Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 111


Բաժին 111

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Սալեմում, Մասաչուսետս, 1836թ. օգոստոսի 6-ին (History of the Church, 2.465–466): Այդ ժամանակ Եկեղեցու առաջնորդները ծանր պարտքերի տակ էին՝ ծառայության իրենց գործերի պատճառով: Լսելով, որ Սալեմում դրամական մեծ գումար ձեռք կբերեն, Մարգարեն, Սիդնի Ռիգդոնը, Հայրում Սմիթը և Օլիվեր Քաուդերին Օհայոյի Կիրթլենդից ճանապարհ ընկան դեպի այդ վայրը, որպեսզի հետազոտեն այդ պնդումը և, միևնույն ժամանակ, քարոզեն ավետարանը: Եղբայրները կատարեցին Եկեղեցական մի քանի գործեր և որոշ ժամանակ քարոզեցին: Երբ հայտնի դարձավ, որ որևէ գումար չի սպասվում, նրանք վերադարձան Կիրթլենդ: Այս հայտնության խոսքերի մեջ արտացոլվել են պատմական մի քանի հայտնի անցքեր:

1–5՝ Տերը հոգում է իր ծառաների նյութական կարիքները. 6–11՝ Նա ողորմածությամբ կվարվի Սիոնի հետ և կկարգավորի բոլոր բաները՝ իր ծառաների բարիքի համար:

1 Ես՝ Տերս՝ ձեր Աստվածը, զայրացած չեմ ձեր այս ճամփորդությունը ձեռնարկելու համար, չնայած ձեր անմտությանը:

2 Ես շատ գանձեր ունեմ ձեր համար այս քաղաքում, Սիոնի օգտի համար, և շատ մարդիկ՝ այս քաղաքում, որոնց ես ժամանակին կհավաքեմ ձեր միջոցով՝ Սիոնի օգտի համար:

3 Հետևաբար, նպատակահարմար է, որ դուք ծանոթություն հաստատեք այս քաղաքի մարդկանց հետ, ինչպես որ դուք կառաջնորդվեք, և ինչպես կտրվի ձեզ:

4 Եվ պիտի լինի այնպես, ժամանակին, որ այս քաղաքը ես կտամ ձեր ձեռքը, որ դուք զորություն ունենաք նրա վրա, այնպես որ նրանք չեն հայտնաբերի ձեր գաղտնիքները. և նրա հարստությունը՝ ոսկով և արծաթով, ձերը պիտի լինի:

5 Մի մտահոգվեք ձեր պարտքերի համար, քանզի ես ձեզ դրանք վճարելու զորություն կտամ:

6 Մի մտահոգվեք Սիոնի համար, քանզի ես ողորմածությամբ կվարվեմ նրա հետ:

7 Մնացեք այս վայրում և մերձակա շրջաններում.

8 Եվ այն վայրը, որտեղ իմ կամքն է, որ դուք հիմնականում մնաք, ձեզ ցույց կտրվի իմ Հոգու խաղաղությամբ և զորությամբ, որը պիտի հորդա ձեր վրա:

9 Այդ վայրը դուք կարող եք ձեռք բերել վարձելով: Եվ ջանասիրաբար տեղեկացեք այս քաղաքի առավել հին բնակիչների ու հիմնադիրների վերաբերյալ.

10 Քանզի այս քաղաքում ձեզ համար ավելի շատ գանձեր կան, քան մեկը:

11 Հետևաբար, եղեք օձերի պես իմաստուն, և սակայն, առանց մեղքի. և ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար, այնքան արագ, որքան դուք ի վիճակի կլինեք ընդունելու դրանք: Ամեն: