Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 138


Բաժին 138

Տեսիլք՝ տրված Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 1918թ. հոկտեմբերի 3-ին: Եկեղեցու 89-րդ կիսամյա Գերագույն համաժողովի իր բացման խոսքում, 1918թ. հոկտեմբերի 4-ին, Նախագահ Սմիթը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ստացել է մի քանի աստվածային հաղորդակցություններ: Դրանցից մեկը, որը վերաբերում էր Փրկչի այցելությանը մահացածների հոգիներին, մինչ նրա մարմինը գերեզմանում էր, Նախագահ Սմիթը ստացել էր նախորդ օրը: Համաժողովի ավարտից անմիջապես հետո, այն գրի առնվեց: 1918թ. հոկտեմբերի 31-ին այն ներկայացվեց Առաջին Նախագահության խորհրդականներին, Տասներկուսի Խորհրդին ու հայրապետին և միաձայն ընդունվեց նրանց կողմից:

1–10՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում է Պետրոսի գրվածքների և հոգիների աշխարհ մեր Տիրոջ այցելելու մասին. 11–24՝ Նախագահ Սմիթը տեսնում է արդար մեռելներին, դրախտում հավաքված, և Քրիստոսի ծառայությունը նրանց մեջ. 25–37՝ Նա տեսնում է, թե ինչպես է կազմակերպվել ավետարանի քարոզումը հոգիների մոտ. 38–52՝ Նա հոգիների աշխարհում տեսնում է Ադամին, Եվային և սուրբ մարգարեներից շատերին, որոնք իրենց հոգեղեն վիճակը, մինչև հարություն, համարում էին գերություն. 53–60՝ Մեր օրերի արդար մեռելները շարունակում են ծառայել հոգիների աշխարհում:

1 Հոկտեմբերի երեքին, հազար ինը հարյուր տասնութ թվականին, ես նստել էի իմ սենյակում՝ խորհելով սուրբ գրությունների վրա.

2 Եվ մտածելով մեծ քավիչ զոհաբերության մասին, որը կատարվել էր Աստծո Որդու կողմից՝ աշխարհի փրկագնման համար.

3 Եվ մեծ ու հրաշալի սիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից՝ Քավչի աշխարհ գալով.

4 Որ նրա քավության միջոցով, և ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով, մարդկությունը կարող է փրկվել:

5 Մինչ ես այդպես մտորում էի, միտքս եկան Պետրոս առաքյալի գրվածքները, որոնք ուղղվել էին նախկին սրբերին, որոնք ցրված էին ամենուրեք՝ ողջ Պոնտոսով, Գաղատիայով, Կապադովկիայով և Ասիայի մյուս տարածքներով, որտեղ ավետարանը քարոզվել էր Տիրոջ խաչելությունից հետո:

6 Ես բացեցի Աստվածաշունչը և կարդացի Պետրոսի թղթի երրորդ և չորրորդ գլուխները, և մինչ կարդում էի, ինձ վրա, ավելի շատ, քան երբևէ նախկինում, մեծ տպավորություն գործեցին հետևյալ հատվածները.

7 «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն արդարն՝ անարդարներիս համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն, որ թեև սպանվեց մարմնով, բայց կենդանի եղավ Հոգով.

8 Որով գնաց և բանտում եղող հոգիներին էլ քարոզեց.

9 Որոնք մի ժամանակ անհնազանդ էին, երբ մեկ անգամ Աստծո երկայնամտությունը սպասում էր, Նոյի օրերում, մինչ տապանը պատրաստվում էր, որի մեջ քիչ, այսինքն՝ ութ հոգի, ջրից փրկվեցին»: (Ա Պետրոս Գ.18–20):

10 «Որովհետև իսկ, սրա համար ավետարանը մեռելներին էլ քարոզվեց, որ նրանք կարողանան դատվել, ինչպես մարդիկ մարմնի մեջ, բայց կենդանի լինեն հոգով՝ Աստծո կամքի համաձայն»: (Ա Պետրոս Դ.6):

11 Մինչ ես խորհում էի այս գրված բաների մասին, իմ հասկացողության աչքերը բացվեցին, և Տիրոջ Հոգին հանգչեց ինձ վրա, և ես տեսա մեռելների բազմությունը՝ և՛ փոքր, և՛ մեծ:

12 Եվ նրանք միասին հավաքվել էին մեկտեղ, արդար հոգիների մի անթիվ բազմություն, որոնք Հիսուսի վկայության մեջ հավատարիմ էին եղել մահկանացության մեջ ապրելու ժամանակ.

13 Եվ որոնք զոհ էին մատուցել Աստծո Որդու մեծ զոհաբերության նմանությամբ և նեղություն էին կրել իրենց Քավչի անունով:

14 Նրանք բոլորը թողել էին մահկանացու կյանքը, փառավոր հարության հաստատուն հույսով, Հայր Աստծո և նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով:

15 Ես տեսա, որ նրանք լցված էին ուրախությամբ ու խնդությամբ և միասին ցնծում էին, որովհետև նրանց ազատման օրը մոտ էր:

16 Նրանք հավաքվել էին, սպասելով Աստծո Որդու գալստին հոգիների աշխարհ, որ նա հայտարարի մահվան կապանքներից նրանց փրկագնումը:

17 Նրանց հանգչած հողը պիտի վերականգնվեր իր կատարյալ կառուցվածքով, ոսկորն՝ իր ոսկորի վրա, և ջլերն ու միսը՝ դրանց վրա, ոգին ու մարմինը պիտի միանային, որ այլևս երբեք չբաժանվեին, որ կարողանային ստանալ ուրախության լիությունը:

18 Մինչ այս հսկայական բազմությունը սպասում և խոսում էր, ցնծալով մահվան կապանքներից իրենց ազատման ժամով, Աստծո Որդին հայտնվեց՝ ազատություն հայտարարելով գերիներին, ովքեր հավատարիմ էին եղել.

19 Եվ այնտեղ նա նրանց քարոզեց հավիտենական ավետարանը, հարության վարդապետությունն ու մարդկության փրկագնումն անկումից և անձնական մեղքերից՝ ապաշխարության պայմաններով:

20 Բայց ամբարիշտների մոտ նա չգնաց, և անաստվածների ու չապաշխարողների մեջ, որոնք պղծել էին իրենց, մինչ մարմնում էին եղել, նրա ձայնը չբարձրացավ.

21 Եվ ապստամբները, որոնք մերժեցին հին մարգարեների վկայություններն ու զգուշացումները, չտեսան նրա ներկայությունը, ոչ էլ նայեցին նրա երեսին:

22 Որտեղ նրանք էին, խավարն էր իշխում, բայց արդարների մեջ խաղաղություն էր տիրում.

23 Եվ սրբերն ուրախանում էին իրենց փրկագնմամբ և ծունկ էին ծալում ու ճանաչում Աստծո Որդուն՝ որպես իրենց Քավիչ և Ազատիչ մահից ու դժոխքի կապանքներից:

24 Նրանց դեմքերը փայլում էին, և Տիրոջ ներկայությունից եկող շողը նրանց վրա էր, և նրանք գովք էին երգում նրա սուրբ անվանը:

25 Ես զարմացա, քանզի հասկացա, որ Փրկիչը մոտ երեք տարի անցկացրեց՝ ծառայելով հրեաների և նրանց մեջ, ովքեր Իսրայելի տնից էին, ջանալով ուսուցանել նրանց հավիտենական ավետարանը և ապաշխարության կանչել նրանց.

26 Եվ այնուամենայնիվ, չնայած իր հզոր գործերին ու հրաշքներին և մեծ զորությամբ ու իշխանությամբ ճշմարտության հռչակմանը, միայն քչերն ականջ դրեցին նրա ձայնին և ուրախացան նրա ներկայությամբ և փրկություն ստացան նրա ձեռքից:

27 Բայց մահացածների մեջ նրա ծառայությունը սահմանափակված էր խաչելության և իր հարության միջև ընկած մի փոքր ժամանակահատվածով.

28 Եվ ես խորհեցի Պետրոսի խոսքերի վրա,– որտեղ նա ասում է, որ Աստծո Որդին քարոզեց բանտում գտնվող հոգիներին, որոնք մի ժամանակ անհնազանդ էին, երբ մեկ անգամ Աստծո երկայնամտությունը սպասում էր, Նոյի օրերում,– և ինչպես հնարավոր եղավ, որ նա քարոզեց այդ հոգիներին և այդպիսի կարճ ժամանակահատվածում նրանց մեջ կատարեց անհրաժեշտ աշխատանքը:

29 Եվ մինչ ես մտածում էի, իմ աչքերը բացվեցին և իմ հասկացողությունը կենդանացավ, և ես հասկացա, որ Տերն անձամբ չգնաց ամբարիշտների ու անհնազանդների մեջ, որոնք մերժել էին ճշմարտությունը, որ ուսուցանի նրանց.

30 Այլ ահա, արդարների թվից նա կազմավորեց իր ուժերը և նշանակեց սուրհանդակներ, որոնք հանդերձավորված էին զորությամբ ու իշխանությամբ, և լիազորեց նրանց՝ առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ էին, այսինքն՝ բոլոր մարդկային ոգիներին. և այդպես ավետարանը քարոզվեց մեռելներին:

31 Եվ ընտրված սուրհանդակներն առաջ գնացին՝ հայտարարելու Տիրոջ ընդունելի օրը և ազատություն հռչակելու գերիներին, որոնք կապված էին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կապաշխարեին իրենց մեղքերից և կընդունեին ավետարանը:

32 Այսպես ավետարանը քարոզվել էր նրանց, ովքեր մահացել էին իրենց մեղքերի մեջ, գիտություն չունենալով ճշմարտության մասին, կամ օրինազանցության մեջ՝ մերժած լինելով մարգարեներին:

33 Նրանց ուսուցանվել էր հավատք առ Աստված, մեղքերից ապաշխարություն, փոխարինող մկրտություն՝ մեղքերի թողության համար, Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ,

34 Եվ ավետարանի բոլոր մյուս սկզբունքները, որոնք նրանց անհրաժեշտ էր իմանալ, որ պատրաստվեին, որպեսզի դատվեին, ինչպես մարդիկ մարմնի մեջ, բայց կենդանի լինեին հոգով՝ Աստծո կամքի համաձայն:

35 Եվ այդպես մեռելների մեջ, փոքր և մեծ, անիրավ, թե հավատարիմ, հայտնի էր դարձվել, որ խաչի վրա Աստծո Որդու զոհաբերությամբ փրկագնում էր իրագործվել:

36 Այդպես հայտնի էր դարձվել, որ մեր Քավիչը հոգիների աշխարհում իր կարճ բնակությունն անցկացրել էր՝ հրահանգելով ու պատրաստելով մարգարեների հավատարիմ հոգիները, որոնք մարմնի մեջ վկայել էին նրա մասին.

37 Որ նրանք քավության պատգամը տանեն բոլոր մեռելներին, որոնց մոտ ինքն անձամբ չէր կարող գնալ, նրանց ապստամբության և օրինազանցության պատճառով, որ իր սպասավորների ծառայության միջոցով նրանք նույնպես կարողանան լսել իր խոսքերը:

38 Արդարների այս հսկայական ժողովքում հավաքված մեծերի և հզորների թվում էին Հայր Ադամը՝ Հինավուրցը և բոլորի հայրը,

39 Եվ մեր փառահեղ Մայր Եվան, իր հավատարիմ դուստրերից շատերի հետ, որոնք ապրել էին դարեդար և երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն:

40 Այնտեղ էր Աբելը՝ առաջին նահատակը, և նրա եղբայրը՝ Սեթը, հզորներից մեկը, որն իր հոր՝ Ադամի ճշգրիտ պատկերով էր:

41 Նոյը, որը զգուշացրեց ջրհեղեղի մասին. Սեմը՝ մեծ քահանայապետը. Աբրահամը՝ հավատարիմների հայրը. Իսահակը, Հակոբը և Մովսեսը՝ Իսրայելի մեծ օրենսդիրը.

42 Եվ Եսայիան, որը մարգարեությամբ հայտարարեց, որ Քավիչն օծվել էր, որ սրտապնդեր սրտով կոտրվածներին, ազատություն հռչակեր գերիներին և բանտից արձակում՝ նրանց համար, ովքեր բանտարկյալ էին, նույնպես այնտեղ էին:

43 Դեռ ավելին, Եզեկիելը, որին տեսիլքում ցույց էր տրվել չորացած ոսկորներով մեծ դաշտը, որոնք պետք է մարմին հագնեին, կրկին բարձրանալով մեռելների հարության ժամանակ, որպես կենդանի հոգիներ.

44 Դանիելը, որը կանխավ տեսավ և կանխավ պատմեց Աստծո արքայության հաստատումը վերջին օրերին, որն այլևս երբեք չի կործանվի, ոչ էլ կտրվի ուրիշ ժողովրդի.

45 Եղիասը, որը Մովսեսի հետ էր Կերպարանափոխման սարի վրա.

46 Եվ Մաղաքիան՝ մարգարեն, որը վկայեց Եղիայի գալստի մասին,– որի մասին նաև Մորոնին խոսեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, հայտարարելով, որ նա պետք է գա, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա մուտքը,– նույնպես այնտեղ էին:

47 Մարգարե Եղիան զավակների սրտերում պետք է սերմաներ այն խոստումները, որոնք տրվել էին իրենց հայրերին,

48 Ինչը նախանշան էր այն մեծ աշխատանքի համար, որը պիտի կատարվեր Տիրոջ տաճարներում, ժամանակների լրության տնտեսության ժամանակ, մահացածների փրկագնման համար, և զավակների կնքումն իրենց ծնողների հետ, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով և ամբողջովին ամայանա նրա գալստյան ժամանակ:

49 Նրանք բոլորը և էլի շատ շատեր, այսինքն՝ մարգարեները, ովքեր ապրել են Նեփիացիների մեջ և վկայել են Աստծո Որդու գալստյան մասին, խառնվել էին այդ հսկայական ժողովին և սպասում էին իրենց ազատմանը,

50 Քանզի մահացածները գերություն էին համարում իրենց հոգիների երկար բացակայությունն իրենց մարմիններից:

51 Տերը նրանց ուսուցանեց, և նրանց զորություն տվեց, որ առաջ գան, մեռելներից իր հարությունից հետո, և մտնեն իր Հոր արքայությունը, որպեսզի այնտեղ անմահությամբ ու հավերժական կյանքով պսակվեն,

52 Եվ դրանից հետո շարունակեն իրենց գործը, ինչպես խոստացել էր Տերը, և ճաշակողներ լինեն բոլոր օրհնությունների, որոնք պահպանվել էին նրանց համար, ովքեր սիրում են նրան:

53 Մարգարե Ջոզեֆ Սմիթը և իմ հայրը՝ Հայրում Սմիթը, Բրիգամ Յանգը, Ջոն Թեյլորը, Վիլֆորդ Վուդրուֆը և ուրիշ ընտրյալ հոգիներ, որոնք պահվել էին՝ առաջ գալու ժամանակների լրության մեջ, որպեսզի մասնակցեն վերջին օրերի մեծ աշխատանքի հիմնադրմանը,

54 Այդ թվում՝ տաճարների կառուցմանը և նրանցում արարողությունների կատարմանը՝ մահացածների փրկագնման համար,– նրանք էլ էին հոգիների աշխարհում:

55 Ես նկատեցի, որ նրանք էլ էին այն ազնիվ ու մեծ անձանց թվում, որոնք ի սկզբանե ընտրվել էին՝ ղեկավարներ լինելու Աստծո Եկեղեցում:

56 Նույնիսկ նախքան ծնվելը, ուրիշ շատերի հետ, նրանք ստացել էին իրենց առաջին դասերը հոգիների աշխարհում և պատրաստվել էին՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ, որպեսզի աշխատեին նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար:

57 Ես տեսա, որ այս տնտեսության հավատարիմ երեցները, հեռանալով մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները՝ քարոզելով ապաշխարության ավետարանը և փրկագնումը, Աստծո Միածին Որդու զոհաբերության միջոցով, նրանց մեջ, ովքեր խավարում են և մեղքի գերության տակ՝ մահացածների հոգիների մեծ աշխարհում:

58 Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով,

59 Եվ իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր լվացվելուց հետո, նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց գործերի, քանզի նրանք փրկության ժառանգներ են:

60 Այսպես էր ինձ հայտնվել մահացածների փրկագնման տեսիլքը, և ես վկայում եմ, և գիտեմ, որ այս վկայությունը ճշմարիտ է, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրհնությամբ, ճիշտ այդպես: Ամեն: