Ալմա՝ Ալմայի որդի
Մորմոնի Գրքում՝ Նեփի ազգի առաջին գլխավոր դատավորն ու մարգարեն: Իր երիտասարդության տարիներին նա փորձում էր կործանել Եկեղեցին (Մոսիա 27.8–10): Սակայն, մի հրեշտակ հայտնվեց նրան և նա դարձի եկավ դեպի ավետարանը (Մոսիա 27.8–24; Ալմա 36.6–27): Ավելի ուշ նա թողեց գլխավոր դատավորի իր պաշտոնը, որպեսզի ուսուցանի մարդկանց (Ալմա 4.11–20):
Ալմայի գիրքը
: Առանձին մի գիրք Մորմոնի Գրքում, որն ընդգրկում է մարգարեներ Ալմայի՝ Ալմայի որդու, և նրա որդի Հելամանի հիշատակարանների համառոտագրումը: Գրքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Ք.ծ.ա. մոտ 91–52թթ.: Գիրքը բաղկացած է 63 գլխից: 1–4-րդ գլուխները նկարագրում են Նեհորի և Ամղիկիի հետևորդների ապստամբությունը Նեփիացիների դեմ: Սկիզբ առած պատերազմները մինչ այդ տեղի ունեցածներից ամենակործանարարներն էին Նեփիացիների պատմության մեջ: 5–16-րդ գլուխները պարունակում են Ալմայի վաղ միսիոներական ճամփորդությունների հիշատակարանը, այդ թվում՝ նրա քարոզը Բարի Հովվի մասին (Ալմա 5) և Ամմոնիա քաղաքում նրա քարոզն Ամուղեկի հետ: 17–27-րդ գլուխները պարունակում են Մոսիայի որդիների հիշատակարանը և նրանց ծառայությունը Լամանացիների մեջ: 28–44-րդ գլուխները պարունակում են Ալմայի ամենակարևոր քարոզներից մի քանիսը: 32-րդ գլխում Ալման խոսքը համեմատել է սերմի հետ, 36-րդ գլխում նա իր որդի Հելամանին պատմել է իր դարձի գալու պատմությունը: 39–42-րդ գլուխները հիշատակում են Ալմայի խորհուրդները բարոյական օրինազանցության մեջ ներգրավված իր որդուն՝ Կորիանթոնին. այդ կարևոր քարոզը բացատրում է արդարադատությունը, ողորմությունը, հարությունը և Քավությունը: 45–63-րդ գլուխները նկարագրում են այդ ժամանակաշրջանի պատերազմները և արտագաղթը Հագաթի ղեկավարությամբ: Զորապետ Մորոնիի, Թեանկումի և Լեքիի նման մեծ առաջնորդները, իրենց քաջարի և ժամանակին կատարված գործողությունների շնորհիվ, պահպանեցին Նեփիացիներին: