Ոգի
Կենդանի էակի այն մասը, որը գոյություն ունի նախքան մահկանացու ծնունդը, որը մահկանացության ընթացքում բնակվում է ֆիզիկական մարմնում, և որը մահից հետո մինչև հարությունը գոյություն ունի՝ որպես առանձին էակ: Նախքան կենդանության որևէ ձևի գոյությունը երկրի վրա, բոլոր կենդանի բաները՝ մարդկությունը, կենդանիները և բույսերը, ոգիներ էին (Ծն. Բ.4–5; Մովսես 3.4–7): Ոգեղեն մարմինը նման է ֆիզիկական մարմնին (1 Նեփի 11.11; Եթեր 3.15–16; ՎևՈՒ 77.2; ՎևՈՒ 129): Ոգին նյութ է, բայց ավելի նուրբ և մաքուր, քան մահկանացու տարրը կամ նյութը (ՎևՈՒ 131.7):
Ամեն մարդ բառացիորեն Աստծո որդին կամ դուստրն է, ծնված լինելով Երկնային ծնողների համար՝ որպես ոգի, նախքան մահկանացու ծնողների համար երկրի վրա ծնվելը (Եբր. ԺԲ.9): Երկրի վրա գտնվող յուրաքանչյուր անձ ի լրումն մսից ու ոսկորից մարմնի, ունի անմահ ոգեղեն մարմին: Ինչպես երբեմն բացատրվում է սուրբ գրքերում, ոգին և ֆիզիկական մարմինը միասին կազմում են հոգին (Ծն. Բ.7; ՎևՈՒ 88.15; Մովսես 3.7, 9, 19; Աբր. 5.7): Ոգին կարող է ապրել առանց ֆիզիկական մարմնի, բայց ֆիզիկական մարմինը չի կարող ապրել առանց ոգու (Հակ. Բ.26): Ֆիզիկական մահը ոգու առանձնացումն է մարմնից: Հարության ժամանակ ոգին վերամիավորվում է նույն ֆիզիկական մսից և ոսկորից մարմնի հետ, որը նա՝ որպես մահկանացու, ունեցել է, սակայն երկու մեծ տարբերությամբ. նրանք այլևս երբեք չեն բաժանվի, և ֆիզիկական մարմինը կլինի անմահ ու կատարյալ (Ալմա 11.45; ՎևՈՒ 138.16–17):