Գտնենք ուրախություն մեր առօրյայում
Երեկո Երեց Քվենթին Լ. Քուքի հետ
Երիտասարդ ամուրիների հոգևոր հավատքի համաշխարհային հեռարձակում. Սեպտեմբերի 11, 2016 • Վաշինգտոն D.C. Ցցի կենտրոն
Ինձ համար մեծ օրհնություն է այս երեկո ձեզ հետ լինել:
Երբ մենք այս աշխարհ եկանք, որպես Աստծո զավակներ, մեզ հետ բերեցինք մեր աստվածային էությունը: Մեր անձնական արժանավորությունը գալիս է երկնքից: Երբ մենք հասկանում ենք մեր աստվածային էությունն ու երկրի վրա լինելու մեր նպատակը, մենք կարողանում ենք հաղթահարել դժվարություններն ու փորձությունները և մնալ հավատարիմ մեր ուխտերին: Մեր կարծիքը մեր մասին սահմանում է, թե որքան հաջողակ կլինենք մեր մահկանացու ճամփորդության ընթացքում: Մեր ինքնագնահատականը բարձրանում է, երբ բավարարվում են որոշակի հիմնական մարդկային կարիքներ: Ես կնշեմ դրանցից երեքը. սիրված լինել, ընդունված զգալ և հաջողություն կամ նվաճումներ ունենալ:
Երբ այս կարիքները չեն բավարարվում, մենք մեզ զգում ենք չսիրված, չընդունված ու անհաջողակ: Սա իր հետ բերում է հիասթափության, հուսահատության, իր եսի նկատմամբ խղճահարության, մենակության ու միայնակության զգացումներ: Մենք բոլորս ունեցել ենք այդպիսի զգացումներ:
Մի օր ես զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով ինձ ցույց տվեց քոլեջի տարիքի ուսանողների հետ անցկացրած մի հարցում: Այն հարցին, թե որն է նրանց ամենամեծ մտահոգությունը, շատերը նշել էին «մենակությունը»: Մենք կարող ենք միայնակ զգալ, անկախ նրանից` ամուսնացած ենք, թե ամուրի:
Մենք բոլորս էլ զգում ենք մեզ միայնակ մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի անգամ ասել է. «Ես կարծում եմ, որ մեզանից շատերի համար միենակության դեմ դեղամիջոց են հանդիսանում աշխատանքն ու ուրիշներին ծառայելը»:1
Կարծում եմ դա լավ խորհուրդ է:
Նախագահ Թոմաս Ս.Մոնսոնն այսպես է ասել. «Երբեմն հուսահատությունը կարող է խավարեցնել մեր ճանապարհը, հիասթափությունը կարող է լինել մեր մշտական ուղեկիցը: … Տիրոջը վստահելով` եկեք … հավաստիանանք, որ մեր ոտքերն ամուր են կանգնած ծառայության ճանապարհին, ու մեր սրտերն ու հոգիները վճռական են հետևելու Տիրոջ օրինակին:2
Շարունակեք լինել զբաղված ու ջերմեռանդորեն ներգրավվեք Եկեղեցու աշխատանքի մեջ: Ձեր Երկնային Հոր հետ մտերիմ եղեք աղոթքի ու սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով: Գտեք օրինակներ սուրբ գրություններում, երբ ուրիշները հաղթահարել են մենակությունը կամ առնչվել են դրա հետ: Մտածեք Մորոնիի մասին, թե որքան միայնակ էր նա իր ժողովրդի կործանման մասին գրառումները կատարելիս: Նա գրել է.
«Հետևաբար, ես կգրեմ և կթաքցնեմ հիշատակարանները հողում. և թե ուր կգնամ ես` դա կարևոր չէ:
… Քանզի ես մենակ եմ: Իմ հայրը և բոլոր իմ ազգականները սպանվել են ճակատամարտում, և ես չունեմ ո՛չ ընկերներ, ո՛չ էլ որևէ տեղ գնալու. և որքան ժամանակ Տերը թույլ կտա, որ ես ապրեմ, ես չգիտեմ»: 3
Կարծում եմ, կարևոր է հիշել, որ իրականում մենք երբեք մենակ չենք: Փրկիչը մեզ սփոփանք է խոստացել: Եթե մենք արժանի լինենք, Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը: Նրա ազդեցությունն օգնում է մեզ, երբ մենք միայնակ ենք զգում: Մենք կարող ենք մենակ լինել, բայց մենք չպետք է միայնակ լինենք: Ես շատ եմ սիրում «Ամեն վայրկյան Քո կարիքն ունեմ» օրհներգը:4
Սիրո և ընդունված զգալու կարիքն իսկական է:
Մոտ եղեք ձեր ընտանիքին, որտեղ ձեզ սիրում և ընդունում են ավելին, քան հնարավոր է բառերով արտահայտել: Ներգրավվեք ձեր ծխում կամ ճյուղում: Տաճար գնալու համար միշտ արժանի եղեք: Եթե ամուրի եք, ժամադրվեք նրանց հետ, ովքեր արժանի են տաճար գնալուն: Մի հիասթափվեք նրանց թերություններից, ում հետ հանդիպում եք. մենք մեծացնում ենք մեր ունակություններն ու բարելավվում ենք` կյանքի ընթացքում զարգանալիս:
Հաջողակ լինելու կարիքը զորեղ է և ոգևորող:
Յուրաքանչյուր ոք Աստծուց ստացած պարգև ունի: 5Բացահայտեք ձեր առանձնահատուկ պարգևները և ուրախացեք դրանցով: Զարգացրեք դրանք: Կարդացեք ձեր հայրապետական օրհնությունն ու իմացեք դրա խորհուրդների, զգուշացումների, պարգևների ու խոստումների մասին:
Իմ ծնողները տաճար գնացին իմ ամուսնությունից և մեր երեխաների ծնունդից հետո: Ես չէի կարծում, որ մենք կկնքվեինք որպես հավերժական ընտանիք: Ես պետք է համբերատար լինեի ու հույսս դնեի Տիրոջ վրա այս օրհնության համար:
Ես հաճախ եմ մտածում համբերություն հատկանիշի մասին և այն բազմաթիվ եղանակների մասին, որոնցով Տերը մեզ սովորեցնում համբերատար լինել: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այն բացատրվում Քարոզիր Իմ Ավետարանը գրքում. «Համբերությունն առանց զայրանալու, հուսահատվելու կամ տագնապելու, արգելքի, նեղության, ընդդիմության կամ տառապանքի դիմանալու ունակությունն է: Դա Աստծո կամքը կատարելու և Նրա ժամանակացույցն ընդունելու մեր ունակությունն է:Երբ դուք համբերատար եք, դիմանում եք փորձություններին և կարողանում եք հանգիստ և հույսով դիմակայել ձախորդությանը: … Դուք պետք է սպասեք Տիրոջ կողմից խոստացված օրհնությունների իրականացմանը»:6
Ինձ միշտ դուր է եկել Սաղմոս 27.14-րդ հատվածը. «Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զօրավոր լինի. և սպասիր Տիրոջը»:
Անկախ ձեր ներկայիս իրավիճակից, գտեք ուրախություն ձեր առօրյայում: Միթե հրաշալի չէր լինի ամեն առավոտ արթնանալ ու ասել. «Ես ինձ սիրված, ընդունված ու հաջողակ եմ զգում»: Մենք բոլորս կարող ենք դա անել:
Թող որ դուք գտնեք ուրախություն ու երջանկություն այս մահկանացու կյանքի ուղիներում: Ես աղոթում եմ, որ արժանի ապրեք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու համար և ստանաք ամեն մի օրհնություն, որ Տերը պատրաստել է ձեզ համար, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:
© 2016 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: English approval: 6/16. Translation approval: 6/16. Translation of “Find Joy in Everyday Life.” Language. PD60002153 201