2020 թվականի հոգևոր հավաքներ
Ընտրել արդար ցանկություններ


Ընտրել արդար ցանկություններ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

3 մայիսի 2020 թվական, կիրակի

Իմ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրաշալի կնոջը այդ հիանալի ցուցումների և խորհուրդների համար: Լինե՛տ, շնորհակալությու՛ն։

Ինձ համար մեծ օրհնություն և հնարավորություն է ձեզ միանալ այս երեկո: Մենք իսկապես ապրում ենք անսովոր ժամանակներում, և ես իսկապես հավատում եմ, որ դուք մեծացել եք այս ժամանակների համար: Ոչ շատ վաղուց, Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդն է Եկեղեցու պատմության մեջ: Ես անկեղծորեն կարծում եմ, որ դա ճշմարիտ է»։1 Դուք յուրահատուկ սերունդ եք, որը դաստիարակվել է անհանգիստ ժամանակներում՝ «նավարկելու» և աշխարհը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին նախապատրաստելու համար։ Նա անձնապես ճանաչում է ձեզ և սիրում է ձեզ:

Մեր ժամանակները

Այս երեկո, երբ գալիս էինք այս հեռարձակմանը, մեզ ասացին, որ ստացել ենք տասնյակ հազարավոր թվիթերի հարցեր՝ Հոգու և անձնական հայտնության վերաբերյալ: Հուսով եմ, որ այսօր երեկոյան, երբ դուք լսեք ինձ և իմ կնոջը, մենք կկարողանանք պատասխանել այդ հարցերին: Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին, ով ուսուցիչն է, կկարողանա պատասխանել ինչպես մեկի, այնպես էլ՝ շատերի հարցերին:

Վերջին օրերին և ամիսներին, որպես համաշխարհային հանրություն, մենք ենթարկվել ենք անսովոր տառապանքների, ապրել ենք անորոշության, խառնաշփոթության և մարտահրավերների մեջ: Սրանք վաղուց կանխագուշակված ժամանակներն են, որոնք իրենց գագաթնակետին կհասնեն մեր Փրկիչի փառավոր Երկրորդ Գալուստի ժամանակ: Ինքը՝ Հիսուսը, մարգարեացավ այս ժամանակների մասին: Նա ասել է․ «Դուք նաև կլսեք պատերազմների ու պատերազմների համբավների մասին. տեսեք, որ դուք չշփոթվեք. քանզի այն ամենը, ինչ ձեզ ասացի, պիտի իրականանա: … Ես ասում եմ հանուն իմ ընտրյալների. քանզի ազգ ազգի դեմ կբարձրանա, … կլինեն սովեր, ժանտախտներ և երկրաշարժեր տարբեր տեղերում: … Մարդկանց սերը կսառչի: … [Ամեն ինչ] կիրականանա»։2 Ես կցանկանայի հայտնել ընդամենը մեկ տեսակետ այս ամենի մասին։ Դա մի դաս է մեր Եկեղեցու պատմությունից։

Ամանդա Բարնս Սմիթը, նրա ամուսինը՝ Ուորենը և նրանց հինգ երեխաները նորադարձ էին եկեղեցում, երբ նրանք ճամփորդեցին Միսսուրի: Նրանք միացան «Հաունի ջրաղացի» Սրբերին ընդամենը մի քանի օր առաջ այն դեպքերից, երբ ամբոխը եկավ և սպանեց այնտեղ գտնվող շատ մարդկանց: Սպանվածների թվում էին նաև Ամանդայի ամուսինը և 10-ամյա որդին: Նրա փոքր որդիներից մեկը ծանր վիրավորվեց: Ամանդան մի զորեղ հայտնություն ստացավ այն մասին, թե ինչպես փրկել վիրավոր որդուն: Մեծ նեղության այդ օրերին նա գրել է հետևյալը.

«Մեր բացարձակ հուսահատության պայմաններում, բացի աղոթելուց, ի՞նչ կարող էին կանայք անել: Աղոթքը մխիթարության մեր միակ աղբյուրն էր. մեր Երկնային Հայրը՝ մեր միակ օգնականը: Նրանից բացի ոչ-ոք չէր կարող փրկել և ազատել մեզ։

Մի օր կապիտանի հրամանով ամբոխից մի մարդ ջրաղաց եկավ։ [Անիծելով նա մռնչաց]․ «Կապիտանն ասում է, որ եթե կանայք չդադարեցնեն իրենց … աղոթքները, նա ջոկատ կուղարկի և կսպանի ձեզանից յուրաքանչյուրին…»:

Եվ նա կարող էր դա անել, որպեսզի խանգարեր մեր նման խեղճ կանանց աղոթել մեր մեծ փորձանքի այդ ժամին:

Վախենալով՝ մենք դադարեցինք աղոթել։ Մենք քաջություն չունեցանք, որ մեր աղոթքները լսվեն Աստծո կողմից։ Ես կարող էի աղոթել անկողնում կամ լռության մեջ, բայց այդպես երկար չէի կարող ապրել։ Այդ անաստված լռությունն ավելի անտանելի էր, քան ջարդի այդ գիշերը։

Ես այլևս չէի դիմանում։ Ես շատ էի ցանկանում ևս մեկ անգամ լսել իմ սեփական ձայնը՝ ուղղված իմ Երկնային Հորը:

Ես գաղտագողի գնացի եգիպտացորենի դաշտ և սողոսկեցի եգիպտացորենի [խրձի] մեջ։ Դա ինձ համար կարծես Տիրոջ տաճարն էր այդ պահին: Ես բարձրաձայն և շատ ջերմեռանդ աղոթեցի։

Երբ դուրս եկա եգիպտացորենների միջից, մի ձայն խոսեց ինձ հետ։ Դա մի պարզ ձայն էր, որ երբևէ լսել էի։ Դա ոչ թե լուռ, հոգու ուժեղ տպավորություն էր, այլ մի ձայն, որը կրկնում էր [մեր] օրհներգից մի հատված․

Մենակ չեմ թողնի ոչ մի հոգի

Որի լոկ հույսն է Հիսուսը՝ իմ որդին

Այն հոգուն, եթե նունիսկ դժոխքը ողջ դողա,

Բայց երբեք նրան միայնակ ես չեմ թողնի։3

Այդ պահից ի վեր ես վախ չապրեցի։ Ես զգացի, որ ոչինչ ինձ չի կարող վնասել»։4

Այս ժամանակները կարող են անհանգստացնող լինել, բայց իմացեք, որ այն, ինչ ճշմարիտ էր Ամանդա Բարնս Սմիթի համար, ճշմարիտ է նաև ձեզ համար: Անկախ ձեր շրջապատի իրադարձություններից, անկախ նրանից, թե ինչ փորձություն դուք կկրեք, Աստված է ղեկավարում: Նա միայնակ չի թողնի ձեզ, և դուք չպետք է վախենաք, եթե հավատարիմ լինեք և ձեր ձայնը բարձրացնեք դեպի Նա: Այդ մասին եմ ես ցանկանում խոսել ձեզ հետ այս երեկո:

Կնոջս ակնոցը

Ինչպես ասացի, ես շատ երախտապարտ եմ, որ կինս ինձ հետ է այս երեկո։ Նա իմ ամեն ինչն է։ Տարիներ առաջ մենք հանդիպեցինք ավագ դպրոցում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Ռեքսբուրգի Ռիքս քոլեջ (Այդահո նահանգ), իսկ ես ընդունվեցի Պրովոյի ԲՅՀ (Յուտա)։ Քոլեջում գտնվելու առաջին տարին, մի հանգստյան օր որոշեցի գնալ Ռեքսբուրգ և այցելել նրան։ Այնտեղ նա ինձ մի անգնահատելի դաս սովորեցրեց:

Նա մեքենա չուներ և վաղուց մեքենա չէր վարել: Երբ դուրս եկանք նրա բնակարանից, նա խնդրեց ինձ վարել իմ մեքենան։ Ես ասացի՝ «Իհարկե»: Շատ չանցած մենք սկսեցինք բլուրով իջնել այն տեղը, որտեղ նա ապրում էր։ Երբ հասանք բլրի կեսը, նա հարցրեց․ «Կա՞ արդյոք փողոցի վերջում կանգառի նշան»: Կանգնման նշանը հստակ տեսանելի էր, և ես անմիջապես ասացի. «Այո, այնտեղ կանգառի նշան կա»: Նա ասաց. «Լավ, ես այդպես էլ մտածում էի: Պարզապես չեմ կարողանում տեսնել այն»։ Ես հարցրի․ «Ինչո՞ւ չես կարողանում տեսնել»։ Նա ասաց. «Քանի որ ես չեմ դրել իմ ակնոցը, իսկ առանց ակնոցի չեմ կարող տեսնել»: Ապա ասացի նման մի բան. «Եվ ինչո՞ւ դու չես դրել քո ակնոցը»: «Որովհետև այն իմ դեմքին չի սազում, և դա ինձ դուր չի գալիս, բայց ես մոռացել էի, որ չեմ կարող ամեն ինչ տեսնել առանց ակնոցի»: Ես ասացի. «Այդ դեպքում ավելի լավ է ես վարեմ մեքենան»: Դասը պարզ էր. քանի դեռ չեք կարող հստակ տեսնել, միշտ վտանգի տակ կլինեք:

Հիմա ես ձեզ եմ հարցնում. «Ինչպե՞ս եք ձեր կյանքը առաջ վարում»: Արդյո՞ք դուք ձեր կյանքը վարում եք ակնոցով, որն անհրաժեշտ է կյանքի իրականությունը հստակ տեսնելու համար: Հին Լավոդիկիա քաղաքում Սրբերը չունեին ակնհայտ կամ տեսանելի մեղքեր, բայց Տերը հանդիմանեց նրանց, որ իրենց աշակերտության մեջ անտարբեր են եղել: Հպարտանալով իրենց աշխարհիկ նվաճումներով և փորձառություններով, նրանք դարձան ավելի ու ավելի ինքնաբավ և Աստծուց անկախ: Չնայած նրան, որ այս քաղաքը հայտնի էր ակնաբուժության մասնագետներով, Տերն ասաց նրանց. «Դեղ դիր աչքերիդ որ տեսնես»:5 Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր հարց է թվում. «Տեսնո՞ւմ եմ իմ կյանքն Աստծո ճշմարտությունների, պատվիրանների և ուխտերի միջով, թե՞ տեսնում եմ իմ սեփական աչքերով: Արդյո՞ք ամեն օր ականջ եմ դնում Նրա ձայնին, որը լսվում է աղոթքի և Հոգու անձնական հայտնության միջոցով, թե՞ ականջ եմ դնում իմ ներքին ձայնին կամ այս աշխարհի իմաստունների ձայնին, ովքեր բղավում են, որ Աստծո ուղիները և նույնիսկ Նրա մարգարեները ճիշտ տեղում չեն, ձանձրալի են, ավելորդ են, հոգատար չեն կամ նույնիսկ՝ աշխարհի հռետորաբանության մեջ խաբեբա և ատելի են»:

Ջոզեֆ Սմիթը մի անգամ ասել է. «Սատանան իր մեծագույն ջանքերը գործադրելու է Սրբերին ծուղակի մեջ գցելու համար: … Նա այնպես կվերափոխի իրերը, որ մարդիկ, ովքեր կատարում են Աստծո կամքը, զարմացած կմնան»: Առանց Աստծո օգնության և հայտնության, դուք պարզապես չեք կարող տեսնել «[իրերը], ինչպես դրանք իրականում կան, … ինչպես դրանք իրականում պիտի լինեն»:6 Հակառակորդը փորձում է ստիպել ձեզ, որ դուք զարմանաք նրանց վրա, ովքեր կատարում են Աստծո կամքը: Նա փորձում է ձեզ զերծ պահել իրերը տեսնելուց և իրականությունը հասկանալուց, որպեսզի ձեզ չթողնի տեսնել, որ դուք Աստծո շատ սիրված որդին կամ դուստրն եք: Նա ցանկանում է ընդունելի դարձնել աշխարհը, ստիպել ձեզ մերժել կամ անվճռական մոտենալ Աստծուն, և հատկապես, ստիպել, որ դուք ինքներդ ձեզ և ձեր կյանքի ճանապարհը բնութագրեք ինչ-որ քաղաքական, մշակութային, աշխարհիկ այլ ձեռքբերումներով կամ պարզապես անտարբերությամբ:

Ինքս ինձ հաճախ եմ հարցրել. «Ի՞նչը Նեփիին դարձրեց հավատացյալ, և ոչ թե Լամանի կամ Լեմուելի նման»: Բոլոր երեք եղբայրներն էլ ծնվել էին նույն լավ ծնողներից։ Մի երեկո ես լսեցի իմ հարցի պատասխանը։ Ես հանձնարարությամբ գտնվում էի Թաիլանդի Բանգկոկ քաղաքում՝ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդի հետ, որտեղ նա կիսվեց այս սուրբ հատվածով։

«Ես՝ Նեփիս, … ունենալով մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները, ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից. այդ պատճառով ես չապստամբեցի նրա դեմ՝ իմ եղբայրների նման»:7

Այդ էր իմ պատասխանը: Աստված իրեն հայտնի է դարձնում մեզ մեր ցանկությունների համաձայն: Նեփին ցանկացավ, ամեն ինչից առավել, իմանալ Աստծո ճշմարտություններն ու խորհուրդները և օրհնվեց Աստծո ներկայությամբ, ուրախությամբ, զորությամբ և ճշմարտությամբ: Լամանն ու Լեմուելը ցանկացան աշխարհի զարդարանքը և ստացան իրենց վարձատրությունը: Եթե ուզում եք լինել Աստծո հետ, ապա ձեր ցանկությունները պետք է միավորեք Նրա կամքին:

Այն, թե որտեղ և ինչի վրա կկենտրոնացնեք ձեր սրտի ցանկությունը, կսահմանի, թե ինչպես կկարողանաք առաջ ընթանալ և հաջողել կյանքում։ Հետևաբար, այսօր երեկոյան ես հրավիրում եմ ձեզ մեծ ցանկությամբ ընտրել ձեր կյանքի շրջանակը, որպեսզի դարձի գաք և ամրացնեք ուրիշներին։ Կարող եք հիշել սա, երբ Փրկիչը հարցրեց Իր գլխավոր առաքյալ Պետրոսին. «Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս. Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»։8

Դարձի գալու և ուրիշներին զորացնելու ցանկությունը

Ես երբեք չեմ մոռանա այն ժամանակը, երբ ես և կինս հարցազրույց ունեցանք Տասներկու Առաքյալների քվորումի ավագ անդամի հետ՝ միսիայի նախագահ ծառայելու իմ պատրաստակամության մասին: Ես և կինս շատ էինք զբաղված այդ ժամանակ։ Հարցազրույցի պահին մենք ներգրավված էինք ընտանեկան դժվարին փոխհարաբերությունների մեջ, մենք ներգրավված էինք աշխարհով մեկ իրականացվող մարդասիրական մեծ ջանքերի մեջ, որոնք պահանջում էին մեր ուշադրությունը և ռեսուրսները, և ես մի միջազգային ներդրումային բիզնեսի ավագ գործադիր գործընկերն էի, դրան գումարած Եկեղեցու այն կոչումները, որում մենք ծառայում էինք։ Կարծում էի, որ մենք արդեն անում էինք այնքան շատ բան, որքան հնարավոր էր: Այդ օրը, երբ նստած էինք այդ սիրելի Առաքյալի հետ և խորհում էինք մեր կյանքի իրադարձությունների մասին, երկուսս էլ քաղաքավարի ասացինք, որ սա, հավանաբար, լավագույն ժամանակը չէ միսիայում ծառայելու համար։ Առանց վարանելու, Տասներկուսի այս անդամը դիմեց կնոջս և ասաց. «Լինետ, դուք պատրաստվում եք հրաշալի միսիոներ և զուգընկեր դառնալ ձեր ամուսնու համար»: Այնուհետև նա դիմեց ինձ և ասաց. «Դու իրոք չես հասկանում: Տերը կանչում է քեզ, որ փրկի քո կյանքը։ Կամ դուք պատրաստվում եք ապրել ուխտի մեջ կամ՝ հարմարավետությամբ։ Ծառայելու հարմար ժամանակ երբեք չի լինում: Դա հավատքի հարց է։ Կամ դուք հավատում եք, որ Տերը կօրհնի ձեր կյանքն ամհրաժեշտ օրհնություններով, երբ կատարում եք Նրա առաջնահերթությունները, կամ՝ չեք հավատում»:

Լուռ նստած այնտեղ՝ ապշած էի այդ ամենից: Հենց նոր ինձ ասացին, որ Տերը փորձում էր փրկել իմ կյանքը: Ես այդ ժամանակ լավ կյանքով էի ապրում, բայց ես շատ անհավասարակշռված կյանքով էի ապրում: Այդ օրը, երբ ես և Լինետը դուրս եկանք Առաքյալի գրասենյակից, մենք տուն գնացինք աղոթքով մտածելու, թե ինչպես ենք պատրաստվում ապրել մեր կյանքը: Մենք արագ ընտրություն կատարեցինք ծառայել և մեր կյանքն ապրել ուխտի մեջ՝ կատարելով այն ամենը, ինչ Տերը խնդրում է մեզանից: Կյանքն ուխտի մեջ ավելի հավասարակշռված կյանք է, որով ապրում ենք ըստ Աստծո առաջնահերթությունների, այլ ոչ թե մեր սեփական օրակարգերի: Այդ օրվանից ի վեր մեր կյանքն այլևս նույնը չէր։ Մենք լիովին օրհնվեցինք Նրա սիրով ու Նրա դաստիարակությամբ։ Եթե ես ինչ-որ բան գիտեմ, դա այն է, որ այդ նույն օրհնությունը կլինի ձերը, եթե դուք հավատարմորեն մնաք Նրա ուխտի ճանապարհին: Աստված ցանկանում է փրկել ձեր կյանքը։

Ի՞նչ է նշանակում դարձի գալ, ապրել ըստ ուխտի, այլ ոչ թե ըստ հարմարավետության։ Հիսուսն ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»։9 Ինչպես մի իմաստուն ուսուցիչ ասել է ինձ. «Նա չասաց,- ժամանակ առ ժամանակ մտածեք իմ մասին և իմ Հոգին ձեզ հետ կլինի»: Նա ասաց․ «Եվ եթե դուք միշտ հիշեք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ»։10 Դա նշանակում է, որ, երբ դուք հիշեք Նրան, դուք միշտ կունենաք երկնքի զորությունը, որն ամեն օր կօգնի ձեր առջև ծառացած ցանկացած դժվարին մարտահրավերի ժամանակ՝ անկախ ձեզ վրա ունեցած այդ մարտահրավերի ազդեցությունից։ Դա ներառում է՝ ցանկացած վախ, կախվածություն, անապահովության զգացում կամ ցանկացած թվացյալ անհաղթահարելի պատնեշ ձեր առջև: Ուստի մտածեք հիմա, թե ինչը կարող է լինել ամենակարևոր բանը, որը դուք պետք է անեք, որպեսզի ավելի լիարժեք հիշեք Նրան, իսկ հետո՝ անեք դա։

Իմ մանկության լավագույն ընկերը ծանոթացրեց ինձ կնոջս հետ։ Ավագ դպրոցում ես նրան մկրտեցի Եկեղեցում, սակայն նա միշտ դժվարանում էր լիովին նվիրվել կենդանի ավետարանին․ միշտ արդարանում էր և ասում, որ ինքը երբեք շատ վատ բան չէր արել, որը նա իսկապես չէր արել։ Այնուհետև մի երեկույթի ժամանակ նա շատ խմեց և պատահաբար ընկավ ժայռից ու մահացավ: Նա նույն տարիքին էր, որքան ձեզանից շատերը։ Այդ ողբերգությունը երբեք չպետք է պատահեր և չէր պատահի, եթե ուխտը, ոչ թե հարմարավետությունը առաջնորդեր իմ ընկերոջ կյանքը:

Որտե՞ղ է վերջանում Աստծո պատվիրանների սահմանը ձեր կյանքում։ Գուցե ձեզանից ոմանք իրենց կյանքը տեսնում են շատերիս նման՝ համեմատելով մեր կյանքը մայրուղու արագության սահմանափակումներին հնազանդվելու հետ: Ինչ-որ մեկը երբևէ մտածո՞ւմ է իրական նշված արագության սահմաններում վարելու մասին: Ոչ: Փոխարենը՝ մենք ուզում ենք իմանալ, թե նշված սահմանափակումներից քանի մղոն ավել արագությամբ կարող ենք վարել մեքենան առանց տուգանվելու: Ահա այդպես ապրեց իմ լավագույն ընկերը։ Ավետարանում մենք երբեք չպետք է մտածենք այն մասին, թե աշխարհի որքան մասը կարող ենք ընդունել առանց սահմանը հատելու: Մենք պարզապես պետք է թողնենք աշխարհը։

Աստծո ուխտերը ձեզ վրա վերցնելուց հետո միայն դուք կունենաք աչքեր, որոնք թույլ կտան ձեզ պարզ տեսնել այս աշխարհի խառնաշփոթի միջով: Աստվածաշունչն ուսուցանում է․ «Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք»:11 Նրանք, ովքեր ապրում են ուխտի մեջ, ոչ մի դեպքում չեն ապրում կատարյալ կյանքով, բայց նրանք մաքրում են իրենց կյանքն ամենօրյա ապաշխարության միջոցով: Նման մաքրագործումը նրանց շնորհում է Աստծո ամենահարուստ օրհնությունները և երկնքի զորությունները: Այսօրվա ելույթը լսողների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր այսպիսի տագնապալի ժամանակներում չունեն Աստծո առաջնորդության և զորության կարիքը:

Տարիներ առաջ իմ գործընկերներից մեկը, ով հիվանդացել էր, պատմեց ինձ, որ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը եկել էր իրենց տուն, որպեսզի օրհնություն տար իրեն: Նա ասել է. «Երբ ես նրա հետ քայլում էի դեպի իր մեքենան, Նախագահ Փաքերն ասաց, - Գեթսեմանիից շուտ մի՛ վերադարձի: Այնտեղ դասեր սովորիր»։ Իմ ընկերը հետո հարցրեց ինձ. «Քո կարծիքով, ի՞նչ նկատի ուներ նա»։ Մինչ ես կպատասխանեի, նա ավելացրեց. «Ես կարծում եմ, որ նա նկատի ուներ, որ մենք պարզապես պետք է կատարենք Աստծո կամքը, իսկ դա այն ամենն է, ինչ ես ուզում եմ անել»։

Երբ իմ գործընկերն ասաց այդ խոսքերը, ես գիտեի, որ նա ճիշտ էր: Մեր կյանքի հիմնական փորձությունն է՝ արդյո՞ք մենք կենթարկվենք Աստծո կամքին, թե՞ կգործենք ըստ մեր սեփական կամքի: Երեց Նիլ Ա. Մաքսվելը տարիներ առաջ ուսուցանել է․ «Աստծո կամքին ենթարկվելը միակ իսկական անձնական բանն է, որը մենք կարող ենք դնել Նրա զոհասեղանին»։12

Բայց ի՞նչ է նշանակում պատրաստ լինել կատարելու Աստծո կամքը: Կարծում եմ, որ Գեթսեմանիի պարտեզում մեր Փրկիչի ունեցած փորձառությունից մենք պետք է հասկանանք, որ Աստծո կամքին ենթարկվելը նշանակում է, որ ես և դուք մինչև վերջ պետք է պատրաստ լինենք տառապել և համբերել այն ամենի համար, ինչ Աստված խնդրում է մեզանից, նույնիսկ, եթե այն, ինչի համար մեզ խնդրում են համբերել, մեր մեղքով չի կատարվել։ Սա կարող է ներառել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ֆիզիկական խանգարումները կամ հակումները, սխալ մեղադրանքները, դատողությունները կամ վիրավորանքները մոլորեցնող ընկերներից, ղեկավարներից կամ նույնիսկ ընտանիքի անդամներից:

Գեթսեմանիի պարտեզում Երկնային Հայրը խնդրեց մեր Փրկիչին խմել մեղքերի և տառապանքների դառը բաժակը, որոնք Իրենը չէին: Այդ գործընթացում Հիսուսը «զարհուրեց» նրա համար, թե ինչ էր Իրեն սպասվում։ Նա «մահի չափ խիստ տրտմեց» և աղոթեց, որ «եթե կարելի է ժամն իրանից անցնե» ու ասաց Հորը․ «Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու»։ Ապա նա ավելացրեց․ «Բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու»:13 Մեր օրերում Ջոզեֆ Սմիթին տված հայտնության մեջ Փրկիչն ասաց․ «Որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,– Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»։14

Մեզ համար կատարած Հոր նախապատրաստությունների ճաշակումն ու ավարտումը, որքան էլ դառը լինեն, Հոր ծրագրի մասն են կազմում, որը պարգևում է մեզ հավիտենական ուրախություն: Կարծո՞ւմ եք կամ հավատո՞ւմ եք, որ Երկնային Հայրը կպաշտպանի ձեզ ցավերից և տառապանքից, որպեսզի օգնի ձեզ ավելի շատ նմանվել Իրեն: Նախագահ Ջոն Թեյլորն ասել է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատմել է. «Դուք ստիպված կլինեք անցնել ամեն տեսակի փորձություններով: … Աստված կգտնի ձեզ մթության մեջ շոշափելիս, և Նա կբռնի ձեզ և կձգի ուղիղ ձեր սրտի լարերից»։ Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու համար մենք պետք է լինենք «ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել մեզ վրա»։15

Մեր սիրելի մարգարեն, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վերջերս ասել է․ «Ապագայում սպասվում են դժվարին ժամանակներ: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի: … Նրանք, ովքեր ջանասիրաբար կհետևեն Տիրոջը, «հալածանք պիտի կրեն»։16 Հենց այդ հալածանքը կարող է կամ ջախջախել ձեզ՝ հասցնելով լուռ թուլության, կամ մղել ձեզ՝ լինել ավելի լավ օրինակ և խիզախ՝ ամենօրյա կյանքում։ Թե ինչպես եք վարվում կյանքի փորձությունների հետ, ձեր հավատքի զարգացման մասն է կազմում»:17

Պողոս Առաքյալը հետևյալ հարցն է տվել․ «Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր»:18 Ժամանակակից խոսքերով կարող ենք այսպես ձևակերպել. «Արդյո՞ք թույլ կտամ, որ ինչ-որ մեկի հետ ամուսնանալու դժվարությունը, անօրինական հարաբերությունների մեջ ապրելու ցանկությունը, եկեղեցու պատմությունից որևէ իրադարձություն, որևէ ղեկավարի կամ ուսուցչի կողմից սխալ արարքը, իմ աշխարհիկ ցանկությունները, աշխատատեղի կորուստը, դժվարին հիվանդությունը կամ ջախջախիչ նեղությունն ինձ խանգարի, որ ջանասիրաբար հետևեմ Փրկչին և լիարժեք իմ մասնակցությունը բերեմ Նրա Եկեղեցուն»:

Ձեր բոլոր մեղքերը, ձեր բոլոր թույլ կողմերն ու տկարությունները մի մասն են նրա, ինչը Երեց Մաքսվելն անվանում է «[Հիսուս Քրիստոսի] Քավության սարսափելի թվաբանությունը»,19 մի թվաբանություն, որն ըստ նրա, կարելի միայն հաշվել «անսահմանությունը բազմապատկած անվերջությունով»20 (General Conference, April 1985)։ Հետևաբար, ձեզ համար նվիրական հարցն այն է, թե արդյո՞ք կհետևեք Փրկիչի ոտնահետքերին և կասեք Նրա հետ. «Սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։21

Սա կարելի է մեկ այլ կերպ ձևակերպել․ «Արդյո՞ք ես կվստահեմ Աստծուն և կվստահեմ նաև իմ կյանքի նրա ծրագրին»:

Երբ բախվեք մարտահրավերների և փորձությունների, իմացեք, որ Աստված ունի ձեզ պահպանելու ամբողջ զորությունը, նույնիսկ այն դեպքում, երբ ձեր շրջապատի հանգամանքները չեն փոխվում: Նա խոստանում է, որ նույնիսկ հոգու տվայտանքների ժամանակ Նա. «կթեթևացնի բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, … որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ»:22 Երբեք մի կասկածեք, որ Տերն ի վիճակի է բացելու յուրաքանչյուր արդյունավետ դուռ, հավաստիացնելու ձեզ հավատքի հարցերով․ օգնի ձեզ գտնել աշխատանք, կրթություն և արդար ապրելու համար ուժ կամ ցանկացած այլ բան, ինչը ձեզ հարկավոր է ձեր ամբողջ ներուժը բացահայտելու համար: Փրկիչը խոստացել է, որ Նա կապահովի ուղին։23 Ինչ-որ մեկը կամ որևէ այլ բան կարո՞ղ է ձեզ նույն խոստումը տալ: Վստահեք, որ Նա դաստիարակի և պահպանի ձեզ, երբ խոնարհաբար ենթարկվեք Նրա կամքին:

Տարիներ առաջ Նախագահ Հենրի Բ. Այրինգն այս խորաթափանց դիտողությունն արեց․ «Եթե հավատքի հիմքը չի ձևավորվում մեր սրտում, ապա համբերելու ուժը կփշրվի»։24 Հավատքը գործողության սկզբունք է, և հավատքն ընտրության հետևանք է։ Հավատքը չի չափվում նրանով, թե որքան ժողովների ենք հաճախում կամ քանի ծեսեր ենք պահում։ Հավատը նույնիսկ այն չէ, որ ընդունում ենք այն փաստը, որ Աստված և Հիսուս Քրիստոսն ապրում են: Ձեր հավատքը ձեր վստահության չափն է առ այն, որ լիովին ապավինում եք Աստծուն և ձեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին: Մենք բոլորս համբերում կամ փշրվում ենք՝ ըստ Նրանց հանդեպ մեր ունեցած վստահության և ապավինման աստիճանի։

Նրանց հանդեպ հավատքը կերտելու համար ձեզ հարկավոր է վերացնել ձեր կյանքից ցանկացած ինքնարդարացնող վարքագիծ: Դուք պետք է տնօրինեք ձեր կյանքը և թույլ չտաք, որ ուրիշները թելադրեն ձեր գործողությունները և ընտրությունները: Ձեր հեռանկարները, վերաբերմունքը, արձագանքները, զգացմունքները, մտքերը և համոզմունքներն այն բաներն են, որոնք դուք վերահսկում եք: Նեղանալը և երես թեքելը Աստծուց չեն։ Նրա ձայնը միշտ հրավիրում է մեզ «հետևեք Ինձ»: Աստված պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, մխիթարել ցանկացած դժվարության ժամանակ և փրկագնել ցանկացած և բոլոր անհատներին: Չկա որևէ սխալ կամ տառապանք, որը չի կարող բուժվել Նրա միջոցով: Համացանցի գրեթե մեկուկես միլիարդ աշխարհի կայքերի որոնումները չեն կարող ասել ձեզ, թե արդյոք այս Եկեղեցին ճշմարիտ է կամ Հիսուս Քրիստոսն ապրում է. միայն Աստված կարող է դա հայտնի դարձնել ձեզ: Իսկ ամենակարևոր գործոնը հետևյալն է․ Աստված ձեզ չի ասի մեկ ճշմարտություն, իսկ ինձ՝ մեկ ուրիշ։ Մենք բոլորս կստանանք նույն պատասխանները, երբ մենք հարցնենք և փնտրենք Նրան անկեղծությամբ, հավատքով և անկեղծ միտումով: Դուք մասամբ դա անում եք, երբ բացառում եք ձեր բոլոր ինքնարդարացնող պատմությունները:

Տարիներ առաջ Աֆրիկայում ծառայելու ընթացքում ես լսեցի մի մարդու մասին, ով իր բեռնատարում երկու ընձուղտ էր տեղափոխում. Ընձուղտներից մեկը զգալիորեն բարձրահասակ էր մյուսից: Մայրուղով անցնելիս նա մեքենան վարեց փողոցի վրա գտնվող կամրջի տակով, բայց կամուրջը բավականաչափ բարձր չէր բարձրահասակ ընձուղտի համար: Երբ բեռնատարն անցավ կամրջի տակով, ավելի բարձրահասակ ընձուղտը գլուխը հարվածեց կամուրջին և անմիջապես սատկեց: Ավելի ուշ բեռնատարի վարորդին հարցրին, թե ինչու նա ավելի զգույշ չէր եղել՝ ընձուղտի մահից խուսափելու համար: Նա ասաց․ «Դա իմ մեղքով չէր։ Նրանք կամուրջը շատ ցածր էին կառուցել»:

Այդ մարդու ինքնարդարացումը կարող է ծիծաղելի թվալ, բայց ինքներդ երբևէ նույնքան անտրամաբանակա՞ն չեք եղել ձեր սեփական վատ ընտրություններն արդարացնելիս: Մի մեղադրեք ցածր կամուրջներին։ Փոխարենը՝ ձգտեք բացահայտել ձեր ամբողջ ներուժը և արժանանալ անհրաժեշտ բոլոր զորություններին, օրհնություններին և երկնքի հրաշքներին, որոնք խոստացված են այն դեպքում, եթե մեծացնեք Նրա հանդեպ հավատքը կամ վստահությունը։ Տերն ասել է Ջոզեֆ Սմիթին․ «Որքա՜ն հաճախ ես դու … հետևել մարդկանց համոզմունքներին: … Քանզի ահա, դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց: Չնայած մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները, և արհամարհում են նրա խոսքերը, այնուամենայնիվ, դու պետք է հավատարիմ լինեիր. և նա կմեկներ իր ձեռքը և կաջակցեր քեզ՝ հակառակորդի բոլոր կրակոտ նետերի դեմ. և նա քեզ հետ կլիներ բոլոր փորձանքների ժամանակ»:25

Այժմ, ես կցանկանայի խոսել ոչ միայն ինքնաքննության մասին և վկայել, որ ուխտի մեջ ապրելու և Աստծո կամքին ենթարկվելու եղանակներից մեկը նաև պատրաստակամությունն է՝ չմտածել միայն ձեր մասին և անել այնպես, ինչպես Տերն ասաց Պետրոսին՝ «եղբայրներիդ հաստատիր»: Նախագահ Նելսոնը վերջերս ասել է․ «Մենք պետք է լինենք … Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ … հավատք կառուցողները: … Մենք պետք է կառուցենք Աստծո Եկեղեցին և արքայությունը երկրի վրա»։26 Նա վկայեց, որ «այս պահին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններից ոչինչ այդքան կարևոր չէ, քան [Իսրայելի հավաքումը]: Ոչինչ ավելի մեծ հետևանք չունի, քան դա։ Բացարձակապես ոչինչ։ Այս հավաքումն ամեն ինչ է ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր»:27 Նմանապես, Փրկիչը հարցրեց Պետրոսին. - Սիրո՞ւմ ես ինձ,- իսկ հետո ասաց,- արածեցրու իմ ոչխարները»:28

Հովհաննեսի ավետարանում կարդում ենք, որ Մարիամն ու Մարթան մարդ են ուղարկում Փրկիչի հետևից, երբ նրանց եղբայր Ղազարոսը ծանր հիվանդանում է: Նրա աշակերտները աղաչում էին, որ չգնա, որովհետև հրեաները ձգտում էին խլել նրա կյանքը, բայց Հիսուսն ամեն դեպքում գնաց Ղազարոսի գերեզմանին: Այնտեղ մեր Փրկիչը լաց եղավ և տառապեց իր ընկերների հետ: Այնուհետև Աստծո զորությամբ Նա հրամայեց Ղազարոսին վեր բարձրանալ մեռելներից՝ ասելով. «Ղազարոս, դուրս եկ»։ Սուրբ գրություններում գրված է․ «Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած»։ [Եվ] Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ»։29

Իմ սիրելի՛ ընկերներ, ոչինչ ավելի կենսատու չէ, քան Քրիստոսի լույսով և Նրա ավետարանի լույսով կիսվելը: Քրիստոսի ավետարանից բացի ոչինչ չի կարող խաղաղություն բերել ազգերին, փրկել աշխարհը աղքատությունից կամ մեկ ուրիշին տանել դեպի կայուն երջանկություն: Կազմակերպությունները, որոնք գործում են ցանկացած այլ սկզբունքով, կարճ ժամանակ անց կձախողվեն: Միայն ավետարանը կարող է հանել ձեզ շրջապատող մարդկանց «մահվան կապանները»։ Հրավիրեք ուրիշներին դեպի այս լույսը։ Երբ այդպես վարվեք, Աստված խոստանում է, որ դուք կշնորհեք «[ձեր] հոգիներին փրկություն»,30 որ ձեր մեղքերը կներվեն,31 և որ Նա կուղարկի իր «հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։32

Հույս

Այժմ ես քաջ գիտակցում եմ, որ անկախ իմ, ձեր կամ որևէ այլ մարդու բարի մտադրություններից, Տիրոջ պատվիրաններին համապատասխանեցնելու փոխարեն աշխարհի կարծիքին համապատասխանեցնելու ճնշումը կարող է հսկայական լինել։ Պետրոսը, բացարձակ վճռականությամբ, ասաց Հիսուսին. «Թէեւ ամենքը գայթակղեն քեզանից, ես երբէք չեմ գայթակղիլ։ … Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ»:33 Բայց կարճ ժամանակ անց Պետրոսը ձախողվեց՝ երեք անգամ ուրանալով Փրկչին: Ի՞նչ եք սովորում դրանից։

Կարծում եմ, մասամբ, Տերը ցանկանում է, որ դուք իմանաք, որ Նա հասկանում է, որ Իր կամքին ենթարկվելը, ուխտի մեջ ապրելը կամ ամբողջովին դարձի գալը գործընթաց է, ոչ թե իրադարձություն: Հիսուսն Իր կյանքը տվեց, որ մենք՝ մեր կյանքը չչափենք մեր թույլ կողմերով կամ թերություններով, այլ որ ամեն օր ապաշխարենք և ապաշխարության միջոցով զորանանք անսասան հավատքում։ Կարող եք ձեր սրտում գրել այս խորաթափանց հրահանգը, որը տվել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ 2016 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ժամանակ։

«Մենք սփոփանք ենք զգում այն փաստից, որ եթե Աստված միայն պարգևատրեր կատարյալ հավատարիմներին, Նրա այդ ցուցակն այդքան էլ մեծ չէր լինի։ Խնդրում եմ հիշեք վաղը և դրան հաջորդող օրերին, որ Տերն օրհնում է նրանց, ովքեր ցանկանում են կատարելագործվել, ովքեր ընդունում են պատվիրանների անհրաժեշտությունը և փորձում են պահել դրանք, ովքեր սնուցում են Քրիստոսանման արժանիքները և ձգտում են իրենց հնարավորության սահմանում ձեռք բերել դրանք։ Եթե ձախողեք այդ ջանքերը, ինչպես բոլորը, Փրկիչը պատրաստ է ձեզ օգնության հասնել, որ առաջ շարժվեք։ Եթե ընկնեք, հայցեք Նրա օգնությունը»։34

Ես և Լինետը նստած էինք Յոհանեսբուրգում գտնվող Երեց Հոլլանդի կողքին, երբ մի երիտասարդ ամուրի վերադարձած միսիոներ կանգնեց և վկայեց. «Ես այսքան հեռուն չեմ հասել, որ միայն մնամ այստեղ»։ Խնդրում եմ հիշել․ «Անկախ նրանից, թե ինչ մարտահրավերի եք հանդիպում ներկայումս … շարունակեք առաջ շարժվել։ Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ … Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան»։35 Դուք Աստծո ձեռքերի մեջ եք, և Նա ի վիճակի է ձեզ ազատել ցանկացած վառվող հնոցու միջից:

Երեց Հոլանդը նաև խոսեց Տիրոջ կողմից ևս մեկ գորովագութ ողորմածության և հավաստիացման մասին, որ գուցե ցանկանաք հիշել և փայփայել։

«Հոգու համար խոչընդոտ չեն հանդիսանում վիրուսը, երկրների սահմանները կամ բժշկական կանխատեսումները: … [Կան] երկնքից պարգևներ, որոնք չեն սահմանափակվում երկրի դժվարություններով կամ օդային հիվանդությամբ: … Նա, ով ստեղծել է այս սքանչելի աշխարհը, որում մենք ապրում ենք, կարող է հրամայել այդտեղ գտնվող ցանկացած մասնիկի. «Սրանից հեռուն չգնաս»: Դա այն է, ինչ Նա կասի մեր առջև ծառացած այս բորբոսին: Նրա վեհության ներկայության մեջ, նույնիսկ, ատոմից փոքր գլուխգործոցները ծնկի կգան, և փոխաբերական իմաստով՝ նրանցից յուրաքանչյուրն իր ձևով կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին և բոլորի մեծ Քավիչը: Իր Հոր ղեկավարության ներքո Փրկիչը պատասխանատու է այս աշխարհի ճակատագրի համար: Մենք շատ ապահով և սիրող ձեռքերում ենք»։36

Եզրակացություն

Կցանկանայի ավարտել այնտեղ, որտեղից սկսեցի։ Ես հավատում եմ, որ դուք երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդն եք Եկեղեցու պատմության մեջ: Նաև սերունդ եք, որը կանգնած է մեծագույն մարտահրավերների առջև։ Խորհելով ձեզ շրջապատող մարտահրավերների մասին, հիշեք, որ Աստված ասել է․ «Քանզի ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների»։37 Հոգին կօգնի զարգացնել ձեր ցանկությունները, բայց միայն դուք պետք է ընտրեք, թե ինչ եք ցանկանում և միայն դուք եք Աստծո առջև հաշվետու այդ ընտրության համար: Նա նաև հայտարարել է, որ «քեզ համար կարվի քո ցանկությունների համաձայն»։38 Դա նշանակում է «[դուք] ավելի լավ է ցանկանաք այն հետևանքները, որոնք [դուք] ցանկանում եք»։39

Կեզրափակեմ՝ բերելով իմ անձնական փորձառությունը և իմ կյանքի վկայությունը: Տարիներ առաջ համալսարանի երկրորդ կուրսում ես իմ սենյակում պարապում էի ավարտական քննությունների համար: Այդ օրը տաք էր և իմ դասերը սովորելիս մի մոծակ սկսեց տզզալ դեմքիս առաջ։ Այդ մոծակի համառությունը սկսեց իսկապես ջղայնացնել ինձ: Վերջապես ես չդիմացա։ Ես բարձրացրեցի ձեռքերս և երկու ափերս միասին զարկեցի ու սպանեցի այդ մոծակին։ Մինչև օրս չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեին. ես նայեցի ափիս մեջ սատկած մոծակին և մի մեծ կարեկցանք զգացի: Ես ասացի մտքումս. «Այդ մոծակը չպետք է մեռներ: Նա մեռած է միայն իմ ջղայնության և անհամբերության պատճառով»: Այնուհետև ես ծնկի եկա և աղոթեցի Աստծուն, որ ներեր ինձ և թույլ տար, որ այդ մոծակը կրկին ապրեր: Երբ ավարտեցի այդ աղոթքը, այդ մոծակը թռավ իմ ձեռքից։

Ես տարիներ շարունակ հարցրել եմ ինքս ինձ, ինչո՞ւ է Աստված դա արել ինձ համար: Տարբեր պատասխաններ եմ ստացել, բայց այս մեկն ամենակարևորն է. Նա ուզում էր, որ ես իմ ողջ էությամբ հասկանամ, որ Նա ունի ողջ զորությունը՝ ինձ կամ որևէ մեկին, նույնիսկ ամենափոքրին բարձրացնելու համար: Նա ուզում էր, որ ես հասկանամ, որ Ինքը լիովին կարեկցանք է զգում մեր թույլ կողմերի համար, և որ Նա չի թողնի մեր գլխից գեթ մի մազ պակասի: Եթե հիմա նա կենդանացնում է մոծակին, ապա Նա երբեք չի լքի ձեզ, անկախ ձեր կարգավիճակից կյանքում։

Մի նմանվեք լավոդիկացիներին և թույլ մի տվեք, որ անհոգությունը կառավարի ձեզ։ Սա իմ վկայությունն է ձեզ համար: Երբ մի կողմ դնեք ինքնաարդարացումը և հպարտությունը, երբ հարցնեք և ականջ դնեք Նրա ձայնին և ոչ թե ձեր, եթե քայլեք Նրա ուղիներով, դուք իրերը կտեսնեք իրենց իրական պատկերով: Եթե ջանասիրաբար ձգտեք դարձի գալ, ապրեք ուխտի մեջ և ոչ թե հարմարավետությամբ և ուրիշներին զորացնելիս ենթարկվեք Աստծո կամքին, դուք կգտնեք ամեն օրհնություն և հրաշք, որն անհրաժեշտ է այս կյանքում հաջողության հասնելու համար և հնարավորություն կունենաք տուն վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ և ստանալ հավերժական ուրախություն:

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է Նա ապրում է: Սա Նրա Եկեղեցին է և սա կլինի այն Եկեղեցին, որը կընդունվի Փրկիչի կողմից Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ: Մեր Երկնային Հայրը ներկա է մեր կյանքում։ Նրա ծրագիրը երջանկության միակ ծրագիրն է։ Սուրբ Հոգու միջոցով դուք կարող եք իմանալ բոլոր բաների ճշմարտությունը, և այն ամենը, ինչ դուք պետք է անեք: Ես աղոթում եմ, որ դուք ունենաք քաջություն և ապաշխարեք ցանկացած անարդար ցանկություններից և դրանք փոխարինեք աստվածային ցանկություններով, որ ապրեք ուխտի մեջ և ենթարկվեք ու համբերեք Նրա մաքրագործող ձեռքին՝ ձեր կյանքում: Ես վկայում եմ ձեր երիտասարդության տարիներին, ինչպես Ալման վկայեց իր որդուն՝ Հելամանին, նրա երիտասարդության տարիներին․ «Ես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»։40

Թող Աստված օրհնի բոլորիդ․ ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել