2017 թվականի հոգևոր հավաքներ
Դու Ջոզեֆն ես


Դու Ջոզեֆն ես

Երեկո Երեց Քիմ Բ. Քլարկի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • Մայիսի 7, 2017 • Սոլթ Լեյքի Թաբերնաքլ

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, երախտապարտ եմ ձեզ հանդիպելու հնարավորության համար: Ես լցված եմ մեծ սիրով ձեր հանդեպ: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ այս Եկեղեցու չափահաս երիտասարդներին, ես սիրո և ուրախության զգացումներ եմ ապրում:

Հրավիրում եմ ձեզ այս երեկո ինձ հետ մի ճամփորդություն կատարել, որը հուսով եմ, կլինի բացահայտման, հավատքի ու ոգեշնչման ճամփորդություն: Ուզում եմ մենք վերադառնանք Վերականգնման վաղ օրերին, երբ Ջոզեֆ Սմիթը չափահաս երիտասարդ էր: Ես հրավիրում եմ ձեզ մասնակցել ճամփորդությանը, որն ինքս եմ պատրաստել: Իմ կյանքի մեծ մասը ես տրամադրել եմ առաջնորդների և նրանց ղեկավարած կազմակերպությունների ուսումնասիրությանն ու ուսուցմանը: Ես օրհնվել եմ, ճանաչելով բազում մեծ առաջնորդների, և ներսից ուսումնասիրել եմ մարդկանց կողմից ողջ աշխարհով մեկ ստեղծված լավագույն կազմակերպություններից շատերը: Սակայն Վերականգնման աշխատանքի Ջոզեֆի վաղ փորձառություններին վերադառնալու ճամփորդությունը ամրապնդել է իմ համոզմունքը, որ ես և դուք երկրի երեսին ստեղծված ամենաուշագրավ կազմակերպության՝ Տիրոջ ճշմարիտ ու կենդանի Եկեղեցու մասն ենք:

Ցանկանում եմ ձեզ հետ վերադառնալ Ջոզեֆի կյանքի մի ժամանակաշրջան, երբ նա կանգնած էր անորոշության ու դժվարությունների առաջ: Դա մի ժամանակ էր, երբ նա սովորում էր, թե ով է ինքը, և ով է Տերը, և թե ինչպես է Տերը ցանկանում աշխատել իր հետ:

Գալու էր մի ժամանակ, երբ Ջոզեֆը լինելու էր Վերականգնման մեծ մարգարեն, երբ նա հանդիմանելու էր Ռիչմոնդի բանտի զինված պահակներին այնպիսի մի ուժով, որ պահակները ցնցվելու էին, երբ նա հաստատելու էր Եկեղեցին, հզոր հրաշքներ էր գործելու, սքանչելի ոգեշնչմամբ քարոզելու էր ավետարանը, քաղաքներ ու տաճարներ էր կառուցելու և հիմք էր դնելու Իսրայելի հավաքման ու վարագույրի երկու կողմերում փրկության աշխատանքի համար: Բայց ես ուզում եմ ձեզ վերադարձնել մի ժամանակ, երբ Ջոզեֆը դեռ չէր դարձել այն մարդը, որ պիտի դառնար: Ուզում եմ դուք վերադառնաք այդ օրերին, քանի որ այդ օրերը Ջոզեֆի համար այնպիսին էին, ինչպիսին ձեր օրերն են այժմ: Հավատացած եմ, որ կան կարևոր դասեր, որ դուք կարող եք սովորել Տեր Հիսուս Քրիստոսի ու Նրա վարդապետության և Նրա մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, այն օրերից, երբ Ջոզեֆը չափահաս երիտասարդ էր: Գիտեմ, որ եթե այս երեկո լսեք Աստծո Հոգով, Տիրոջ հանդեպ ձեր սերը, Նրա ու Երկնային Հոր հանդեպ ձեր հավատքը կավելանա և Վերականգնման ու Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությունն ավելի կամրապնդվի:

Պատմությունը

Սկսում եմ պատմությունը ոսկե թիթեղներից: 21 տարեկանում՝ 1827թ. սեպտեմբերին, Ջոզեֆ Սմիթը Մորոնի հրեշտակից ստացավ թիթեղները, որոնց հետ երկու քարեր կային արծաթե աղեղների մեջ, որոնց Նեփիացիներն անվանում էին մեկնիչներ կամ Ուրիմ ու Թումիմ:1 Ավելու ուշ՝ այդ աշնանը, Ջոզեֆը և իր կինը՝ Էմման, տեղափոխվեցին Հարմոնի (Պենսիլվանիա), Էմմայի ծննդավայրը, քանի որ Պալմիրայում (Նյու Յորք) ուժգին հալածանքներ էին սկսվել նրանց դեմ:2

Հարմոնիում Ջոզեֆը թիթեղներից արտագրեց գրերը և սկսեց ուսումնասիրել: Նա խնդրեց իր ընկերոջը՝ Մարտին Հարրիսին, գտնել ինչ-որ մեկին, որը կթարգմաներ թիթեղները, սակայն Մարտինին չհաջողվեց դա անել:3

1828թ. փետրվարին Ջոզեֆին պարզ դարձավ, որ նա անձամբ պետք է թարգմանի հիշատակարանները մեկնիչ քարերի օգնությամբ: 4 Ժամանակի ընթացքում Ջոզեֆը սովորեց թարգմանել հիշատակարանները «Աստծո պարգևով ու զորությամբ»:5

Էմման, ով հղի էր իրենց առաջնեկով, դարձավ Ջոզեֆի առաջին դպիրը: Նա և Ջոզեֆը աշխատեցին հիշատակարանների վրա մինչև 1828 թվականը, երբ Մարտին Հարրիսը եկավ Հարմոնի, որպեսզի դպիր դառնա Ջոզեֆի համար:

Հունիս ամսին Ջոզեֆը ավարտել էր հիշատակարանի առաջին մասի թարգմանությունը, ներառյալ այն, ինչ նա անվանում էր Լեքիի գիրքը: Մարտին Հարրիսը անհաղթահարելի ցանկություն էր զգում ձեռագրերը տանել Նյու Յորք և ցույց տալ իր կնոջը և ընտանիքին: Երկու անգամ Ջոզեֆը խնդրեց Տիրոջ թույլտվությունը, բայց երկու անգամն էլ պատասխանը «ոչ» էր: Մարտինը համառում էր, և Ջոզեֆը հարցրեց Տիրոջը երրորդ անգամ: Այդ անգամ Տերը թույլատրեց՝ մի պայմանով, որ Մարտին Հարրիսը ուխտ աներ ձեռագրերը ցույց տալ միայն իր կնոջը և մի քանի այլ մարդկանց: Մարտինը ցնծալով վերցրեց ձեռագրերը և գնաց Պալմիրա:

Ջոզեֆը, սակայն, մտահոգված էր: Այդ ժամանակահատվածում Մորոնին այցելեց Ջոզեֆին և հանդիմանեց նրան, որ շարունակ թույլտվություն էր խնդրում, որ Մարտինը տանի ձեռագրերը: Ջոզեֆը պետք է մեկնիչներն ու թիթեղները վերադարձներ Մորոնիին:6

Այդ անհանգստությունից զատ, Էմման ծննդաբերեց, բայց որդին չապրեց: Էմման՝ ինքը, հազիվ փրկվեց մահից, և Ջոզեֆը երկու շաբաթ անցկացրեց նրա կողքին: Երբ Էմման սկսեց մի փոքր լավ զգալ, նա հորդորեց Ջոզեֆին գնալ և պարզել, թե ինչ եղավ Մարտինի ու ձեռագրերի հետ:

Ջոզեֆի Պալմիրա ժամանած օրը Մարտին Հարրիսը հաստատեց Ջոզեֆի ամենավատ մտավախությունները՝ ձեռագրերը կորել էին: Ջոզեֆի մայրը նկարագրել է այդ տեսարանը.

«Ջոզեֆը ... ցատկեց սեղանից, բացականչելով. «Մարտին, դու կորցրե՞լ ես ձեռագրերը» ….

«Այո, կորել է, – պատասխանեց Մարտինը, – և չգիտեմ, թե որտեղ»:

«Ա՜խ … . – ասաց Ջոզեֆը, սեղմելով ձեռքերը, – ամեն ինչ կորած է. ամեն ինչ կորած է: Ի՞նչ պետք է անեմ ես: Ես մեղանչել եմ ... Ես պետք է բավարարված լինեի Տիրոջից ստացած առաջին պատասխանով ….»: Նա քայլում էր ետ ու առաջ՝ սգալով ու մորմոքվելով ….

«.... Ի՞նչ կշտամբանքի եմ ես արժանի Բարձրյալի հրեշտակի կողմից»:

… .Ինչ կարող էի ես ասել, որ մխիթարեի նրան, երբ ընտանիքն ամբողջովին նույն տրամադրության մեջ էր, ինչ նա. հեկեկոցն ու հառաչանքը և ամենադառը ողբերը լցրել էին տունը …. Եվ նա շարունակում էր ետ ու առաջ քայլել, լացելով ու վշտանալով, մինչև գրեթե մայրամուտ, երբ, համոզելով, նա մի քիչ կերավ:

Հաջորդ առավոտյան, [նա] ճանապարհվեց տուն: Մենք բաժանվեցինք ծանր սրտով, որովհետև այժմ թվում էր, որ այն ամենը, ինչ նա այդպես սիրով ակնկալում էր…. մի ակնթարթում անհետացել էր ու թվում է, գնացել էր ընդմիշտ»:7

Հարմոնի վերադառնալու չորս օրվա ճանապարհը հավանաբար ծանր էր Ջոզեֆի համար: Նա մտահոգված էր Էմմայի մասին և դեռևս վշտահար էր իրենց առաջնեկի կորստով: Նա կորցրել էր ձեռագրերը և այլևս չուներ թիթեղներն ու մեկնիչները: Տան ճանապարհը շատ երկար էր:

Ջոզեֆը որոշում կայացրեց դիմել Տիրոջը:8 Հետևյալ խոսքերով նա նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ Հարմոնի վերադառնալուց հետո.

«Իմ վերադարձից ոչ շատ անց ես սկսեցի խոնարհեցնել ինձ Տիրոջ առաջ, զորավոր աղոթքով և.... հոգիս աղաչանքով [բացեցի] Աստծո առաջ, որ եթե հնարավոր էր, ես ողորմություն գտնեի նրա ձեռքից և ներում ստանայի իմ արածի համար, որը հակառակ էր եղել նրա կամքին»:9

«Ես անցել էի մի փոքր ճանապարհ, երբ…. այն նույն երկնային սուրհանդակը հայտնվեց և կրկին ինձ հանձնեց Ուրիմն ու Թումիմը [մեկնիչները].... Դրանց օգնությամբ ես դիմեցի Տիրոջը և ստացա հետևյալ հայտնությունը»:10

Հայտնությունը, որ ստացավ Ջոզեֆը, արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր  3-րդ բաժնում: Դա մի խոցող հանդիմանություն էր և հետագա ապաշխարության կոչ էր՝ մի խոստումով: Նախ հանդիմանությունը.

«Եվ ահա, որքա՜ն հաճախ ես դու զանցառել  Աստծո պատվիրաններն ու օրենքները և հետևել մարդկանց համոզմունքներին :

Քանզի ահա, դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր  քան Աստծուց։ Չնայած մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները, և արհամարհում են նրա խոսքերը,

Այնուամենայնիվ, դու պետք է հավատարիմ լինեիր. և նա կմեկներ իր ձեռքը և կաջակցեր քեզ՝ հակառակորդի բոլոր կրակոտ նետերի դեմ. և նա քեզ հետ կլիներ բոլոր փորձանքների ժամանակ»։11

Ջոզեֆին մղել էին մարդկային համոզմունքներն ու վախը , երբ Տիրոջից թույլտվություն էր խնդրել, որ ձեռագրերը տա Մարտին Հարրիսին: Ջոզեֆը սկսել էր ապաշխարել, սակայն Տերը նրան ուսուցանեց, որ ավելին պետք է արվեր.

«Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես:

Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և  կրկին  կանչված այս գործին»:12

Մորոնին պահանջեց, որ մեկնիչներն ու թիթեղները վերադարձվեն, սակայն խոստացավ նրան. «Եթե դու շատ խոնարհ ու համբերատար լինես, հնարավոր է, կրկին կստանաս դրանք»:13 Ջոզեֆը շարունակեց ապաշխարել և երկար չէր անցել, որ ստացավ թիթեղներն ու մեկնիչները Մորոնիից:14

Ավելի ուշ՝ 1829թ.-ի ձմռանը, մտահոգված լինելով թարգմանության դանդաղ ընթացքով, Ջոզեֆը խնդրեց Տիրոջը, որ իր համար մի դպիր ուղարկի:15 Օլիվեր Քաուդերիի զարմանահրաշ դարձից հետո՝ ապրիլ ամսին, Տերը Օլիվերին ուղարկեց Հարմոնի, որպեսզի ծառայի որպես Ջոզեֆի դպիր:16

Օլիվերի ժամանման հետ թարգմանության գործը նշանակալի տեմպով առաջ շարժվեց:

Մորմոնի գրքի թարգմանությունը հրաշքներով ու օրհնություններով լի էր Ջոզեֆի համար:

Ինչևէ, նրան անկասկած անհանգստացնում էր, թե ինչ պետք է անի Լեքիի գրքի հետ: Առանց Լեքիի գրքի պատմություն չէր լինի Լեքիի ընտանիքի մասին, դեպի խոստումի երկիր նրանց ճամփորդության, ոչ էլ Նեփիացիների ու Լամանացիների ծագման մասին:

1829 թվականի մայիսին Տերը Ջոզեֆին հայտնեց մի ծրագիր, որը դարերով պատրաստվել էր Լեքիի գրքին փոխարինելու համար՝ այժմ մեզ հայտնի Նեփիի փոքր թիթեղներ անվամբ: Այդ թիթեղները ամփոփ նկարագրում էին Լեքիի գրքի ժամանակաշրջանը և ներառում էին Նեփիի ու այլ մարգարեների մարգարեություններն ու ուսմունքները: Այդ գրությունները, որոնք Մորմոնի գրքում ներառված են 1 Նեփիից մինչև Մորմոնի խոսքերը, ոգեշնչվել էին Տիրոջ կողմից, պահպանվել էին հարյուրավոր տարիներ և Տիրոջ թելադրանքով Մորմոնի կողմից ավելացվել էին հիշատակարանում:17

Ջոզեֆն ու Օլիվերը չթարգմանեցին Լեքիի գիրքը: Տերը Ջոզեֆին զգուշացրեց, որ չար մարդիկ փոփոխություն էին կատարել բնագիր ձեռագրերում և դարան էին մտել, որպեսզի խոչընդոտեն Տիրոջ աշխատանքը: Ջոզեֆը թարգմանեց Նեփիի փոքր թիթեղները և տեղադրեց թարգմանությունը Մորմոնի գրքի սկզբում:

Մորմոնի գրքի թարգմանությունը ուղեկցվեց զարմանահրաշ փորձառություններով: Վերականգնվեց քահանայությունը, Ջոզեֆը և Օլիվերը մկրտվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը:18 Տասնմեկ վկաներ տեսան թիթեղները և վկայություն բերեցին դրանց իրականության մասին:

Մորմոնի գիրքը վկաների վկայության հետ միասին հրատարակվեց 1830 թվականին: Մարտին Հարրիսը, որը վկաներից մեկն էր, գրավ դրեց իր ագարակը, որպեսզի վճարի թարգմանության համար:

Այստեղ՝ ինձ մոտ, ես երկու մասունք ունեմ Եկեղեցու պատմական հավաքածուներից, որ կամենում եմ ցույց տալ ձեզ: Առաջինը՝ Մորմոնի գրքի բնագիր ձեռագրերի էջերից է: Այս էջը ներառում է 1 Նեփի 3.7 հատվածի անգլերեն թարգմանությունը.

«Ես կգնամ  ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը  պատվիրաններ  չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի  պատրաստելու  նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»։

Երկրորդ մասունքը Մորմոնի գրքի առաջին հրատարակության օրինակներից մեկն է:

Այն, ինչ Ջոզեֆը ստացավ հայտնությամբ, տպագրվեց Պալմիրայում և ահա այստեղ է՝ Մորմոնի գրքում: Պատմությունը, որ ես պատմեցի Ջոզեֆի մասին՝ որպես չափահաս երիտասարդ, Էմմայի մասին, Մարտին Հարրիսի, Օլիվեր Քաուդերիի, Մորոնիի և Մորմոնի գրքի մասին, ճշմարի՛տ է:

Ինչ նշանակություն ունի այս պատմությունը ձեզ համար

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրավիրում եմ ձեզ այս պատմության լույսի ներքո նայել ձեր իսկ փորձառություններին: Տերը նախապատրաստում և ուսուցանում է ձեզ, ճիշտ ինչպես Ջոզեֆ Սմիթին, երբ նա երիտասարդ ամուրի էր: Ջոզեֆի փորձառության մեջ կարևոր դասեր կան ձեզ համար: Այսօր ես ցանկանում եմ կենտրոնանալ դրանցից երեքի վրա. հավատք և վստահություն Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարություն և Մորմոնի գրքի հոգևոր զորությունը:

Դաս 1. Հավատք և վստահություն Հիսուս Քրիստոսի հանդեպ

Ես սկսում եմ 1-ին դասով. Հավատք և վստահություն Հիսուս Քրիստոսի հանդեպ

Ուզում եմ մի պահ մտածեք Ջոզեֆի իրավիճակի մասին, երբ Մարտին Հարրիսը Ջոզեֆին խնդրեց երրորդ անգամ դիմել Տիրոջը: Տերը արդեն երկու անգամ ոչ էր ասել: Մարտինի երրորդ խնդրանքը Ջոզեֆին դժվար կացության մեջ էր գցել: Այն իր հավատքի փորձությունն էր:

Մտածեք մի պահ: Մի կողմից Ջոզեֆը վստահում էր Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը և օրհնվել էր բազում նշանավոր հոգևոր փորձառություններով: Նա տեսել և հաղորդակցվել էր Հոր և Որդու հետ: Նա առանձնազրույցներ էր ունեցել Մորոնիի և այլ մարգարեների հետ: Հենց նոր նա Լեքիի գրքի հրաշագործ թարգմանության փորձառություն էր ունեցել մեկնիչների ու տեսանողի քարի օգնությամբ:19

Մյուս կողմից՝ Ջոզեֆը 22 տարեկան էր և մտահոգված էր: Նա հրաշալի կին ուներ, որը հղի էր իրենց առաջնեկով : Նա չուներ ոչ փող, ոչ կրթություն, ոչ էլ իր ընտանիքի մասին հոգալու միջոցներ: Նա շրջապատված էր թերահավատներով ու հալածողներով և չուներ շատ ընկերներ: Չկային խորհրդատուներ, ում հնարավոր էր դիմել. ոչ տնօրենների խորհուրդ, ոչ էլ դրամատերեր, որ նրան ֆինանսական միջոցներ ու խորհուրդ կտային: Նա գիտեր, որ պետք է հիշատակարանները հրատարակեր, բայց պատկերացում չուներ, թե ինչպես պետք է վճարեր տպագրության համար, եթե Մարտին Հարրիսը լքեր նրան: Նրա կյանքը լի էր անորոշություններով:

Չնայած հոգևոր փորձառությունների իր հարուստ պարգևին, Ջոզեֆը «մարդուց ավելի շատ վախեցավ, քան Աստծուց»20 և ընտրեց երրորդ անգամ հարցնել, այդպիսով առաջացնելով Տիրոջ դժգոհությունը և ճանապարհ բացելով ձեռագրերի կորստի համար: Չնայած դրան, Տերը ողորմած գտնվեց Ջոզեֆի հանդեպ: Նա օգնեց Ջոզեֆին ապաշխարել, գործի դնելով Ջոզեֆի արդեն ունեցած հավատքը և միջոցներ պատրաստեց ձեռագրերի կորուստը հաղթահարելու համար:

Շատ առումներով ձեր իրավիճակը նման է Ջոզեֆի իրավիճակին: Դուք չափահաս երիտասարդներ եք, որ անհանգստություններ ու անորոշություն եք զգում ամուսնության ու ընտանիքի, կրթության ու աշխատանքի և ձեր տեղը աշխարհում և Տիրոջ թագավորությունում գտնելու համար: Հնարավոր է այլ մարտահրավերներ ու խնդիրներ կան ձեր կյանքում:

Ինչպես Ջոզեֆը, դուք արդեն հոգևոր պաշար ու փորձառություններ ունեք: Դուք զգացել եք Տիրոջ Հոգին աղոթելիս, սուրբ գրություններ կարդալիս և այլ մարդկանց ծառայելիս: Դուք զգացել եք Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և զորությունը ապաշխարելիս, հաղորդություն ընդունելիս և սուրբ տաճար գնալիս:

Երբ հանդիպեք փորձությունների, որոնք անշուշտ կլինեն, խորհուրդ մի վերցրեք ձեր մտավախություններից, ոչ էլ ապավինեք մարդկային համոզմունքներին: Փոխարենը, ես ձեզ հրավիրում եմ անել այն բաները, ինչ Տերը Ջոզեֆին օգնեց անել: Ես խոստանում եմ, որ այն հոգևոր զորություն կբերի ձեր կյանք:

Նախ՝ օգտագործեք ձեր արդեն իսկ ունեցած հոգևոր փորձառություններն ու պաշարները, որպեսզի ավելացնեք ձեր հավատքը և վստահությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ապավինեք ձեր զգացած ու փորձառություն ունեցած հոգևոր օրհնություններին, որպեսզի ուժ ստանաք՝ առաջ գնալու Փրկիչի հանդեպ հավատքով: Նա ամենակարևորն է բոլոր օրհնություններից: Նրա սերը երբեք չի վերջանում: Նա ձեզ հետ կլինի յուրաքանչյուր նեղության ժամանակ:

Երկրորդը՝ հավատքի աչքով առաջ նայեք, որպեսզի տեսնեք Փրկիչի գործերը ձեր կյանքում: Հիշեք, թե Տերը ինչպես պատրաստեց Օլիվեր Քաուդերիին, որ լինի Ջոզեֆի դպիրը և օգնեց Ջոզեֆին վերականգնել 116 էջերի կորուստը Նեփիի փոքր թիթեղներով:21 Տերը ներգործություն է ունեցել Ջոզեֆի կյանքում, և Նա գործում է նաև ձեր կյանքում: Դուք հավերժական ինքնություն ու նպատակ և աստվածային ճակատագիր ունեք: Տերը հենց հիմա ներգործություն ունի ձեր կյանքում: Նա գնում է ձեր առջևից, բացելով դռներ, պատրաստելով այլ մարդկանց, որպեսզի օգնեն ձեզ և ճանապարհ է բացում ձեր առջև:

Դաս 2. Ապաշխարություն

Այժմ ես կխոսեմ 2-րդ դասի՝ ապաշխարության մասին:

Եկեք վերադառնանք այն պահը, երբ Ջոզեֆը հայտնաբերեց, որ ձեռագիր էջերը կորել են: Ջոզեֆը գիտակցեց, որ մեղք է գործել Տիրոջ առաջ և զանց է արել Նրա պատվիրանները: Մեղավորության զգացումն ու կսկիծը պատել էին Նրան: Սակայն Ջոզեֆը դարձավ դեպի Տերը և գտավ ներման հրաշքն ու քավության ուրախությունը:

Տերը Ջոզեֆին պահեց չափանիշների բարձր մակարդակի վրա՝ առանց արդարացումների: Նա Ջոզեֆին վերաբերվում էր ինչպես մեծ մարգարեի, ինչպիսին ցանկանում էր, որ Ջոզեֆը դառնար: Ջոզեֆը մարդուց ավելի շատ էր վախեցել, քան Աստծուց: Նա վստահել էր սեփական հասկացողությանը և չէր ապավինել Աստծուն: Ջոզեֆի համար ապաշխարությունը շատ ավելին էր, քան պարզապես ասել. «Ես սխալվել եմ: Ցավում եմ, որ կորցրել եմ ձեռագրերը»: Ջոզեֆին անհրաժեշտ էր հաղթահարել իր կյանքի այն հայացքները, մտավախություններն ու հակումները, որոնք եղել էին իր մեղքերի արմատը: Եվ նա կարիք ուներ աճելու և սովորելու և փոխվելու իր ողջ կյանքի ընթացքում:

Ջոզեֆին անհրաժեշտ էր սրտի փոփոխություն, որը հնարավոր էր Հիսուս Քրիստոսի ողորմածության, սիրո և զորության շնորհիվ: Այդ ամենը ճիշտ այն էր, ինչ Ջոզեֆը ստացավ: Տերը գիտեր Ջոզեֆի ազնիվ բնավորությունը: Ջոզեֆին ուղղված Նրա խոսքերում՝ «Դու Ջոզեֆն ես.... ապաշխարիր … . և դու դեռ ընտրված ես»,22 կարող եք լսել, թե ինչպես է Փրկիչը ձեռք մեկնում Ջոզեֆին Իր սիրով ու ողորմածությամբ, փափագելով, որ Ջոզեֆը կփոխվի:

Կարող եք լսել նաև, թե Տերը ինչպես է Ջոզեֆին սովորեցնում, թե ով է նա իրականում: Հնարավոր է, նա մեծացել էր որպես աղքատ, կրթություն չստացած գյուղի տղա, բայց դա նրա իրական ինքնությունը չէր: Նա Ջոզեֆ մարգարեն էր՝ ընտրյալ մի տեսանող, որի միջոցով Հիսուս Քրիստոսը պիտի վերականգներ Իր ավետարանի լրիվությունը երկրի վրա:

Երբ Տերը Ջոզեֆին ապաշխարության կանչեց, այն Ջոզեֆի համար անհրաժեշտ փոփոխությունների կոչ էր՝ բարձրանալու և Հիսուս Քրիստոսի քավության զորության շնորհիվ հասնելու իր ճշմարիտ իսկությանը: Փրկիչը արդեն տառապել էր այն ամենի համար, ինչի միջով անցնում էր Ջոզեֆը, ինչը իրական էր, դժվար ու շատ մտահոգիչ: Հիսուս Քրիստոսը Ջոզեֆին առաջարկեց ներման ու փրկագնման ուղին: Շատ օրերի, շաբաթների ու ամիսների ընթացքում, Ջոզեֆը խնդրում էր Տիրոջ ներումն ու Նրա փրկագնող զորությունը, և նա ստացավ իր փնտրածը:

Եղբայրներ և քույրեր, Տերը ձեզ համար ևս բարձր չափանիշներ է սահմանել՝ առանց արդարացումների: Նա ձեզ դիտում է որպես անվեհեր ու կարեկից աշակերտ, ինչպիսին ցանկանում է, որ լինեք: Բայց նա նաև սիրում է ձեզ, ինչպես որ սիրում էր Ջոզեֆին: Բոլորս ժամանակ առ ժամանակ թերանում ենք և յուրաքանչյուրս ունի ապաշխարության օրհնությունների կարիքը:

Ինչպես տեսնում եք Ջոզեֆի փորձից, ապաշխարությունը շատ ավելին է, քան Տիրոջը և ձեր եպիսկոպոսին խոստովանելը, որ ինչ-որ բան սխալ եք արել: Մեղք գործելը Տիրոջից հեռանալն է: Ապաշխարությունը Նրա մոտ կրկին վերադառնալն է: Ապաշխարությունը պահանջում է սրտի և մտքի փոփոխություն՝ ձեր իրավիճակին համապատասխան կյանքի փոփոխություն:

Ավելին, ապաշխարությունը շարունակական օրհնություն է ձեզ համար: Այն մի ուղի է, որով Տերը մեզ օգնում է անել ավելին, դառնալ ավելի լավը մեր ողջ կյանքի ընթացքում: Այն մի ուղի է, որով դուք բարձրանում եք և հասնում ձեր հավերժական ինքնությանը՝ որպես Աստծո որդիներ ու դուստրեր և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ:

Խոստումները ճշմարիտ են, եղբայրներ և քույրեր: Դարձեք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարեք ձեր մեղքերը և պահեք Նրա պատվիրանները: Նա անսահման ողորմածություն ունի23 և ինչպես Ջոզեֆն է հետագայում ուսուցանել. «Մեր երկնային Հայրը.... իր ողորմածությամբ ու օրհնություններով ավելի անսահման է, քան մենք պատրաստ ենք հավատալու կամ ընդունելու»:24 Հիսուս Քրիստոսը ընտրեց չարչարվել ձեր մեղքերի և ձեր բոլոր ցավերի ու վշտերի համար, որպեսզի կարողանա ուրախությամբ ներել, բուժել, փոխել, ամրապնդել և օրհնել ձեզ: Նա իսկապես մեր Փրկիչն է ու Քավիչը:

Դաս 3. Մորմոնի Գրքի հոգևոր ուժը

Այժմ կանցնեմ 3-րդ դասին՝ Մորմոնի Գրքի հոգևոր ուժը:

Երբ Ջոզեֆին ներվեցին իր մեղքերը, նա ուրախացավ, որ կրկին ստացավ թիթեղներն ու մեկնիչները:25 Ձեռագրերը կորցնելու նրա փորձը նրա հոգում տպավորել էր Տիրոջ աշխատանքում Մորմոնի գրքի կարևորությունը: Մորմոնի Գրքի մարգարեների առանցքային ուղերձը նրանց վկայությունն է Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին: Այդ գրքում հոգևոր զորություն կա:

Այդ զորությունը երևում է Ջոզեֆի թարգմանչական փորձառությունից: Թարգմանության գործը մեխանիկական գործ չէր: Այն հոգևոր փորձառություն էր, որը Ջոզեֆին ուսուցանեց, թե ինչպես են գործում Տերը և Սուրբ Հոգին: Մորմոնի Գիրքը հայտնության փորձառություն էր Ջոզեֆի համար սկզբից մինչև վերջ: Այն Ջոզեֆին սովորեցրեց Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, և Տերը կանչեց նրան ապրել այդ վարդապետությամբ՝ գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին:26

Այդ փորձառության ընթացքում Տերը Ջոզեֆին օրհնեց աճող հոգևոր զորությամբ: Օրինակ, իր մկրտությունից հետո, Ջոզեֆն ասաց, որ «լցված էր Սուրբ Հոգով» և «[սուրբ գրքերի] իմաստն ու նպատակը բացվեց [նրա հասկացողության] համար:27

Մորմոնի գրքի երևան գալը Տերը օգտագործեց Ջոզեֆին բարձրացնելու և Իրեն մոտեցնելու համար: Տերն ուսուցանեց Ջոզեֆին և ամրապնդեց նրան՝ Սուրբ Հոգու զորությամբ ստեղծելով այդ գիրքը:

Ինչպես Ջոզեֆի համար, ձեզ համար ևս, Մորմոնի գիրքը կարող է հայտնության փորձառություն դառնալ:

Մորմոնի գիրքը գրող մարգարեները տեսել էին մեր ժամանակները: Նրանք գրել են մեզ համար: Նրանց խոսքերը մեր ժամանակների, մեր կարիքների և մեր նպատակների համար են : Եթե ձեր սիրտը բաց է, երբ կարդաք ու աղոթեք Մորմոնի գրքի մասին, Սուրբ Հոգին28 ձեզ «կհայտնի ճշմարտությունը գրքի մասին»:29 Դուք կիմանաք, որ Տեր Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն ու Քավիչն է, և որ Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է:

Դուք Եկեղեցու անդամ եք, թե՝ ոչ, հին, թե նոր անդամ եք , ես հրավիրում եմ ձեզ անել այն, ինչ Ջոզեֆն արեց՝ կարդալ Մորմոնի գիրքը, աղոթել դրա մասին և գործել Հիսուս Քրիստոսի մասին հավատքով՝ ապաշխարելով, մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգին: Այնուհետև, առաջ գնացեք, որպեսզի ստանաք և պահեք փրկության բոլոր արարողություններն ու ուխտերը, ներառյալ՝ տաճարային կնքման արարողությունը:

Ես գիտեմ Մորմոնի գրքի զորության մասին բազմաթիվ անձնական փորձառություններից: Այսօր ձեզ հետ կկիսվեմ դրանցից մեկով, որը ինձ հետ տեղի է ունեցել, երբ ես չափահաս երիտասարդ էի: Ես արդեն երկու ամիս միսիա էի ծառայում Գերմանիայում: Այդ երկու ամիսները դժվար էին, և ես ընկճված էի: Մի առավոտ ես ծնկի իջա աղոթելու և Երկային Հորը պատմեցի իմ մտահոգությունների մասին: Ես ասացի. «Երկնայի՛ն Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ»: Աղոթելիս ես մի հստակ ու պարզ ձայն լսեցի՝ կարծես ինչ-որ մեկը կողքիս կանգնած էր: Ձայնը ասաց. «Հավատա՛ Աստծուն»:

Ես նստեցի մահճակալին ու բացեցի Մորմոնի գիրքը՝ Մոսիայի 4-րդ գլխի  9 և 10 հատվածները և կարդացի Բենիամին թագավորի խոսքերը.

«Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է  բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր  իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. …

… . Հավատացե՛ք, որ դուք պետք է ապաշխարեք  ձեր մեղքերից և թողնեք դրանք և խոնարհեցնեք ձեզ՝ Աստծո առաջ.... և այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք»:30

Երբ կարդում էի այդ խոսքերը, ինձ թվում էր, թե Բենիամի թագավորը խոսում է ինձ հետ: Ես զգացի Սուրբ Հոգու զորությունը իմ սրտում: Ես գիտեի, որ դա իմ աղոթքի պատասխանն էր: Ինձ պետք էր վստահել Աստծուն, ապաշխարել ու գործի անցնել: Այդ օրվանից մինչև այժմ Մորմոնի գիրքը հոգևոր զորության աղբյուր է եղել իմ կյանքում:

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ձեզ կուղղորդի դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վարդապետությունը: Կարդացեք Մորմոնի գիրքը, ուսումնասիրեք այն, աղոթեք նրա վերաբերյալ, ձեր մտքում ու ձեր սրտում արժեվորեք նրա խոսքերն ամեն օր, ինչպես Նախագահ Մոնսոնն է խորհուրդ տվել մեզ: Ամեն անգամ ձեր կյանքում մեր Տերը և Փրկիչը խաղաղություն կխոսի ձեր հոգուն, կբարձրացնի և կամրապնդի ձեզ և ձեզ ավելի ու ավելի շատ կմոտեցնի Իրեն, այդ գրքում, Սուրբ Հոգու զորությամբ:

Վկայություն

Ջոզեֆի չափահաս երիտասարդության տարիքի այդ երեք դասերը վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին: Ես վկայո՛ւմ եմ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստծո կենդանի Որդին: Իրական Քավի՛չ կա: Նա ապրո՛ւմ է:

Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք դասեր սովորեք Ջոզեֆի կյանքից: Չնայած նա դժվարություններ ուներ չափահաս երիտասարդության տարիքում, նա վստահում էր Տիրոջը և Տերը օրհնեց, որպեսզի նա դառնա Վերականգնման մեծ մարգարեն: Ջոզեֆը կատարեց Աստծո սուրբ աշխատանքը: Վերականգնումը ճշմարի՛տ է: Հիշե՛ք այս. Հիսուսը Քրիստո՛սն է և Ջոզեֆը Նրա մարգարե՛ն է: Ջոզեֆ Սմիթից քահանայության բանալիները, իշխանությունը և զորությունը անխախտ շղթայով անցել են Թոմաս Ս. Մոնսոնին: Նախագահ Մոնսոնը Տիրոջ մարգարե՛ն է այսօր՝ երկրի վրա: Այս բոլորը ճշմարի՛տ է:

Եվ այսպես, իմ սիրելի եղբայրներ և քույրեր ողջ աշխարհում, այսօր ես հորդորում եմ ձեզ՝ վստահե՛ք Տեր Հիսուս Քրիստոսին: Նա անձամբ ճանաչում էր Ջոզեֆին. նա անձամբ ճանաչում է ձեզ: Նա սիրում է ձեզ և Նա գործում է ձեր կյանքում: Նրա ողորմածության, շնորհի և սիրո շնորհիվ դուք կարող եք բարձրանալ, ինչպես Մարգարե Ջոզեֆը, հաղթահարեք ամեն փորձություն և դառնաք այն մարդը, որ վիճակված եք դառնալու՝ անվեհեր, հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր, առաջնորդներ ձեր հավերժական ընտանիքում և Նրա ճշմարիտ ու կենդանի Եկեղեցում, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ՝ լցված Նրա լույսով և Նրա սիրով, պատրաստ լինելով ընդունելու Փրկիչին, երբ նա կրկին վերադառնա: Ես վկայում եմ այդ մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մորոնին չորս տարի շարունակ խորհուրդներ էր տալիս, սովորեցնում ու դաստիարակում էր Ջոզեֆին: 1823 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերի նույն օրը Ջոզեֆը գնում էր Կումորա բլուր: Ամեն տարի նա գնում էր մեծ հույսով, որ կստանա թիթեղները, բայց Մորոնին ասում էր, որ նա (Ջոզեֆը) պատրաստ չէ: 1827թ. սեպտեմբերին նա պատրաստ էր: Մեկնիչների վերաբերյալ տեղեկության համար, տես Ալմա 37.21–24: Ջոզեֆ Սմիթն ասել է, որ երկու քարերը հնում այսպես էին կազմում Ուրիմն ու Թումիմը: Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.35. տես նաև Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, «Joseph the Seer», Ensign, Oct. 2015, 49–55:

  2. Իսահակ Հեյլը՝ Էմմայի հայրը, Ջոզեֆին ու Էմմային առաջարկել էր օգնել հողով, տնով և այլ պայմաններով, եթե նրանք վերադառնային Հարմոնի՝ Պենսիլվանիա (տես The Joseph Smith Papers, Documents, Volume 1: July 1828–June 1831, ed. Michael Hubbard MacKay and others [2013], 29; Michael Hubbard MacKay and Gerrit J. Dirkmaat, From Darkness unto Light: Joseph Smith’s Translation and Publication of the Book of Mormon (2015), 32–33): Մարտին Հարրիսը՝ տեղի մի ընկեր և հաջողակ ագարակատեր, Ջոզեֆ և Էմմա Սմիթներին տվեց 50 դոլար, որպեսզի օգնի պարտքերը մարել և վճարել Պենսիլվանիա տեղափոխվելու ծախսերը (տես The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, ed. Karen Lynn Davidson and others [2012], 15):

  3. Մորմոնի գրքից արտագրած գրերի վերաբերյալ Մարտին Հարրիսի խոսակցությունների ու ճամփորդությունների մասին, կարդացեք Richard E. Bennett, «Martin Harris’s 1828 Visit to Luther Bradish, Charles Anthon, and Samuel Mitchill», in The Coming Forth of the Book of Mormon: A Marvelous Work and a Wonder, ed. Dennis L. Largey and others (2015), 103–15:

  4. Մի քանի տարբեր պատմություններ հաստատում են այն իրողությունը, որ Մարտին Հարրիսը գրերը ցույց էր տվել առնավազն երեք անձնավորության, «որպեսզի ուսումնասիրի, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է թարգմանել այդ գրերը, և որ [Ջոզեֆ Սմիթը] սկսեց թարգմանել, միայն երբ Հարրիսը վերադարձավ՝ չգտնելով թարգմանիչ» (in The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, 241): Իր ամենավաղ պատմության մեջ Ջոզեֆ Սմիթը արձանագրել է, որ Մարտին Հարրիսն «ասաց, որ Տերը իրեն ցույց է տվել, որ նա պետք է գնա Նյու Յորք քաղաք, տանելով գրերի օրինակներից մի քանիսը, այնպես որ մենք սկսեցինք արտագրել գրերից մի քանիսը, և նա ճամփորդեց դեպի արևելյան քաղաքները ուսյալ մարդկանց մոտ, ասելով. «Կարդացեք այս գրերը, խնդրում եմ». ուսյալ մարդիկ ասել էին. «Ես չեմ կարող», բայց եթե թիթեղներն իրենց մոտ տանեինք. … նրանք կկարդային գրերը, սակայն Տերը արգելել էր այդ, և [Մարտին Հարրիսը] վերադարձավ ինձ մոտ և տվեց դրանք ինձ, որ թարգմանեմ. ես ասացի «[Ես] չեմ կարող, քանի որ ուսյալ չեմ», սակայն Տերը ակնոց էր պատրաստել գիրքը կարդալու համար, ուստի ես սկսեցի թարգմանել գրերը» (in The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, 15; capitalization, punctuation, and spelling standardized for clarity):

  5. Ջոզեֆ Սմիթ, Մորմոնի գրքի 1830 թվականի հրատարակության առաջաբան: Ավետարանի թեմաների վերաբերյալ ակնարկների շարքի «Book of Mormon Translation» թեմայում կարող եք ավելին կարդալ Մորմոնի գրքի թարգմանության վերաբերյալ  topics.lds.org.

  6. Տես Manuscript History of the Church, vol. A-1, p. 10, josephsmithpapers.org:

  7. Lucy Mack Smith, Biographical Sketches of Joseph Smith the Prophet and His Progenitors for Many Generations (1853), 121–22:

  8. Ջոզեֆի համար օրհնություն էր, որ այդ սոսկալի նորությունը լսելիս նա Նյու Յորքում էր՝ իր ընտանիքի շրջապատում: Նախքան Հարմոնի (Պենսիլվանիա) վերադառնալը, մայրը նրան հուշեց, որ «խոնարհվելու և ապաշխարելու դեպքում, հնարավոր է, որ Տերը Ջոզեֆին ների» (Smith, Biographical Sketches, 121:

  9. Smith, Biographical Sketches, 125:

  10. Joseph Smith, in Manuscript History of the Church, vol. A-1, p. 10, josephsmithpapers.org:

  11. Վարդապետություն և Ուխտեր 3.6–8

  12. Վարդապետություն և Ուխտեր 3.9–10

  13. Տես Smith, Biographical Sketches, 125:

  14. Մորմոնի գրքի թիթեղները վերադարձնելու վերաբերյալ պատմությունները հակասական են: Ջոզեֆի պատմությունում ասվում է, որ տևեց մի քանի օր, իսկ Լյուսի Մակ Սմիթի պատմությունը պնդում է, որ եղել է սեպտեմբեր ամսին (տես Manuscript History of the Church, vol. A-1, p. 11, josephsmithpapers.org; Lucy Mack Smith, Biographical Sketches, 126):

  15. Այդ աշնան և ձմռան ընթացքում Ջոզեֆը Էմմայի հետ, որը նաև նրա դպիրն էր, թարգմանչական որոշ աշխատանքներ կատարեց, սակայն մեծ մասամբ Էմման ու Ջոզեֆը հողը մշակելու և իրենց տան մասին հոգալու կարիք ունեին (տես Smith, Biographical Sketches, 131):

  16. Օլիվեր Քաուդերին այդ ընթացքում մնում էր Սմիթների տանը՝ Մանչեստերում (Նյու Յորք), և դասավանդում էր դպրոցում: Նա լսեց ոսկե թիթեղների և Մորմոնի Գրքի մասին և «մի երեկո, անկողին մտնելուց հետո, նա աղոթեց Տիրոջը, որպեսզի իմանա, թե արդյոք իր լսած բաները իրական էին, և Տերը նրան բացահայտել էր, որ դրանք ճշմարիտ էին» (Joseph Smith, in Manuscript History of the Church, vol. A-1, p. 15, josephsmithpapers.org). Ստանալով այդ գիտելիքը՝ նա մի անհաղթահարելի ցանկություն զգաց գրագիր լինել Ջոզեֆի համար:

  17. Տես Վարդապետություն և Ուխտեր 10.38–42: Նեփին ոգեշնչվել էր փոքր թիթեղները պատրաստելու մտքով (տես 1 Նեփի 9.3–6), և ահա թե ինչպես է Մորմոնը նկարագրել այդ արձանագրությունները հիշատակարանում ներառելու իր ստացած ոգեշնչումը. «Ահա, ես պիտի վերցնեմ այս թիթեղները, որոնք պարունակում են այս մարգարեացումներն ու հայտնությունները, և դրանք կդնեմ իմ հիշատակարանի մնացածի հետ, քանզի դրանք ընտիր են ինձ համար. … Եվ ես անում եմ սա իմաստուն նպատակի համար. քանզի ըստ Տիրոջ Հոգու ներգործումների, որն իմ մեջ է» (Մորմոնի Խոսքերը 1.6–7):

  18. Երբ Ջոզեֆն ավարտեց հիշատակարանի թարգմանությունը, նա և Օլիվերը հուշում զգացին՝ գնալ անտառ և աղոթել մկրտության և մեղքերի թողության համար, որի մասին նշվում էր 3 Նեփիի թարգմանության մեջ (տես 3 Նեփի 11.21–28, 19.9–13, 27.16–20): Նրանք պատասխան ստացան իրենց աղոթքին: Ջոզեֆն ու Օլիվերը Ահարոնյան քահանայություն ստացան Հովհաննես Մկրտիչի կողմից և միմյանց մկրտեցին (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.68–73): Ավելի ուշ, նրանք Մելքիսեդեկյան քահանայություն ստացան Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից, ինչը նրանց իշխանություն տվեց շնորհելու Սուրբ Հոգու պարգևը (տես Վարդապետություն և Ուխտեր 27.12–13):

  19. Տես The Joseph Smith Papers, Revelations and Translations, Volume 3, Part 1: Printer’s Manuscript of the Book of Mormon, 1 Նեփի 1–Alma 35, ed. Royal Skousen and Robin Scott Jensen [2015], xvii–xix; MacKay and Dirkmaat, From Darkness unto Light, 67–69:

  20. Վարդապետություն և Ուխտեր 3.7

  21. Երբ Ջոզեֆն իմացավ, որ Մարտին Հարրիսը կորցրել է ձեռագրերը, նա չգիտեր, որ Տերը Մորմոնին ոգեշնչել էր Նեփիի փոքր թիթեղները ներառել հիշատակարանում: Նա չգիտեր, որ Տերը Մարտին Հարրիսին կոգեշնչի ապաշխարել, Մորմոնի գրքի վկաներից մեկը դառնալ և վճարել գրքի տպագրության համար: Դրանցից ոչ մեկը Ջոզեֆը չգիտեր: Տերը Ջոզեֆից առաջ էր անցել և ուղի էր նախապատրաստում նրա համար:

  22. Վարդապետություն և Ուխտեր 3.9–10

  23. Տես Մոսիա 28.4:

  24. Joseph Smith, in Manuscript History of the Church, vol. D-1, addenda, p. 4, josephsmithpapers.org:

  25. Հակադրությունը սուր էր Ջոզեֆի համար խավարի այն ամիսներին, որոնց ընթացքում նա կորցրել էր թարգմանելու ունակությունը: Տերը նրան զորություն էր տվել «[մեկնիչների] օգնությամբ թարգմանելու, սակայն Ջոզեֆը «կորցրել [էր այդ] պարգևը և [նրա] միտքը մթագնել էր» (Վարդապետություն և Ուխտեր 10.1–2): Ջոզեֆի միտքը Սուրբ Հոգու զորությամբ լուսավորված էր եղել, և այդ լույսը կորցնելով, նա հոգու մթագնում էր ապրում: Այդ կորուստն օգնեց, որ հայտնության ոգին ու Հոգու առաջնորդությունը քաղցր դառնան Ջոզեֆի համար:

  26. Բաունթիֆուլի տաճարի մոտ ժողովրդին Փրկիչի այցելության և մկրտության ու Սուրբ Հոգու ստացման պատմության թարգմանության ժամանակ Ջոզեֆն ու Օլիվերը հուշում զգացին հայտնություն փնտրել մկրտության և Սուրբ Հոգու պարգևի շնորհման պաշտոնավարման իշխանության վերաբերյալ (տես The Joseph Smith Papers, Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 42; տես also Oliver Cowdery, letter to W. W. Phelps, dated Sept. 7, 1834, in Latter Day Saints’s Messenger and Advocate, Oct. 1834, 15–16):

  27. Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.73–74

  28. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտված մարդիկ ստանում են Սուրբ Հոգու պարգևը, ինչը Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը վայելելու իրավունք է: Մարդիկ, ովքեր դեռ չեն մկրտվել, կարող են ստանալ Սուրբ Հոգու զորությունը՝ Մորմոնի Գրքի ճշմարտության վկայության համար, բայց Սուրբ Հոգին չի մնա նրանց հետ:

  29. Մորոնի 10.4

  30. Մոսիա 4.9–10

Տպել