Սուրբ գրություններ
Պաշտոնական հայտարարություն 2


Պաշտոնական Հայտարարություն–2

Ի գիտություն բոլոր հետաքրքրվողների.

1978թ. սեպտեմբերի 30-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 148-րդ կիսամյա Գերագույն համաժողովում, Եկեղեցու Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Ն. Էլդոն Թաների կողմից ներկայացվեց հետևյալը.

Այս տարվա հունիսի սկզբին, Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի կողմից հայտնություն էր ստացվել, որը քահանայության և տաճարային օրհնությունները տարածում է Եկեղեցու բոլոր արժանի տղամարդկանց վրա: Նախագահ Քիմբալը խնդրել է, որ ես համաժողովին տեղեկացնեմ, որ այն բանից հետո, երբ նա ստացել էր այս հայտնությունը, որը եկել էր նրան սուրբ տաճարի սրբազան սենյակներում երկար խորհելուց ու աղոթելուց հետո, նա ներկայացրել էր այն իր խորհրդականներին, որոնք ընդունել էին այն և հավանություն տվել: Ապա այն ներկայացվել էր Տասներկու Առաքյալների Քվորումին, որոնք միաձայն հավանություն էին տվել դրան, իսկ հետագայում այն ներկայացվել էր բոլոր մյուս Բարձրագույն Իշխանավորներին, որոնք նույնպես միաձայն հավանություն էին տվել դրան:

Նախագահ Քիմբալը խնդրել է, որ այժմ ես կարդամ այդ նամակը.

1978թ. հունիսի 8

Աշխարհով մեկ սփռված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քահանայության ընդհանուր և տեղական բոլոր պաշտոնյաներին.

Թանկագի՛ն Եղբայրներ.

Ականատես լինելով երկրի վրա Տիրոջ աշխատանքի տարածմանը՝ մենք երախտապարտ ենք, որ շատ ազգերի ժողովուրդներ արձագանքել են վերականգնված ավետարանի պատգամին և շարունակ աճող թվերով միանում են Եկեղեցուն: Սա, իր հերթին, ոգեշնչել է մեզ ցանկությամբ՝ Եկեղեցու յուրաքանչյուր արժանի անդամի վրա տարածել բոլոր արտոնություններն ու օրհնությունները, որոնք տալիս է ավետարանը:

Քաջատեղյակ այն խոստումներին, որոնք տրվել են մարգարեների և Եկեղեցու նախագահների կողմից, որոնք մեզանից առաջ էին, որ ինչ-որ ժամանակ, Աստծո հավերժական ծրագրով, բոլոր մեր եղբայրները, որոնք արժանի են, կկարողանան ստանալ քահանայություն, և վկա լինելով նրանց հավատարմությանը, որոնցից քահանայությունը ետ էր պահվել, մենք երկար ու լրջմտորեն աղերսում էինք մեր այս հավատարիմ եղբայրների համար, բազում ժամեր անցկացնելով Տաճարի Վերնատանը՝ աղաչելով Տիրոջն աստվածային առաջնորդության համար:

Նա լսեց մեր աղոթքները և հայտնությամբ հաստատեց, որ վաղուց խոստացված օրը եկել է, երբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատարիմ, արժանի տղամարդ կարող է ստանալ սուրբ քահանայությունը, դրա աստվածային իշխանությունը գործադրելու զորությամբ, և իր սիրեցյալների հետ վայելելու յուրաքանչյուր օրհնություն, որը գալիս է դրանից՝ տաճարային օրհնությունները ներառյալ: Ուստի, Եկեղեցու բոլոր արժանի տղամարդիկ կարող են քահանայության կարգվել, անկախ ռասայից կամ մաշկի գույնից: Քահանայության ղեկավարներին հրահանգվում է հետևել քաղաքականությանը՝ ուշադիր հարցազրույց անցկացնել բոլոր թեկնածուների հետ՝ թե՛ Ահարոնյան, թե՛ Մելքիսեդեկյան Քահանայությանը կարգվելու համար, որպեսզի համոզվեն, որ նրանք համապատասխանում են արժանավորության համար հաստատված չափանիշներին:

Մենք լրջորեն հայտարարում ենք, որ այժմ Տերը հայտնի է դարձրել իր կամքը՝ երկրագնդի վրա ապրող իր բոլոր այն զավակներին օրհնելու համար, որոնք ականջ կդնեն նրա լիազորված ծառաների ձայնին և իրենց կնախապատրաստեն, որպեսզի ստանան ավետարանի յուրաքանչյուր օրհնություն:

Հարգանքներով ձեր՝

Սպենսեր Վ. Քիմբալ

Ն. Էլդոն Թաներ

Մարիոն Ջ. Ռոմնի

Առաջին Նախագահություն

Ընդունելով Սպենսեր Վ. Քիմբալին որպես մարգարե, տեսանող և հայտնող, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ, առաջարկվում է, որ մենք, որպես սահմանադիր ժողով, ընդունենք այս հայտնությունը, որպես Տիրոջ խոսքը և կամքը: Բոլորը, ովքեր կողմ են, խնդրում ենք ցույց տալ՝ բարձրացնելով աջ ձեռքը: Ովքեր դեմ են՝ միևնույն նշանով:

Առաջարկությունը հաստատելու քվեարկությունն անցավ միաձայն՝ դրական արդյունքով:

Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, 1978թ. սեպտեմբերի 30: