Բաժին 96
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, 1833թ. հունիսի 4-ին, որպես օրինակ Կիրթլենդի Սրբերի համար, որը ցույց է տալիս Սիոնի քաղաքի կամ ցցի կազմակերպումը Կիրթլենդում, Օհայո (History of the Church, 1.352–353): Առիթը եղավ քահանայապետերի համաժողովը, և քննարկման հիմնական նյութը որոշ հողերի բաժանումն էր, որոնք գտնվում էին Եկեղեցու տիրապետության տակ, Կիրթլենդում, և հայտնի էին որպես Ֆրենչի ագարակ: Քանի որ համաժողովը չէր կարողանում համաձայնության գալ, թե ում պատասխանատվությանն էր պետք հանձնել ագարակը, բոլորը համաձայնեցին այդ խնդրի վերաբերյալ հարցնել Տիրոջը:
1 ՝Սիոնի Կիրթլենդ ցիցը պետք է ամրացնել. 2–5՝ Եպիսկոպոսը պետք է բաժանի Սրբերի ժառանգությունները. 6–9՝ Ջոն Ջոնսոնը պետք է լինի միացյալ միաբանության անդամ:
1 Ահա, ես ասում եմ ձեզ. Այստեղ է իմաստությունը, որով դուք կարող եք իմանալ, թե ինչպես վարվեք այդ հարցում, քանզի ինձ համար նպատակահարմար է, որ այս ցիցն ամրացվի, որը ես հաստատել եմ Սիոնն ամրացնելու համար:
2 Հետևաբար, թող իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին ընդունի ձեր մեջ նշվող այդ վայրի պատասխանատվությունը, որի վրա ես նախատեսել եմ կառուցել իմ սուրբ տունը:
3 Եվ բացի այդ, թող այն բաժանվի հողակտորների, իմաստությամբ, նրանց օգտի համար, ովքեր ժառանգություններ են փնտրում, ինչպես որ ձեր խորհրդով կորոշվի:
4 Հետևաբար, զգուշացեք, որ հետևեք այս խնդրին, և այն բաժնին, որն անհրաժեշտ է իմ միաբանության օգտի համար, այն նպատակի համար, որ իմ խոսքն առաջ տարվի դեպի մարդկանց զավակները:
5 Քանզի ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ինձ համար առավել նպատակահարմար է այն, որ իմ խոսքն առաջ գնա դեպի մարդկանց զավակները, ձեր բարիքի համար՝ մարդկանց զավակների սրտերը մեղմացնելու նպատակով: Ճիշտ այդպես: Ամեն:
6 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Իմ իմաստությամբ և ինձ նպատակահարմար է, որ իմ ծառա Ջոն Ջոնսոնը, որի ընծան ես ընդունել եմ, և որի աղոթքները ես լսել եմ, որին ես տալիս եմ հավերժական կյանքի խոստումը, որքան որ նա այսուհետև կպահի իմ պատվիրանները,–
7 Քանզի նա Հովսեփի հետնորդն է և իր հայրերին տրված խոստման օրհնությունների ճաշակողը,–
8 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ նպատակահարմար է, որ նա դառնա միաբանության անդամ, որպեսզի օգնի՝ առաջ տանելու իմ խոսքը դեպի մարդկանց զավակները:
9 Ուստի, դուք պետք է կարգեք նրան այդ օրհնության համար, և նա պետք է ջանասիրաբար փնտրի հարթել ձեր մեջ նշված այս տան բոլոր իրավական պարտավորությունները, որ նա կարողանա բնակվել այնտեղ: Ճիշտ այդպես: Ամեն: