Բաժին 129
Հրահանգներ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Նավուում, Իլինոյս, 1843թ. փետրվարի 9-ին, որոնք հայտնի են դարձնում երեք գլխավոր բանալիները, որոնց միջոցով կարելի է տարբերել սպասավորող հրեշտակների և հոգիների ճշմարիտ էությունը (History of the Church, 5.267):
1–3՝ Երկնքում կան և՛ հարություն առած, և՛ հոգեղեն մարմիններ. 4–9՝ Տրվում են բանալիները, որոնցով կարելի է տարբերել վարագույրի մյուս կողմից եկած սուրհանդակներին:
1 Երկնքում կան երկու տեսակի էակներ, առաջին՝ Հրեշտակներ, որոնք հարություն առած անձնավորություններ են, և ունեն մսից ու ոսկորից մարմին,–
2 Օրինակ՝ Հիսուսն ասաց. Շոշափեք ինձ և տեսեք, որովհետև ոգին միս և ոսկոր չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ:
3 Երկրորդ՝ կատարյալ դարձված արդար մարդկանց ոգիները, նրանք, ովքեր հարություն չեն առել, բայց ժառանգել են միևնույն փառքը:
4 Երբ որ սուրհանդակ է գալիս, ասելով որ նա պատգամ ունի Աստծուց, առաջարկիր նրան քո ձեռքը և խնդրիր նրան ձեռք սեղմել քեզ հետ:
5 Եթե նա հրեշտակ լինի, նա այդպես կվարվի, և դու կզգաս նրա ձեռքը:
6 Եթե նա կատարյալ դարձված արդար մարդու ոգի լինի, նա կգա իր փառքի մեջ. քանի որ դա միակ ձևն է, որով նա կարող է երևալ,–
7 Խնդրիր նրան ձեռք սեղմել քեզ հետ, բայց նա չի շարժվի, որովհետև երկնային կարգին դեմ է, որ արդար մարդը խաբի. այնուամենայնիվ, նա կհաղորդի իր պատգամը:
8 Եթե դա դևը լինի՝ որպես լույսի հրեշտակ, երբ որ դու խնդրես նրան ձեռք սեղմել, նա կառաջարկի իր ձեռքը, բայց դու չես զգա ոչինչ. այդպիսով դու կհայտնաբերես նրան:
9 Սրանք են երեք գլխավոր բանալիները, որով կարող եք իմանալ, թե արդյոք սպասավորությունն Աստծուց է: