Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 23


Բաժին 23

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օլիվեր Քաուդերիին, Հայրում Սմիթին, Սեմյուել Հ. Սմիթին, Ջոզեֆ Սմիթ ավագին և Ջոզեֆ Նայթ ավագին, Մանչեստրում, Նյու Յորք, 1830թ. ապրիլին (History of the Church, 1.80): Անվանված հինգ անձանց կողմից իրենց համապատասխան պարտականություններն իմանալու բուռն ցանկության հետևանքով, Մարգարեն դիմեց Տիրոջը և ստացավ այս հայտնությունը:

1–7՝ Այս առաջին աշակերտները կոչված են քարոզելու, հորդորելու և ամրապնդելու Եկեղեցին:

1 Ահա, Օլիվե՛ր, ես ասում եմ քեզ մի քանի խոսք: Ահա, դու օրհնված ես և դատապարտության տակ չես: Սակայն, զգուշացիր հպարտությունից, որ չլինի թե ընկնես գայթակղության մեջ:

2 Հայտնի դարձրու քո կոչումը եկեղեցուն և նաև աշխարհի առաջ, և քո սիրտը կբացվի՝ ճշմարտությունը քարոզելու համար այսուհետև և հավիտյան: Ամեն:

3 Ահա, Հայրո՛ւմ, ես ասում եմ քեզ մի քանի խոսք. քանզի դու ևս դատապարտության տակ չես, և քո սիրտը բացվել է, և քո լեզուն՝ արձակվել. և քո կոչումը հորդորելն է, և եկեղեցին շարունակ ամրապնդելը: Ուստի քո պարտականությունն ի Եկեղեցին է հավիտյան, և դա՝ քո ընտանիքի պատճառով: Ամեն:

4 Ահա, ես մի քանի խոսք եմ ասում քեզ, Սեմյուե՛լ. քանզի դու ևս դատապարտության տակ չես, և քո կոչումը հորդորելն է, և եկեղեցին ամրապնդելը. և դու դեռևս կանչված չես քարոզելու աշխարհի առաջ: Ամեն:

5 Ահա, ես մի քանի խոսք եմ ասում քեզ, Ջոզե՛ֆ. քանզի դու ևս դատապարտության տակ չես, և քո կոչումը նույնպես հորդորելն է, և եկեղեցին ամրապնդելը. և սա քո պարտականությունն է այսուհետև և հավիտյան: Ամեն:

6 Ահա, ես հայտնում եմ քեզ, Ջոզե՛ֆ Նայթ, այս խոսքերով, որ դու պետք է վերցնես քո խաչը, այն է, որ դու պետք է բարձրաձայն աղոթես աշխարհի առաջ, ինչպես նաև գաղտնապես և քո ընտանիքում, քո ընկերների մեջ և բոլոր վայրերում:

7 Եվ, ահա, քո պարտականությունն է միանալ ճշմարիտ եկեղեցուն, և հանձնել քո լեզուն շարունակ հորդորելուն, որ դու կարողանաս ստանալ վարձքը մշակի: Ամեն: