատակներ դնել կամ չեն կարողացել ծրագիր կազմել դրանց հասնելու համար։ Նաև մտահոգված եմ, որ շատերը թերագնահատում և արժեզրկում են սեփական տաղանդներն ու ունակությունները։ Լուծելով այդ երկու խնդիրները, նրանք ուրախություն կունենան իրենց կյանքում։

Պրոֆեսոր Անժելա Դակվորտի վերջերս հրատարակված գիրքը, որը վերնագրված է ”Grit”, ներկայացնում է մի ազդեցիկ գործ, որտեղ ասվում է, որ շատերը, եթե ոչ մեծամասնությունը, գերագնահատում են այսպես կոչված բնական ունակությունը և թերագնահատում են աշխատասիրությունն ու հաստատակամությունը։ Նա առաջ է քաշում համոզիչ փաստարկներ այն մասին, որ բոլոր տեսակի հաջողությունները ավելի շատ առանձնանում են լավ աշխատանքի էթիկայով, քան զուտ խելքով կամ ունակությամբ։ Նա նշում է, որ վճռականություն և նպատակ (որը նաև անվանում է խանդավառություն և հաստատակամություն) ունեցող մարդիկ հետևողականորեն ավելի լավ են գործում, քան այն մարդիկ, ովքեր ունեն բնական ունակություններ, բայց չունեն այդ հաստատակամությունը։18

Երբ երիտասարդ էի, պատահաբար տեղեկացա մի աշակերտի մտավոր կարողությունների ստուգման թեստի արդյունքի մասին, որը միջինից մի փոքր ցածր էր։ Ես հետևում էին նրան դպրոցում՝ առանց որևէ մեկին ասելու այդ մասին։ Նա դժվար առարկաներ էր ընտրել և ջանասիրաբար սովորում էր։ Երբեմն քոլեջում միևնույն դասի համար նա ընդգրկվում էր երկու կամ երեք ուսումնական խմբերում։ Ի վերջո, նա ստացավ բարձրագույն կոչում մի խստապահանջ և բարդ ոլորտում և իր մասնագիտության մեջ հասավ նշանակալից բարձունքների։

Այժմ, ես չեմ առաջարկում, որ բոլոր մարդիկ պետք է կրթական աստիճան ստանան, այլ առաջարկում եմ, որ դուք ծրագրելով, հաստատակամությամբ և վճռականությամբ հասնեք ձեր բազմաթիվ արդար և արժանի նպատակներին, հատկապես, եթե դուք նվազեցնեք ձեր կյանքի «շաբաթ առավոտյան մուլտֆիլմերը»։ Դուք կարող եք նաև ավելի շատ ուրախություն և երջանկություն գտնել ձեր կյանքում։

Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ դուք կարող եք անել դժվար բաներ։ Երեց Ջոն Բ. Դիքսոնը, մի հրաշալի և պատվավոր Յոթանասունական, ով ծառայել է աշխարհի բոլոր ծայրերում, այս ամենը ներկայացրել է մի զվարճալի և անսովոր ձևով։ 1962թ-ին Երեց Դիքսոնը կանչվել է ծառայելու Մեքսիկայում՝ որպես ՎՕՍ միսիոներ։ Նախքան մեկնելը նրա աջ թևի մեջ հայտնաբերվեց ոսկրային քաղցկեղ։ Նրան մեկ ամսվա կյանք էին տալիս։ Սակայն 10 ամիս անց նա մեկնեց ծառայելու իրեն հանձնարարված միսիայում՝ անդամահատված բազուկով։19 Ես երբեք չեմ մոռանա, թե նա ինչպես էր ՄՈՒԿ-ում ուսուցանում միսիոներներին, որ նրանք կարող են դժվար բաներ անել։ Նա խնդրեց չորս միսիոներների մոտենալ բեմին և հրավիրեց նրանց մրցակցել իր հետ փողկապ կապելու մեջ։ Մտածեք այն մասին, թե ինչպես կապել փողկապը մեկ ձեռքով։ Վերջերս հարցրել եմ Երեց Դիքսոնին, որ նա դա ցույց տա։ Եկեք դիտենք։

Երեց Ջոն Բ. Դիքսոն.[Կապել Փողկապը։] Դուք գիտեք, որ մենք բոլորս էլ դժվարություններ ունենք մեր կյանքում։ Երբեմն դրանք ֆիզիկական, զգացմունքային, տնտեսական կամ այլ տեսակի են, և եթե մենք պարզապես դրական տրամադրվենք ու պահենք կանոնները, ունենանք հավատ առ Տերը, վստահենք մեզ, մենք կկարողանանք անել ամեն ինչ։ Կարծում եմ, նույնիսկ կկարողանանք կապել մեր փողկապը։ Որևէ մեկը կցանկանա՞ր մրցել կամ ըմբշամարտել ինձ հետ։

Շնորհակալություն Ջոն։

ՄՈւԿ-ում Երեց Դիքսոնը հաղթեց բոլոր չորս միսիոներներին՝ զարմանալի կերպով օգտվելով իր ատամներից, իր ուսերից և իր կրծքավանդակից։ Խնդրում եմ հիշեք, որ դուք կարող եք հաղթահարել ձախորդությունները և դժվար բաներ անել։

Պրոֆեսոր Դակվորտը նշել է, որ «խանդավառությունը տարածված է։ Տոկոնությունը՝ հազվագյուտ»։20

Ուսումնասիրություններից մեկում նա մեջբերում է կյանքի համար ակտիվ նախապատրաստության կարևորությունը, այդ թվում՝ հաստատակամությունը, համառությունը, վճռականությունը և «միտումը` չհրաժարվելու խնդիրներից, ի դեմս խոչընդոտների»։21

Նա նաև գովում է բարձր նպատակներ ունենալը, որոնք նպաստում են մյուսների բարօրությանը։22

«Իսկապես, բախտավոր են նրանք, ովքեր ունեն վեհ նպատակ, որն այնքան կարևոր է աշխարհի համար, որ այն մեծ իմաստ է տալիս այն ամենին, ինչ նրանք անում են՝ անկախ նրանից, թե որքան փոքր կամ ձանձրացնող է այդ նպատակը։

Երեք որմնադրի հարց են տալիս. «Ի՞նչ եք դուք անում»։

Առաջինը պատասխանում է. «Ես աղյուս եմ շարում»։

Երկրորդն ասում է. «Ես եկեղեցի եմ կառուցում»։

Իսկ երրորդն ասում է. «Ես կառուցում եմ Աստծո տունը»։

Առաջին որմնադիրն ունի աշխատանք։ Երկրորդ որմնադիրն ունի կարիերա։ Երրորդը՝ ունի կոչում»։23

Այս երեկո ձեզ ուղղված իմ մարտահրավերն է, որ դուք քննեք ձեր այն նպատակները, որոնք թույլ կտան ձեզ իրագործելու ընտանեկան պարտականությունները, կպահեն ձեզ ուխտյալ ուղու վրա և կպարգևեն ձեզ այն ուրախությունը, որը Տերը ցանկանում է ձեզ համար։ Հիշե՛ք, որ նպատակի առկայությունը ձեզ թույլ է տալիս կանխավ ծրագրելով, խնայել ժամանակն ու եռանդը և բաց չթողնել կարևոր նախադրյալներն ու ժամկետները։

Այժմ, ես կխոսեմ ընտրությունների վրա համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցության մասին։

Համացանցը և սոցիալական մեդիան շատ լավ են ազդում մեր ժամանակակից հասարակության վրա։ Դրանք մեծ արժեք ունեն։ Նաև դրանք կարող են «շաբաթ առավոտյան մուլտֆիլմեր» լինել, որոնք մեզ կշեղեն այս մահկանացու կյանքում մեր ճշմարիտ կոչումներն ի կատար ածելուց։

Իմ անկեղծ խնդրանքն է, որ մենք բոլորս գնահատենք, թե ինչպես և երբ ենք օգտվում համացանցից և սոցիալական մեդիայից։ Պարզ թեստի արդյունքը պետք է լինի, թե արդյո՞ք դա օգնում է մեր մյուս արժանի և կարևոր նպատակներին կամ արդյո՞ք այն լրջորեն խոչընդոտում է մեր առաջընթացին։ Արդյո՞ք մենք տարված ենք սոցիալական մեդիայով, որ մի բան բաց կթողնենք, եթե անմիջապես չստուգենք այն։ Արդյո՞ք որոշ սոցիալական մեդիաների ինքնագովազդը պատճառ է հանդիսանում, որ մենք զգանք ոչ ինքնավստահ կամ անհամապատասխան։ Ավելի վատ, արդյո՞ք մենք համացանցով դիտում ենք այնպիսի պատկերներ կամ բովանդակություն, որն անմաքուր և անպատշաճ է, կամ պարունակում է կիսատ ճշմարտություն, որը կործանում է հավատքը։ Արդյո՞ք մենք թաքցնում ենք մեր ինքնությունը և ուրիշներին անբարյացակամ ու կոպիտ ուղերձներ կամ կարծիքներ ենք ուղարկում։ Արդյո՞ք սոցիալական մեդիան խանգարում է, որը մենք կրոնական միջոցառումների մասնակցենք կամ ընտանիքի հետ ժամանակ անցկացնենք։ Արդյո՞ք համացանցում խաղերի կամ մանրուքների վրա անցկացրած ժամանակը խանգարում է մեզ արդյունավետ կերպով հետամուտ լինել կարևոր նպատակներին։ Սրանք որոշումներ են, որոնց մասին կոչ եմ անում մեզանից յուրաքանչյուրին մտածել, կատարել ճշգրտումներ և անհրաժեշտության դեպքում ապաշխարել, որպեսզի օրհնենք մեր կյանքը։

Նշելով այդ ամենը, ես լիովին գիտակցում եմ սոցիալական մեդիայի այն վիթխարի օգուտները, երբ այն պատշաճ է օգտագործվում։ Միայն ընտանեկան պատմության մեջ ունեցած դրա ներդրումը հստակ է դարձնում ինձ համար, որ Տերն է ոգեշնչել այդ տեխնոլոգիան։

Իմ ելույթից հետո, ես այս հատվածը կտեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջում։ Ես կցանկանայի, որ դուք ինձ հետ կիսվեիք սոցիալական մեդիայի մասին ձեր մտահոգություններով, և թե ինչպես է սոցիալական մեդիան օրհնում ձեր կյանքը։

Նաև ցանկանում եմ լրացուցիչ բան ասել այս թեմայի շուրջ։ Մենք շատ ենք լսում, որ պետք է անկեղծ լինենք սոցիալական մեդիայում։ Իսկապես Քրիստոսանման լինելն ավելի կարևոր նպատակ է, քան անկեղծ լինելը։ Թույլ տվեք մեկ անգամ ևս կրկնեմ. Իսկապես Քրիստոսանման լինելն ավելի կարևոր նպատակ է, քան անկեղծ լինելը։

Հոգևոր դժվարություններ

Այժմ ես կանդրադառնամ հոգևոր մարտահրավերներին։

Այս կյանքի ամենակենսական պարտականություններից մեկը Աստծո հետ սրբազան ուխտեր կապելն ու պահելն է։ Դա պահանջում է, որ մենք քննենք անարժան ցանկությունները և մեզ զտենք դրանցից։ Մենք նաև քննում ենք ոչ պատշաճ ակնկալիքները, որոնք մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար ակնկալում ենք Աստծուց։ Մենք պարբերաբար ձգտում ենք իմանալ Աստծո կամքը մեզ համար։ Մենք շարունակաբար կենտրոնանում ենք հավատի, ապաշխարության և փրկող արարողությունների վրա։ Փրկիչը, ով վճարեց գինը մեր բոլորի համար, որը վեր է մեր հասկացողությունից, չի կատարել Քավությունը, որպեսզի մենք կենտրոնանանք ոչ հավերժական, նյութական նպատակների վրա և նաև թեթևամիտ ու զվարճալի խաղերի վրա։ Մտածեք Տիրոջ նպատակի շուրջ, երբ Նա ասաց. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։24

Ոմանք կասեն կամ կակնարկեն, որ «Արդյո՞ք իմ սիրելի Երկնային Հայրը գոհ չի մնա միայն նրա համար, որ ես այն չեմ, ինչ պետք է լինեմ։ Արդյո՞ք նա իսկապես կզրկի ինձ օրհնություններից միայն նրա համար, որ խմում եմ ալկոհոլային խմիչքներ կամ սուրճ»։ Ցավոք, դա սխալ հարց է և դրանով ապացուցում է, որ նա չի հասկանում Հոր ծրագիրը։ Ճիշտ հարցն այն է, որ «ինչպե՞ս կարող եմ լինել արդար և անձնվեր մարդ, որ իմ Հայրը և Փրկիչը կցանկանային ինձ տեսնել»։ Սուրբ գրության մեջ ասվում է. «[Երբ] շատ տրվում է, շատ էլ պահանջվում է»։25

Մի աշխարհում, որտեղ պարգևատրումներն ու մրցանակները հաճախ տրվում են միայն մասնակցության համար, չափանիշներն ու սպասելիքները հնարավոր է, անարդար թվան և նույնիսկ տանջալից։ Դա հատկապես ճշմարիտ է նրանց համար, ովքեր համառորեն հետևում են իրենց ուղուն և անկախ հետևանքներից, չեն ենթարկվում Հոր ծրագրին։

Շատերն արդարացնում են մեղավոր արարքը և որպես պաշտպանություն ասում. «Հիսուսն ուսուցանել է սիրել բոլորին»։ Եվ, իհարկե, դա ճիշտ է, բայց հաճախ այն մարդիկ, ովքեր կողմ են այս դիրքորոշմանը, հակված են անտեսելու Նրա հավասարազոր կարևոր հորդորը. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»։26

Հարիր չէ, որ մենք բանակցենք Աստվածագլխի հետ ունեցած մեր հարաբերությունների պայմանների վերաբերյալ։ «Կոտրված սիրտ և փշրված հոգին» նախնական պահանջն է մկրտությամբ պայմանավորված առաջին ուխտի ճանապարհին ոտք դնելու համար։ Մենք պետք է խոնարհաբար աղոթենք Աստծուն։ Ինչպես ուսուցանել է Բենիամին թագավորը. «Քանզի ահա, մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք։ Մի՞թե մենք բոլորս կախում չունենք նույն Էակից, այսինքն՝ Աստծուց, բոլոր ստացվածքի համար, որ մենք ունենք, … ամեն տեսակի»։27

Մեր խնդիրները կարող են տարբեր լինել, մի մասն էլ՝ նույնիսկ անարդար։ Դրանց պատճառով մենք վշտանում ենք, և դրանց շնորհիվ մենք կարեկցում ենք ուրիշներին։ Սա ճիշտ է մեր թուլությունների և հիվանդությունների դեպքում, որոնք խորապես ազդում են մեր մարմնի վրա։ Այն իր մեջ ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր անմեղ են ու խոշտանգված։ Այն իր մեջ ներառում է աղքատությունն ու բռնությունը, որը համակում է այն միջավայրը որտեղ մենք ծնվել ենք։ Այն ներառում է ազդակներ և հակումներ, որոնք միգուցե մեր ընտրության արդյունքը չեն։ Մենք ցավում ենք վատ սովորությունների համար, որոնք արդյունք են մեր վատ ընտրության։ Այս աշխարհում շատ անիրավացի ու անարդար բաներ կան։

Ո՞րն է մեր պատասխանը։ Մենք պետք է լինենք բարի ու կարեկցող և բոլորին վերաբերվենք հարգանքով, նույնիսկ, եթե նրանք ընտրեն այն ուղին, որը համահունչ չէ Հոր ծրագրի և Փրկիչի ուսմունքների հետ։ Բայց, եթե մենք իսկապես ցանկանում ենք բարի լինել, մենք պետք է ապաշխարություն ուսուցանենք։ Բարի չենք լինի և ոչ մեկին լավություն չենք անի, եթե մենք չհորդորենք մեր սիրելիներին փոխել իրենց կյանքը և ընդունել Փրկիչի Քավությունը։ Կան անհավանական, հավերժական օրհնություններ, որոնք սպասում են նրանց, ովքեր ապաշխարում են։

Փրկիչը դա հստակեցրել է, երբ Նեփիացիների հետ խոսելու ժամանակ խոսել է ապաշխարողների մասին. «Նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ՝ դատելու աշխարհը»։28 Ապա Նա ասաց. «Եվ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը. ուստի, ոչինչ չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով՝ իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ»։29

Չմոռանաք, որ դուք կարող եք մաքրվել։ Դուք կարող եք այս կյանքում գտնել ձեր փնտրած ուրախությունը։ Ոչ մի մարդ չպետք է հեռանա այս հավաքից և մտածի, որ ինքը զերծ է փրկագնումից։ Ո՛չ։ Սկզբունքորեն դուք Աստծո զավակն եք։ Դուք կարող եք ունենալ հույս և ուրախություն։ Դուք կարող եք փոխել ձեր սիրտը և ապաշխարել։ Դուք կարող եք ներել և ներում ստանալ։

Ապաշխարությունը կարևոր է Հոր ծրագրում։ Մորմոնի Գրքից մենք սովորում ենք ողորմության և արդարության միջև կապը։ Քրիստոսը սահմանում է, թե ինչպես են ողորմությունն ու արդարությունն առնչվում իրար հետ։30

Սիրում եմ Էլիզա Ռ. Սնոուի շարադրած լավատեսական խոսքերը.

Ինչ մեծ է և ինչ կարկառուն

Ծրագիրը քավության,

Ուր սեր, գութ և արդարություն

Դաշն են ու անբաժան։31

Երջանկության փառահեղ ծրագիրն արդար է ու ողորմած։ Մենք գիտենք` որտեղից ենք գալիս, ինչու ենք այս կյանքում և ուր կգնանք մահից հետո։

Դուք հրաշալի սերունդ եք։ Սուրբ գրությունները հստակ ասում են, որ վերջին օրերում կլինեն «պղծություններ և ամբարշտություններ»։32 Սակայն Սրբերը, ովքեր փոքր են թվով և ցրված են ողջ երկրի երեսով «[կզինվեն] արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։33 Տերը խոստացել է, որ Նա «կպահպանի արդարներին» և մենք «վախենալու կարիք չունենք»։34

Չնայածձեր կյանքի վտանգներին ու մարտահրավերներին, դուք չպետք է վախենաք։ Դուք կօրհնվեք ու կպաշտպանվեք, երբ ձգտեք արդարության և արժանի նպատակների։ Ծրագրեք ու գործեք հաստատակամությամբ ու վճռականությամբ, խուսափեք սոցիալական մեդիայի ու համացանցի ոչ պատշաճ օգտագործումից, ապավինեք և կենտրոնացեք հավատի, ապաշխարության, փրկող արարողությունների և Փրկիչի քավիչ զոհաբերության վրա և համբերեք մինչև վերջ։ Կենտրոնանալով տաճար գնալու վրա, դուք ավելի հեշտ կհասնեք այս նպատակներին։

Վերապատմելով Հռովմայեցիս 12.12, «Ուրախ եղեք հավատքում, համբերող` չարչարանքներում և հավատարիմ` աղոթքի մեջ»։ Դուք կարող եք խուսափել կյանքի «շաբաթ առավոտյան մուլտֆիլմերից» և վայելել ու ձեռք բերել այն ամենը, ինչ Փրկիչը խոստացել է մեզ։

Ես հանդիսավորությամբ վկայում եմ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին։ Նրա շնորհիվ մենք վախենալու կարիք չունենք և Նրանում մեր ուրախությունը կատարյալ է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26, 88.91։

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 101.35–38։

  3. Վարդապետություն և Ուխտեր 115.6

  4. «Fear Won’t Stop Me,» Church News, օգոստ. 7, 2016, 9։

  5. Վարդապետություն և Ուխտեր 98.13

  6. «Ready to Get Going: Brussels Bombing Victim Serving in Ohio,» Church News, հունիսի 5, 2016, 7։

  7. Մովսես 4.3

  8. «Հավատքին հավատարիմ. Ավետարանի վկայակոչում» (2004), 12։

  9. 2 Նեփի 2.12

  10. 2 Նեփի 2.16

  11. «Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայութայն ուղեցույց» (2004), 52։

  12. Միսսուրիի հակամարտության վերաբերյալ տես՝ Գերիտ  Ջ. Դըրկատի, Բրենտ Մ. Ռոջերսի, Գրանտ Անդերվուդի, Ռոբերտ Ջ. Վուդֆորդի և Վիլիամ Գ. Հարթլիի խմբագրումները։ Documents, Volume 3: February 1833–March 1834, հատոր՝ 3, The Joseph Smith Papers, փաստաթղթերի շարքի, խմբագրված՝ Ռոնալդ Կ. Էսփլինի և Մեթյու Ջ. Գրոյի (Սոլթ Լեյք Սիթի.

    Եկեղեցու պատմության հրատարակչություն, 2014), xxvii–xxx։

  13. Ավելի ուշ տպագրված Վիլիամ Վ. Ֆելփսի նամակում, հասցեագրված Եկեղեցու ղեկավարներին, Կիրթլենդում, Օհայո նահանգում, նոյ. 6–7, 1833 թ-ին՝ Գերիտ Ջ. Դըրկմատի և ուրիշների խմբագրություններում։ Documents, Volume 3: February 1833–March 1834, հատոր՝ 3, The Joseph Smith Papers փաստաթղթերի շարքից (2014), 341։

  14. Վարդապետություն և Ուխտեր 59.23

  15. Ծննդոց 3.19

  16. Տես Քվենտին Լ. Քուք, “Rejoice!” Ensign, նոյ. 1996, 29։

  17. My brother, Dr. Joseph V. Cook Jr., is still a practicing physician at 81 years of age. During this time he was Larry’s doctor and stake president. Իմ ավագ եղբայրը՝ Դր. Ջոզեֆ Վ. Քուքը, դեռևս գործող թերապևտ է իր 81 տարեկան հասակում։ Այդ ժամանակ նա Լարիի բժիշկն ու ցցի նախագահն էր։

  18. Անջելա Դակվորտ, Grit: The Power of Passion and Perseverance (2016), 8։

  19. Տես «Elder John B. Dickson of the Seventy,» Ensign, օգոս. 1992, 77։

  20. Դակվորտ, Grit, 58։

  21. Դակվորտ, Grit, 77 մեջբերված է 1926թ-ի Սթենֆորդի հոգեբան Քեթրին Քոքսի աշխատությունից։

  22. Դակվորտ, Grit, 143։

  23. Դակվորտ, Grit, 149։

  24. Մովսես 1.39

  25. Վարդապետություն և Ուխտեր 82.3

  26. Հովհաննես 14.15

  27. Մոսիա 4.19

  28. 3 Նեփի 27.16

  29. 3 Նեփի 27.19

  30. Տես Ալմա 42․24–25։

  31. Էլիզա Ռ. Սնոու, «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», օրհներգ, հմր. 195։

  32. 1 Նեփի 14.12

  33. 1 Նեփի 14.14

  34. 1 Նեփի 22.17

Տպել