Բաժին 112
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Թոմաս Բ. Մարշին, Կիրթլենդում, Օհայո, 1837թ. հուլիսի 23-ին (History of the Church, 2.499–501): Այս հայտնությունը պարունակում է Տիրոջ խոսքը Թոմաս Բ. Մարշին՝ Գառի Տասներկու Առաքյալների վերաբերյալ: Մարգարեն արձանագրում է, որ այս հայտնությունը ստացվել էր այն օրը, երբ ավետարանն առաջին անգամ քարոզվել էր Անգլիայում: Թոմաս Բ. Մարշն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր:
1–10՝ Տասներկուսը պետք է ուղարկի ավետարանը և զգուշացնող ձայն բարձրացնի՝ ուղղված բոլոր ազգերին ու ժողովուրդներին. 11–15՝ Նրանք պետք է վերցնեն իրենց խաչը, հետևեն Հիսուսին, և արածեցնեն նրա ոչխարները. 16–20՝ Նրանք, ովքեր ընդունում են Առաջին Նախագահությանը, ընդունում են Տիրոջը. 21–29՝ Խավարը պատել է աշխարհը, և միայն նրանք, ովքեր հավատում և մկրտվում են, կփրկվեն. 30–34՝ Առաջին Նախագահությունը և Տասներկուսը կրում են ժամանակների լրության տնտեսության բանալիները:
1 Ճշմարիտ, այսպես է Տերն ասում քեզ, իմ ծառա՛ Թոմաս. Ես լսել եմ քո աղոթքները. և քո ողորմությունները բարձրացել են իմ առաջ՝ հիշատակի համար, ի նպաստ քո այն եղբայրների, ովքեր ընտրվել են վկայելու իմ անվան համար, և ուղարկելու այն ամենուրեք՝ բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ, և կարգվել են իմ ծառաների միջոցով:
2 Ճշմարիտ ասում եմ քեզ. Մի քանի բաներ են եղել քո սրտում և քեզ մոտ, որոնք ես՝ Տերս, չեմ հավանել:
3 Այնուամենայնիվ, որքան որ դու խոնարհեցրել ես քեզ, դու պիտի բարձրացվես. հետևաբար, քո բոլոր մեղքերը ներված են քեզ:
4 Թող սիրտդ քաջանա իմ երեսի առաջ. և դու պետք է վկայես իմ անվան մասին, ոչ միայն հեթանոսներին, այլ նաև հրեաներին. և դու պետք է առաջ ուղարկես իմ խոսքը մինչև աշխարհի ծայրերը:
5 Ուստի, պայքարիր առավոտից-առավոտ. և թող քո զգուշացնող ձայնն առաջ գնա օրեցօր. և երբ գիշերը գալիս է, մի թող որ երկրի բնակիչները քուն մտնեն քո խոսքի պատճառով:
6 Թող քո բնակության վայրն իմանան Սիոնում, և մի տեղափոխիր քո տունը. քանզի, ես՝ Տերս, մեծ աշխատանք ունեմ քեզ համար, որ անես, իմ անունը մարդկանց զավակների մեջ հրատարակելու գործում:
7 Հետևաբար, գոտեպնդիր մեջքդ աշխատանքի համար: Թող նաև կոշիկներդ ոտքերիդ մնան, քանզի դու ընտրված ես, և քո ճանապարհն ընկած է լեռների միջով և շատ ազգերի միջով:
8 Եվ քո խոսքի միջոցով շատ բարձրացածներ պիտի ցածրացվեն, և քո խոսքի միջոցով շատ ցածրացածներ պիտի բարձրացվեն:
9 Քո ձայնը պիտի կշտամբանք լինի օրինազանցի համար. և քո կշտամբանքից թող զրպարտչի լեզուն դադարի խոտորախոսել:
10 Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին:
11 Ես գիտեմ քո սիրտը և լսել եմ աղոթքներդ քո եղբայրների վերաբերյալ: Կողմնակալ մի եղիր, սիրելով նրանց առավել, քան շատ ուրիշների, այլ քո սերը նրանց հանդեպ թող լինի, ինչպես քո հանդեպ է. և թող քո սերն առատ լինի բոլոր մարդկանց հանդեպ, և բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում են իմ անունը:
12 Եվ աղոթիր Տասներկուսի քո եղբայրների համար: Խստորեն խրատիր նրանց՝ հանուն իմ անվան, և թող նրանք խրատվեն իրենց բոլոր մեղքերի համար, և հավատարիմ եղիր իմ առաջ՝ իմ անվան համար:
13 Եվ նրանց գայթակղություններից և շատ նեղությունից հետո, ահա, ես՝ Տերս, կփնտրեմ նրանց, և եթե նրանք կարծրացրած չլինեն իրենց սրտերը և խստացրած չլինեն իրենց պարանոցներն իմ դեմ, նրանք դարձի կգան, և ես կբժշկեմ նրանց:
14 Արդ, ես ասում եմ քեզ, և այն ինչ քեզ եմ ասում, ասում եմ բոլոր Տասներկուսին. Վեր կացեք ու գոտեպնդեք ձեր մեջքը, վերցրեք ձեր խաչը, հետևեք ինձ, և արածեցրեք իմ ոչխարները:
15 Մի բարձրացրեք ձեզ. մի ապստամբեք իմ ծառա Ջոզեֆի դեմ. քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես նրա հետ եմ, և իմ ձեռքը պիտի լինի նրա վրա. և բանալիները, որոնք ես տվել եմ նրան, և նաև ձեզ, նրանից չեն վերցվի, մինչև ես չգամ:
16 Ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Թոմաս. Դու ես այն մարդը, ում ես ընտրել եմ՝ կրելու իմ արքայության բանալիները, ինչ վերաբերում է Տասներկուսին, ամենուրեք՝ բոլոր ազգերի մեջ,–
17 Որպեսզի դու լինես իմ ծառան՝ բացելու արքայության դռները բոլոր այն վայրերում, ուր իմ ծառա Ջոզեֆը և իմ ծառա Սիդնին և իմ ծառա Հայրումը չեն կարող գալ.
