2022 թվականի հոգևոր հավաքներ
Համարձակ, ազնվաբարո և անկախ


45:27

Համարձակ, ազնվաբարո և անկախ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • 5 սեպտեմբերի 2022 թ․ • Սոլթ Լեյքի Թաբերնաքլ

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ. Շնորհակալություն։ Մենք հավաքվել ենք Սոլթ Լեյքի պատմական Թաբերնաքլում, բայց մեր լսարանը ամբողջ աշխարհի մարդիկ են: Սուրբ գրություններում Տերը խնդրում է մեզ հիշել: Երբ հիշում ենք հավատքի, նվիրվածության և հաստատակամության մեր ընդհանուր ժառանգությունը, մենք ուժ ենք ստանում մեր օրերի մարտահրավերներին դիմակայելիս։

«Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ»1 կոչին հետևելու ցանկությունից մղված է ստեղծվել Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում վերնագրով այս քառահատոր ժողովածուն։ Արդեն երեք հատոր է լույս տեսել։ Այս պատմվածքում տեղ են գտել անցյալի հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի պատմությունները: Այն իրական կյանքի օրինակներ է ցույց տալիս այն մարդկանց մասին, ովքեր սիրեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը, ուխտեր կապեցին և շարժվեցին ուխտի արահետով, որպեսզի ճանաչեն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ. Մենք ուրախ ենք, որ կարող ենք կենտրոնանալ իրական կյանքի փորձառությունների վրա, որոնք այժմ կարող եք կարդալ «Սրբեր. համարձակ, ազնվաբարո և անկախ» ժողովածուի երրորդ հատորում: Այս հատորը ներկայացնում է Եկեղեցու պատմությունը՝ 1893 թվականին Սոլթ Լեյքի տաճարի նվիրագործումից մինչև 1955 թվականին Շվեյցարիայի Բեռնի տաճարի նվիրագործումն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ ժամանակ շարունակական հայտնությունը Եկեղեցում դրսևորվում էր Տիրոջ մարգարեների և առանձին անդամների միջոցով։ Սրբեր ժողովածուի 3-րդ հատորն օգնում է մեզ հասկանալ մեր պատմությունը և այն մարդկանց, որոնք կերտել են այն:

Երեց Ռենլանդ. Տվյալ ժամանակահատվածում իմ երկու տատիկներն ու պապիկները միացան Եկեղեցուն: Ծնողներս ներգաղթեցին Սոլթ Լեյք Սիթի, քանի որ խոստում էին տվել ամուսնանալ տաճարում: 1950 թվականին Եվրոպայում տաճար չկար։ Նրանք իրենց օժտումը ստացան Սոլթ Լեյքի տաճարում՝ լսելով խոսքերը անգլերենով և հասկանալով շատ քիչ: Նրանք ամուսնացան և կնքվեցին՝ համարելով իրենց հավետ օրհնված։ Տաճարում կնքվելու համար անհրաժեշտ ամեն բան անելու նրանց ընտրությունը հավերժական ազդեցություն է ունեցել նաև իմ կյանքի վրա:

Սրբեր-ի 3-րդ հատորը մեր ժառանգությունն է, անկախ նրանից՝ մենք սերում ենք վաղ ռահվիրաներից, ինչպես քույր Ռենլանդը, սերում ենք ավելի ուշ միացած ռահվիրաներից, ինչպես ես, թե դուք ինքներդ եք հանդիսանում հավատքի ռահվիրա: Դուք այս Եկեղեցու շարունակական պատմության կարևոր մասն եք: Մենք շնորհակալ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք՝ ձեր և ձեր նախնիների կողմից դրված հավատքի հիմքի վրա կառուցելու համար: «Մենք աղոթում ենք, որ [Սրբեր ժողովածուի] այս հատորը ընդլայնի ձեր հասկացողությունը անցյալի մասին, ամրացնի ձեր հավատքը և օգնի ձեզ կապել ու պահել ուխտերը, որոնք տանում են դեպի վեհացում և հավերժական կյանք»:2

Քույր Ռենլանդ. Ես ուրախ եմ, որ կարող եմ պատմություններով կիսվել Սրբեր ժողովածուի հատոր 3-ից: Եկե՛ք սկսենք։

Երեց Ռենլանդ․ Եկեք սկսենք Եկեղեցու շարունակական Վերականգնման օրինակից: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հաճախ ուսուցանում է, որ Վերականգնումը «գործընթաց է, ոչ թե իրադարձություն, և կշարունակվի մինչև Տերը կրկին գա»:3 Հիանալի օրինակ է հանդիսանում նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքի ավարտի մի դրվագ:

տղամարդու և կնոջ ամբողջական մի նկարը` ամբողջովին սպիտակ հագած

Ջոզեֆ Ֆ. Սմիթը և Ջուլինա Լամբսոն Սմիթը

1918 թվականին նախագահ Սմիթը վատառողջ էր, և նա հավանաբար գիտեր, որ երկար չի ապրի։ Մահը կարծես շրջապատել էր նրան։ Նախ՝ նրա ավագ որդին՝ Հայրումը, հիվանդացավ և մահացավ կույր աղիքի բորբոքումից: Նախագահ Սմիթն իր վիշտը նկարագրել է օրագրում. «Հոգիս կեղեքվում է: … Ո՜վ, Աստվա՛ծ, օգնի՜ր ինձ …»։4 Երկրորդ՝ նախագահ Սմիթի վիշտը խորացավ, երբ կարճ ժամանակ անց Հայրումի այրու՝ Իդայի սիրտը կանգ առավ, և նա մահացավ։

Երրորդ՝ նա կարդաց մոլեգնող համաշխարհային պատերազմի մասին սարսափելի լուրերը: Այդ պատերազմի ժամանակ զոհվեց 20 միլիոն զինվոր և խաղաղ բնակիչ։ Չորրորդ՝ գրիպի մահացու հարուցիչը խլում էր մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում: Աշխարհում մահացածների թիվը կազմում էր առնվազն 50 միլիոն։ Այդ մահերը անասելի վիշտ ու կսկիծ պատճառեցին զոհերի ընտանիքներին: Նախագահ Սմիթը սգում էր մարդկային կորուստների համար: Բացի այդ, նա հինգ ամիս գամված էր անկողնուն։ Արդար կլինի ասել, որ մարգարեն անընդհատ մահվան մասին էր մտածում։

Ինձ մոտ է այն Աստվածաշունչը, որը պատկանում էր նախագահ Սմիթին: Հնարավոր է, որ նա օգտագործել է դա կամ դրա նման մեկ ուրիշը՝ մի կարևոր հայտնություն ստանալու համար։

Քույր Ռենլանդ․ 1918 թվականի հոկտեմբերի 3-ին, «Beehive House»-ի իր տան սենյակում նստած, որն ընդամենը մեկ թաղամաս է հեռու այստեղից, խորհում էր Հիսուս Քրիստոսի Քավության և աշխարհի փրկագնման մասին: Նա բացում է … «Ա Պետրոս» գիրքը և կարդում այն մասին, որ Փրկիչը քարոզում է հոգիներին հոգևոր աշխարհում: … Հոգին իջնում է [նախագահ Սմիթի] վրա՝ բացելով [նրա] հասկացողության աչքերը»։ Նա տեսնում է հոգևոր աշխարհը, որտեղ «արդար կանանց և տղամարդկանց բազմությունները, որոնք մահացել էին Փրկչի մահկանացու ծառայությունից առաջ, ուրախությամբ սպասում էին, որ Նա գար և հայտարարեր իրենց ազատումը մահվան կապանքներից:

