2020 թվականի հոգևոր հավաքներ
Դիմանալով կյանքին Սուրբ Հոգու ընկերակցությամբ:


Դիմանալով կյանքին Սուրբ Հոգու ընկերակցությամբ:

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

Կիրակի, մայիսի 3, 2020թ․

Բարի երեկո, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Ես այնքան շնորհակալ եմ այդ երգի համար: Դա բոլոր ժամանակներում իմ սիրելի երգերից մեկն է, և այս պահին այն ինձ տվեց խաղաղության և սիրո զգացում: Ես նաև կամենում եմ արտահայտել իմ խոնարհությունը և սերը ձեզ հետ այստեղ լինելու համար: Շատ խոնարհեցնող է՝ աշխարհում բազմաթիվ մարդկանց ճանաչել և գիտենալ այն աղոթքները, որոնք ասվել են: Եվ ես ցանկանում եմ իմ սերը հղել իմ թոռնիկներին, որոնց մենք չենք տեսել ամիսներ շարունակ: Հուսով եմ, նրանք լսում են և գիտեն, թե որքան ենք սիրում իրենց:

Եթե նրանք այստեղ լինեին, կվկայեին այն փաստի մասին, որ ես սիրում եմ ամեն տեսակի եղանակ՝ արևափայլ, հաճելի զեփյուռ, ձնաբուք, հողմեր, ամպրոպներ և նույնիսկ հյուսիս-արևելյան եղանակ՝ հսկայական փքված և ծովափին բախվող ալիքներով: Վերջին 45 տարիների ընթացքում մենք ապրել ենք Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի տարբեր վայրերում, և յուրաքանչյուր վայր ուներ իր եղանակային ուրույն մարտահրավերները: Միացյալ Նահանգների միջին արևմուտքում կային ուժեղ կայծակներով փոթորիկներ, իսկ հարավ-արևելքում` մրրիկներ, հյուսիս-արևելքում` ձնահողմեր, ձյունախառն անձրևներ և սառնամանիքներ, արևմուտքում` տոթ Սանտա Անայի քամիներ և երկրաշարժեր: Արևմտյան Աֆրիկայում տեղատարափ անձրևներ էին և փոշեբուք Հարմաթանից, որոնք Սահարայի կարմիր ավազները փչում տարածում էին ողջ երկրով մեկ, Եվրոպայում անձրև էր, ձնախառն անձրև, ձյուն և փայլող արև, երբեմն էլ բոլորը նույն օրը, իսկ հետո Ասիայում մենք զգացինք թայֆունների ուժը: Այդ բոլոր տարբեր եղանակային փորձառությունները միշտ ինձ համար հուզումնալի էին: Ի՞նչ կարող եմ ասել: Ես սիրում եմ եղանակը։

Այդուհանդերձ, որքան էլ ես անհամբերությամբ եմ սպասում Մայր Բնության ու նրա վեհության դրսևորումների հետ հանդիպմանը, ես խորը հարգանք եմ տածում այն ուժի և հնարավոր վտանգի հանդեպ, որը միշտ առկա է կատաղի եղանակային իրադարձություններում: Ես երբեք չեմ վտանգում իմ կյանքը, անկախ այն գայթակղությունից կամ գեղեցկությունից, որը ես տեսնում եմ այդ ուժի մեջ: Ես երբեք դիտավորյալ չեմ ընտրի կանգնել բաց դաշտի մեջտեղում, որպեսզի ուղղակի դիտեմ կայծակի սքանչելի տեսարանը, ես երբեք չեմ սուզվի օվկիանոսում, երբ հզոր, փառահեղ, վտանգավոր ալիքները բախվում են ափին, և ես չեմ գայթակղի Մայր Բնությանը` ապաստան չփնտրելով վրա հասնող տորնադոյից կամ մրրիկից: Ես որոշակիորեն գիտակցում եմ իմ սեփական չնչինությունը իմ շուրջը գտնվող եղանակի ամբողջ ուժի հետ համեմատ:

Ինձ համար փոփոխվող եղանակի ուժը կյանքի կարևոր փոխաբերություն է: Երբ մենք դուրս ենք գալիս մեր դռներից ամեն օր, ինձ և ձեզ ողջունում են ոչ միայն անվերահսկելի ֆիզիկական եղանակային իրադարձություններ, այլ նաև մշտապես հզոր հոգևոր ներգործող ուժեր և գայթակղություններ: Չնայած հանգամանքները կարող են տարբեր թվալ ձեզանից յուրաքանչյուրի համար, այն պետք է ստիպի ձեզ հարցնել. «Ինչպե՞ս կարող եմ լավագույնս պատրաստել իմ կյանքը շրջապատող ամենօրյա եղանակին»:

Ես հավատում եմ, որ մենք անում ենք այդ, ինչպես մեր մարգարեն` նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է խստորեն խորհուրդ տվել մեր վերջին համաժողովում՝ հետևել «այն խորիմաստ հայտարարությանը [երբ] Աստված… ասաց, «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» [Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17]»:1

Մենք գուցե լիովին չտեսնենք կամ չհասկանանք, թե ինչ է գալիս դեպի մեզ, պտտվում մեր վերևում կամ մեր հետևմ, կամ ոչ միշտ կարողանանք կանխատեսել մեր ճանապարհին հայտնվող հզոր և անտեսանելի ուժերը, բայց մենք կարող ենք վտահ լինել մեր ամենօրյա ճամփորդության մեջ, եթե «լսենք Նրան»: Երեց Բոյդ Ք. Փաքերը հաճախ էր ասում. «Եթե այն ամենը, ինչ գիտեք, այն է, ինչ տեսնում եք ձեր բնական աչքերով, և լսում ձեր բնական ականջներով, ապա դուք չեք կարող շատ բան իմանալ»:

Առաջին տեսիլքի մեծ ճշմարտությունն այս իրականությունն է. եթե դուք կախված եք միայն ձեր սեփական տեսլականից և գիտելիքներից, ապա դուք լիովին կսահմանափակվեք ձեր շուրջը գտնվող ավելի մեծ պատկերը տեսնելուց, և ձեր հոգին գուցե վտանգվի: 2004 թվականի ապրիլի գերագույն համաժողովում նախագահ Նելսոնը կրկին ասաց.

«Այժմ, քան երբևէ,ավելի հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում ձեզ հետ: Աստվածագլխում Սուրբ Հոգին է սուրհանդակը: Նա կհուշի այնպիսի մտքեր, որոնք Հայրը և Որդին ցանկանում են, որ դուք ստանաք։ Նա Մխիթարիչն է: Նա խաղաղության զգացողություն կբերի ձեր սրտին: Նա վկայում է ճշմարտության մասին և կհաստատի ճշմարտությունը, երբ լսեք և կարդաք Տիրոջ խոսքը:

Ես կրկին խնդրում եմ, որ դուք անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ձեր հոգևոր ունակությունը մեծացնելու համար, որպեսզի ստանաք անձնական հայտնություն»։2

Շատ վաղուց, հոգևոր ուսուցման ընթացքում անձնական մաքառումներով և աղոթքի պատասխաններով, ես տեղյակ դարձա այս խորին իրականությանը և ճշմարտությանը. որպեսզի օգնի մեզ տեսնել և նախապատրաստվել ամեն մրրիկի կամ փոթորկոտ եղանակի համար, Աստված մեզ տվեց Սուրբ Հոգու պարգևը և անձնական հայտնությունը: Մեր ամենօրյա կյանքում դա անգին պարգև է՝ կարողանալ «ցույց տալ [մեզ] բոլոր բաները, որոնք [մենք] պետք է անենք»:3

Երբ ես մեծանում էի, մտածում էի հայտնության մասին որպես մի բանի, որը միայն Եկեղեցու առաջնորդների կամ մարգարեների, առաքյալների և ավելի հասակավոր մարդկանց համար է, բայց իհարկե, ոչ ինձ համար՝ որպես երիտասարդ անձնավորություն: Այսօր ես գիտեմ մեկ այլ բան, և վկայում եմ այս երեկո, որ անձնական հայտնությունը մի օրհնություն է, որին մենք պետք է ձգտենք: Երբ մեր սրտերը և մտքերը խոնարհ են, ուսանելի և բաց հավատքով առ Հիսուս Քրիստոս, մենք կուսուցանվենք ճշմարտություններ և կառաջնորդվենք Սուրբ Հոգու կողմից: Ձեզանից ոմանք գուցե զգան, որ արժանի չեն Աստծո առաջնորդող ձայնին: Գուցե զգաք ինչպես Լամանն ու Լեմուելը, որ Աստված չի կամենում Իր ձայնը «հայտնի» դարձնել ձեզ: Մի հավատացեք դրան: Նրա Հոգին մատչելի է բոլորին: Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը վերջերս ասաց. «Մեզ պետք չէ … կարողությունների կամ առաքինության որոշակի նվազագույն մի մակարդակ, որպեսզի Աստված օգնի մեզ. աստվածային օգնությունը կարող է [ձերը] լինել ամեն օրվա ամեն ժամի»:4 Աստված կհանդիպի ձեզ այնտեղ, որտեղ դուք եք, առանց պայմանների: Հիսուսն ասաց. «Խնդրեք և կստանաք»:5 Իհարկե, երկինքը նույնիսկ ավելի է մոտենում և ավելի բացվում, երբ դուք խոնարհաբար և ջանասիրաբար ձգտում եք հասկանալ և պահել Նրա պատվիրանները:

Ձեր կյանքը և ուրիշների կյանքը կօրհնվի, երբ գործեք համարձակ՝ Հոգու կողմից ձեզ տրված որևէ կամ բոլոր հուշումների համաձայն: Թույլ տվեք կիսվել մի փորձառությամբ, որն ուսուցանեց ինձ այս ճշմարտությունը տարիներ առաջ: Շատ տարիներ առաջ, երբ մեր ավագ դուստրը ուսանող էր Յուտայի համալսարանում, ես խաղաղությամբ արթնացա կես գիշերին և անմիջապես մի հանդարտ հուշում ստացա նրա մասին: Ես լրիվ արթուն էի, բայց ոչ մի վախ չէի զգում, միայն սեր նրա հանդեպ, բայց համոզված էի, որ նա գուցե վտանգի մեջ է: Մենք ապրում էինք Կոնեկտիկուտում, իսկ նա՝ հեռավոր Յուտայում: Ապա գլխումս մի միտք ծագեց . «Զանգիր ոստիկանություն: Հարցրու նրանց՝ արդյոք կարող են ոստիկանության մեքենա ուղարկել` ստուգելու տարածքը այն շրջանում, որտեղ նա էր ապրում»: Ես մի պահ տատանվեցի, փորձելով հասկանալ այն, ինչ լսում էի և կրկին լսեցի ձայնը. «Զանգիր ոստիկանություն»: Ես հենց այդպես էլ արեցի: Ես ոստիկանություն զանգեցի: Ես ճշգրիտ չկարողացա բացատրել սպային, թե ինչու էի խնդրում դա գիշերվա կեսին, բայց ասացի նրան, որ իսկապես շնորհակալ կլինեի, եթե նա մեքենա ուղարկեր այդ տարածք` ստուգելու իմ դստեր տան շրջակայքը: Նա հավաստիացրեց ինձ, որ կաներ, և ես հանգիստ գնացի քնելու: Հաջորդ առավոտ ես արթնացա, գրեթե չհիշելով, թե ինչ էր տեղի ունեցել գիշերը:

Մի քանի օր անց, երբ մենք մեկնում էինք Յուտա, և մինչ մոտենում էինք մեր հյուրանոցին, ռադիոյով լսեցինք, որ ոստիկանությունը ձերբակալել էր մի մարդու, ով կապ ուներ հարձակումների հետ, որոնք տեղի էին ունեցել Յուտայի համալսարանի հարևանությամբ գտնվող տների շրջակայքում: Զեկույցում ասվում էր, որ մի երիտասարդ կին դաժանաբար սպանվել էր այդ շաբաթվա մի երեկո: Սիրտս կանգնեց, և ես անմիջապես հիշեցի մի քանի օր առաջ գիշերվա կեսին ոստիկանություն կատարած իմ զանգի մասին: Ես գաղափար չունեմ, թե արդյոք դա նույն երեկոն էր: Եվ ես գաղափար չունեմ, թե արդյոք նրա կանանց ակումբը այդ թիրախային տներից մեկն էր: Ես երբեք ճշգրիտ չիմացա, թե ինչ էր պատահել այդ գիշեր, բայց ես իսկապես գիտեմ, որ մի թեթևակի հրում արթնացրեց ինձ կեսգիշերին և ստիպեց զանգահարել, որպեսզի օգնեմ ապահովել դստերս անվտանգությունը մի իրավիճակում, որն ակնհայտորեն անվտանգ չէր:

Երբեմն կյանքի փոթորիկները կարող են թվալ ճնշող, բայց չկա ավելի հզոր ուժ, քան քահանայության զորությունը և Սուրբ Հոգու պարգևը ձեր կյանքում հենց այժմ: Իր Քավության գիշերը Փրկիչն ուսուցանեց, որ Սուրբ Հոգու Հոր անգին պարգևը տրվել է խաղաղություն և հանգստություն բերելու ձեր հոգիներին, «ուսուցանելու … բոլոր բաները» և «բերելու բոլոր բաները ձեր հիշողության մեջ»,6 «առաջնորդելու ձեզ ամեն ճշմարտութեան մէջ» և «ցույց տալու ձեզ գալիք բաները»:7 Սուրբ Հոգին տրվել է մեզ՝ «ուրախությունով լցնելու [մեր հոգիները]»:8

Այդ օրհնությունները խոնարհեցնում են և երբեմն ճնշում ինձ: Մի՞թե զարմանալի է, որ նախագահ Նելսոնը հրավիրում է մեզ անել հնարավոր ամեն բան՝ անձնական հայտնություն ստանալու համար և լսելու Աստծո ձայնը Սուրբ Հոգու միջոցով մեր կյանքում: Արդյո՞ք նկատել եք վերջին երեք տարիների համաժողովներում երևան եկած անձնական հայտնության թեման և խորհուրդը, թե ինչպես ճանաչել Հոգու պարգևը ձեր կյանքում: Ես խորապես երախտապարտ եմ նրանց խորհուրդների համար, որ խարսխենք մեր վկայությունները և կյանքը մեր սեփական անհատական, նպատակային և լույսի և ոգու անձնական պարգևների վրա:

Առաջիկա օրերին և տարիներին դուք կունենաք փորձառություններ, որոնք կբացահայտեն տարբեր եղանակներ, որոնցով Հոգին գործում և խոսում է ձեր կյանքում: Մի անտեսեք այդ տպավորությունները: Դա կարող է լինել ցածր շշուկ կամ թեթևակի հրում: Դա կարող է լինել զգացում կամ միտք կամ նույնիսկ ուղղակի և հստակ հրահանգ: Դա կարող է լինել կրկնվող տպավորություն կամ որևէ անձնավորության անուն: Սուրբ Հոգին որոշակիորեն բերում է բանականության և հասկացողության փայլատակումներ, որոնք լուսավորում են մեր միտքը: Ես անհատապես զգացել եմ այս դրսևորումներից շատերը և սովորել եմ, որ եթե որևէ անձնավորության անունը կամ դեմքը շարունակ միտքս է գալիս, ես պետք է վերցնեմ հեռախոսը և զանգեմ նրան: Ես սովորել եմ հետևել մտքերին և հուշումներին, եթե նույնիսկ որևէ հատուկ բացատրություն կամ արդյունք չեմ կարողացել տեսնել: Հոգին նախազգուշացրել է ինձ չգնալ որոշ տեղեր և խուսափել որոշ մարդկանցից և որոշ գործողություններից: Հոգու շշնջալու և ձեզ հետ խոսելու փորձառությունը ողջ կյանքի ընթացքի փորձառություն է: Այն չի պատահում հենց մեկ անգամ: Շատ անգամներ կպահանջվի ձեզանից` սովորելու ճանաչել, թե ինչ եք լսում և ինչպես եք ուղղորդվում:

Ինչո՞ւ ընտրեցի խոսել ձեզ հետ այդ մասին: Ճիշտ, ինչպես մենք չենք կարող լիովին տեսնել կամ լսել խիստ եղանակի բոլոր ձևերը հորիզոնում և միշտ չէ, որ տեղյակ ենք մեր առջև ծառացող բոլոր հանգամանքներին, եթե մենք օգտագործենք միայն մեր բնական աչքերը և ականջները` հասկանալու հանգամանքները, ապա մենք պատրաստ չենք լինի կյանքի ուժերին և մեզ շրջապատող փոթորիկներին: Ես տպավորված եմ, որ միակ ճիշտ լեզուն, որին մենք բոլորս պետք է լսենք, ճանաչենք և հասկանանք, Հոգու լեզուն է: Թող որ այդ լեզուն դուք կատարելագործեք ձեր կյանքում: Երբ այդպես վարվեք, դուք կառաջնորդվեք, կպաշտպանվեք և կբարձրացվեք բոլոր անհրաժեշտ ուղիներով:

Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես գիտնական չեմ: Ես սուրբ գրությունների վարպետ չեմ: Բայց ես հավատացյալ եմ: Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է, որ հայտնությունը իրական է, և որ երկինքները բաց են ձեզ համար: Գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է: Նա ձեր Փրկիչն է և Նա կամենում է օրհնել ձեզ, պաշտպանել ձեզ, միջնորդել ձեզ համար, առաջնորդել ձեզ և բարձրացնել ձեզ: Երբ ուրիշ ոչ մեկը չի հասկանում ձեզ, Նա ըմբռնում է։ Նա հասկանում է: Ես սիրով հորդորում եմ, որ դուք դեմքով դեպի Փրկիչը լինեք ամեն օր, և ոչ թե հեռու: Շրջվեք դեպի Նա հավատքով այն ճշմարտությունների հանդեպ, որոնք գիտեք, որ ճշմարիտ են: Թույլ մի տվեք, որ ձեր կասկածները, ձեր վախերը կամ այն բաները, որոնք ձեզ արթուն են պահում գիշերը, հեռու պահեն ձեզ Սուրբ Հոգու պաշտպանությունից ու զորությունից և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստումներից: Ձեզանից յուրաքանչյուրը անկեղծորեն սիրված է մեր Երկնային Հոր և մեր Փրկիչի կողմից:

Ես աղոթում եմ, որ Աստված պատասխանի ձեր աղոթքներին, ինչպես երբեք նախկինում և շնորհի ձեզ Սուրբ Հոգու ամեն պարգև, որի կարիքն ունեք կյանքում` առաջ շարժվելու համար, և ասում եմ այս ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեծ սիրով: Կլինեն ծանր և դժվարին օրեր առջևում: Բայց խոստանում եմ, որ կլինեն շատ գեղեցիկ, ուրախալի, խաղաղ օրեր կապույտ երկինքներով և թարմ զեփյուռներով, երբ դիմեք Նրան, ով ունի ողջ զորությունը երկնքի և Երկրի վրա:

Ես ասում եմ այս սիրով, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Տպել