Ինչպես օգտագործված է սուրբ գրքերում, քավել նշանակում է կրել գործած մեղքի պատիժը՝ ապաշխարող մեղսավորից հեռացնելով մեղքի արդյունքը և թույլ տալով, որ նա հաշտություն ունենա Աստծո հետ: Հիսուս Քրիստոսը միակ անձն էր, որն ընդունակ էր կատարյալ քավություն անել ողջ մարդկության համար: Նա կարողացավ դա անել, նախքան աշխարհի ձևավորվելը եղած Մեծ Խորհրդում ընտրված և նախակարգված լինելու (Եթեր 3.14; Մովսես 4.1–2; Աբր. 3.27), իր աստվածային Որդի լինելու և իր անմեղ կյանքի շնորհիվ: Նրա քավությունն ընդգրկում է մարդկության մեղքերի համար նրա տառապանքները Գեթսեմանի այգում, նրա արյուն թափելը, և նրա մահն ու հետագա հարությունը գերեզմանից (Ես. ԾԳ.3–12; Մոսիա 3.5–11; Ալմա 7.10–13): Քավության շնորհիվ, բոլոր մարդիկ մահից կբարձրանան անմահ մարմիններով (Ա Կոր. ԺԵ.22): Քավությունը նաև ուղի է հարթում մեզ համար, որ ներվենք մեր մեղքերից և հավերժ ապրենք Աստծո հետ: Սակայն մարդը, որը հասել է պատասխանատվության տարիքին և ստացել է օրենքը, այս օրհնությունները կարող է ստանալ միայն երբ նա ունի հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարում է իր մեղքերից, ստանում է փրկության արարողությունները և հնազանդվում է Աստծո պատվիրաններին: Նրանք, ովքեր չեն հասել պատասխանատվության տարիքին, և նրանք, ովքեր չեն ստացել օրենքը, Քավության շնորհիվ փրկագնվում են: (Մոսիա 15.24–25; Մոր. 8.22): Սուրբ գրքերը պարզորոշ ուսուցանում են, որ եթե Քրիստոսը չքավեր մեր մեղքերը, ոչ մի օրենք, արարողություն կամ զոհաբերություն չէր բավարարի արդարադատության պահանջները, և մարդը երբեք չէր կարող վերադառնալ Աստծո ներկայությունը (2 Նեփի 2; 9):