«Փրկիչը հայտնվեց … , և արդար հոգիները ուրախացան… Նրանք ծունկ ծալեցին Նրա առաջ ու ճանաչեցին Նրան՝ որպես իրենց Քավիչ և Ազատիչ՝ մահից ու դժոխքի կապանքներից։ ․․․

«… [Նախագահ Սմիթը նաև] հասկացավ, որ Փրկիչն անձամբ չգնաց անհնազանդ հոգիների մոտ: Փոխարենը՝ նա կազմավորեց արդար ոգիներին … ավետարանի ուղերձը խավարի մեջ եղող հոգիներին հասցնելու համար: Դրա շնորհիվ բոլոր մարդիկ, որոնք մահացել էին օրինազանցության մեջ կամ առանց ճշմարտության իմացության, կարող էին սովորել Աստծո հանդեպ հավատքի, ապաշխարության, մեղքի թողության համար փոխարինող մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և ավետարանի մյուս հիմնական սկզբունքների մասին: …

Երեց Ռենլանդ. «Մարգարեն հասկացավ, որ … այս տնտեսության հավատարիմ [Սրբերը] կշարունակեն իրենց աշխատանքը հաջորդ կյանքում՝ քարոզելով ավետարանը հոգիներին, որոնք խավարի և մեղքի գերության մեջ են: [Նա ասել է] «Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով, ․․․ և իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր լվացվելուց հետո նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց գործերի, քանզի նրանք փրկության ժառանգներ են»։

Քույր Ռենլանդ․ «… Հաջորդ առավոտյան [որոշ մարդիկ զարմացան, երբ տեսան, որ նա հաճախել է] հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին՝ չնայած իր վատառողջությանը։ Որոշելով ելույթ ունենալ հավաքվածների առջև՝ նա երերալով կանգնեց բեմի մոտ [այս շենքում], իսկ նրա խոշոր մարմինը ցնցվում էր ճիգերից։ … Ուժ չունենալով խոսել իր տեսիլքի մասին և առանց զգացմունքներին տրվելու՝ նա պարզապես ակնարկեց դրա մասին: «Այս վերջին հինգ ամիսներին ես միայնակ չեմ եղել», - ասաց նա հավաքվածներին: «Ես ապրել եմ աղոթքի, խնդրանքի, հավատքի և վճռականության ոգով, և ես մշտապես հաղորդակցվել եմ Տիրոջ Հոգու հետ։ Ինձ համար այս առավոտ ուրախ հանդիպում է», - ասաց նա: «Ամենակարող Աստված օրհնի ձեզ»:5

Գերագույն համաժողովից հետո նախագահ Սմիթն այդ հայտնությունը թելադրեց իր որդուն՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին: Սա օրինակներից մեկն է, որը նա ստորագրեց և ներկայացրեց Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին: Նրանք կարդացին տեսիլքի մասին և ամբողջությամբ հաստատեցին այն,6 և այն որպես կանոնիկ աշխատություն տեղ գտավ Վարդապետություն և Ուխտերի 138-րդ բաժնում: Մենք այժմ հասկանում ենք, որ Աստված հոգ է տանում նրանց համար, ովքեր գտնվում են մահկանացու կյանքի վարագույրի մյուս կողմում: Նա հոգ է տանում նրանց փրկագնման համար: «Մահացածներն» իրականում մահացած չեն։ Շարունակվող Վերականգնման շնորհիվ այդ հասկացողությունը տրվեց մեզ, ինչպես նաև շարունակում է մխիթարություն ու պարզաբանում տալ գալիք աշխարհի մասին:

Երեց Ռենլանդ. Շատ առումներով, անձնական հայտնությունը պահանջում է նույն գործընթացը: Իմ դեպքում, ես պետք է կենտրոնանամ խնդրի վրա: Ես պետք է ուսումնասիրեմ այն և մտածեմ դրա մասին: Ես պետք է տարբեր լուծումներ գտնեմ։ Կարծես թե միայն այդ ժամանակ եմ ստույգ ստանում անձնական հայտնությունը։ Հաճախ հայտնությունը ստանում եմ հստակ հրամայականներով, ինչպիսիք են՝ «Գնա՛», «Կատարի՛ր» կամ «Խոսի՛ր»:

Քույր Ռենլանդ․ Նույնը ճշմարիտ է իմ դեպքում։ Երբ խորհում, ուսումնասիրում և աղոթում եմ, հաճախ իմ գլխում ծագում են մտքեր կամ գաղափարներ, որոնք ես գիտեմ, որ իմը չեն: Դա ինձ միշտ հույս է տալիս, որ Աստված տեղյակ է իմ մասին և Սուրբ Հոգու միջոցով հուշում է ինձ, որ բարիք գործեմ:

Երեց Ռենլանդ․ Հաճախ հայտնությունը գալիս է այն պատճառով, որ կա հատուկ կարիք: Նման հիշարժան դեպք է տեղի ունեցել 1894 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն իր խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումին ասել է, որ ինքը հայտնություն է ստացել տաճարային կնքումների վերաբերյալ: Նա ասել է. «Տերն ինձ ասել է, որ ճիշտ է, որ երեխաները կնքվեն իրենց ծնողների հետ, իսկ նրանք՝ իրենց ծնողների հետ, և այդպես այնքան հեռուն փնտրել, որքան մենք կարող ենք ձեռք բերել գրանցումները»:7 Այս հայտնությունը ստացանք ավելի քան 50 տարի այն բանից հետո, երբ Եղիան վերականգնեց կնքման իշխանությունը Կիրթլենդի Տաճարում:

Քույր Ռենլանդ․ Կիրակի օրը, 1894 թվականի գերագույն համաժողովում, նախագահ Վուդրուֆը հայտարարեց. «Հայտնությունը չի ավարտվել մեզ համար: … Մենք չենք վերջացրել Աստծո աշխատանքը»։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես Բրիգամ Յանգը շարունակեց տաճարներ կառուցելու և տաճարային արարողությունները կազմակերպելու Ջոզեֆ Սմիթի աշխատանքը: «Բայց նա չստացավ բոլոր հայտնությունները, որոնք վերաբերում են այս աշխատանքին», - հավաքվածներին հիշեցրեց նախագահ Վուդրուֆը։ «Ո՛չ Նախագահ Թեյլորը, ո՛չ էլ Վիլֆորդ Վուդրուֆը չստացան բոլոր հայտնությունները։ Այն չի ավարտվի, մինչև չկատարելագործվի»։8

Նավուի տաճարի կառուցումից ի վեր անդամները մկրտություն էին կատարում ընտանիքի մահացած անդամների համար։ Բայց իրենց նախնիներին կնքված լինելու կարևորությունը դեռևս բացահայտված չէր: Նախագահ Վուդրուֆը բացատրել է․ «Մենք ցանկանում ենք, որ այս պահից ի վեր Վերջին Օրերի Սրբերը որքան հնարավոր է խորը ուսումնասիրեն իրենց ծագումնաբանությունը և կնքվեն իրենց հայրերի և մայրերի հետ։ ․․․ Թող երեխաները կնքվեն իրենց ծնողների հետ և շարունակեն այդ շղթան` որքան հնարավոր է հեռու»։9

Նախագահ Վուդրուֆը «Սրբերին հիշեցրեց Կիրթլենդի տաճարում Ջոզեֆ Սմիթի տեսիլքը՝ նրա եղբայր Ալվինի մասին։ «Բոլոր նրանք, ովքեր մահացել են՝ այս ավետարանի մասին գիտելիք չունենալով, որոնք կընդունեին այն, եթե նրանց թույլ տրվեր մնալ, կլինեն Աստծո սելեստիալ արքայության ժառանգները»։

«Այդպես կլինի ձեր հայրերի հետ», - ասաց նախագահ Վուդրուֆը հոգևոր աշխարհում գտնվողների մասին: «Կլինեն շատ քչերը, որոնք չեն ընդունի ավետարանը»:

«Իր ելույթն ավարտելուց առաջ նա Սրբերին կոչ արեց … փնտրել իրենց հարազատ մահացածներին: «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, - ասաց նա, - եկեք շարունակենք փնտրել մեր գրանցումները, ճիշտ լրացնենք դրանք Տիրոջ առջև և իրագործենք այդ սկզբունքը։ Այդ ժամանակ Աստծո օրհնությունները կլինեն մեզ հետ, իսկ նրանք, ովքեր փրկագնված են, կօրհնեն մեզ գալիք օրերին»։10 Այս հայտնությունը պատճառ հանդիսացավ, որ անդամները հաճախ վերադառնան տաճար՝ իրենց մահացած նախնիների համար փոխանորդ կարգումներն ու արարողությունները կատարելու համար: Ընտանիքները սկսեցին մանրամասն գրանցումներ պահել այդ արարողությունների և իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ՝ լրացնելով դրանք նմանատիպ գրքերում, որտեղ ներկայացված է Ջենս Փիթեր և Մարի Դեյմերի ընտանիքի անդամների համար կատարված աշխատանքը:

Երեց Ռենլանդ․ Մեր օրերում սերունդների կնքման վարդապետությունը մեզ համար սովորական և բնական է թվում, բայց ընտանիքների կնքումը ճիշտ կազմակերպելու համար հայտնություն պահանջվեց Տիրոջից։ Այս հայտնությունն անմիջական ազդեցություն ունեցավ իմ ընտանիքի վրա՝ հեռավոր Լարսմո կղզում, որը Ֆինլանդիայի արևմտյան ափի մոտ է: Այս պատմությունը Սրբեր-ի 3-րդ հատորում չէ, բայց այն թանկ է իմ ընտանիքի համար: 1912 թվականին իմ հայրական տատիկն ու պապիկը` Լենա Սոֆյա և Մեթս Լենդեր Ռենլանդները, լսում են Շվեդիայից ժամանած միսիոներներին, որոնք քարոզում էին վերականգնված ավետարանը: Լենա Սոֆյան և Լենդերը մկրտվում են հաջորդ օրը: Նրանք ուրախություն են գտնում իրենց նոր հավատքում և մի փոքր ճյուղի անդամը լինելու մեջ, որն առաջինն էր Ֆինլանդիայում։ Դժբախտաբար, մի ողբերգությունից հետո կյանքը փոխվում է։

1917 թվականին Լենդերը մահանում է տուբերկուլոզից և Լենա Սոֆյային թողնում է այրի և հղի՝ իր տասներորդ զավակի հետ։ Այդ երեխան՝ իմ հայրիկը, ծնվել է Լենդերի մահից երկու ամիս անց։ Ընտանիքի ավելի շատ անդամներ մահացան տուբերկուլյոզից։ Լենդերից բացի, Լենան թաղում է իր 10 երեխաներից 7-ին: Աղքատ գյուղացի կնոջ համար շատ դժվար էր անվնաս պահել իր ընտանիքի մնացած անդամներին։

Մոտ երկու տասնամյակ նա գիշերները բավարար չէր հանգստանում։ Նա ցերեկները տարբեր աշխատանքներ էր կատարում, որպեսզի ուտելիք հայթայթեր: Իսկ գիշերները կերակրում էր ընտանիքի մահամերձ անդամներին: Դժվար է պատկերացնել, թե ինչպես էր Լենա Սոֆյան դիմանում այդ ամենին։

Լենա Սոֆյայի հետ մեկ անգամ հանդիպեցի 1963 թվականի դեկտեմբերին։ Ես 11 տարեկան էի, իսկ նա՝ 87։ Նա կռացել էր կյանքի ծանր աշխատանքից: Նրա դեմքի և ձեռքերի մաշկը մաշված կաշվի նման կնճռոտվել էր և կոշտացել։ Երբ մենք հանդիպեցինք, նա կանգնեց և ցույց տվեց Լենդերի նկարը և շվեդերեն արտասանեց. «Det här är min gubbe»։ Որը թարգմանվում է․ «Դա իմ ամուսինն է»։

Ես կարծեցի, որ նա սխալ է օգտագործել բայի ներկա ժամանակը: Քանի որ Լենդերը մահացել էր 46 տարի առաջ, ես մորս մատնանշեցի այս ակնհայտ սխալը: Մայրս ինձ ուղղակի ասաց. «Դու չես հասկանում»: Ես իրոք չէի հասկանում։ Լենա Սոֆյան գիտեր, որ իր վաղամեռիկ ամուսինը եղել է և կմնա իրենը հավերժության ընթացքում: Հավերժական ընտանիքների վարդապետության միջոցով Լենդերը ներկա գտնվեց նրա կյանքում և մեծ հույս տվեց ապագայի հանդեպ։

կնոջ դիմանկար

Լենա Սոֆիա Ռենլանդ՝ Դեյլ Գ. Ռենլանդի հայրական տատիկը։

տղայի դիմանկար

Երիտասարդ Դեյլ Գ. Ռենլանդ

2006 թվականին Հելսինկի Ֆինլանդիայի տաճարի նվիրագործումից առաջ քույրս ստուգեց, որ տեսնի, թե ինչ արարողություններ են անհրաժեշտ մեր հոր կողմի համար: Այն, ինչ նա գտավ, Լենա Սոֆյայի հավատքի վառ հաստատումն էր կնքման իշխանության հանդեպ: Լենա Սոֆյան ներկայացրել էր իր այն մահացած երեխաների ընտանեկան գրանցումները, որոնք մահանալիս ութ տարեկանից բարձր էին, որպեսզի տաճարային աշխատանքը կատարվեր 1938 թվականին: Դրանք ամենավաղ արարողություններից էին, որոնք ներկայացվել էին Ֆինլանդիայի տաճար:

Լենան դիմագրավեց՝ հիշելով փրկության վարդապետությունը: Նա Աստծո մեծ ողորմություններից մեկն էր համարում այն, որ նախքան այդ ողբերգությունների միջով անցնելը նա հասկացավ, որ ընտանիքները հավերժ են։ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում նրա խորը դարձի նշան էր հանդիսանում նրա կատարած ընտանեկան պատմության աշխատանքը, որը հայտնությամբ տրվել էր Ջոզեֆ Սմիթի, Վիլֆորդ Վուդրուֆի և Ջոզեֆ Ֆ. Սմիթի միջոցով: Նա նման էր նրանց, ովքեր «հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին»։11

Քույր Ռենլանդ․ Քանի որ Վերականգնումը շարունակական գործընթաց է, մենք պետք է ավելին ակնկալենք։ Մեկ տարի չկա, ինչ նախագահ Նելսոնն ասել է․ «Տաճարային ընթացակարգերի ընթացիկ փոփոխությունները և դրանց հաջորդող փոփոխությունները շարունակում են վկայել, որ Տերը եռանդուն կերպով ղեկավարում է Իր Եկեղեցին։ Նա հնարավորություն է ընձեռում մեզանից յուրաքանչյուրին ավելի արդյունավետ ամրապնդել մեր հոգևոր հիմքերը՝ մեր կյանքը կենտրոնացնելով Իր վրա և Իր տաճարի արարողությունների և ուխտերի վրա»։12 Նախագահ Նելսոնը բացատրել է, որ այս ճշգրտումները կատարվում են «Տիրոջ առաջնորդությամբ և ի պատասխան մեր աղոթքների», քանի որ Տերն ուզում է, որ մենք «հստակ և ճշգրիտ հասկանանք, թե ինչ ուխտեր [ենք] կապում։ … Որ հասկանանք [մեր] արտոնությունները, խոստումներն ու պատասխանատվությունները ․․․ [և] ունենանք հոգևոր մտքեր ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու նոր փորձառություններ»։13

Երբեմն հայտնությունը գալիս է ակնթարթորեն: Դա դրսևորվեց շարունակական վերականգնման ևս մեկ օրինակով, երբ Լորենզո Սնոուն Եկեղեցու նախագահն էր: 1898 թվականին Եկեղեցին գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում։ Բազմակնության դեմ արշավի իր գագաթնակետին Միացյալ Նահանգների Կոնգրեսը թույլատրել էր բռնագրավել Եկեղեցու ունեցվածքը: Անհանգստանալով, որ կառավարությունը կբռնագրավի իրենց նվիրատվությունները, շատ Սրբեր դադարեցին տասանորդ վճարել՝ մեծապես նվազեցնելով Եկեղեցու ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Եկեղեցին պարտքով գումար վերցրեց, որպեսզի բավարար միջոցներ տրամադրեր՝ Տիրոջ գործն առաջ տանելու համար: Եկեղեցին նույնիսկ վարկեր վերցրեց՝ Սոլթ Լեյքի տաճարն ավարտին հասցնելու ծախսերը հոգալու համար: Եկեղեցու ֆինանսական վիճակը մեծապես մտահգում էր 85-ամյա մարգարեին:14

«Մայիսյան մի վաղ առավոտ նախագահ Սնոուն նստած էր անկողնում, երբ սենյակ մտավ նրա որդին՝ Լեռոյը: … Մարգարեն ողջունեց նրան և հայտարարեց. «Ես գնում եմ Սենթ Ջորջ»:

Լեռոյը զարմացավ։ Սենթ Ջորջը գտնվում էր ․․․ չորս հարյուր ութսուն կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ հասնելու համար նրանք պետք է գնացքով գնային ավելի քան 320 կիլոմետր հարավ՝ դեպի Միլֆորդ, իսկ հետո կառքով անցնեին ևս շուրջ 169 կիլոմետր: Դա դժվար ճամփորդություն էր ծեր մարդու համար։ Եվ նրանք երկար ու ձիգ ճանապարհ են կտրում։ «Երբ ժամանում են… , փոշոտ ու հոգնած, … ցցի նախագահը հարցնում է, թե ինչու են նրանք եկել: «Դե,- ասում է նախագահ Սնոուն,- ես չգիտեմ, թե ինչի համար ենք եկել Սենթ Ջորջ․ Հոգին ասաց մեզ, որ գանք»:

«Հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, մարգարեն հանդիպեց անդամներին Սենթ Ջորջի Թաբերնաքլում, որը կարմիր ավազաքարով մի կառույց էր և գտնվում էր տաճարից մի քանի թաղամաս հյուսիս-արևմուտք»։ Երբ նախագահ Սնոուն կանգնեց, որպեսզի ելույթ ունենա Սրբերի առջև, նա ասաց. «Մենք դժվարանում ենք ասել, թե ինչու ենք եկել, այնուամենայնիվ, ես ենթադրում եմ, որ Տերը ինչ-որ բան ունի մեզ ասելու»:

Երեց Ռենլանդ․ «Ելույթի ժամանակ նախագահ Սնոուն անսպասելի դադար տվեց, և սենյակում քար լռություն տիրեց։ Նրա աչքերը փայլեցին, և նրա դեմքը շողաց։ Երբ նա բացեց բերանը, նրա ձայնն ավելի բարձր էր։ Աստծո ներշնչանքը կարծես լցրեց սենյակը: Այնուհետև նա խոսեց տասանորդի մասին: … Նա ցավով ասում էր, որ շատ … Սրբեր դժկամությամբ էին վճարում լրիվ տասանորդը: … «Սա կարևոր նախապատրաստություն է Սիոնի համար», - ասաց նա:

Հաջորդ օրը նախագահ Սնոուն [ուսուցանեց]. «Այժմ եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ, որը ցանկանում է պատրաստ լինել ապագային և ամուր պահել իր ոտքերը ճիշտ հիմքի վրա, գնա և կատարի Տիրոջ կամքը և վճարի իր լրիվ տասանորդը։ Սա Տիրոջ խոսքն է ձեզ, և դա կլինի Տիրոջ խոսքը Սիոնի երկրի բոլոր բնակավայրերին»։

Ավելի ուշ նախագահ Սնոուն ուսուցանել է. «Մենք սարսափելի վիճակում ենք, և դրա պատճառով Եկեղեցին գերության մեջ է: Միակ ազատումն այն է, որ Սրբերը պահեն այս օրենքը»: Նա [անդամներին] կոչ արեց լիովին հնազանդվել օրենքին և խոստացավ, որ Տերը կօրհնի նրանց իրենց ջանքերի համար: Նաև ասաց, որ տասանորդի վճարումն այժմ խիստ պահանջ կլինի տաճար մտնելու համար»։15

Քույր Ռենլանդ․ Այդ օրվանից սկսած շատերը կարող են վկայել, որ Տերն առատորեն օրհնում է նրանց, ովքեր պատրաստ են հնազանդվել այս պարզ օրենքին: Եղբայր Ալոյս Չեպը ծառայում էր որպես Ավստրիայի Վիեննա ճյուղի նախագահ։ Տասանորդը և ճյուղի մյուս գրառումները նա պահում էր այս հասարակ և ամուր տուփի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային ռմբակոծությունների ժամանակ սա առաջին իրն էր, որն իրենց անձնական իրերը վերցնելուց առաջ նախագահ Չեպը և նրա ընտանիք վերցրեց իր հետ:

Ոմանք նույնպես վկայել են, որ հեշտ չի եղել օրենքը պահել, սակայն արդյունքում հրաշալի օրհնություններ են ստացել։

Յանագիդա ընտանիքը Ճապոնիայում նման փորձառություն է ունեցել։ 1948 թվականին Առաջին Նախագահությունը կրկին միսիոներներ ուղարկեց Ճապոնիա: Երբ Տոշիկո Յանագիդան իր հորը հարցրեց կրոնի մասին, նա հորդորեց դստերը մասնակցել Վերջին Օրերի Սրբերի ծառայությանը: Հայրը Եկեղեցուն էր միացել 1915 թվականին:

Քույր Յանագիդան հանդիպեց միսիոներների հետ, դարձի եկավ և մկրտվեց 1949 թ․ օգոստոսին, որտեղ ներկա էր նրա հայրը։ Ավելի ուշ նրա ամուսինը փնտրեց միսիոներներին և մկրտվեց այն նույն միսիոների կողմից, որն ուսուցանել էր քույր Յանագիդային:16

կնոջ դիմանկար

Տոշիկո Յանագիդա

Երեց Ռենլանդ․ Եղբայր և քույր Յանագիդաները դժվարանում էին տասանորդ վճարել: Նրանք «շատ գումար չէին վաստակում, և երբեմն մտածում էին, թե արդյոք բավականաչափ փող ունե՞ն վճարելու իրենց դպրոցական որդու սննդի համար: Նրանք նաև տուն գնելու հույս ունեին։ Եկեղեցու ժողովներից մեկի ժամանակ [Քույր Յանագիդան] մի միսիոների հարցրեց տասանորդի մասին: «Պատերազմից հետո Ճապոնացիները շատ աղքատ են», - ասաց նա: «Մեզ համար շատ դժվար է վճարել տասանորդը։ Արդյո՞ք պետք է վճարենք»։

«Երեցը պատասխանեց, որ Աստված բոլորին պատվիրեց տասանորդ վճարել և խոսեց այդ սկզբունքին հնազանդվելու օրհնությունների մասին: [Քույր Յանագիդան] թերահավատ էր և մի փոքր զայրացած: «Սա ամերիկյան մտածելակերպ է», - ասաց նա իր մտքում:

«… Մի քույր միսիոներ խոստացավ [Քույր Յանագիդային], որ տասանորդ վճարելը կօգնի նրա ընտանիքին հասնելու սեփական տուն ունենալու իրենց նպատակին: Ցանկանալով հնազանդվել՝ [եղբայր և քույր Յանագիդաները] որոշեցին վճարել իրենց տասանորդը և հուսալ, որ օրհնությունները կգան: …

«[Նրանք] սկսեցին տեսնել [օրհնությունները]… Նրանք քաղաքում գնեցին մատչելի մի հողատարածք և տան նախագիծ գծեցին: Այնուհետև նրանք կառավարության մի նոր ծրագրով դիմեցին բնակարանային վարկ ստանալու համար, և երբ շինարարության թույլտվությունը ստացան, սկսեցին կառուցել հիմքը։

Գործընթացը սահուն ընթացավ այնքան ժամանակ, մինչև շինարարության տեսուչը նկատեց, որ նրանց տարածքն անհասանելի է հրշեջների համար: «Այս հողը տուն կառուցելու համար նպատակահարմար չէ», - ասաց տեսուչը։ «Դուք չեք կարող շարունակել շինարարությունը»:

Չիմանալով իրենց անելիքը՝ [եղբայր և քույր Յանագիդաները] խոսեցին միսիոներների հետ: «Մենք վեց հոգով ծոմ կպահենք և կաղոթենք ձեզ համար», - ասաց մի երեց: «Դուք նույնպես աղոթեք»։ Հաջորդ երկու օրվա ընթացքում Յանագիդաները ծոմ պահեցին և աղոթեցին միսիոներների հետ: Հետո մեկ այլ տեսուչ եկավ՝ վերագնահատելու նրանց հողատարածքը: … Սկզբում նա Յանագիդաներին ստուգումն անցնելու հույս չտվեց։ Բայց երբ տեսուչը մանրամասն ուսումնասիրեց հողատարածքը, նկատեց լուծումը: Արտակարգ իրավիճակների դեպքում հրշեջ ծառայությունը կարող էր մոտենալ տանը՝ պարզապես հեռացնելով մոտակա ցանկապատը: Վերջապես Յանագիդաները կարող էին ավարտին հասցնել իրենց տունը։

«Կարծում եմ, որ դուք երկուսով ձեր կյանքում ինչ-որ լավ գործ եք արել», - ասաց տեսուչը նրանց: «Իմ աշխատած տարիների ընթացքում ես երբեք այսքան հարմարվող չեմ եղել»։ [Եղբայր և քույր Յանագիդաները] շատ ուրախացան։ Նրանք ծոմ էին պահել, աղոթել և վճարել էին իրենց տասանորդը: Եվ ինչպես [այդ հրաշալի] քույր միսիոները խոստացել էր, նրանք ունեցան իրենց սեփական տունը:17

Սրբերն ամբողջ աշխարհում ունեցել են նմանատիպ փորձառություններ, երբ վճարել են տասանորդը: Տերն օրհնում է Իր ժողովրդին, որոնք հավատարիմ են և հնազանդ: Եվ տասանորդի հավատարիմ վճարումների շնորհիվ են տաճարներ կառուցվել ամբողջ աշխարհում։

Քույր Ռենլանդ․ Ես գիտեմ, որ տասանորդի օրենքին հնազանդվելով, մեր կյանքն օրհնվել է աննշան և նշանակալից ձևերով։ Երբեմն օրհնություններն այն չեն, ինչ մենք ակնկալում ենք, և դրանք հեշտությամբ կարող են անտեսվել: Բայց դրանք իրական են։ Մենք զգացել ենք դա։18

Սրբեր գրքում իմ սիրած պատմություններից մեկն այն մասին է, թե ինչպես են առաջին քույրերը կանչվել ծառայելու լիաժամկետ միսիայում։ 1890-ականների վերջին Անգլիայում լուրեր էին շրջանառվում, որ Վերջին Օրերի Սրբերի կանայք դյուրահավատ էին և նրանց հեշտ էր խաբել։ Մի անգամ Սոլթ Լեյք Սիթիից մի անդամ՝ Էլիզաբեթ ՄակՔյունը և նրա դուստրը, երկար ժամանակով ժամանեցին Լոնդոն:

Երբ նրանք Լոնդոնում մասնակցեցին Եկեղեցու համաժողովին, Էլիզաբեթը զարմացավ, երբ «առավոտյան նիստի ժամանակ Ջոզեֆ Մաքմուրինը, որը միսիայի նախագահության խորհրդականն էր, դատապարտեց … անվայել արտահայտությունները Վերջին Օրերի սուրբ կանանց մասին [և ասաց.] «Մեզ հետ այսօր ներկա է մի տիկին Յուտայից … Մենք կխնդրենք քույր ՄակՔյունին ելույթ ունենալ այս երեկո և պատմել ձեզ Յուտայում ունեցած իր փորձառության մասին»: Այնուհետև նա հորդորեց համաժողովի բոլոր մասնակիցներին բերել իրենց ընկերներին՝ լսելու նրա ելույթը:

Նիստի ժամը մոտենում էր և սենյակը լցվում էր մարդկանցով։ Էլիզաբեթը լուռ աղոթեց և մոտեցավ բեմին։ Հավաքվածների հետ նա խոսեց իր հավատքի և իր ընտանիքի մասին՝ համարձակ վկայելով ավետարանի ճշմարտացիության մասին: Նա նաև ասաց. «Մեր կրոնը մեզ ուսուցանում է, որ կինը հավասար գործընկեր է իր ամուսնուն»։ Երբ ժողովն ավարտվեց, անծանոթ մարդիկ սեղմեցին Էլիզաբեթի ձեռքը։ Ինչ-որ մեկն ասաց․ «Եթե ձեր կանանցից ավելի շատ գային այստեղ, ավելի շատ բարիք կգործվեր»:

Հանդիսատեսների վրա Էլիզաբեթի ազդեցությունը տեսնելուց հետո [նախագահ Մաքմուրինը գրեց եկեղեցու նախագահին.] «Եթե մի քանի ընդունակ և խելացի կանայք կանչվեն Անգլիայի միսիա, … արդյունքները գերազանց կլինեն»: Կանանց՝ որպես լիաժամկետ քարոզող-միսիոներներ կանչելու որոշումը մասամբ Էլիզաբեթ ՄակՔյունի ելույթի արդյունքն էր»:19

կնոջ ամբողջական նկար

Էլիզաբեթ ՄակՔյուն

1898 թվականի ապրիլի 22-ին Ինեզ Նայթը և Ջենի Բրիմհոլը ափ իջան Անգլիայի Լիվերպուլի նավահանգստում։ Նրանք առաջինն էին, որ ձեռնադրվեցին որպես «կին միսիոներներ» Եկեղեցու համար:

Նրանք նախագահ Մաքմուրինի և մյուս միսիոներների հետ գնացին Լիվերպուլից արևելք գտնվող մի քաղաք: Երեկոյան մի մեծ բազմություն մասնակցեց միսիոներների բացօթյա ժողովին: Նախագահ Մաքմուրինը հայտարարեց, որ հաջորդ օրը տեղի կունենա հատուկ ժողով, և նա բոլորին հրավիրեց գալ և լսել «իսկական կենդանի մորմոն կանանց» ելույթը:20 Սա Ինեզ Նայթի միսիոներական օրագիրն է։ Նա գրել է. «Երեկոյան ես ահ ու դողով ելույթ ունեցա, բայց ինքս ինձ զարմացրի»:21 Նա խոստովանեց, որ երկնային օրհնություն ստացավ, որի մասին գրել է․ «Այդ երեկո ես խոսեցի մի մեծ բազմության հետ, բայց մյուս միսիոներների աղոթքներն օրհնեցին ինձ»:22 Այս «իսկական կենդանի մորմոն կանայք» իրենց լավ դրսևորեցին՝ տնետուն շրջելով և հաճախ վկայություն բերելով բացօթյա ժողովներին։ Շուտով նրանց միացան այլ միսիոներ քույրեր, որոնք ծառայեցին Անգլիայում։

Երեց Ռենլանդ․ Քույր Նայթը և քույր Բրիմհոլը առաջինն էին: Այս տնտեսության ժամանակ հարյուր հազարավոր քույր միսիոներներ են ծառայել:23 Քույր միսիոներների մասին ինձ զարմացնում է այն, որ նրանք կարող են արդյունավետ լինել՝ չկորցնելով իրենց եսը։ Նրանք ճշմարիտ Վերջին Օրերի սուրբ կանայք են: Քույր Նայթի և քույր Բրիմհոլի նման նրանք մարդկանց հետ խոսում են իրենց մասին և իրենց հավատքի մասին։

Քույր միսիոներները բացառիկ կերպով օգնել են Իսրայելի հավաքմանը։ Վերջերս հարց ու պատասխանի ժամանակ մի երիտասարդ երեց ինձ հարցրեց, թե ինչու են իր միսիայի ծխերը նախապատվությունը տալիս քույր միսիոներներին: Իմ պատասխանը պարզ էր. «Որովհետև քույրերն իրենց սիրտն ու հոգին են նվիրում այս աշխատանքին: Անդամները սիրում են բոլոր միսիոներներին, որոնք նվիրվում են ամբողջովին»:

Ավետարանը տարածվում է, քանի որ քույր միսիոներներն արձագանքել են և շարունակում են արձագանքել միսիայի կոչին։ Նախագահ Նելսոնը ապրիլ ամսվա գերագույն համաժողովի ժամանակ ասել է․ «Մենք սիրում ենք քույր միսիոներներին և ամբողջ սրտով ողջունում ենք նրանց: Այն, ինչ դուք ներդնում եք այս աշխատանքում, փառահեղ է»:24

Քույր Ռենլանդ․ Ես նաև տպավորված եմ քույր ՄակՔյունի արարքի արդյունքից, որը չէր կանչվել և ձեռնադրվել որպես միսիոներ: Բայց իր հավատքի շնորհիվ այս սիրելի քույրը կյանքի կոչեց այդ ամենը։25

Դրանով անցում կատարենք Սրբեր 3-րդ հատորի մեկ այլ զարմանալի մի պատմության։ Մենք գտնում ենք սրբերի օրինակներ, որոնք աշակերտ լինելու իրենց կոչումը դրսևորել են ամենածանր իրավիճակներում: Նախկին թշնամիները հաղթահարել են թշնամությունը և միավորվել՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «[գերմանական նացիստական ռեժիմի կողմից] հինգ տարվա օկուպացիայից հետո Նիդեռլանդները գտնվում էր անմխիթար վիճակում: Ավելի քան երկու հարյուր հազար հոլանդացի էր զոհվել պատերազմի ժամանակ, հարյուր հազարավոր տներ վնասվել կամ ավերվել էին։ Նիդեռլանդներում ապրող բազմաթիվ Սրբեր չարացել էին գերմանացիների» և միմյանց հանդեպ, քանի որ ոմանք դիմադրել էին, իսկ մյուսները համագործակցել էին օկուպանտների հետ: Պառակտությունը մեծ էր։

Երեց Ռենլանդ. «Միսիայի նախագահ Կոռնելիուս Զապեյը խրախուսեց Եկեղեցու ճյուղերին համալրել իրենց սննդի պաշարները և մեկնարկ տալ կարտոֆիլի աճեցման ծրագրերին՝ օգտագործելով Հոլանդիայի կառավարության տրամադրած կարտոֆիլի սերմերը»: Լսելով այդ խրախուսանքը «Եկեղեցու ճյուղերը Նիդեռլանդներում … սկսեցին կարտոֆիլի համար հող հերկել, որտեղ կարող էին տեղ գտնել՝ աճեցնելով կարտոֆիլ բակերում, ծաղկանոցներում, ազատ տարածքներում և ճանապարհների միջնամասերում:

Երբ բերքահավաքի ժամանակը մոտենում էր, [նախագահ Զապեյը] միսիայի համաժողով անցկացրեց Ռոտերդամ քաղաքում: Արևելյան Գերմանիայի միսիայի նախագահի հետ խոսելուց հետո նա իմացավ, «որ Գերմանիայում շատ Սրբեր տառապում են սննդի պակասից: [Նախագահ Զապեյը] ցանկանում էր ինչ-որ բան անել օգնելու համար, ուստի նա հարցրեց տեղի ղեկավարներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են իրենց կարտոֆիլի բերքի մի մասը տալ Գերմանիայում ապրող Սրբերին:

«Ամենադաժան թշնամիներից մի քանիսը, որոնց դուք հանդիպել եք այս պատերազմի արդյունքում, գերմանացիներն են», - խոստովանեց նա։ «Բայց այդ, մարդիկ այժմ ավելի վատ վիճակում են, քան դուք»:

Սկզբում որոշ հոլանդացի սրբեր մերժեցին ծրագիրը: Ինչո՞ւ պետք է իրենց կարտոֆիլով կիսվեն գերմանացիների հետ։ [Ոմանք կորցրել էին տները] գերմանացիների ռմբակոծության պատճառով կամ [տեսել էին], թե ինչպես են իրենց սիրելիները սովից մահանում, քանի որ գերմանացի օկուպանտները խլել էին նրանց սնունդը:

Նախագահ Զապեյը խնդրեց Պիտեր Վլամին, որը նախկին ռազմագերի էր և Եկեղեցու Ամստերդամի ճյուղի նախագահը, «այցելել Նիդեռլանդների ճյուղեր և խրախուսել նրանց աջակցել այդ ծրագրին»՝ տարբերակելով նացիստական ռեժիմը գերմանացի ժողովրդից: «Պիտերը Եկեղեցու փորձառու ղեկավար էր, որի անարդարացի բանտարկությունը գերմանական ճամբարում հայտնի էր բոլորին։ Եթե հոլանդացի սրբերը սիրում և վստահում էին որևէ մեկին իրենց միսիայում, ապա դա Պիտեր Վլամն էր»:

Երբ Պիտերն այցելեց ճյուղեր, նա վկայակոչեց բանտում ունեցած իր դժվարությունները։ «Ես անցել եմ դրա միջով», - ասաց նա: «Դուք գիտեք դրա մասին»: Նա կոչ արեց նրանց ներել գերմանացիներին։ «Ես գիտեմ, թե որքան դժվար է նրանց սիրել», - ասաց նա: «Եթե նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, ապա մենք պետք է նրանց վերաբերվենք որպես մեր եղբայրների և քույրերի»։

Քույր Ռենլանդ. Նրա խոսքերը և մյուս ճյուղերի նախագահների խոսքերը հուզեցին Սրբերին, և շատերի բարկությունն անցավ, երբ նրանք կարտոֆիլ էին հավաքում իրենց գերմանացի [եղբայրների և քույրերի] համար: Ոչ միայն դա, այլև տարաձայնություններն ու անվստահությունը, որ առկա էին ճյուղերի անդամների միջև, նույնպես սկսեցին փարատվել: Անդամները «գիտեին, որ կարող են միասին աշխատել առաջ գնալով:

Միևնույն ժամանակ [նախագահ Զապեյն] աշխատում էր կարտոֆիլը Գերմանիա տեղափոխելու թույլտվություններ ստանալու համար: ․․․ Երբ որոշ պաշտոնյաներ փորձեցին դադարեցնել առաքման ծրագրերը, [Նախագահ Զապեյը] ասաց նրանց. «Այս կարտոֆիլը պատկանում են Տիրոջը, և եթե դա լինի Նրա կամքը, Տերը հոգ կտանի, որ դրանք հասնեն Գերմանիա»:

տղամարդիկ՝ կարտոֆիլի պարկերով

Կոռնելիուս Զապպեյը, հոլանդացի միսիոներները և հոլանդացի սրբերը կարտոֆիլ են բեռնում փոխադրման համար:

Վերջապես, 1947 թվականի նոյեմբերին հոլանդացի Սրբերն ու միսիոներները հավաքվեցին Հաագայում, որպեսզի ավելի քան յոթանասուն տոննա կարտոֆիլ բեռնեին։ Կարճ ժամանակ անց կարտոֆիլը հասավ Գերմանիա, որպեսզի բաժանվեր Սրբերի միջև: …

Կարտոֆիլով կիսվելու ծրագրերի լուրը շուտով հասավ Առաջին Նախագահությանը: Զարմացած այդ ամենով՝ նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասաց. «Սա ճշմարիտ քրիստոնյա վարքագծի ամենամեծ արարքներից մեկն է, որը երբևէ արժանացել է իմ ուշադրությանը»:26

Հոլանդացի սրբերը կարտոֆիլի պարկերով բեռնված բեռնատարի շուրջ

Երեց Ռենլանդ․ Հաջորդ տարի հոլանդացիները կրկին կարտոֆիլի մեծ բերք ուղարկեցին գերմանացիներին: Եվ նրանք ավելացրեցին ծովատառեխ՝ ավելի նշանակալից դարձնելով ընծան։ Մի քանի տարի անց՝ 1953 թվականին, Հյուսիսային ծովը դուրս եկավ ափերից և ողողեց Նիդեռլանդների զգալի մասը՝ կարիքի մեջ թողնելով հոլանդացի անդամներին։ Այս անգամ գերմանացի Սրբերը օգնություն ուղարկեցին Նիդեռլանդներ՝ օգնելով նրանց կարիքի պահին: Հոլանդացի Սրբերի գթության գործերը տարիներ շարունակ ներշնչել են շատերին և հանդիսանում են սիրո ու գթության մնայուն վկայություն, որը հնարավոր է նույնիսկ թշնամիների միջև, երբ հասարակ մարդիկ առաջինը սիրում են Աստծուն և իրենց մերձավորին, ինչպես՝ իրենց:

Ներելու պատրաստակամությունը բժշկեց հոլանդացի անդամներին: Նույնը ճշմարիտ է իմ դեպքում։ Եթե ես ոխ եմ պահում, Հոգին վշտանում է։ Եթե ես զայրացած եմ, իմ վարքագծով այդքան էլ բարի և Քրիստոսանման չեմ ուրիշների հանդեպ: Այս ճշմարտությունը գեղեցիկ կերպով արտահայտված է Ալան Պատոնի 1953 թվականին գրված Too Late the Phalarope (Ուշացել ես ծովափնյա թռչուն) վեպի կերպարի կողմից, որը տեղի է ունենում Հարավային Աֆրիկայի ռասսայական խտրականության ֆոնին․ «Կա մի կոշտ օրենք…, որ երբ մեզ խորը վիրավորանք են հասցնում, մենք երբեք չենք ապաքինվում, մինչև չենք ներում»։27

Քույր Ռենլանդ. Եկեղեցու պատմության մեջ ավելի ոգեշնչող պատմություններ կան այս ժամանակաշրջանում, որոնց մասին կարող ենք կարդալ Սրբեր ժողովածուի 3-րդ հատորում՝ պատմություններ աշխարհի բոլոր մասերից: Հավանաբար, դուք կցանկանայիք որևէ բան իմանալ Ուիլյամ Դենիելսի մասին, որը տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել է մեկուսացված Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա): Թեև նա քահանայության կոչում չէր ստացել, սակայն ամուր վկայություն ուներ:28

Երեց Ռենլանդ․ Կամ Ռաֆայել Մոնրոյի և Վիսենտե Մորալեսի մասին Մեքսիկայից, որոնք նահատակվել են իրենց հավատքի համար: Եվ Ռաֆայելի մոր՝ Ջեզուսիտայի և նրա կնոջ՝ Գվադալուպեի մասին, որոնք, շարունակվող սպառնալիքներին հակառակ, խիզախորեն առաջնորդում էին իրենց ընտանիքն ու համայնքը:29

կնոջ դիմանկար

Ջեզուսիտա Մոնրո

Քույր Ռենլանդ․ Կամ Ալմա Ռիչարդսի՝ առաջին անդամի մասին, որը նվաճեց օլիմպիական մեդալ, մասամբ նրա շնորհիվ, որ որոշեց ապրել Իմաստության Խոսքով:30

Երեց Ռենլանդ․ Կամ գուցե ցանկանայիք լսել Հիրինի Վանգայի մասին, որը իր հավատարիմ կնոջ՝ Մերեի աջակցությամբ, որպես միսիոներ վերադարձավ իր հայրենիք՝ Նոր Զելանդիա, որպեսզի քարոզի և տաճարային աշխատանքի համար անուններ հավաքի:31

Քույր Ռենլանդ. Կամ Հելգա Մեյզուսի մասին, որը, լինելով Վերջին Օրերի Սուրբ երիտասարդ կին, չենթարկվեց նախկին ընկերների, ուսուցիչների և դպրոցի ղեկավարների ծաղր ու ծանակին և պահեց հավատքը նացիստական Գերմանիայում:32

Երեց Ռենլանդ. Կամ Էվելին Հոջեսի մասին, որը Սփոփող Միության կողմից վարձված սոցիալական աշխատող էր և օգնում էր ընտանիքներին ոտքի կանգնել Մեծ ճգնաժամի ժամանակ:33

Քույր Ռենլանդ. Դե, մենք ժամանակ չունենք նշելու բոլորին, բայց ես գիտեմ, որ դուք բոլորդ կցանկանաք ինքներդ կարդալ Սրբեր ժողովածուի այս երրորդ հատորը:

Երեց Ռենլանդ. Ինձ համար Եկեղեցու պատմության այս ժամանակաշրջանում «Hark, All Ye Nations» (Լսեք, ազգեր բոլոր)34 օրհներգը կատարյալ է հնչում, որը երգչախումբը կկատարի մեր ժողովը փակելիս: «Hark, All Ye Nations» օրհներգը գրվել է ծնունդով գերմանացի Լուի Ֆ. Մյոնչի կողմից, որը միացել է Եկեղեցուն Սոլթ Լեյք Սիթի ճանապարհորդելիս: Ավելի ուշ նա որպես միսիոներ ծառայեց Շվեյցարիայում և Գերմանիայում: Այս միսիայի ընթացքում նա գերմաներեն հրատարակեց բազմաթիվ նյութեր, այդ թվում՝ «Hark, All Ye Nations» երգը: Այն դարձավ գերմանախոս Վերջին Օրերի Սրբերի ամենասիրված օրհներգերից մեկը: 1890 թվականին այն առաջին անգամ այս հիմների գրքում տպագրվեց Գերմանիայում։ Օրհներգը թարգմանվել է այլ լեզուներով և հրատարակվել ներկայիս հիմների գրքում, որը մենք օգտագործում ենք: Այդ հրատարակության մեջ ընդգրկված չէ երգի երրորդ տունը, որը երգչախումբը նույնպես կկատարի վերջում։

Այդ երրորդ հատվածում նկարագրվում է, թե այս դարաշրջանում ինչ արեցին մեզ ծանոթ Սրբերը: Նրանք «[պատվեցին] մեկ և ճշմարիտ կենդանի Աստծուն։ [Եկան] և [մկրտվեցին] ու [բռնեցին] ձողից: [Տվեցին] Նրան [իրենց] սիրտը՝ հավատալով Նրա Որդուն՝ Հիսուս Սուրբին»։

Ես հրավիրում եմ ձեզ կարդալ Սրբեր ժողովածուն, որպեսզի հասկանաք Եկեղեցու պատմությունը և սովորեք նրա անդամների օրինակից: Սրբեր ժողովածուն շատ լավ ուսումնասիրված է և հուսալի։ Այն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու շարունակական Վերականգնման վկայությունն է: Մեր պատմությունը ոգեշնչող է։ Այս պատմությունը մեր ժառանգությունն է, անկախ նրանից՝ մենք սերում ենք վաղ ռահվիրաներից, հաջորդող ռահվիրաներից, թե մենք ինքներս ենք հանդիսանում հավատքի ռահվիրա:

Ինչո՞ւ է դա կարևոր: Ինչո՞ւ ենք մենք այդքան ժամանակ ծախսում այս պատմությունները պատմելու վրա: Նրա համար, որ այս պատմություններում մենք գտնում ենք մեր Փրկչին ճանաչելու զորության իրական օրինակներ: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, ղեկավարում է Իր Եկեղեցին և հսկում է Իր ուխտի ժողովրդին, որոնք զինված են Աստծո զորության մեծ փառքով։ Ես ձեզ օրհնում եմ, որ դուք զգաք Փրկչի սերը ձեր կյանքում և մոտենաք Նրան և Նրա Եկեղեցուն․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մորոնի 10.3։

  2. «Առաջին Նախագահության ուղերձ», Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), xv։

  3. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 94։ Նախագահ Նելսոնը վկայել է. «Մենք վերականգնման գործընթացի ականատեսներներն ենք: Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Դեռ շատ նոր բաներ կան: … Սպասեք մինչև հաջորդ տարի: Իսկ հետո հաջորդ տարին: Ընդունեք ձեր վիտամինները: Լավ հանգստացեք: Այն ոգևորիչ է լինելու» (Russell M. Nelson in “Latter-day Saint Prophet, Wife and Apostle Share Insights of Global Ministry” [Oct. 30, 2018], newsroom.ChurchofJesusChrist.org։

  4. Joseph Fielding Smith, comp., Life of Joseph F. Smith (Salt Lake City: Deseret News Press, 1938), 474.

  5. Տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 3, Boldly, Nobly, and Independent, 1893–1955 (2022), 202–5:

  6. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 206–7.

  7. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 31–32.

  8. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent32.

  9. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent33.

  10. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 33, Վարդապետություն եվ ուխտեր 137․7։

  11. Եբրայեցիներ 11.13։

  12. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», 95։

  13. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», 94-95։

  14. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 71, 74:

  15. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 74–77.

  16. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 525–28, 531–34:

  17. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 542–45.

  18. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Երկնքի պատուհանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 17։

  19. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 55–58, 63–65.

  20. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 6364.

  21. Inez Knight Allen diary, Apr. 2, 1898, L. Tom Perry Special Collections, Harold B. Lee Library, Brigham Young University, Provo, Utah, 16.

  22. Inez Knight Allen diary, Apr. 2, 1898, 18.

  23. 1981 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը լիաժամկետ միսիա են ծառայել 297478 երիտասարդ ամուրի քույր։

  24. Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզել խաղաղության Ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6:

  25. Տես Ռասսել Մ. Նելսոն։ «Խնդրանք իմ քույրերին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 95-98:

  26. Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 500–504.

  27. Alan Paton, Too Late the Phalarope (New York: Scribner Paperback Fiction, 1995), 278.

  28. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 308–10, 322–24:

  29. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 161–62, 172–76, 186–89:

  30. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 147–50, 156–59:

  31. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 52–55, 66–68, 78–80:

  32. Տես «Meyer, Helga Meiszus (Birth)» Սրբեր, հատ. 3, Համարձակ, ազնվաբարո և անկախ։

  33. Տես Saints, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 305–8, 315–17, 327–29:

  34. Hark, All Ye Nations!,” Hymns, no. 264. Գերմաներեն երգարանի 3-րդ հատվածի անգլերեն թարգմանությունը հետևյալն է.

    Պատվեք մեկ և ճշմարիտ կենդանի Աստծուն։

    Եկեք և մկրտվեք ու բռնեք ձողից:

    Տվեք Նրան ձեր սիրտը՝ հավատալով Նրա Որդուն՝

    Հիսուս Սուրբին։

    Գերմաներենից 3-րդ հատվածի ավելի բառացի անգլերեն թարգմանությունը հետևյալն է.

    Պատվեք ճշմարիտ, հավիտենական Աստծուն,

    Նրա խոսքը պահանջում է ապաշխարություն և մկրտություն:

    Նվիրաբերիր քո սիրտը, և Նրա Որդու միջոցով

    Դուք կպարգևատրվեք։