18 Քանզի միառժամանակ ես նրանց վրա եմ դրել բոլոր եկեղեցիների բեռը:
19 Ուստի, որտեղ էլ նրանք ուղարկեն քեզ, դու գնա, և ես քեզ հետ կլինեմ. և որտեղ էլ դու հռչակես իմ անունը, արդյունավետ դուռ պիտի բացվի քո առաջ, որպեսզի նրանք կարողանան ընդունել իմ խոսքը:
20 Ով ընդունում է իմ խոսքը, ընդունում է ինձ, և ով ընդունում է ինձ, ընդունում է նրանց՝ Առաջին Նախագահությանը, որոնց ես ուղարկել եմ, որոնց ես խորհրդատուներ եմ դարձրել ձեզ համար՝ հանուն իմ անվան:
21 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ ում որ դուք ուղարկեք իմ անունով, ձեր եղբայրների՝ Տասներկուսի ձայնով, ձեր կողմից պատշաճ կերպով երաշխավորված և լիազորված, նրանք զորություն կունենան՝ բացելու իմ արքայության դուռը, որ ազգի համար էլ որ դուք նրանց ուղարկած լինեք,–
22 Որքան որ նրանք կխոնարհեցնեն իրենց իմ առաջ, և կմնան իմ խոսքի մեջ, և ականջ կդնեն իմ Հոգու ձայնին:
23 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Խավարը պատել է երկիրը, և թանձր խավարը՝ մարդկանց միտքը, և ամեն մարմին ապականվել է իմ երեսի առաջ:
24 Ահա, սրընթաց վրեժխնդրություն է գալիս երկրի բնակիչների վրա՝ ցասման օր, այրման օր, ամայացման, լացի, սգո և ողբի օր. և, ինչպես մի պտուտահողմ, այն պիտի անցնի ողջ երկրի երեսով, ասում է Տերը:
25 Եվ իմ տան վրա պիտի սկսի այն, և իմ տնից առաջ կգնա այն, ասում է Տերը.
26 Առաջինը՝ ձեզանից նրանց մեջ, ասում է Տերը, ովքեր խոստովանում են, թե գիտեն իմ անունը, բայց չեն ճանաչել ինձ և հայհոյել են ինձ իմ տան մեջ, ասում է Տերը:
27 Հետևաբար, տեսեք, որ դուք չմտահոգվեք՝ այս վայրում իմ եկեղեցու գործերի վերաբերյալ, ասում է Տերը:
28 Այլ մաքրեք ձեր սրտերն իմ առաջ. և ապա գնացեք աշխարհով մեկ և քարոզեք իմ ավետարանն ամեն արարածի, որը չի ստացել այն.
29 Եվ նա, ով հավատում և մկրտվում է, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, և չի մկրտվում, պիտի նզովվի:
30 Քանզի ձեզ՝ Տասներկուսիդ, և նրանց՝ Առաջին Նախագահությանը, ովքեր ձեզ հետ նշանակվել են՝ լինելու ձեր խորհրդատուներն ու ձեր ղեկավարները, տրված է այս քահանայության զորությունը, վերջին օրերին ու վերջին անգամ, որը ժամանակների լրության տնտեսությունն է:
31 Զորություն, որը դուք կրում եք, բոլոր նրանց հետ միասին, ովքեր ստեղծման սկզբից ինչ-որ ժամանակ տնտեսություն են ստացել.
32 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ տնտեսության բանալիները, որոնք դուք ստացել եք, եկել են հայրերից, և ի վերջո, ուղարկվել են ձեզ երկնքից:
33 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Տեսեք, թե որքան մեծ է ձեր կոչումը: Մաքրեք ձեր սրտերն ու ձեր հանդերձները, որ չլինի թե այս սերնդի արյունը պահանջվի ձեր ձեռքից:
34 Հավատարիմ եղեք, մինչև ես գամ, քանզի ես շուտով գալիս եմ. և իմ վարձքն ինձ հետ է, որ ամեն մարդու հատուցեմ իր գործերի համեմատ: Ես եմ Ալֆան և Օմեգան: Ամեն: