2017 թվականի հոգևոր հավաքներ
Ապաշխարություն և գթություն


Ապաշխարություն և գթություն

Երեկո Երեց Քիմ Բ. Քլարկի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • մայիսի 7, 2017թ․ • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Ես և Երեց Քլարկը ուրախ ենք լինել ձեզ հետ այս համաշխարհային հոգևոր հավաքին։

Ուզում եմ կիսվել ձեզ հետ որոշ մտքերով, որոնք մոտ են իմ սրտին, և հուսով եմ, որ դրանք նշանակալից կլինեն նաև ձեզ համար։

Առաջինը, ուզում եմ իմ սերն արտահայտել․ իմ սրտում ես հատուկ զգացումներ ունեմ Եկեղեցու չափահաս երիտասարդների հանդեպ։ Դուք գտնվում եք ձեր կյանքի այն փուլում, երբ կայացնում եք կարևոր որոշումներ՝ հետևում եք ձեր կրթությանը, փնտրում եք աշխատանք, ծառայում եք միսիայում, ժամադրվում եք, ամուսնանում և ընտանիք կազմում ։ Ես զգացել և ականատես եմ եղել բարիք գործելու ձեր մեծ զորությանը, մինչ դուք կապում ու պահում եք սուրբ ուխտեր, մինչ դուք Տիրոջ կամքն եք փնտրում՝ այս որոշումները կայացնելիս։ Դուք հրաշալի եք։ Տերը սիրում է ձեզ։ Ես գիտեմ դա։

Ես ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ իմ վկայությամբ և քաջալերանքի որոշ խոսքերով։ Ուզում եմ դուք իմանաք, որ ես գիտեմ, որ Աստված մեր ապրող Հայրն է Երկնքում։ Գիտեմ, որ Նա տվել է մեզ փրկության ծրագիրը և Իր Որդի Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի ու Քավիչի հրաշալի պարգևը։ Ես գիտեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ժամանակների լրության տնտեսության մարգարեն է։ Ես գիտեմ, որ Քրիստոսը կրկին կգա, և որ մենք պետք է պատրաստ լինենք այդ գալուստին։

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում նման մեծ իրադարձությանը։ Դա կարող է ուժերից վեր թվալ։ Այնքան շատ բան կա անելու։ Ես կցանկանայի քաջալերել և հուսադրել երկու սկզբունքների՝ ապաշխարության և գթության միջոցով, որոնք կօգնեն մեզ պատրաստ լինել։

Անցած հոկտեմբերի գերագույն համաժողովին Նախագահ Մոնսոնն ուսուցանել է մեզ․ «Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ծրագրի կարևորագույն մասն է։ Առանց Նրա քավիչ զոհաբերության ամեն ինչ կկորչի։ Սակայն Նրան և Նրա առաքելությանը պարզապես հավատալը բավարար չէ։ Մենք պետք է աշխատենք ու սովորենք, փնտրենք ու աղոթենք, ապաշխարենք ու կատարելագործվենք»։1

Մենք պետք է ապաշխարենք։ Ինչպիսի՜ մեծ օրհնություն է դա։ Քավության և Հիսուս Քրիստոսի զորության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ամեն թուլություն, ցավ, վիշտ և մեղք։ Ես նկատել եմ, որ մինչ ապաշխարությունը հաճախ վերաբերում է նրան, որ դուք դադարում եք անել ինչ-որ բան, ինչը դուք անում էիք, այն կարող է նաև վերաբերել նրան, որ դուք սկսեք անել ինչ-որ բան, ինչը չէիք անում։

Ամենակարևոր բաներից մեկը, որը մենք պետք է սկսենք անել որպես ապաշխարության մաս, ուրիշներին ծառայելն է։ Ուրիշներին ծառայելու, Տիրոջ հետ կողք կողքի աշխատելու և Նրա մաքուր սերը զգալու միջոցով ենք մենք սկսում իսկապես ճանաչել Փրկիչին։ Մի ամիս առաջ հաղորդության ժողովի ժամանակ ես տեսել եմ սիրո զորությունը, որը գալիս է ուրիշներին ծառայելուց։

Ես աղոթատուն մտա ընկերուհուս հետ, ով կանգ առավ ողջունելու Երեխաների Խմբի իր դասարանի փոքրիկ աղջիկներից մեկին։ Ժողովի ժամանակ ընկերուհիս հաստատվեց որպես ցցի Սփոփող Միության նոր նախագահ։ Փոքրիկ աղջնակը, որին նա ողջունել էր աղոթատուն մտնելիս, շրջվեց ու նայեց իմ ընկերուհուն՝ իր ուսուցչին։ Այդ անուշիկ աղջիկը գիտեր, որ իր ուսուցիչը հետ էր կանչվում և սկսեց լաց լինել։ Նա վազեց մինչև նստարանի վերջը և գլուխը թաքցրեց իր մոր ուսի մեջ։ Ես նայեցի իմ ընկերուհուն՝ ցցի Սփոփող Միության նոր նախագահին և տեսա, որ նա նույնպես արտասվում էր։ Սիրո այդ վկայությունը զորեղ էր ինձ համար։ Ես զգացի, որ չէի կարողանում զսպել իմ սեփական արցունքները։ Ես ականատես եղա Քրիստոսի մաքուր սիրո պարգևին, որը գալիս է Տիրոջից Իր ճշմարիտ հետևորդներին, մինչ նրանք ծառայում են Իր թագավորությունում։

Մորոնի 7-րդ գլխում Մորմոնը սովորեցնում է մեզ․

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում։ Ուստի, հարեք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն,

Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ»։2

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գործի հավատքով առ Հիսուս Քրիստոսը, որպեսզի դառնանք դեպի Նա, ապաշխարենք մեր մեղքերը և ծառայենք Նրան մեր ամբողջ սրտով։ Ես գիտեմ, որ եթե մենք անենք սա, մենք իսկապես կդառնանք Նրա ճշմարիտ հետևորդները։ Եվ եթե մենք «աղոթենք Հորը, սրտի ողջ կորովով, որ [մենք] կարողանանք լցված լինել [Նրա] սիրով»,3 ես գիտեմ, որ մենք կունենանք ավելի մեծ հավատ, ավելի մեծ հույս և կզգանք ավելի մեծ սեր՝ հենց Քրիստոսի մաքուր սերը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Երջանկության տանող կատարյալ ուղին»,Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 80–81։

  2. Մորոնի 7․46–47

  3. Մորոնի 7․48

Տպել